ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Մեր օրերից մեկը

Մեր օրերից մեկը
11.11.2016 | 11:26

Ինձ համար նստած ֆեյսբուք եմ թերթում, հիանում եմ Սամվել Սևադայի լուսանկարներով, «Լուսավոր Հայաստանի» չորս գաղտնիների գաղտնազերծման կամքով, նախանձում եմ Արմեն Շեկոյանին` առաջին մրցանակ ստանալու համար, ու մեկ էլ` դուռս թակում են: Այնքան անսպասելի, որ թվաց, թե հաշվիչ ստուգողն է:


-Ո՞վ է,- ակամա հարցրի ես:
-Լավ ապրելու Հույսն եմ,- պատասխանեց:
-Ա՛յ Հույս, ես քեզ չասի՞, որ էլ չերևաս:
-Դուռը բաց, ներս գամ,- ասում է:
-Չեմ բացի: Գալիս ես ու կտրում իրականությունից: Անցած օրը քո խելքին ընկա, էլի վարկ վերցրի: Ո՞նց եմ փակելու…
-Էս ցրտին ո՞ւր գնամ,- լացակումեց,- բոլորդ, հերթով, ինձ լքում եք… Քանի հազար մարդ երես թեքեց ինձնից, արտագաղթեց… ես ո՞ւր գնամ…
-Գրողի ծոցը գնա,- բարկացա ես,- որ մնացել ես, ի՞նչ օգուտ ես տալիս` բացի վնասից: Քո տեղը միայն իշխանավորների ճառերում է:
-Շատ չեմ մնա,- խնդրում է,- մի քիչ տաքանամ, մի կտոր բան ուտեմ… ոտքերս հազիվ եմ քարշ տալիս… Մի մահ էլ չկա` մեռնեմ, պրծնեմ:
-Դու մեռնող պտուղը չես, արդեն քանի տարի է` դա ես ասում, որ խղճահարվենք:
-Ես մեղավոր ե՞մ, որ վերջինն եմ մեռնելու, այդպես է կանխորոշված:
-Տո՛ գնա գործիդ, է՜… Քո ապրելով քանիսի՞ գլուխը կերար, մարդասպա՛ն:
-Շեմքիդ կմեռնեմ, սրտիդ դարդ կմնա…
-Թե երեկ մեռնեիր, էսօր երկրորդ օրը կլիներ, գոնե կիմանայինք մեր անելիքը:
-Բա հիմի ի՞նչ անեմ…
-Գնա, Կիևյանից գցվիր:
-Իշխանությունները չեն թողնում:
-Բաց թող էդ իշխանությունների փեշը, միացիր ընդդիմադիրներին:
-Էդ էլ փորձեցի, բան չստացվեց, ժողովրդի առջև չարդարացրին ինձ:
-Նորանշանակ վարչապետի մոտ գնա:
-Գնացել եմ: Հետ ուղարկեց, ասում է` 2018 թվին կգաս… Ներս թող…
-Չես համոզի: Վե՛րջ: ԽՏվպՓ! End! Քյաստը՛մ:
Ոտքերը քստքստացնելով` թողեց, գնաց:
Շարունակեցի ֆեյսբուքս նայել, մեկ էլ, էլի` դռան թակոց:
-Ո՞վ է:
-Հարևանդ:
Դուռը բացեցի, ներս մտավ, շեմքին կանգնեց:
-Առաջ արի:
-Չէ… խնդրանք ունեմ… Աշոտս Ռուսաստանից զանգեց, ասում է` մի քիչ էլ համբերիր, փող կուղարկեմ, տոմս կառնես ու կգաս… Թե ձեռքիդ կա, մի 1000 դրամ տուր, հաց առնեմ, մինչև որ…
-Քիչ առաջ քո դուռը թակել ե՞ն,- ընդհատեցի ես:
-Հա… լավ ապրելու Հույսն էր եկել… սոված, մրսած… Թե ձեռքիդ կա, մի 1000 դրամ տուր, հաց առնեմ, մինչև որ…


Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ

Դիտվել է՝ 584

Մեկնաբանություններ