Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ի՞նչ դեր է վերապահված ՀՀԿ բարեփոխման խորհրդանիշ Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ում

Ի՞նչ դեր է վերապահված ՀՀԿ բարեփոխման խորհրդանիշ Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ում
11.11.2016 | 01:03

ՀՀ կառավարության փոփոխությունից և բարեփոխումների նոր կուրս հռչակելուց հետո հասկանալի դարձավ, որ իշխանության ամենամեծ խնդիրներից մեկը նորանշանակ կառավարության, նրա ղեկավարի քաղաքակիրթ իմիջի ու այդ բարեփոխումները նոմինալ, բայց իրականում ֆորմալ առումով նախաձեռնած ուժի միջև առկա անհամապատասխանությունը հարթելն է։ Այս երկու իմիջները համահարթեցնելու փորձ պետք է կատարվի։ Սրանով է պայմանավորված որոշակի անսովոր իրարանցումը, որ կա քաղաքական, փորձագիտական ու լրատվական շրջանակներում՝ կապված ՀՀԿ առաջիկա համագումարի հետ։

Վերջին շրջանում թրենդային է դարձել Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացը գորբաչովյան «պերեստրոյկայի» հետ համեմատելը։ Եվ իսկապես՝ նման իրավիճակ է ստեղծվել։ Երբ 80-ականներին նախաձեռնվեց «պերեստրոյկա» կոչվածը, այն ժամանակ էլ բավականին թարմացվեց կառավարության կազմը, ասպարեզ եկան խորհրդային չափանիշներով համեմատաբար երիտասարդ կադրեր, որոնք խորհրդային կարգերին խորթ և ոչ ստանդարտ, համարձակ մտքեր էին արտահայտում։ Այդ ֆոնի վրա ձևավորվեց օրենսդիր մարմինը, որը նույնպես խորհրդային չափանիշներով աննախադեպ համարձակ ու լիբերալ օրգան էր, որտեղ մտքերի բախումներ էին տեղի ունենում։ Այն ժամանակ էլ, ինչպես հիմա Հայաստանում, բնակչությունը ցանկանում էր հասկանալ կառավարության ուղերձները և ինչ-ինչ հույսեր էր փայփայում, որ հայտարարությունները միայն խոսքերի մակարդակում չեն մնա։ Խորհրդային «պերեստրոյկայի» տարիներին ամբողջ բնակչությունը հեռուստացույցի առջև նստած ժողովրդական դեպուտատների համագումար էր դիտում՝ ակնկալելով սպասված փոփոխությունների իրականացումը։ Սակայն ամենակարևորը. ինչպես և այն ժամանակ, հիմա էլ պարադոքսալ մի իրավիճակ է ստեղծվել։ Այն քաղաքական ուժը, որը պաշտոնապես նախաձեռնել էր այդ բարեփոխումները, անհույս հետ էր մնացել հռչակած սկզբունքներից և դարձել էր ամբողջ գործընթացի արգելակը։ Փաստորեն, հիմա էլ, կառավարությունն ինչ-ինչ հույսեր է ներշնչում, թեթևակի լավատեսություն է առաջացնում, սակայն քաղաքական որոշումներն ընդունվում են ոչ թե հանրապետական կուսակցությունում, այլ Սերժ Սարգսյանի և նրա մերձավոր շրջապատի կողմից։ Եվ այսօր ամենակարևոր խնդիրն է՝ այնպես անել, որ իշխող քաղաքական ուժը չդառնա այս բոլոր գործընթացների արգելակող գործոնը։
Այս առումով ՀՀԿ-ն ամրացնելու ամենաարդիական հարցերից մեկը կապված է Կարեն Կարապետյանի անվան հետ։

Կանդամագրվի՞ արդյոք Կարեն Կարապետյանը ՀՀԿ շարքերին, թե՞ ոչ։ Ինչպես ասում են՝ սա է խնդիրը։ Եվ այս հարցի շուրջ շրջանառվում են տարաբնույթ կարծիքներ ու տարբերակներ։ Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը, նոր վարչապետին ներկայացնելով ՀՀԿ գործադիր մարմնին ու խորհրդի անդամներին, հատուկ ընդգծել էր, որ Կարեն Կարապետյանը պետք է լինի հանրապետական կուսակցության բարեփոխման խորհրդանիշը։ Այս հայտարարությունը ենթադրում է, որ ուշ թե շուտ Կարեն Կարապետյանը պետք է դառնա կուսակցության փոփոխության առանցքը։ Իսկ դրա համար վերջինս պետք է որևէ կերպ ընդգրկված լինի այդ քաղաքական ուժի մեջ։
Հատկանշական է, որ կառավարության ղեկավարն ամեն կերպ խուսափում է կուսակցականացվելու հետ կապված հարցից, նույնիսկ վերջերս հայտարարեց, որ եթե նման որոշում կայացնի, ապա կբացատրի իր մոտիվացիաները։ Ստացվում է, որ ՀՀԿ դառնալը չափազանց ծանր որոշում է նրա համար և հղի է կերպարը փչացնելու ռիսկերով, ինչն ակնհայտորեն իրեն պետք չէ։ Սակայն, այնուամենայնիվ, Կարեն Կարապետյանի վրա դրված է ՀՀԿ-ն մաքրելու և կուսակցությանը նոր դեմք հաղորդելու խաչը։


Հայաստանում կան տարբեր ֆինանսատնտեսական, քրեականացված խմբեր, որոնք փորձելու են ամեն ինչ անել՝ սեփական ազդեցությունը պահպանելու համար։ Այս առումով նրանց համար բացարձակ նշանակություն չունի՝ Կարեն Կարապետյանի կոստյումին կլինի՞ ՀՀԿ կրծքանշանը, թե՞ ոչ։ Կարևոր է, որ իրենց ազդեցությունն ու ֆինանսատնտեսական շահերը պահպանվեն։ Եվ հետաքրքիր է, որ ՀՀԿ ամենաբարձր մակարդակով ասվում է, որ կուսակցությանն անդամակցելու որոշումը բացառապես Կարեն Կարապետյանինն է։
Վարչապետի համար թերևս մի քանի տարբերակ կա։ Դիտարկենք դրանք առանձին-առանձին։
Տարբերակ Ա. վարչապետը չի դառնում հանրապետական։ Նախագահը գտնում է նոր անձի կամ նոր թիմ, որոնք առանց Կարեն Կարապետյանի, կառավարությանը զուգահեռ, ինքնուրույն փորձում են փոխել ՀՀԿ կերպարը՝ ստերիլ պահելով վարչապետին, քանի որ վերջինս, կուսակցականացվելով, մեծ ռիսկի տակ է ընկնում։ Դա հասկանում են բոլոր կողմերում՝ և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Կարեն Կարապետյանը։ Սակայն ՀՀԿ էլիտային ավելի ձեռնտու է, որ վարչապետն ընդգրկվի իրենց թիմում, քանի որ իրենց համեմատ նա շատ ավելի մաքուր է, և բոլորովին էլ ձեռնտու չէ, որպեսզի գործադիրի ղեկավարը այսքան սպիտակ ու անբասիր մնա։ Եվ եթե ՀՀ նախագահն ու վարչապետը որոշեն, որ Կարեն Կարապետյանը մնում է մաքուր, ապա վերջինս կփորձի իր գործունեության 6 ամիսների ընթացքում դրական արդյունքներ գրանցել, որոնք աշխատելու են մեծ թիմի՝ իշխանության համար։

Եվ խորհրդարանական ընտրություններում էլ իշխանությունը կփորձի ոչ թե ավանդական, այլ հնարավորինս մաքուր մեթոդներով գրանցել իր արդյունքները։
Տարբերակ Բ. եթե այնուամենայնիվ Կարեն Կարապետյանին ի վերուստ տրված է փոխել հանրապետականների իմիջը, ապա չի բացառվում, որ նա կփորձի հնարավորինս ուշ անդամագրվել այդ խմբին, ասենք, ոչ թե ՀՀԿ համագումարից առաջ, այլ ավելի ուշ փուլում, երբ հաստատվեն հանրապետականի նախընտրական ցուցակը կամ ծրագիրը և այլն։ Այսպիսով՝ կառավարության ղեկավարն ավելի ուշ կմտնի ռիսկային դաշտ։
Տարբերակ Գ. եթե Կարեն Կարապետյանը հիմա է մտնում ՀՀԿ շարքերը, ապա հարց է, թե ինչ կարգավիճակով։ Պարզ է, որ նա չի անդամագրվելու որպես շարքային հանրապետական։ Տրամաբանությունը հուշում է, որ նա ոչ միայն պետք է լինի ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, այլև շատ ավելի բարձր կարգավիճակում։ Այստեղ կարող է գործել մի քանի տարբերակ։ Հանրապետական կուսակցությունն իր պատմության ընթացքում, կուսակցության նախագահից զատ, ունեցել է նաև կուսակցության խորհրդի նախագահի պաշտոն։

Մասնավորապես, այդպես էր Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի օրոք։ Խորհրդի նախագահը կուսակցական հիերարխիայում բավականին բարձր կարգավիճակ է, և խոսում է այն մասին, որ Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը տանդեմ են։ Այսինքն՝ Կարեն Կարապետյանը կուսակցության ներսում առաջին մարդը չէ, բայց դե երկրորդն էլ չէ։ Կարող է գործել մեկ այլ տարբերակ՝ Կարեն Կարապետյանը դառնա ոչ թե զուտ տեղակալ, այլ առաջին տեղակալ։ ՀՀԿ խորհրդի նախագահ կամ կուսակցության նախագահի առաջին տեղակալ լինելը ենթադրում է, որ այդ պաշտոնը գրաված անձը շատ ակտիվորեն պետք է զբաղվի նաև կուսակցական աշխատանքով, ինչը ցանկացած երկրում, էլ չենք խոսում Հայաստանում, շատ դժվար գործառույթ է։


Կարող է գործել նաև չորրորդ տարբերակը՝ Կարեն Կարապետյանը դառնա ՀՀԿ նախագահի շարքային տեղակալ՝ Գալուստ Սահակյանի և մյուսների հետ նույն հարթության վրա, ինչը բավականին թուլացնում է նրա կերպարը։
Կարեն Կարապետյանի համար հանրապետականացումը լի է ռիսկերով. կառավարությունում նա ունի աշխատելու մեծ ազատություն. մաքրում է՝ ում ցանկանում է։ Մինչդեռ հանրապետական կուսակցությունում, որտեղ տարբեր ֆինանսատնտեսական, կլանային, քրեական կապեր են, շատ ավելի դժվար է լինելու կոտրել ձևավորված համակարգը ու նոր շունչ հաղորդել, նոր մարդկանց բերել։ Առավել ևս, որ «նոր մարդիկ» հասկացությունն էլ շատ մշուշոտ է, եթե հաշվի առնենք, թե ինչ վիճակում է ՀՀԿ երիտասարդական թևը։ Այն դաստիարակվել է կլանային հանրապետականի կողմից, և ՀՀԿ երիտասարդների շարքերում մեծ ընտրություն առանձնապես չկա։ Այնպես որ՝ կուսակցական աշխատանքը շատ ավելի բարդ է լինելու, և ժամանակ է հարկավոր՝ դրանով զբաղվելու համար։


Հատկանշական է, որ «պերեստրոյկան» Հայաստանում նախաձեռնած Սերժ Սարգսյանը այդ մասին խոսում էր դեռևս փետրվարի 12-ին։ Հենց այդ օրը նա հայտարարեց, որ երկրում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, քանի որ, ըստ նրա գնահատականների, եթե այսպես շարունակվի, ապա երկրում ամեն ինչ փուլ կգա՝ թե՛ քաղաքական համակարգը, թե՛ տնտեսությունը։ Իսկ իշխանությունը փլատակների վրա վերցնելը պարզապես անիմաստ է։ Իշխանությունը պահելն ինքնանպատակ չի կարող լինել. այդ իշխանությունից օգտվելու համար էլ ինչ-որ հիմք պետք է ունենաս։


Ապրիլյան պատերազմն ու «Սասնա ծռերի» գործողություններն արագացրին երկրի նախագահի նշած գործընթացները։ Փոփոխությունների նախաձեռնողները՝ Սերժ Սարգսյան+մերձավոր շրջապատ+մոսկովյան որոշ ուժեր, պետք է շահերի համադրում կատարեն և հաշվարկեն՝ արդյոք օգտավե՞տ է Կարեն Կարապետյանին ՀՀԿ բեռի տակ այսքան շուտ մտցնելը կամ առհասարակ մտցնելը։


Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2425

Մեկնաբանություններ