Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դրեզդեն Սինֆոնիկերի «Աղետ» ծրագիրը Երևանում

Դրեզդեն Սինֆոնիկերի «Աղետ» ծրագիրը Երևանում
08.11.2016 | 08:52

Դրեզդեն Սինֆոնիկերի «Աղետ» ծրագիրը 2016 թ. նոյեմբերի 10-ին կներկայացվի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի, ինչպես նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ և երիտասարդական նվագախմբերի երաժիշտների մասնակցությամբ:


2015-ի նոյեմբերին Բեռլինում մեկնարկեց Դրեզդեն Սինֆոնիկերի կազմակերպած «Աղետ» համերգաշարը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Առաջին իսկ համերգից սկսած՝ ծրագիրը հայտնվեց գերմանացի ունկնդրի ուշադրության կենտրոնում: Ծրագրում ընդգրկված են Զեյնեփ Գեդիզլիօղլուի, Հելմուտ Օհրինի և մեր տաղանդավոր հայրենակցի՝ Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները: Համերգի տեսագրությունը և Դրեզդեն Սինֆոնիկերի պատրաստած հարցազրույցները հեռարձակվեցին Բեռլինի ռադիոյով: Մի ամբողջ ամիս այն հեռարձակվում էր նաև առցանց տարբերակով, ինչը հնարավորություն տվեց հանրության է՛լ ավելի մեծ զանգվածի իրազեկելու Հայկական հարցի մասին: Համերգներին մասնակցում էին նաև Հայաստանից, Սերբիայից, Թուրքիայից ժամանած երաժիշտներ` համալրելով նվագախմբի կազմը: Սկսված հաղթարշավը, բնականաբար, զայրացրեց Թուրքիայի վարչակազմին: Էրդողանի աղմկահարույց բողոքը չհասավ իր նպատակին, և համերգաշարը վերսկսվեց 2016 թվականի ապրիլ-մայիս ամիսներին` ներառելով Դրեզդենն ու Բրանդենբուրգը:

Ավելին, գերմանացի դպրոցականները պատրաստեցին «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումը՝ Վաչե Շարաֆյանի երաժշտությամբ, Դրեզդենի նվագախմբի և մենակատարների կենդանի կատարմամբ: Հայտարարվեց, որ նոյեմբեր ամսին համերգաշարը կանցկացվի նաև Բելգրադում, Հայաստանում, Թուրքիայում: Նոյեմբերի 13-ին ծրագրված էր այս համերգը հնչեցնել Ստամբուլում: Դրեզդեն Սինֆոնիկերը համերգի էր հրավիրել նաև երկրի նախագահ Էրդողանին: Հնարավո՞ր էր պատկերացնել այդ մարդու ներկայությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին: Ինձ համար, գոնե, ոչ: Եվ ինչպես ցույց են տալիս փաստերը, Էրդողանի համար՝ նույնպես: Համերգը Ստամբուլում արգելվեց: Իսկ այն, որ դեռևս շարունակվում են այդ արգելանքը վերացնելու ուղղությամբ աշխատանքները, այնքան էլ լավատեսական վերջաբան չի ենթադրում:
Ամիսներ առաջ Վաչե Շարաֆյանի հետ զրույցից տեղեկացա, որ երբ նա համերգ է ունեցել ԱՄՆ-ում, հաջորդ օրը փողոցում նրան է մոտեցել մի ծերունի անցորդ և ասել, որ եթե նա համերգ տար Աբդուլ Համիդի առաջ, վերջինս 15 թվին չէր կոտորի հայերին: Հետաքրքիր է, ի՞նչ կմտածի իդեալիստ այդ արևմուտքցին աբդուլհամիդների հետնորդ Էրդողանի ու նրա ղեկավարած վարչակազմի մասին, եթե իմանա, որ նրանք այսօր էլ՝ իրենց արնախում նախնու ժամանակներից տասնամյակներ անց, ընդունակ չեն լսելու և գնահատելու հայի արարած արվեստը և զղջալու իրենց ցեղի գործած ոճրի համար:


Ինչևէ, նոյեմբերի 10-ին մեր հայրենակիցներն ունեն այդ բացառիկ համերգն ունկնդրելու հնարավորություն և այսօրվանից կարող են կանխավայելել Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի կամարների ներքո սպասվող երաժշտատոնի հաճույքը:
Իսկ «Իրատեսի» հավատարիմ ընթերցողներին տեղեկացնենք, որ համերգին հաջորդող ուրբաթ «...Եվ ոչ միայն մշակույթի մասին» խորագրի հյուրը կլինի Վաչե Շարաֆյանը:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2883

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ