Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
11.11.2016 | 00:46

(սկիզբը՝ այստեղ)

Ոտքի վրա ձեռքի հետ ստեղծված լուսարձակը կարող էր դառնալ փայլուն արտադրանք, որը կարող էինք օգտագործել Հայաստանի դպրոցների մարզադահլիճների, թենիսի կորտերի, փոքր մարզասրահների, լողավազանների լուսավորության խնդիրները լուծելու համար: Կոպիտ հաշվարկներով` հայկական շուկան կարող էր ընդունել մինչև 10 միլիոն դոլարի այդպիսի արտադրանք, որը թույլ կտար կազմակերպել սպորտային լուսարձակների արտադրության կոմպակտ գործարան՝ առնվազն 200 աշխատատեղով, որն այսօրվա մեր ճգնաժամային իրականության համար այնքան էլ վատ արդյունք չէր լինի, մանավանդ երբ տեսնում ես, թե ինչ ոգևորությամբ են մեր չինովնիկները մասնակցում 10-20 աշխատատեղ ունեցող արտադրամասերի բացման պաշտոնական արարողություններին կամ, այսպես կոչված, շնորհանդեսներին:


Հայաստանի մարզադահլիճների համար ստեղծված լուսարձակը կարող էր դառնալ նաև արտահանման միտված արտադրանք՝ սպառման իր անհամեմատ ավելի մեծ շուկայով՝ դեպի ԵԱՏՄ ու այլ երկրներ:
Պարզվեց, որ մեր լուսարձակները շատ հետաքրքիր էին նաև ուրիշ երկրների համար: Մի այսպիսի նամակ Սանկտ Պետերբուրգից. «Уважаемый Ваган Норайрович! Просим рассмотреть возможность сотрудничества в рамках организации производства нашим заводом разработанных Вами прожекторов с целью применения в спортивно-оздоровительных учреждениях Санкт-Петербурга, а также для продвижения их на российском рынке. Условия сотрудничества будут согласованы нашими представителями дополнительно. С уважением коммерческий директор Н. В. Жадрицкая, компании «Промышленно-строительный союз» ОАО, «Завод §Вымпел», 21 июля, 2005, 10-26»:


Այդ օրերին ինձ անչափ հաճելի անակնկալ էր սպասում. Հայաստան էր ժամանել հզոր լուսարձակների բնագավառում համաշխարհային համբավ ունեցող, տեխնիկական միջոցների գծով 2002 թվականին Հոլիվուդի «Օսկարի» արժանացած Աշոտ Նալբանդյանը: Աշոտ Նալբանդյանը ժամանակին աշխատել էր Երևանի լամպերի գործարանում, 90-ական թվականներին տեղափոխվել էր Ամերիկա, ստեղծել իր փոքրիկ ֆիրման, որը շատ արագ աճել ու աշխարհում հայտնի էր դարձել կինոինդուստրիայի համար նախատեսված հզոր լուսարձակներով: Դրանց հզորությունը Աշոտը կարողացել էր հասցնել մինչև մեկ մեգավատտի ու շատ էր ափսոսում, որ իր պրոդուկցիան արտադրում է Չինաստանում, բայց ոչ Հայաստանում, ինչը կնպաստեր մեր երկրի տնտեսության զարգացմանն ու միջազգային հեղինակության բարձրացմանը:


Նալբանդյանի լուսարձակները թույլ են տալիս կինոնկարահանումները կատարել գիշերվա ժամերին, տալ արևի բացարձակ լույսի էֆեկտ, դրանք ունիկալ են այն աստիճանի, որ վաճառքի չեն հանվում, աշխարհի տարբեր կինոստուդիաներին տրամադրվում են միայն վարձավճարով: Այսպես, ռուսական «Մոսֆիլմ» կինոստուդիան երկու նալբանդյանական լուսարձակ էր ստացել, որոնցից յուրաքանչյուրի վարձակալության տարեկան վճարը կազմում էր մեկ միլիոն դոլար: Ամերիկայում կազմակերպելով իր բիզնեսը, Աշոտ Նալբանդյանը չէր մոռացել Ամերիկա տեղափոխված իր հայրենակիցների մասին, նրանց իր մոտ գործի էր վերցրել՝ կազմակերպելով, հիմնականում հայկական անձնակազմով, համերաշխ կոլեկտիվ: Նրա մոտ էր աշխատում իմ համակուրսեցի Վաչիկ Հունանյանը, որն էլ կազմակերպեց մեր հանդիպումը Աշոտ Նալբանդյանի հետ: Ճակատագրի տված այս բացառիկ հնարավորությունից, բնականաբար, ես չէի կարող չօգտվել: Արևային տեխնիկայի թեմաներով մեր պայմանավորված քննարկումներից հետո մենք անդրադարձանք «DVH SPORT» լուսարձակներին: Սպորտային լուսարձակների նախագծման իմ կոնցեպցիան նրան շատ դուր եկավ, Մուշեղյանի սպորտդահլիճի լուսավորությունը ևս, առաջարկեց հիմնել Հայաստան-Ամերիկա համատեղ ձեռնարկություն, որը կզբաղվի սպորտային լուսարձակների արտադրությամբ՝ աշխարհի տարբեր երկրներում վաճառելու համար: Աշոտ Նալբանդյանն առաջարկեց կոնստրուկտիվ որոշ փոփոխություններ մտցնել մեր լուսարձակների մեջ՝ օգտագործելով ամերիկյան լավագույն նյութերն ու տեխնոլոգիաները, ինչը համարվում է մեր կողմից մշակված հելիոֆիկացիայի (Հայաստանի համար հակաճգնաժամային ծրագրի) անկյունաքարերից մեկը. օգտագործել սփյուռքի մեր մտավոր ներուժն ու արևմտյան զարգացած երկրների տեխնիկական և տեխնոլոգիական հնարավորությունները: Աշոտը Ամերիկայից ուղարկեց իր խոստացած ալյումինե անդրադարձնող թիթեղները՝ ձևավորված մեր կոնստրուկցիային համապատասխան չափերով:

Նրա ֆիրման հագեցած էր բարձր տեխնոլոգիական սարքավորումներով ու հատուկ մասնագիտացված տեխնիկայով, որն ամբողջությամբ պատրաստ էր մեզ տրամադրելու՝ մեր համատեղ արտադրությունը կազմակերպելու համար: Աշոտի թիթեղներով մենք մի չքնաղ լուսարձակ հավաքեցինք, լուսատեխնիկական չափումները կատարեցինք և արդյունքներն ուղարկեցինք իրեն, ամեն ինչ պատրաստ էր սպորտային լուսարձակների համատեղ արտադրություն կազմակերպելու, Հայաստան-Ամերիկա ուղղակի արտադրական հարաբերություններ հաստատելու, աղետի գոտում նոր աշխատատեղեր բացելու, ինչ-որ չափով արտագաղթը մեղմելու և այլ դրական արդյունքներ ստանալու համար։ Բայց մեր լուսարձակների արտադրության գործը տեղից չշարժվեց: Սանկտ Պետերբուրգի առաջարկությունից հրաժարվեցինք, որովհետև Հայաստանի հետ համատեղ արտադրություն կազմակերպելու գաղափարը նրանց չհետաքրքրեց, մեր արտադրանքը պետք էր իրենց գործարանը աշխատեցնելու համար, պատրաստ էին գնելու մեր արտադրանքը արտադրելու թույլտվությունը (լիցենզիան): Մեզ, առաջին հերթին, հետաքրքրում էր մեր լուսարձակների արտադրության գործը սկսել Սպիտակից: Ամերիկայի գործից էլ ստիպված եղանք հրաժարվել այդ չարաբաստիկ ԾԻԳ-ի տնօրենի պատճառով, որն իր պարտքը համարեց հրապարակավ երդվել, թե ոչ մի պարագայում այլևս թույլ չի տա, որ հայկական որևէ այլ օբյեկտում օգտագործվեն մեր լուսարձակները:


Հայաստանում վերանորոգման ու շինարարական բոլոր աշխատանքները՝ ներառյալ դպրոցների մարզադահլիճներինը, իրականացվում էին ԾԻԳ-երի միջոցով, ամեն ինչ տրված էր տնօրենների «բարեհաճությանը»: Եթե մեզ խոստանում են արգելափակել մեր բուն հայկական արտադրանքի իրացումը Հայաստանում, ապա ինքնըստինքյան պարզ էր, որ ամերիկացիների հետ մեր ապագա համատեղ բիզնեսն անպայման կտապալվեր ու, առաջին հերթին, անհարմար դրության մեջ կդնեինք հայրենասեր Աշոտ Նալբանդյանին, որը, ի դեպ, Նորայր Մուշեղյանի կողմից պարգևատրվեց «Զորավար Անդրանիկ» հուշամեդալով, ես՝ ևս:
ԾԻԳ-ի տնօրեն Գագիկը մեր նկատմամբ խախտեց նաև պայմանագրով նախատեսված ֆինանսական պարտավորությունները, ցույց տալով, որ, ամեն դեպքում, չնայած Մուշեղյանից կրած փոքրիկ պարտությանը, ինքը Հայաստանում շարունակում է մնալ որպես ազնվազարմ պարոն՝ մեծատոհմիկ թիմի իսկական ներկայացուցիչ: Մեր հաշվին նա փոխանցեց միայն պայմանագրով նախատեսված գումարի կեսը, մյուս կեսի ճակատագիրը մեզ անհայտ է մինչ օրս: Ինչ արած, եկել էր քարերը հավաքելու ժամանակը, բավականին ծախսեր էի կատարել լուսարձակների կաղապարների պատրաստման ու նմանատիպ այլ աշխատանքների վրա, պետք էր պարտքերը մի կերպ փակել, ինչպե՞ս, եթե հաշվի առնենք որ ինձ նման գիտնականի աշխատավարձը ժամանակակից Հայաստանում իջեցվել է նվազագույնի: Խորհրդային տարիներին իմ աշխատավարձի չափով Հայաստանում ես գտնվում էի եթե ոչ առաջին հնգյակի, ապա, հաստատապես, առաջին տասնյակի մեջ՝ մոտ տասը տոկոսով գերազանցելով կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի ամսական աշխատավարձը: Մեր ժամանակներում իմ կարգի գիտնականը հանգրվանել է սոցիալական սանդղակի ամենաներքևի աստիճանին, ի՞նչ արած, ունենք այն, ինչ ունենք։


Լուսարձակի պատրաստման պատճառով առաջացած պարտքերը պետք էր փակել առաջին հերթին, ինչպե՞ս: Հիշեցի մեր ուսանողական, նաև դպրոցական կյանքը, երբ մենք մեր գրպանի պակասած գումարները վաստակում էինք բանվորություն անելով՝ գրքեր, հագուստ գնելու, ընկերուհիների ու այլ նպատակներով ծախսելու համար: ՈՒսանողական տարիների իմ ընկեր Վարուժանի հետ որոշեցինք վերցնել «Եվրոստան ույուտ» գործարանի ադմինիստրատիվ ու արտադրական մասնաշենքերի էլեկտրամոնտաժային աշխատանքները կատարելու գործը: Շատ հաճելի էր, ինստիտուտից հետո գալիս էի գործարան, հանում էի դասախոսական իմ փարաջան, հագնում բանվորական շորերս ու գործի անցնում: Այստեղ էլ գործերը կատարեցինք ժամանակին ու բարձր որակով, մինչ օրս գործարանում մեր գործի հետ կապված պրոբլեմներ չեն առաջացել:


Համոզված եմ, որ այդ նույն ժամանակ ԾԻԳ-ի տնօրեն Գագիկը վայելում էր գեղեցիկ կյանքը, սկզբում նախագահի «պրովիզիան» էր տեղ հասցնում, հետո գնում էր հետևելու ԾԻԳ-ի գործերին, իսկ մնացած ժամերը նվիրած կլիներ իր կերուխումին ու տարբեր խրախճանքներին՝ իր բաժակակիցներին պատմելով աշխարհի բանը. ինքը դոկտորին չվճարած «DVH SPORT» լուսարձակի փողերով քեֆ է անում, իսկ դոկտորը ֆինանսական այդ ճեղքը փակելու համար 15 մետր բարձրության վրա ձմեռվա ցրտին լույս է քաշում, ՀՀ նախագահ Քոչարյանն էլ, հավանաբար, նման ձևով չվճարված փողերի հաշվին Աֆրիկայում գետաձի կամ առյուծ խփելու լիցենզիա է գնում:


Facebook-ում նման մի լուսանկար է շրջում. Քոչարյանը՝ նկարված իր խփած առյուծի հետ, հե՜յ աշխարհ: Նման մարդկանց համար այդպես լավ է... Ամեն մեկը չի կարող այդ մակարդակին հասնել. Հայաստանի, Ղարաբաղի, գիտնականների, արտագաղթողների, ազգի երիտասարդ նահատակների հերն էլ անիծած, կյանք է, կյանքը դմակ է, մարդն էլ՝ դանակ, կտրիր՝ ինչքան կարող ես:
Ճիշտ է, 2005 թվին ԾԻԳ-ի տնօրենը լուրջ դժվարություններ ստեղծեց մեր գործերի համար, որը, սակայն, ի վերջո տվեց իր դրական արդյունքները. մենք ունեցանք լիարժեք արտադրատեսակ, որը կարող ենք արտադրել նաև այս ճգնաժամային վիճակում, պահի պարտադրանքով մենք ստիպված եղանք երկու ամսվա ընթացքում, ծնկաչոք վիճակում ստեղծել մեծ պահանջարկ վայելող մի փայլուն լուսարձակ՝ իր տեխնիկական պայմաններով ու պաշտոնական սանիտարական թույլտվությամբ: Այս ամենը տեղի ունեցավ միայն Նորայր Մուշեղյանի համառության, սկզբունքայնության, պատվախնդրության, հայրենասիրական մղումների շնորհիվ, այլապես ԾԻԳ-ի տնօրենի նկատմամբ հնարավոր չէր լինի տանել այդ փոքրիկ, բայց, ամեն դեպքում, մեր մեծ հաղթանակը: Այն ժամանակ էլ էի ես հասկանում, որ ԾԻԳ-ի տնօրենի հետ կռիվ տալ ես չէի կարող, դա իմ ուժերից վեր էր:


Իհարկե աշխատաոճ չէ, երբ հայ մասնագետները ստիպված են հանուն արդար գործի ճեղքել ու հաղթահարել կոռումպացված չինովնիկների համառ դիմադրությունը, նման պայմաններում աշխատել հնարավոր չէ, ի՞նչ արդյունքներից կամ տնտեսական ժգնաժամը հաղթահարելու ի՞նչ ռազմավարությունից կարող ենք խոսել, երբ այդքան կեղտոտ էր ու այդպիսին է մնում մեր բիզնես միջավայրը: Չէ՞ որ ժամանակակից աշխարհում տնտեսությունները զարգանում են միայն նոր տեխնիկա ու տեխնոլոգիաներ տեղծելու միջոցով, գիտնականները այնքա՛ն խնդիրներ ունեն այստեղ լուծելու, որ ԾԻԳ-երի հետ կռիվ տալու ժամանակ չունեն, բայց Հայաստանում կարգն այդպիսին է. ԾԻԳ-երի հարցը պետք է լուծել առաջին հերթին, պետք է գնալ չինովնիկների քթի ջրով, այլապես գործը առաջ չի գնա: Հարց՝ ո՞րն էր հայկական արտադրանքի նկատմամբ ԾԻԳ-ի տնօրենի ունեցած նման թշնամական վերաբերմունքի բուն պատճառը, ինչո՞ւ էր ԾԻԳ-ի տնօրենը այդչափ համառում, չէ՞ որ իրականում մեր ստեղծած լուսարձակներն ավելի լավն էին, ավելի էժան էին և, վերջին հաշվով, հայկական էին։ ՈՒրեմն ո՞րն էր նման կանխակալ վերաբերմունքի բուն տրամաբանությունը: Պարզվում է՝ այստեղ տրամաբանություն կար, ամեն ինչ պարզ էր ու հիմնավորված: Հայաստանում ԾԻԳ-երը ստեղծված էին հատուկ նպատակներով: Նրանց միջոցով հնարավոր էր կազմակերպված ու գրագետ ձևերով գողանալ պետական կամ տարատեսակ հիմնադրամների տրամադրության տակ հայտնված փողերը, սխեմաներն այստեղ տարբեր էին: Օրինակ, կոնկրետ մեր ԾԻԳ-ը ստեղծել էր լուսարձակների իր հատուկ խանութը՝ իրականացվող ծրագրերը սպասարկելու համար. վերանորոգումների նպատակների համար անհրաժեշտ տեխնիկան կարելի էր գնել միայն այդ խանութից:

Դա էր պատճառը, որ մեր ստեղծած լուսարձակները դարձել էին տնօրեն Գագիկի աչքի փուշը, դրանք տեսնել անգամ չէր ուզում, ուր մնաց օժանդակեր, որ դրանք կյանքի կոչվեին, օգտագործվեին իր ԾԻԳ-ի միջոցով վերանորոգվող մյուս օբյեկտներում, նպաստեր, որ Հայաստանում մի նոր արտադրություն հիմնվեր, բա իր խանութի ապրանքները՝ իրենց առասպելական բարձր գներով, ովքե՞ր էին գնելու: Մի անգամ շինանյութի խանութում Մուշեղյանը ինձ ցույց տվեց մանրահատակի մանրածախ գները, որոնք երեք անգամ ավելի էին նույն ապրանքի մեծածախ գներից: Վերանորոգման աշխատանքների մեջ օգտագործվող նյութերի գները պարտադիր կարգով նշված էին լինում համապատասխան նախահաշիվների մեջ: Վերանորոգման համար անհրաժեշտ ամեն ինչը ձեռք էր բերվում ուռճացված գներով, ու այդ ամենը տեսանելի էր շրջապատին: Մեր հարաբերությունները ԾԻԳ-ի տնօրենի հետ վերջնականապես փչացան այն բանից հետո, երբ «Իրավունքում» տպագրվեց իմ ու Մուշեղյանի քննադատական հոդվածը՝ «ԾԻԳ, թե ԹԻԳ» վերտառությամբ: Մինչ այդ մեր լուսարձակների թեմայով քննադատական հոդված էինք տպագրել Ա1+ «Այբ Ֆե» թերթում: Ոչ ես, ոչ էլ մանավանդ Մուշեղյանը, գագիկ-տնօրեններին կուլ գնացողներից չէինք, գրեցինք ողջ ճշմարտությունը, որը վերաբերում էր ԾԻԳ-երի միջոցով իրականացվող թալանին: Տնօրեն Գագիկը դրանից շատ էր զայրացել, երրորդ մարդու միջոցով տեղյակ պահեց, որ ինձ դատի է տալու, դատախազի անունով արդեն նամակ է պատրաստել: Ասեմ, որ սա Հայաստանում ինձ դատի տալու երկրորդ փորձն էր՝ Արտաշատի շրջկոմի քարտուղարից հետո: Կան մարդիկ, որոնց հանգիստ չեն տալիս ապրելու, աշխատելու, ազատ մտածելու, ազատ գործելու, ազատ արտահայտվելու իմ բնատուր ներքին մղումները:


-Էդ ձեր դոկտոր բարեկամին դատի եմ տալու, թերթում նա հրապարակավ վիրավորել է մեր պետական կառույցին՝ ԾԻԳ-ին (ծրագրեր իրականացնող գործակալությանը) ԹԻԳ (թալան իրականացնող գործակալություն) անվանելով:
Այդ դատի տալու առիթով ես շատ էի ոգևորվել. վերջապես մեզ առիթ կներկայանա Մուշեղյանի հետ կանգնելու դատարանի առաջ, պատմելու ԾԻԳ-երի միջոցով Հայաստանում իրականացվող թալանի մասին, պատռելու Գագիկի ու նրա նման մյուս չինովնիկների դիմակները, բացահայտելու և հայ հասարակությանը ի ցույց դնելու նրանց հակապետական, հակամարդկային հանցավոր գործարքները:
-Գործ չունես, ԾԻԳ-ի տնօրենի դիրքերը շատ ամուր են, նա նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան «պրովիզիան» գնողն է,- բարեկամիս խնդրանքն ու հորդորն այդպիսին էր:
ԾԻԳ-ի տնօրենը, ի վերջո, ինձ ու Նորայր Մուշեղյանին դատի չտվեց, որովհետև դա շատ աղմկահարույց գործ կդառնար ու, եթե ոչ 2005 թվականին, ապա, թերևս այսօր, թույլ կտար բացել ու բացահայտել ԾԻԳ-ի ու ՊՈԱԿ-ների կատարած բոլոր մութ գործերը:
Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել է փակել այդ կառույցները՝ առանց ուսումնասիրելու դրանց երկարամյա գործունեության արդյունքները, հաշվելու, հաշվարկելու և չափագրելու նրանց տված նյութական ու բարոյական վնասները: Վարչապետը որոշել է առանց թացը չորից ջոկելու, թալանի այդ հանցավոր գործիքակազմին առանց ամոթանք տալու, բոլորին ազատ արձակել ու այդպիսով ազատվել ԾԻԳ-երի ղեկավարներին ու նրանց բարձրադիր հովանավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ավելորդ հոգսերից: Ի՞նչ արած, ամեն ինչ արվում է՝ համապատասխան հետխորհրդային «ատկատային» տեխնոլոգիաների սուրբ կանոնների՝ мавр сделал свое дело, мавр может уйти: Հայկական հին ու նոր իշխանական-ծիգական վերնախավը դրանից միայն գոհ կմնա, դա մեր հայկական իրականության իրական պատկերն է: Այս պատմության մանրամասները, հնարավոր է, այդքան էլ կարևոր չլինեին, եթե թույլ չտային բացահայտել մեր կյանքում տեղ գտած շատ վտանգավոր երևույթների ծագումնաբանական հիմքերը։

Կան լուրջ խնդիրներ, որոնք պետք է հաղթահարվեն, առանց որի հայկական տնտեսական ճգնաժամը հաղթահարելու մասին խոսելը տեղին չէ: ԾԻԳ-երը կամ ՊՈԱԿ-ները երկիրը թալանելու գործիք լինելուց, հիմա արդեն երկրի համար ավելորդ կառույց լինելուց բացի, կարևոր գործոն են եղել երկրի տնտեսության զարգացումը կասեցնելու հարցում: Մասնագիտանալով դրսից էժանագին ապրանքներ բերելու և ԾԻԳ-երի միջոցով պետության վրա շատ բարձր գներով վաճառելու տեխնոլոգիաների մեջ, բնականաբար նրանք ձգտելու էին պահպանել իրենց մոնոպոլիստական-օլիգարխիական դիրքերն ու անանցանելի խոչընդոտներ ստեղծել տեղական արտադրողների համար, անկասկած նրանք արջի ծառայություն են մատուցել սեփական երկրի տնտեսությանը՝ պայքարելով բոլոր տիպի տեղական արտադրողների դեմ, ովքեր կփորձեն ներքին շուկայի ուշադրությունը շեղել իրենց ներկրած ապրանքներից՝ փաստորեն ծառայելով այն երկրների տնտեսական շահերին, որոնց ապրանքները օգտագործվել են իրենց ծիգական գործերում: Եթե ապրանքը ներկրված է եղել Թուրքիայից, ապա նրանք ծառայել են Թուրքիայի ազգային շահերին: Իսկ Հայաստանի՞ շահերը... Հայաստանի շահերը կարող են նաև սպասել մինչև 14-րդ վարչապետի ասպարեզ իջնելը, որի կարևոր խնդիրներից մեկը կլինի ԾԻԳ-ՊՈԱԿ կանալները փակելը: Մեր հասարակությունը մեծ հույսեր է կապում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, բայց վտանգ կա, որ ԾԻԳ-ՊՈԱԿ-ների, թիվ 1 տպարանի գիշերային պայթեցման ու նմանատիպ, առաջին հայացքից աննշան թվացող փոքրիկ ֆոլերի-խաղականոնների գռեհիկ խախտումների ճանապարհով կսպառեն 14-րդ վարչապետի ժամանակային լիմիտ-սահմանափակումն ու դարձյալ ոչինչ չի ստացվի: Բայց այդպես չէ, Հայաստանի խնդիրները այդքան շատ չեն, մեր ուժերով լուծվող են, ուղղակի մեզ մոտ խանգարողներն են շատ, որոնց բիզնեսը կապված է խանգարելու, երկրի գործերը փչացնելու հետ:

Այս պատմության հիման վրա ես կփորձեմ կատարել Հայաստանի տնտեսական ճգնաժամի առաջացման պատճառների իմ վերլուծությունն ու կներկայացնեմ ճգնաժամը հաղթահարելու իմ ռազմավարությունը, որն օգտակար կլինի նաև հետխորհրդային մյուս հանրապետությունների համար: Հայաստանը կարող է և պարտավոր է բոլորին ցույց տալ այն ճշմարիտ ուղին, որով կարելի կլինի հաղթահարել Գորբաչովի կազմակերպած տնտեսական դիվերսիայի հետևանքները: Դրա համար, սակայն, մենք պետք է վերադառնանք «քարեդար» ու մեր պատմությունները սկսենք այնտեղից, ինչը շատ ուսանելի կլինի Հայաստանի ու հետխորհրդային մյուս երկրների համար:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 2676

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ