«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

1905, Բաքու

1905, Բաքու
08.11.2016 | 09:01

(սկիզբը` այստեղ)

Նկուղում ծխախեղդ լինող մարդիկ ստիպված դուռը բացեցին…
Փաստաբան Թաթոսյանին ու կնոջը տեղնուտեղը գնդակահարեցին, իսկ նրանց ծծկեր որդու և մեկուկես տարեկան Էվելինա աղջկա գլուխները ջնջխեցին:
Փետրվարի 20-ին, ժամը 12-ին Թիֆլիսի նահանգային դատարանի երդվյալ հավատարմատարների հանձնաժողովը Վանքի մայր եկեղեցում հոգեհանգիստ մատուցեց ի հիշատակ Բաքվում զոհված իրենց գործընկեր, երդվյալ հավատարմատար Նիկողոս Թաթոսյանի:

Երբ Ցերկովնայա փողոցում, հրդեհի լեզուներից ճարճատյունով այրվող տան առաջ սպանդն ավարտվեց, նկուղից դուրս եկավ ինժեներ Քալանթարյանի թաքնված կինը: Լալով ու ողբալով նա ծնկի իջավ ջարդարարների առաջ.
-Դուք սպանեցիք ամուսնուս, կարող եք ինձ էլ մորթել, բայց հանուն Աստծո աղաչում եմ խնայել որդուս: Նա մեր մինուճար զավակն է, մեր միակ ժառանգը, պաղատում եմ` որդուս կյանք պարգևեք…
Թուրքերը ծիծաղեցին, ծաղրուծանակի ենթարկեցին կնոջը ու մի քանի աքացի տվեցին:
Նկուղում պատսպարված ու չհայտնաբերված նրա որդի պատանի Արշակը լուսամուտից տեսավ այդ ամենը: Չդիմանալով մոր նսեմացմանը, ստորացմանը` նա դուրս եկավ խուժանի առաջ և վերարկուի փեշերով ծածկեց գլուխը:
Գազանները, նախ, նրա աչքի առաջ գնդակահարեցին մորը, դիակը նետեցին վառվող փայտերի վրա, իսկ պատանուն կացիններով մասնատեցին…

«Այդ սարսափելի ողբերգության վերջին արարի ժամանակ մի տարեց կին ծնկի իջավ ջարդարարների առաջ և աղաչեց խնայել որդուն, որը դեռևս գտնվում էր տան մեջ: Լսելով թաթարների ծաղրական արտահայտությունները և, հավանաբար, ամոթից դրդված, որ մայրն իր կյանքի համար ստորանում է, տղան քաջաբար քայլեց դեպի խուժանը և Կեսարի նման գլուխը ծածկելով` սպասեց մահվան: Որդուն տեսնելով, մայրն ընկավ տան այրվող պատի տակ, իսկ ամբոխը` նոր զոհ կանխավայելելու հաճույքից ոռնալով, պատանուն տեղնուտեղը պատառ-պատառ արեց: Նրա մորը ողջ-ողջ այրեցին»:
«Petroleum World» («Նավթաշխարհ») ամսագրի հիմնադիր ու խմբագիր, 1905 թ. իրադարձությունների ականատես Ջեյմս Դոդս Հենրիի «Բաքու: Իրադարձություններով հարուստ պատմություն» (Baku. An eventful histoty) հուշագրությունից:

«Մեկը` մոտ 50 տարեկան մի կին, աղաչում էր խնայել իր որդուն, որ մենակ մնացել էր այրվող տանը: Այդ պահին բոլոր ներկաները նկատեցին մոտեցող մի մութ մարդկային կերպարանք, որը վերարկուի փեշերը բարձրացրած ու դրանցով գլուխը ծածկած գալիս էր այրվող տան բակից: Պառավ մայրը, տեսնելով նրան, ճչաց և ընկավ… Նա ճանաչեց, որ մոտեցողն իր որդին էր: Այդ դժբախտը չէր կարողացել մնալ այրվող տան թաքստոցում ու ողջ-ողջ չայրվելու համար որոշել էր դուրս գալ` հույսը դնելով պաշարողների գթասրտության վրա… Բայց ամբոխը, ուրախանալով, որ նոր զոհ է գտել, հարձակվեց ու մի ակնթարթում կտոր-կտոր արեց նրան: Դժբախտ մայրը, որի վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, ընկավ ծխացող գերանների վրա և ուշաթափվեց. կրակը դանդաղորեն մոտեցավ նրան, հագուստը այրվեց, և դժբախտը, ուշքի չգալով, այրվեց վայրենի, գազանացած ամբոխի աչքի առաջ»:
Թուրք ջարդարարի վկայությունից, «Бакинские известия»

«Հաշտությո՜ւն»… Այս լուրն առնելով, «Շամախինկա» թաղում Բալաբեկ Լալայանի տունը պաշարած թուրքերն ավելի կատաղեցին` ինչպե՞ս թե, երեք օր զո՞ւր էին վատնել, թակարդն ընկած հայերը պիտի փրկվեի՞ն:


Դիմեցին խորամանկության` «ղոչիներից» մեկը մոտեցավ նկուղի դռանն ու բղավեց.
-Բալաբե՜կ, դուրս եկեք, քաղաքում հաշտություն է հայտարարվել, ամեն ինչ վերջացել է, թուրքերն ու հայերն իրար էլ չեն կոտորում…
Մյուս ջարդարարները ձայնակցեցին.
-Իրա՜վ է, ամեն ինչ վերջացել է, դուրս եկեք, եկել ենք ձեզ ազատելու:
Միամիտ Բալաբեկը հավատաց և դուռը բացեց…


Սկսվեց նախճիրը: Բալաբեկին, նրա կին Աննային, Գրիգոր եղբորը և 17 այլ բնակիչների` տղամարդկանց, կանանց ու երեխաների, գազանային ոռնոցներով քարշ տվեցին փողոց ու սկսեցին մորթել: Մեջքին կրակոց ստանալով և ընկնելով, Բալաբեկը նկատեց, թե ինչպես կացնահարեցին եղբորը: Հերարձակ Աննան նետվեց ամուսնու վրա, մարմնով փակեց նրան և ճչալով աղաղակեց խնայել իրենց կյանքը: Բալաբեկն էլ որքան ուժ ուներ գոռաց.
-Գրպանումս տասը հազար ռուբլի կա, վերցրեք, միայն թե մեզ մի սպանեք…
«Ղոչին» ծիծաղեց.
-Փողերդ առանց էդ էլ մերն են, հիմա կյանքդ կտաս,- ասաց ու կրակեց նախ Աննայի, ապա մի քանի անգամ` Բալաբեկի մեջքին:
Քսան հոգու գնդակահարեցին ու կացնահարեցին կազակների աչքի առաջ:
Փետրվարի 9-ը Բալաբեկ Լալայանի ծննդյան օրն էր, և քեֆ-ուրախությունը պիտի զարդարեր զուռնաչի Սահակը…
Փետրվարի 17-ին Կարապետ Պողոսի և Զարուհի Բեգլարի Լալայանները Թիֆլիսի Վանքի մայր եկեղեցում հոգեհանգիստ մատուցեցին ի հիշատակ Բաքվում սպանված իրենց հարազատներ Բալաբեկ Աթանասի, Աննա Կարապետի և Գրիգոր Աթանասի Լալայանների:

«Փետրվարի 9: Հազիվ էինք անցել երկու փողոց, երբ զենքեր որոտացին: Հետ նայեցինք, և մեր աչքի առաջ տեղի ունեցավ հետևյալ ցնցող տեսարանը: Ղուբայի մեյդանի մեծ դռնից դուրս եկան մի խումբ թուրքեր, որոնք օղակի նման շրջապատեցին Լալաևին ու նրա տիկնոջը, որ փաթաթվել էր ամուսնուն: Թուրք ամբոխը վայրենի ոռնոցներով հարձակվեց Լալաևին պաշտպանողների վրա: Օդում փայլեցին դաշույնները, որոտացին հրազենները, բայց Լալաևը դեռ շարունակում էր առաջ շարժվել… Եվ հանկարծ պատկերը կտրուկ փոխվեց. Լալաևին շրջապատող օղակը պատռվեց, և նրան մեջքից վիրավորեցին մի քանի գնդակով… Նա վայր ընկավ և առաջ էր շարժվում չորեքթաթ: Կինը թեքվեց նրա վրա և իր մարմնով ամուսնուն պաշտպանում էր մարդասպանների հարվածներից… Բայց որոտացին էլի մի քանի կրակոցներ` ճիշտ տիկին Լալաևայի մեջքին, և նա բերանքսիվայր ընկավ: Սև մազերի խիտ փունջը ծածկեց այդ հերոսուհու դեմքը…
Զարհուրանքից իմ սիրտը սառեց, և ես գրեթե վազելով գնացի տուն»:
Օրեստ Սյոմին, «Новое обозрение» (Թիֆլիս),
10 փետրվարի, 1905 թ.

«Երրորդ օրն է, որ Բագւում կատարվում է ջարդ հայերի դէմ մահմեդականների կողմից: Սպանվածներն արդէն մի քանի հարիւր են, վիրաւորները շատ շատ են: Գիշերը քաղաք եկան շրջակայ գիւղերի թուրքերը: Լուսադէմին սկսեցին կողոպտել խանութները և սպանել: Դրութիւնը չափազանց կրիտիքական է: Ամեն յարաբերութիւն կտրված է, նոյն իսկ հեռագրելը դժուարացած է: Այս րօպէիս փողոցների անկիւններում դնում են մէկ-մէկ զինւոր իբր պահակ, հազիւ թէ դրանից արդիւնք դուրս գայ: Թուրքերի ֆանատիկոսութիւնը սահման չունի»:
«Մշակ», 10 փետրվարի, 1905 թ.

«Բաքու, փետրվարի 9: Ժամը 11-ն անց կես էր: Հանկարծ ձախ կողմի նրբանցքում, կոշկակար Վլասովի խանութի հետևից լսվեցին զենքի որոտներ: Վազում ենք այնտեղ և տեսնում, թե ինչպես հայի տուն ներխուժած ամբոխը տանջում ու մորթոտում է տան բնակիչներին:
Ահա լուսամուտից դուրս թռավ մի արհեստավորի արնաշաղախ դիակը, հետո դուրս թռան բարձեր, աթոռներ: Ամբոխը թափվեց դրանց վրա և սկսեց ամեն ինչ պատառոտել ու կոտրատել, իսկ բակում այդ պահին որոտում էին կրակոցները: Երբ հանդարտվեց, մենք բակ մտանք և այնտեղ տեսանք արյան մեջ լողացող 7 դիակ»:
Օրեստ Սյոմին, «Новое обозрение» (Թիֆլիս),
10 փետրվարի, 1905 թ.

«Ա՜խ, Աստուած, այն, ինչ տեսայ, իմ գրիչը անզօր է նկարագրել:
Սարսափելի տեսարան:
Մարդկային սպանդանոց. ահա իմ աչքի առաջ այն տեսարանը, որին ես ուրիշ կերպ չեմ կարող անուանել:
Եվ իմ աչքերը մթնեցին, գլուխս պտտվեց, ուզում էի ուշաթափվել, բայց ինձ զսպեցի մի կերպ: Առաջին անգամ իմ աչքիս ընկաւ մի խեղճ, նիհար, փոքրիկ ծերունի, որին կարելի էր անուանել կենդանի կմախք. անգութները, չը նայած որ երեք գնդակ էր կպել խեղճին, դարձեալ սկսել էին սրով կոտորել, այնպէս որ գլուխը բոլորովին զատվել էր մարմնից:
Գնդակների պակաս թողածը լրացրել են սրերով, կոտորելով աջ ու ձախ, մի հարուածի տեղ 4-5 անգամ խփելով, այլանդակացրել էին այն խեղճ մարդկանց, որոնց ճանաչել նոյն իսկ չէր լինում: Այո, սպանդանոց էր այդ, բայց ուրիշ տեսակի, այնպէս որ մարդ մտնելիս երբէք չի կարող արցունքը պահել` տեսնելով մի շարք այլանդակված, արեան մէջ շախաղված մարդկանց յօշոտված դիակներ:
Ա՜խ, ես շարունակել չեմ կարող, դողում են ձեռներս, դողում է և սիրտս»:
«Մշակ», 18 փետրվարի, 1905 թ.

«Կոտորածից յետոյ մենք գնացինք Շամախու թաղը: Այդ թաղի տեսքը միայն սոսկում է ազդում մարդուն. կարծէք երէկ դեռ կանգուն չէին այդ տները և իրանց մէջ կենդանի մարդկանց չէին պատսպարում: Երեսունի չափ սենեակներ հաշւեցինք, որտեղ ոչ մի կենդանի շունչ, տնային իրերից ոչ մի թել չը կար. մենք տեսանք միայն արեան մէջ շաղախված դիակներ և մերկ պատեր:
Ահա մի մայր արիւնաթաւալ ընկած, նրա մօտ մորթված երեխան, իսկ քիչ հեռու` երկու տղամարդկանց կտրատած դիակներ: Ահա մի ուրիշ բնակարան. այնտեղ ձայն, ծպտուն չը կայ, որովհետև յատակին փռված են տասից աւելի մեծ ու փոքր, մինչև անգամ մի քանի ամսական երեխայի դիակներ, և այսպէս շարունակ, ուր նայում ես` մահն ու աւերածն է թագաւորում:


Զոհերի թիւը դժուար թէ կարելի լինի մօտաւորապէս որոշել, որովհետև բազմաթիւ ընտանիքներ ամբողջովին բնաջինջ լինելով, ոչ ոք նրանց թւի մասին չէ կարողանում ոչինչ ասել, վերջապէս կան բոլորովին այրվածներ և հորերի մէջ թափվածներ»:
«Մշակ», 24 փետրվարի, 1905 թ.

«Այսօր, փետրվարի 13-ին, գերեզմանատանն էի…
Հարիւրաւոր անմեղ զոհերի վերջին հանգստատեղում…
Այստեղ-այնտեղ թափթփված են անթիւ դիակոյտեր, մերկ, գնդակահար, բաց աչքերը դէպի անողորմ երկինքը յառած, անշունչ դիակները կարծես գանգատվում էին անսահման բարձրութեան վրա գտնվող այն էակին, որը տեսել էր այդ բոլորը և լո՜ւռ, անտարբեր դիտել իր բարձրութիւնից…
Ահա այստեղ, դիակոյտերից մէկի վրա ընկած է մի յղի կին, բարբարոսները դաշոյնի մի քանի հարուածով պատռել են թշուառ կնոջ արգանդը և երեխան դուրս հանելով գցել դիակի մօտ: Ծանօթ պատկեր, որ մենք հարիւրաւոր անգամներ կարդացել ենք պատմութեան արիւնոտ էջերում…
Ահա մի երիտասարդ, դեռևս անբեղ, անմորուք, երեսն ի վայր ընկած. թշուառի մարմինը ամբողջապէս ծածկված է գնդակներից առաջացած վէրքերով:
Ահա այն կողմը ընկած է մի սևացած, ածուխ դարձած դիակ, որը հրդեհված տներից մէկի միջից են հանել:
Եւ շարունակ այս կողմը, այն կողմը փռված են անթիւ, անհամար դիակներ, մերկ, հաշմանդամ: Գերեզմանատան ծառաները շտապ-շտապ, տենդային արագութեամբ հորեր են փորում և դիակները մէջը թափում…
Առանց արտասուքի, առանց սարսուռի չէ կարելի նայել դիակների այդ ահագին կոյտերին, այդ անմեղ զոհերին…»:
«Մշակ», 19 փետրվարի, 1905 թ.

Բաքվում հյուրախաղերով գտնվող դերասանուհի Սիրանույշը փրկվեց բախտի բերմամբ: Տունը, որտեղ նա վարձով ապրում էր, պատկանում էր թուրքի, որը խուժանին թույլ չտվեց նրան սպանել:
(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2810

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ