Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ամերիկյան ողբերգությո՞ւն, թե՞ ԱՄՆ-ի թռիչքը

Ամերիկյան ողբերգությո՞ւն,  թե՞ ԱՄՆ-ի թռիչքը
11.11.2016 | 01:24

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ն ընտրեց 45-րդ նախագահին: Ի զարմանս իրեն ու աշխարհի՝ ոչ դեմոկրատ Հիլարի Քլինթոնին, այլ հանրապետական Դոնալդ Թրամփին: Թվում էր՝ ոչ մի տարակույս՝ նախկին պետքարտուղարն ու Առաջին տիկինը վերադառնալու է Սպիտակ տուն, և ԱՄՆ-ն ունենալու է առաջին կին նախագահը ու մի փոքրիկ խնդիր՝ պաշտոնապես ճանաչե՞լ Առաջին ամուսնու կարգավիճակը, թե՞ նա առանց այդ էլ նախագահի կարգավիճակ ունի՝ ԱՄՆ-ում չկա նախկին նախագահ ըմբռնում: Նոյեմբերի 9-ին Դոնալդ Թրամփը ստացավ 279 ձայն, թեպետ ձայների ընդհանուր քանակով Քլինթոնն առաջ էր անցել մրցակցից: ԱՄՆ-ում նոյեմբերի 9-ը դարձավ դեմոկրատների «սև երեքշաբթի»՝ հանրապետականները մեծամասնություն ստացան Սենատում և Ներկայացուցիչների տանը: Դա այն է, ինչ նախագահության ութ տարիներին չուներ Բարաք Օբաման: Եթե բախտդ բերում է, բերում է լրիվ:

Ինչպե՞ս բերեց մի մարդու բախտ, որ 69 տարի կապ չուներ քաղաքականության հետ, 70 տարեկանում դարձավ ԱՄՆ նախագահ: Այս ֆենոմենին դեռ կնվիրվեն գրքեր, գուցե նաև ֆիլմեր: ԱՄՆ-ը գիտի ամեն ինչ բիզնես դարձնելու ձևերը: Աշխարհն արագ հաղթահարեց շոկը, ԱՄՆ նոր նախագահին ուղղված շնորհավորական ուղերձներում Հիլարի Քլինթոնի անունը ջնջեց, Դոնալդ Թրամփ գրեց և ուղարկեց հասցեատիրոջը: Ամենաարագը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին էր. նա առաջինը զանգահարեց ու շնորհավորեց Դոնալդ Թրամփին, որպես պարգև՝ ժամադրություն ստացավ: Դոնալդ Թրամփը խոսքի տերը եղավ՝ նա չզանգահարեց Հիլարի Քլինթոնին, ինչպես խոստացել էր նախընտրական հեռուստաբանավեճում, սպառնալով, որ նրա հաղթանակը չի ընդունի՝ խախտելով ընտրված նախագահին շնորհավորելու 240-ամյա ավանդույթը: Պարտված Հիլարի Քլինթոնը ուժ չգտավ կողմնակիցների առաջ ելույթ ունենալու, բայց Թրամփին զանգահարեց: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս զանգահարեց և շնորհավորեց, թեպետ հայտարարում էր, որ ԱՄՆ-ը չի կարող Թրամփ նախագահ ունենալ, ավելին՝ ավանդույթի համաձայն հրավիրեց Սպիտակ տուն: Դոնալդ Թրամփի երդմնակալությունը հունվարի 20-ին է: Ի՞նչ վկայեց նոյեմբերի 9-ը:


1. Դեմոկրատների «սև երեքշաբթին» գեղեցիկ խաչ դրեց սոցիոլոգիական տարատեսակ հարցումների իրականությանը համապատասխանության վրա: Բոլոր հարցումներով նախագահ՝ Հիլարի Քլինթոնը պարտվեց:
2. Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Կանադայի միգրացիոն ծառայության կայքը խափանվեց ամերիկացի օգտատերերի ահռելի թվով դիմումներից: Google որոնողական համակարգում կտրուկ ավելացավ «ինչպես արտագաղթել Կանադա» որոնումների քանակը:
3. Վախից, որ Թրամփի հաղթանակը կհանգեցնի տնտեսական անորոշության` ներդրողները վաճառեցին ռիսկային ակտիվները: Գիշերը S&P 500 ֆոնդային ինդեքսը կորցրեց 5 տոկոս` հասնելով նվազագույն արժեքին: Միջազգային ֆինանսական շուկաներն ու դոլարի կուրսը անկում ապրեցին:
4. Ընտրողներին ուղղված խոսքում Դոնալդ Թրամփը հայտարարեց. «Մենք բոլորս զգալի պարտք ունենք Հիլարի Քլինթոնի հանդեպ՝ մեր երկրին նրա ծառայության դիմաց»: Ընտրարշավի հեռուստաբանավեճում նա խոստացել էր նախագահ ընտրվելուց հետո դատի տալ Հիլարի Քլինթոնին: Նախագահ ընտրված Թրամփն արդեն հրաժարվում է թեկնածու Թրամփի հայտարարություններից:
5. Հանրապետական կուսակցությունն ունի նախագահ և մեծամասնություն Կոնգրեսի երկու պալատներում, բայց դա չի նշանակում, որ Դոնալդ Թրամփին սպասում են վարդագույն օրեր: Դեմոկրատները դարձան ընդդիմություն, բայց նրանք չեն Թրամփի խնդիրը, այլ հանրապետական կուսակցությունը, որի հետ նրա հարաբերությունները բարդ են, նա պիտի յուրայինների հետ լեզու գտնի:

6. Բարաք Օբաման մինչև հունվարի 20-ը ժամանակ ունի՝ լուծելու խնդիրները, որ պատրաստվում էր հանձնել Հիլարի Քլինթոնին, բայց չի կարող վստահել Դոնալդ Թրամփին: Խնդիրները չափազանց շատ են, ժամանակը՝ քիչ:
7. Վատիկանը կաղոթի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար: Կարդինալ Պիետրո Պարոլինն ասել է. «Մենք կաղոթենք, որ Աստված լուսավորի նրան և ուժ տա իր երկրին ծառայելու համար: Այսօր յուրաքանչյուրը պետք է աշխատի, որ փոխի աշխարհում տիրող իրավիճակը, որը գտնվում է լուրջ հակամարտության մեջ»:


Աշխարհը պաշտոնապես գրկաբաց ընդունեց Դոնալդ Թրամփի նախագահությունը՝ մի քանի ժամում շնորհավորեցին ՄԱԿ-ում գրանցված գրեթե բոլոր պետությունների ղեկավարներն ու միջազգային կառույցները, դա արարողակարգային «ընդունելություն» էր՝ քաղաքակրթական արժեքների այցեքարտ: Դոնալդ Թրամփը մեծ քննություն պետք է հանձնի ոչ միայն այն հայրենակիցներին, որ իրեն չեն ընտրել (նրանք առաջին իսկ պահից բողոքի ցույցերով դուրս եկան փողոցներ), այլև այն աշխարհին, որտեղ ԱՄՆ-ը ճանաչվում է միակ գերտերություն:

Ընտրարշավի հակասական ու խեղկատակային կերպարից Դոնալդ Թրամփը պետք է հրաժարվի ի սկզբանե՝ նա չի կարող պոպուլիստական ու ազգայնական խոստումները կյանքի կոչել՝ առանց վնասելու ԱՄՆ-ի տնտեսական, ռազմական ու քաղաքական հզորությանը: Պատահական չէ, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն արդեն հայտարարել է. «ԱՄՆ-ի ցանկացած նախագահ պետք է հասկանա այսօրվա աշխարհի իրական վիճակը: Ամենակարևորը՝ ԱՄՆ ապագա նախագահը հավատարիմ մնա ձեռք բերված համաձայնություններին և հանձնառություններին»:

Դոնալդ Թրամփը քարոզարշավում խոստացել էր չեղարկել համաձայնագիրը՝ անվանելով վատթարագույնը, որ երբևէ բանակցվել է: Թրամփի առաջ ողջ բարդությամբ ծառանալու է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների հարցը: Էրդողանը պահանջում է արտահանձնել Թուրքիայում հեղաշրջման մեջ մեղադրվող Ֆեթուլա Գյուլենին, Օբաման ԱՄՆ-ի միջազգային հեղինակությունը վտանգող քայլը չէր անում, կանի՞ Դոնալդ Թրամփը՝ հանուն հարաբերությունների նորմալացման:


Գերմանական ծագումով ապագա նախագահին Գերմանիայի պաշտպանության նախարար ՈՒրսուլա վոն դեր Լեյենը առաջարկել է իր երկրի օգնությունը՝ պարզելու անպատասխան հարցերը՝ Իրաքի, Սիրիայի հակամարտությունների և Եվրոպայի հետ կապերի վերաբերյալ: Կանցլեր Անգելա Մերկելը «սերտ համագործակցություն» է առաջարկել. «Գերմանիան և ԱՄՆ-ը կապված են այնպիսի արժեքներով, ինչպիսիք են ժողովրդավարությունը, ազատությունը, հարգանքն օրենքի և մարդկանց արժանապատվության հանդեպ` անկախ ծագումից, մաշկի գույնից, կրոնական դավանանքից, սեռից, սեռական կողմնորոշումից կամ քաղաքական հայացքներից: Այս արժեքների հիման վրա էլ առաջարկում եմ աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ»: Դատելով թեկնածու Թրամփի հայտարարություններից սեռական փոքրամասնությունների, մուսուլմանների ու ներգաղթյալների մասին՝ Անգելա Մերկելը նրան պատերազմ է հայտարարել՝ առաջարկելով հրաժարվել զառանցանքից: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ասել է, որ պատրաստ Է համագործակցել. «Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են ազատության, ժողովրդավարության և ձեռներեցության արժեքների վրա: Մենք ուժեղ, մտերիմ գործընկերներ կմնանք առևտրի, անվտանգության և պաշտպանության բնագավառում»: Իսկ դա նշանակում է, որ Մեծ Բրիտանիան նվազագույնը թույլ չի տա Թրամփին շեղվել ԱՄՆ-ի հիմնական քաղաքական կուրսից: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիններից մեկը շնորհավորեց Դոնալդ Թրամփին՝ հույս հայտնելով, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի հարաբերությունները դուրս բերել ճգնաժամային իրավիճակից:


Հիմա պատկերացնո՞ւմ եք անշարժ գույքի վաճառական, միլիարդատիրոջ վիճակը՝ նրա անկեղծ բարեկամները նրան պիտի շնորհավորելուց առաջ ցավակցեն, որ այդ տարիքում մտնում է բեռի տակ, որն ավելի ծանր է, քան ամբողջ կյանքում իր վաճառած շարժական ու անշարժ գույքը: The New York Times-ը առաջին իսկ օրը գրեց. «Նախագահը Դոնալդ Թրամփն է. տասնյակ միլիոնավոր ամերիկացիների և աշխարհի բնակիչների մեծ մասին թվում էր, թե դա անիրական է։ Իսկ այժմ ԱՄՆ-ի ապագան է: Ո՞վ է իրականում Թրամփը: Մինչ այժմ պարզ չէ, թե նա ինչպես է իրականացնելու գործադիր իշխանության հիմնական գործառույթները, ֆինանսական շահերի ինչ կոնֆլիկտներ ունի, ի վիճակի՞ է կենտրոնանալ ինչ-որ հարցի շուրջ և խելամիտ եզրակացություն անել, նվազագույն պատկերացում ունի՞ ինչպես վերահսկել աշխարհում խոշորագույն միջուկային զինանոցը։ Հայտնի է, որ Թրամփը ԱՄՆ նորագույն պատմության մեջ նախագահի թեկնածուների շրջանում ամենաքիչն էր պատրաստ լինել երկրի ղեկավար, նա չունի բավականաչափ եռանդ 325 միլիոն բնակչությամբ երկիրը ղեկավարելու համար։ Նա սպառնացել է դատի տալ և բանտ նստեցնել քաղաքական հակառակորդներին, խոստացել է սահմանափակել մամուլի ազատությունը։ Նա խաբում է առանց խղճի խայթի։ Թրամփն ասել է, որ պատրաստվում է նվազեցնել հարկերը հարուստների համար, միլիոնավոր մարդկանց զրկել բժշկական ապահովագրությունից։ Նա վիրավորել է կանանց, սպառնացել մուսուլմաններին և ներգաղթյալներին, հայտարարել է, որ խզելու է միջազգային համաձայնագրերը։ Սպառնացել է առևտրային պատերազմ սկսել Չինաստանի հետ։ Թրամփի վերելքի պատճառը ոչ միայն ռասիզմն ու սեքսիզմն է, այլև փոփոխությունների անհուն, երբեմն խելացնոր ծարավը։ Այդ փոփոխություններն ԱՄՆ-ին հասցրին անդունդի եզրին»։

Բայց չվախենաք. Թրամփը ոչինչ չի փոխելու ոչ Իրանի հարցում, ոչ ներգաղթյալների, ոչ արտաքին քաղաքականության, համակարգը արագ ու փաստերով նրան կհասկացնի՝ ինչ է Սպիտակ տունը, և ինչ պիտի անի ԱՄՆ նախագահը: Նա կդառնա Բուշ երրորդ՝ առանց այս ու այն երկիր ներխուժելու: Հրաժեշտ տվեք թեկնածու Թրամփին, նախագահ Դոնալդ Թրամփը լինելու է տրամագծորեն հակառակը: Կարևորը՝ ԱՄՆ շարքային քաղաքացիները հպարտ են, որ նախագահ են ընտրել ոչ քաղաքական գործչի: Ողբերգությո՞ւն է, թե՞ թռիչք՝ չորս տարի ժամանակ կա հասկանալու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Գիտի՞ Դոնալդ Թրամփը Լեռնային Ղարաբաղի տեղը: Հաստատ՝ ոչ: Նա շահավետ բիզնես ունի Ադրբեջանում, բիզնեսմենն ու նախագահը հազիվ թե նույնանան: Ալիևը նրան շնորհավորել ու պատմել է՝ ինչպես են հայերը ձախողում Ղարաբաղի բանակցությունները: ՀՀ նախագահն էլ է շնորհավորել ու գրել. «Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կարևոր դերը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Վստահ եմ, որ Ձեր նախագահության տարիներին հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ արձանագրելով նոր ձեռքբերումներ ամենատարբեր ոլորտներում»: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն էլ հավաստիացրել է՝ ԱՄՆ-ի և ՀՀ-ի գերազանց գործընկերությունը կշարունակի ամուր մնալ՝ անկախ ով կլինի ԱՄՆ նախագահ: «ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ հարևանների հետ խաղաղ գոյակցող անկախ ու բարեկեցիկ Հայաստանի կայացման մեր ընդհանուր հանձնառությանը և անկախ այն հանգամանքից, թե ով կլինի ԱՄՆ հաջորդ նախագահը, ԱՄՆ կառավարությունն ու ԱՄՆ դեսպանատունը կշարունակեն մնալ կայուն գործընկեր ու բարեկամ Հայաստանի համար, միասին կաշխատենք ապահովել ժողովրդավարական ու բարեկեցիկ ապագա, որին արժանի է հայ ժողովուրդը»,- ասել է Ռիչարդ Միլսը: ԱՄՆ-ՀՀ և ԱՄՆ-Հարավային Կովկաս հարաբերությունները նույնը չեն, ի՞նչ քաղաքականություն կվարի ԱՄՆ-ը տարածաշրջանում՝ «կհանձնի՞» ԱՄՆ-ի շահերը հանուն ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների բարելավման: Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը աշխատելու են այդ գծի վրա, կդրսևորե՞նք մենք մեր գիծը: Սա է խնդիրը: ՈՒ մենք այդքան երկար ժամանակ չունենք:

Դիտվել է՝ 2548

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ