ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Բեատրիչե Վենեցի՝ կին դիրիժոր, որ կոտրում է կարծրատիպը, թե դիրիժորությունը տղամարդու մասնագիտություն է

Բեատրիչե Վենեցի՝ կին դիրիժոր, որ  կոտրում է կարծրատիպը, թե դիրիժորությունը տղամարդու մասնագիտություն է
11.11.2016 | 11:59

Իտալացի դիրիժոր Բեատրիչե Վենեցին Հայաստանում էր: Արամ Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակում նա ղեկավարեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ներկայացնելով Էդուարդ Հայրապետյանի, Քշիշտոֆ Պենդերեցկու և Լյուդվիգ վան Բեթհովենի ստեղծագործությունները։


Տարին Բեատրիչեի համար խաչատրյանական էր. հունիսին Երևանում մասնակցում էր Խաչատրյանի անվան դիրիժորների միջազգային մրցույթին, որտեղ արժանացավ հատուկ մրցանակի՝ 2016-2017 թթ. համերգաշրջանի ընթացքում հնարավորություն ստանալով հանդես գալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավիրյալ դիրիժորի դերում և այսօր արդեն ելույթ է ունենում խաչատրյանական փառատոնի շրջանակներում։


Բեատրիչեն նկատում է, որ այս անգամ ավելի երկար ժամանակով է Հայաստանում և կկարողանա ավելի մոտիկից ծանոթանալ հայկական մշակույթին։ Նա Նեապոլ քաղաքի երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորն է։ Երիտասարդ դիրիժորը նշում է, որ Հայաստանում և՛ խաչատրյանական մրցույթի, և՛ փառատոնի շրջանակներում մեծ փորձառություն է ձեռք բերել։ Խոսելով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասին՝ ընդգծում է, որ այստեղ աշխատում են բարձրակարգ պրոֆեսիոնալներ։
Կին դիրիժորները շատ քիչ են աշխարհում, պատճառը ո՞րն է։ Բեատրիչե Վենեցին մեզ հետ զրույցում նկատում է, որ պատճառը կարելի է գտնել պատմության ակունքներում։ Այն եղել է տղամարդու մասնագիտություն, և առհասարակ, բոլոր մասնագիտություններում և ոլորտներում էլ առաջին դիրքերում եղել են տղամարդիկ։ Ինչ վերաբերում է կոնկրետ դասական երաժշտությանը, ապա, ըստ նրա, այստեղ հատկապես պահպանվում են դասական ավանդույթները, թեև քիչ-քիչ դրանք փոխվում են։


Մեր զրուցակիցը նաև դաշնակահար է, կոմպոզիտոր։ Նա նկատում է, որ գործունեության երեք ոլորտներից իրեն ամենահոգեհարազատը դիրիժորությունն է, այժմ, որպես դաշնակահար, անհատական համերգներ չի տալիս, նվագում է միայն պարապելիս, ինչպես նաև մենակատարների հետ աշխատելիս, քանի որ կան հատուկ նրբություններ, որոնք կարելի է բացատրել միայն նվագակցելով։ Ինչ վերաբերում է կոմպոզիտորական արվեստին, ապա, ըստ դիրիժորի, դա շատ ավելի երկար ժամանակ է պահանջում, պետք է հանգիստ լինել, խիտ օրակարգ չունենալ և ստեղծագործել։ Բեատրիչեն խոստովանում է, որ այս պահին պահանջված ժամանակը չունի, իր աշխատանքային ողջ գործունեությունը նվիրել է դիրիժորությանը։


Որպես կանոն, երաժիշտներն ունենում են իրենց նախընտրած կոմպոզիտորներն ու ստեղծագործությունները: Իսկ ո՞ւմ է նախընտրում Բեատրիչե Վենեցին։ Դիրիժորը նկատում է, որ ինքը ծնվել է Ջակոմո Պուչինիի ծննդավայրում՝ Իտալիայի Լուկա քաղաքում, մեծացել է Պուչինիի ստեղծած մթնոլորտում, ուստի, եթե խոսում ենք օպերային արվեստի մասին, ամենահոգեհարազատը Պուչինին է. «Շատ եմ սիրում ռուսական սիմֆոնիկ երաժշտությունը՝ Շոստակովիչ, Ռախմանինով, Չայկովսկի։ Շատ դժվար է որևէ մեկին առանձնացնելը։ Սիրում եմ նաև ֆրանսիական երաժշտություն՝ Դեբյուսի…»։ Բեատրիչեն նկատում է, որ տարիքի հետ փոխվում են նաև երաժշտության ընկալումներն ու ճաշակը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1870

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ