Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Կամ ազգովին պետք է գնանք ռուսաստաններ ու լոսանջելեսներ, կամ էլ մնանք ու պայքարենք սեփական երկրում»

«Կամ ազգովին պետք է գնանք ռուսաստաններ ու լոսանջելեսներ, կամ էլ մնանք ու պայքարենք սեփական երկրում»
11.11.2016 | 01:06

ԱՄՆ-ի նախագահի ընտրությունում հաղթեց բավականին ինքնատիպ Դոնալդ Թրամփը։ Փաստորեն, իշխանությունը նորից հանրապետականների ձեռքին է։ Այս ընտրությունը ի՞նչ կփոխի գերտերության քաղաքականության մեջ, մասնավորապես, ի՞նչ կարող է Հայաստանն ակնկալել ԱՄՆ-ի նոր նախագահից։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ։

-Անակնկա՞լ էր Թրամփի հաղթանակը, ի՞նչ ուղղորդումներ նա կմտցնի արտաքին քաղաքականության մեջ, մասնավորապես, Հայաստանի հետ հարաբերություններում։
-Անակնկալ որակել կդժվարանամ, քանի որ գործ ունենք ԱՄՆ-ի հետ։ Վերլուծաբաններին արդեն ինչ-որ բան պետք է հուշեր նախնական ընտրությունների ժամանակ բավականին մեծ ակտիվությունը, որովհետև այս երկրում սովորաբար նախնական ընտրություններն ունենում են ցածր ակտիվություն։ Ընտրությունների հանդեպ այսպիսի մեծ ուշադրությունը ցույց է տալիս, որ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը նոր ոգևորություն է առաջացրել երկրում։ Անակնկալ էր այն առումով, որ Թրամփի յուրահատուկ վարքագիծը նախընտրական փուլում հանգեցրեց այն բանին, որ անգամ կուսակիցներից շատերը նրանից երես թեքեցին, բայց նա ընտրվեց։ Այս ընտրությունները ցույց տվեցին նաև, որ ԱՄՆ-ը ևս ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում խնդիրներ ունի։ Չեմ կարող ասել, որ հանրապետական ու դեմոկրատ ուժերի թեժ պայքար տեղի ունեցավ, ավելի շատ մարդկային տեսակների հակամարտություն էր։ Մի կողմում՝ առաջին հայացքից՝ յուրահատուկ, էքսցենտրիկ Դոնալդ Թրամփն էր, մյուսում՝ զուսպ, երկար տարիներ պետական համակարգում թրծված, նախկին նախագահի տիկին, պետքարտուղար աշխատած Հիլարի Քլինթոնը։ Այսօր ԱՄՆ-ը, բնապահպանական խնդիրներից սկսած մինչև Մերձավոր Արևելքի կոնֆլիկտ, չլուծված հարցեր ունի, որոնց առնչությամբ Թրամփն ավելի հստակ լուծումներ էր առաջարկում։ Նրա արտաքին քաղաքական մեխն այն էր, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է ջերմացնել, սերտորեն համագործակցել։ Թվում էր՝ ամերիկյան հանրությունը Քլինթոնի խայծը կուլ կտա, թե Թրամփը, Ռուսաստանի հետ մերձենալով, իրենց երկրի շահերն է ոտնահարում։ Մինչդեռ ամերիկացիների ընտրությունն այլ էր։ Նրանք քվեարկեցին միջազգային լարվածությունը թուլացնելու, հակամարտությունները լուծելու, սառը պատերազմը չկրկնելու և միջազգային խաղաղությունն ավելի ամրապնդելու քաղաքականության օգտին։ Ամեն դեպքում, այս մասին են վկայում Թրամփի հայտարարությունները։ Ի դեպ, Ռուսաստանը ևս բացահայտ կողմ արտահայտվեց Թրամփի թեկնածությանը, հայտարարելով, թե նրա ընտրության դեպքում ռուս-ամերիկյան հարաբերությունները շատ ավելի բարձր մակարդակի վրա կլինեն։ Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, մի բան պարզ է՝ ղարաբաղյան հակամարտության լուծման գործում ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերը չեն համընկնում, մեկտեղվում։ Նրանք տարբեր պատկերացումներ ունեն, հետևաբար ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը կարող է երկար ձգվել։ Այս պահին բավականին դժվար է կանխատեսել, թե ինչ զարգացում կլինի ռուս-ամերիկյան հարաբերություններում, և ինչ ներուժ կունենան ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու հարցում։ Կարելի է ենթադրել, որ հարաբերությունների ջերմացումը կարող է նպաստել կոնֆլիկտի արագ լուծմանը։ Այս պարագայում հայկական դիվանագիտությունը պետք է հստակ աշխատի, որ գերտերությունների փոխհամաձայնությունը չկայանա մեր հաշվին։ Հանգուցալուցմանը հասնելը մի բան է, մեկ այլ բան՝ ինչպիսին կլինի այդ լուծումը։ Մեր պահվածքը ևս շատ էական է։ Մենք ոչ թե պետք է նստենք, սպասենք, թե ինչպես են մեր ճակատագիրը որոշում, այլ ինքներս խնդիրներ հարուցենք։ Հակամարտությունը լուծում կստանա, եթե մեր բանակը, հանրությունը սկզբունքային դիրքորոշում ցուցաբերեն, այն է՝ Ղարաբաղի ինքնորոշումն այլընտրանք չունի։
-Այս օրերին շփման գծում կրկին իրավիճակը սրվել է, Ադրբեջանը հայտարարել է լայնածավալ ռազմական զորավարժությունների մասին։ Այս իրավիճակում ինչպե՞ս վարվել, որ հակառակորդը հանկարծ հերթական անգամ արկածախնդրության չդիմի։
-Համաձայն չեմ, որ մենք պասիվություն ենք ցուցաբերում, քանի որ ընդամենը օրեր առաջ ավարտվեցին ԼՂՀ պաշտպանության բանակի զորավարժությունները, որոնք նպատակամղված էին հենց թշնամու հարձակումը կասեցնելուն։ Զորավարժությունները ցույց տվեցին, որ ԼՂՀ պաշտպանության բանակն ի զորու է թշնամու ցանկացած ներխուժման դիմակայելու և հակահարված տալու։ Այս առումով մենք արդեն իսկ առաջ ենք հակառակորդից, արդեն զորավարժություններն արել ենք։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, նույնիսկ նման թվաքանակով զորավարժություններն են ծիծաղելի, քանի որ, եթե բոլորն իրար գումարենք, բաժանենք, հանենք, 60 հազարից կարող է մի փոքր ավելին լինել այդ երկրի բանակը՝ տեխնիկայով, նավատորմով։ Այդքանին մի տեղ հավաքելը, կարծում եմ, գործնականում էլ անհնար է։ Դրանք ընդամենը ամպագոռգոռ հայտարարություններ են, նաև ուժի ցուցադրում։ Ավելին, եթե անգամ նման ծավալի կուտակումներ լինեն ԼՂՀ-ի պետական սահմանի մոտակայքում, դա արդեն սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, դրան համապատասխան գործողություն է նախատեսված։ Մեր ազգային անվտանգության հայեցակարգում ամրագրված է, որ եթե նման կուտակում է լինում սահմանի մոտակայքում, կարող ենք նախահարձակ գործողությունների դիմել։ Այսօր մեր բանակը ողջ աչալրջությամբ սևեռված է այդ խնդրի վրա, և չեմ կարծում, թե այդ հոխորտանքները, ուժի ցուցադրումը որևէ արդյունք կտան։
-Ապրիլյան պատերազմից առաջ էլ իշխող մեծամասնության ներկայացուցիչները պնդում էին, թե հայկական բանակը պատրաստ է ցանկացած հարձակում հետ մղելու, բայց ռազմական գործողությունների ժամանակ ականատես եղանք, թե որքան բացթողումներ կան։
-Այո, այդ բացթողումները բոլորս էլ տեսանք, սակայն ապրիլից հետո ականատես ենք նաև, թե ինչ արագությամբ են դրանք շտկվում։ Մենք անակնկալ հարձակման վտանգը ևս չեզոքացրել ենք, հայկական բանակին հնարավոր չէ այլևս անակնկալի բերել, այնպես որ, այսօր ավելի համարձակ կարող ենք պնդել, որ ցանկացած հարձակում հետ ենք մղելու։ Իրավիճակ է փոխվել։ Եթե Ալիևը կրկին արկածախնդրության դիմի, դա իր համար կործանարար կլինի, հայկական բանակը հսկայական կորուստներ կպատճառի Ադրբեջանին։ Անօդաչու սարքերի հետ կապված մեր խնդիրն այսօր ևս լուծված է։ Այսօր մենք շատ ավելի շահեկան վիճակում ենք, ու համոզված եմ, որ Ալիևն այդպիսի քայլի չի գնա։
-Ռազմական գործողություններից անմիջապես հետո դիվանագիտական սեղանին դրվեց անվտանգության մեխանիզմների ներդրման հարցը, ոչ մի պայմանավորվածություն չհարգող Ադրբեջանն արհամարհեց դրանք։ Այսքանից հետո ի՞նչ երաշխիքներ կան, որ Ալիևը չի փորձի վերստին հարձակման անցնել։
-Ապրիլից հետո նաև աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվել։ Եթե մինչ ապրիլ Ալիևը կարող էր հոխորտալ, թե ռազմական ճանապարհով խնդիրը կկարգավորի, ապա հիմա այլևս դա չի կարող անել։ Հետևաբար, եթե արտաքին որոշ ուժեր համաձայն էին հակամարտությունը լուծելու այդ ճանապարհի հետ, այսօր նման քայլը չի խրախուսվելու, որովհետև դա կհանգեցնի լայնածավալ, երկարատև պատերազմի սանձազերծման։ Իսկ այս տարածաշրջանում լայնածավալ պատերազմը ուժային ոչ մի կենտրոնի ձեռնտու չէ։ Արագ լուծումը, բլիցկրիգի ձևաչափում, ինչ-որ մեկին կարող էր ձեռնտու լինել, բայց տևական պատերազմը ոչ մեկի շահերից չի բխում։ Ապրիլից հետո ռազմական հավասարակշռությունը ևս պահպանվեց, մենք ՌԴ-ից ձեռք բերեցինք ռազմավարական նշանակության զենքեր։ Այն, ինչ այսօր ունենք, Ադրբեջանին ստիպելու է հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսել՝ նման զինտեխնիկա ձեռք բերելու համար։ Մեր ունեցածն առավելագույնն է, Ադրբեջանը կարող է հավասարվել մեզ, բայց ոչ առաջ անցնել։
-Ինչո՞ւ գերտերությունները չեն պարտադրում Ադրբեջանին հարգել պայմանավորվածությունները, հենց նույն անվտանգության մեխանիզմների ներդրման առումով, չէ՞ որ դա ամենամեծ ապացույցը կլիներ, թե իրականում ով է արկածախնդրության դիմում։
-Որովհետև մինչ այժմ գերտերությունների շահերն այս հարցում չէին մեկտեղվում։ Հնարավոր է, որ Թրամփի ընտրությունից հետո այս հարցում որևէ տեղաշարժ լինի։ Պարտադրելու առումով էլ նշեմ, որ համաշխարհային դիվանագիտության մեջ կարող են պարտադրանքը կիրառել, երբ միջնորդները համակարծիք են։ Եթե որևէ կողմ թերանում է պարտավորությունները կատարելու հարցում, նշանակում է, միջնորդները համակարծիք չեն, եթե անգամ հրապարակավ դա ցույց չեն տալիս։ Հայկական հարցի դառը փորձ ունենք, երբ գերտերությունները թուրքական կառավարությանը վերջնագիր են ներկայացրել, բայց Թուրքիային միշտ հաջողվել է ձախողել այն։ Այսօր էլ, վաղն էլ այդպիսի խնդիրներ համաշխարհային քաղաքականությունում լինելու են։
-Ի դեպ, Թուրքիան կրկին ակտիվացել է և հերթական անգամ միջնորդական առաքելություն է ցանկանում ստանձնել ղարաբաղյան հակամարտության լուծման գործում։ ՈՒշագրավ է, որ Ռուսաստանն այս անգամ բավականին դրական գնահատեց Թուրքիայի այդ ցանկությունը։ Սա վտանգավոր զարգացում չէ՞ Հայաստանի համար։
-Թուրքիան երբեք չի կարող որպես միջնորդ հանդես գալ հակամարտության կարգավորման ձևաչափում։ Սա բացառվում է։ Նույնիսկ եթե Հայաստանը ցանկանա դա, միևնույն է, Թուրքիան չի լինելու միջնորդ, որովհետև դա չեն ցանկանում հենց ՄԽ համանախագահները։ Իսկ քաղաքագետներին խորհուրդ կտամ դիվանագիտական հարթությունում քննարկել այդ առնչությամբ Ռուսաստանի հայտարարությունները։ Լավրովն ասել է, թե այդ միջնորդության մեջ վատ բան չի տեսնում, բայց ո՞վ ասաց, թե Ռուսաստանը կողմ է այդ միջնորդությանը և կհամաձայնի, որ Արաքսից այս կողմ Թուրքիան միջամտություններ անելու հնարավորություն ձեռք բերի։ Աշխարհաքաղաքական իրողությունները և պատմության խորքերը նայելով, պետք է հետևություններ անենք։ Այլ հարց է, որ ռուս-թուրքական հարաբերությունների որոշակի ջերմացում կա, ինչը խիստ ժամանակավոր, արհեստական բնույթ է կրում։ Էրդողանն իր էքսցենտրիկ վարքագծով նեղացրել է արևմտյան գործընկերներին, նրանք մատ են թափ տվել, Թուրքիան էլ որոշել է գնալ Ռուսաստանի գիրկը։ Պատմության ընթացքում մի քանի անգամ այսպիսի զարգացում եղել է, ինչը շատ կարճ ընթացք է ունեցել։ Սա մի տարածաշրջան է, որտեղ և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան ցանկանում են «տարածվել»։ Եթե Ռուսաստանը թողնի, որ Թուրքիան մտնի այստեղ, իր համար մեծ խնդիր կլինի նրան այստեղից դուրս բերելը։ Այնպես որ, Լավրովի հայտարարությունները դիվանագիտություն են, ոչ թե իրականություն։
-Հայկական դիվանագիտությունը համարժե՞ք է արձագանքում։
-Երկար տարիներ հայկական դիվանագիտության պատմությամբ եմ զբաղվում, ԵՊՀ-ում դասավանդում եմ։ Պետք է փաստել, որ 90-ականների համեմատ այսօր մեր դիվանագիտությունը շատ առաջ է անցել։ Այն ժամանակ բավականին միամիտ էինք և չգիտեինք՝ ում հետ ինչ լեզվով խոսել։ Այսօր մեր դիվանագիտությունը բավականին կողմնորոշված, թիրախային և տիպային է։ Արտաքին քաղաքական երկու գերակայություն եմ տեսնում՝ ցեղասպանության ճանաչում և դատապարտում, ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի լուծում։ Երկու պարագայում էլ մեր դիվանագիտությունը բավականին հաջողված է։ Ադրբեջանը բոլոր միջազգային հարթություններում իր համարժեք պատասխանը ստանում է, ընդ որում` ունենալով նյութական ավելի մեծ հնարավորություններ։ Սակայն մենք էլ մեր «զենքը» ունենք՝ սփյուռքը։
-Որպես հայկական դիվանագիտության պատմությանը լավատեղյակ անձ, կասե՞ք՝ անկախ Հայաստանի ո՞ր դիվանագետն է իր առաքելությունը լավագույնս իրականացրել։
-Չէի ցանկանա կոնկրետ դիվանագետի գնահատական տալ, կնշեմ օբյեկտիվ պատճառները։ Անկախության սկզբում փորձառության պակաս կար։ Մեր դիվանագիտական կորպուսում պրոֆեսիոնալներ չեն եղել, իհարկե, խորհրդային դիվանագիտության ոլորտում աշխատածներ կային, բայց անկախ Հայաստանն իր գերակայություններն ուներ։ Բոլորը, այդ թվում՝ ներկայիս արտգործնախարարը, իրենց թերություններն ու առավելություններն ունեն։ Անթերի ու անսխալական մարդիկ չեն լինում, եթե կա աշխատանք, նաև թերություններ կլինեն։ Երրորդ հանրապետության գոյության ընթացքում մեր դիվանագիտությունը գնալով կատարելագործվում է՝ փորձառության, տեղեկատվության, մեր խնդիրները հստակեցնելու հաշվին։
-Քանի դեռ ղարաբաղյան հիմնախնդիրն առկա է, մշտապես արդիական է լինելու մեկ հարց. ի վերջո, հակամարտությունը դիվանագիտակա՞ն, թե՞ ռազմական ճանապարհով պետք է լուծում ստանա։
-Ալիևի խնդիրն է հարցը հնարավորինս ձգել, որպեսզի իր կլանը պահպանվի՝ իշխանությունն անցնի որդուն, հետո՝ թոռանը։ Այս կոնֆլիկտը միջոց է իշխանությունը երկարաձգելու։ Ո՞րն է մեր խնդիրը։ ԼՂՀ-ն ազատ տեսնե՞լը։ Մենք այդ խնդիրը լուծել ենք, մնացածն ընթացք է՝ խոչընդոտներով և խնդիրներով։ ՈՒնենք տնտեսությունը զարգացնելու, կոռուպցիան վերացնելու, ստվերի դեմ պայքարելու խնդիր, իսկ Ղարաբաղի առնչությամբ մենք մեր հարցը լուծել ենք։
-Ինչպե՞ս կարող է սովորական ընթացք համարվել, երբ սահմանում մշտապես զինվոր է զոհվում կամ վիրավորվում։
-Իհարկե, դա ամենացավալին է։ Հողի կորուստն անդարձ կորուստ չէ, երբ ուզենանք՝ հետ կբերենք, բայց մարդկային կորուստն անդառնալի է։ Միևնույն ժամանակ հողը պահելն ու հետ բերելն առանց կորուստների չի լինում։ Հիշենք պատմությունը՝ երբ կռվել ենք հանուն մեր ֆիզիկական գոյության և հողերի, ունեցել ենք նվազագույն կորուստներ, երբ չենք կռվել, մեզ մասսայաբար ոչնչացրել են։ Այո, զոհեր ենք տալիս, բայց այլ ելք չունենք։ Կամ ազգովին պետք է գնանք ռուսաստաններ ու լոսանջելեսներ, կամ էլ մնանք ու պայքարենք սեփական երկրում։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2843

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ