Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ամփոփվել են հայ կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների մրցույթի արդյունքները

Ամփոփվել են հայ կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների մրցույթի արդյունքները
11.11.2016 | 11:28

Ամփոփվել են Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի նկարիչների միության հայտարարած հայ կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների մրցույթի արդյունքները։ Մրցույթը կայացել է սեպտեմբերի 16-25-ին և նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյա հոբելյանին։

Ներկայացված աշխատանքները ցուցադրվել են նկարիչների միության ցուցասրահներում։ Մրցույթն անցկացվել է չորս անվանակարգում՝ գեղանկար, քանդակ, գրաֆիկա, դեկորատիվ-կիրառական արվեստ։ Լավագույն աշխատանքներն ընտրել են Հայաստանի նկարիչների միության անդամ ստեղծագործողները։


Քվեարկության արդյունքներով «Գեղանկար» անվանակարգում մրցանակի են արժանացել Խաչատուր Ազիզյանի «Դավթի մենամարտը Մելիքի դեմ», Ռուբեն Ղևոնդյանի «Նուռ», Էդիկ Վարդանյանի «Մգրեն» և «Անկախության առաջամարտիկ Մովսես Գորգիսյան», Սամվել Լաճիկյանի «Գյումրի. ուշ աշուն» և «Գյումրի. առաջին ձյունը» ստեղծագործությունները:
«Քանդակ» անվանակարգում հաղթող են ճանաչվել Նունե Թումանյանի «Կաթիլ մը...» և Արման Համբարձումյանի «Ձախլիկ ռազմիկը» և «Տրոյայի հերոսները» աշխատանքները:
«Գրաֆիկա» անվանակարգում մրցանակի են արժանացել Կարապետ Փաշյանի և Կարապետ Աբրահամյանի «Անկախության 25-ամյակի խորհրդանիշի էսքիզներ» և Մարգարիտա Պարեմուզովայի «Վառված ծառերի հիշատակին» աշխատանքները:
«Դեկորատիվ-կիրառական» անվանակարգում հաղթել է Այծեմնիկ Ղևոնդյանի «ՈՒրարտական ծիսական զգեստը»:


Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի փոխանցմամբ՝ մրցույթին մասնակցել է մոտ 200 ստեղծագործող՝ մեկական աշխատանքով։ Լավագույն աշխատանքներն ընտրել են մրցույթի հանձնաժողովի որոշմամբ ցուցահանդեսի մասնակից նկարիչների միության անդամ ստեղծագործողները։ Մրցանակային ֆոնդը կազմել է մոտ 15000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Նկարիչների միությունն այս ցուցահանդեսից հետո կհրատարակի նաև պատկերագիրք։


Կարեն Աղամյանը կարևորում է նման միջոցառումները, մրցանակաբաշխությունները, քանի որ դրանք ոգևորում են նկարիչներին և ստեղծագործելու խթան են: Նա նկատում է նաև, որ չկա պետական պատվեր, իսկ առանց պետական պատվերի հնարավոր չէ ստեղծել թեմատիկ աշխատանքներ։ Մասնավորապես, ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ ցուցահանդես անցկացնելու համար դիմել էին նախարարությանը, սակայն մնացել են անարձագանք։ Ըստ նկարիչների միության ղեկավարի՝ այդ է պատճառը, որ այս ցուցահանդեսում թեմատիկ աշխատանքների պակաս կար, մինչդեռ թեմատիկ նյութ ստեղծելու համար արվեստագետին գրեթե մեկ տարվա աշխատանք է անհրաժեշտ։


Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի ներկայացուցիչ Աղավնի Հարությունյանի խոսքով՝ նման մրցանակաբաշխություն անցկացվում է 2007 թվականից։ Առաջին տարիներին ընդգրկված են եղել մեկ-երկու ստեղծագործական, գիտական միություններ, այնուհետև ընդլայնվել են ծավալները՝ այսօր արդեն ներգրավելով հանրապետական ընդգրկում ունեցող ստեղծագործական և գիտական միությունները։ Մրցանակաբաշխության նպատակն է խթանել ժամանակակից գիտության, գրականության և արվեստի զարգացումը, այն համահայկական նշանակություն ունեցող միջոցառում է, որին կարող են մասնակցել Հայաստանի, Արցախի, ինչպես նաև հայկական սփյուռքի մտավորականության ներկայացուցիչները, պատանի ստեղծագործողները: Մրցանակաբաշխության ընդհանուր ֆոնդը 42 միլիոն դրամ է, որն ամբողջությամբ հատկացնում է Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը։ Յուրաքանչյուր տարի ընտրվում է մեկ թեմա և հայտարարվում մրցույթ նշված թեմայով։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1509

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ