Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Արա Բերքյանի նպատակն էր վերացնել երկու ժողովուրդների միջև եղած կանխակալ կարծիքը»

«Արա Բերքյանի նպատակն էր վերացնել երկու ժողովուրդների միջև եղած կանխակալ կարծիքը»
11.11.2016 | 12:02

Հայ ընթերցողի սեղանին է Էննո Մեյերի և Արա Յ. Բերքյանի «Հռենոսի և Արաքսի միջև» գիրքը: Ինչպես նշվում է գրքի առաջաբանում` գերմանա-հայկական հարաբերությունները նման ընդգրկումով դեռևս չէին ներկայացվել, թեև ունեն 900-ամյա պատմություն: Գիրքը գերմաներենից թարգմանել և հրատարակության է պատրաստել սփյուռքահայ ճանաչված հայագետ, ճարտարապետության և ինժեներության դոկտոր, հասարակական գործիչ Արա Բերքյանի կինը` գերմանահայ գրող ԼԻԶԱ ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:

-Տիկին Բերքյան, Էննո Մեյերի և Արա Յ. Բերքյանի «Հռենոսի և Արաքսի միջև» գիրքը Գերմանիայում հրատարակվել է 1988-ին: Ի՞նչ արձագանք է գտել գիրքը Գերմանիայում:
-Այո, գրքի գերմաներեն բնօրինակը լույս է տեսել 1988 թվականին՝ Արցախյան շարժման օրերին, և մեծ արձագանք գտել Գերմանիայում, սփյուռքում և Հայաստանում: Այն տարիներին գրքի մասին դրական հրապարակումներ եղան թե՛ գերմանական, թե՛ սփյուռքահայ մամուլում, որոնց թվում՝ դոկտոր-պրոֆեսոր Ֆրիդրիխ Հեյերի, դոկտոր-պրոֆեսոր Քրիստիան Հանիքի, Բուսե Հերիբերտի, Գասպար Արմանի, Լևոն Մկրտչյանի, Համո Պետրոսյանի և այլոց գրախոսականները գերմանական, Փարիզում հրատարակվող «Կամք», Աթենքում հրատարակվող «Ազատ օր» օրաթերթերում և «Դրոշակ» ամսագրում:
-«Հռենոսի և Արաքսի միջև» գիրքը ընթերցողների մասնագիտակա՞ն, թե՞ լայն շրջանակի համար է:
-Ես կասեի՝ գիտահանրամատչելի գիրք է, որն ունի ուսուցողական նշանակություն, հետաքրքիր է թե՛ մասնագետների, թե՛ ընթերցողների լայն զանգվածի համար: Հիմնական շարադրանքից բացի, գիրքը հարուստ է ծանոթագրություններով և հղումներով: Բացի այդ, պարունակում է Գերմանիայում ուսանած հայ նշանավոր գործիչների համառոտ կենսագրություններ, գերմանական պետական, ռազմական արխիվային հաստատությունների նյութերի, անձնանունների, գրականության աղբյուրների ցանկեր, այլևայլ հավելվածներ, ներդիրներ, ինչպես նաև հարուստ է լուսանկարներով, քարտեզներով, գրչանկարներով, որոնք ավելի հետաքրքիր են դարձնում ընթերցումը: Կարծում եմ, այդ ամենը արժեքավոր է նրանով, որ գիրքը նաև հետազոտության աղբյուր կարող է ծառայել:
-Ինչո՞ւ է հայ ընթերցողին գիրքը ներկայացվել այսքան տարի անց:
-Երբ ամուսինս ողջ էր, հաճախ էի լսում, որ փափագում է գիրքը թարգմանել հայերեն և անգլերեն: Առաջին հրատարակությունը սպառվեց կարճ ժամանակում, շատ էր ոգևորված գրքի մասին դրական արձագանքներով (նրա անձնական արխիվը հարուստ է նման նյութերով): Մեծապես ոգևորված էր Հայաստանի անկախությամբ, և որոշել էր գիրքը համալրել երկու ժողովուրդների՝ մեր օրերի հարաբերությունների մասին պատմող էջերով, նաև վերահրատարակել:
Ամուսնուս անձնական արխիվից տեղեկացա, որ Կիլիկիայի կաթողիկոս Գարեգին Բ-ն (հետագայում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա), ում հետ ընտանեկան մտերմություն ուներ, պատրաստակամություն էր հայտնել գրքի հայերեն թարգմանությունը Անթիլիասում տպագրելու: Ահա մի հատված նամակից. «Վստահ ենք, որ հայագիտութեան մէջ կարեւոր ներդրում մըն է Ձեր աշխատանքը: Ապահովաբար անիկա մեծապէս պիտի նպաստէ հայ եւ գերմանացի ժողովուրդներու ճշգրիտ եւ հարազատ փոխճանաչման եւ բարեկամական յարաբերութիւններու զարգացմանը... Մենք մեծապէս ուրախ պիտի ըլլանք այս գիրքին հայերէն թարգմանութիւնը տպուած տեսնելով Անթիլիասի մեր տպարանին մէջ»:
Ավա՜ղ, այս ձեռնարկումը մնաց անկատար:
Այն ժամանակ նա աշխատում էր հայկական ճարտարապետության մասին հսկայածավալ՝ «Հայաստանի բերդեր և ամրացված վանքեր» գրքի վրա, որը ցայսօր, ցավոք, դեռ անտիպ է:
Հայերեն գրքի շնորհանդեսին բանաստեղծ, գրքի գեղարվեստական խմբագիր Գոռ Հարությունյանը իր ելույթում նույնպես նշեց, թե ինչու մինչև այժմ չի իրականացվել այս արժեքավոր գրքի ակադեմիական հրատարակությունը: Ես դժվարանում եմ պատասխանել: Իմ արածը ոչ միայն հոգու պարտք է և ամուսնուս ցանկության իրականացում, այլև շատերը դիմեցին ինձ՝ գիրքն ունենալու հորդոր-ցանկությամբ, ահա ինչու ձեռնամուխ եղա թարգմանությանը՝ հայ ընթերցողին և մասնագետներին ներկայացնելու այդ արժեքավոր գիրքը:
-Այս տարի ամռանը Գերմանիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և ընդունեց իր մեղսակցությունը: Կարծես կարևորագույն այս փաստը առավել հետաքրքիր ու արժեքավոր է դարձնում գիրքը հայ ընթերցողի համար, գերմանա-հայկական հարաբերությունները այլ լույսի տակ են ներկայանում ընթերցողին:
-Այո, անշուշտ, գերմանա-հայկական հարաբերությունների տեսանկյունից, գրքի հայերեն տպագրությունը տեղի ունեցավ հիշարժան մի ժամանակահատվածում: Այս տարվա հունիսի 2-ին՝ 101 տարի անց, վերջապես գերմանական Բունդեսթագը խոնարհվեց Հայոց ցեղասպանության նահատակների առջև և ճանաչեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի և քրիստոնյա մյուս ժողովուրդների ցեղասպանությունը։ Գերմանիան այլևս խուսանավելու տեղ չուներ՝ առերեսվեց իր պատմությանը և ընդունեց իր մեղսակցությունը:
Գրքի առաջին մասի վերջին գլուխները վերաբերում են մեր ժողովրդի պատմության ողբերգական իրադարձություններին՝ ցեղասպանությանը Գերմանիայի ունեցած տխուր դերին. «Գերմանացիները և շվեյցարացիները Հայկական հարցի և Օսմանյան կայսրության ջարդերի (1878-1914 թթ.) դեմ հանդիման», «Հայկական հարցի օսմանյան «վերջնական լուծումը» և գերմանական կայսրությունը (1915-1918 թթ.)»: Այդ գլուխներում նույնպես հայ ընթերցողը նորանոր՝ հայանպաստ և հայավնաս փաստերի կառնչվի:
-Գրքում ներկայացված են եղելություններ, որոնք մինչ այժմ անհայտ են հանրությանը: Պատմական ո՞ր իրադարձությունները, դրվագները կառանձնացնեիք, որոնք, ըստ Ձեզ, պետք է հասցնել հայ հանրության դատին:
-Նախ՝ գերմանա-հայկական 900-ամյա հարաբերությունների մասին պատմող այս գիրքը լի է պատմական շատ դեմքերի, իրադարձությունների, փաստերի հիշատակումով, որոնցից շատերը անծանոթ են հայ ընթերցողին: Այնքան շատ են դրվագները, դժվարանում եմ առանձնացնել: Օրինակ, Հայոց ցեղասպանությանը Գերմանիայի ունեցած տխուր դերի մասին հատվածները: Գրքի այդ գլուխներում Էննո Մեյերը ընթերցողին ներկայացնում է թե՛ հայանպաստ, թե՛ հայավնաս ուժերի տեսակետները, վերաբերմունքը:
Գերմանա-հայկական հարաբերությունների պատմության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում հայերի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ գերմանական կողմից: Գրքի երկրորդ մասում, պատերազմական շրջանի իրադարձություններում առյուծի բաժինն ընկնում է արևելյան լեգեոնների կազմավորմանը, այդ թվում՝ հայկական լեգեոնի. «Հայկական խնդրի ի հայտ գալը, ռազմագերիները», «Արևելյան լեգեոնների կազմավորումը», «Գեներալ Դրոյի հանդիպումը Հիմլերի հետ» և այլն: Գրքի այս բաժինը թե՛ ծանրակշիռ է, թե՛ հետաքրքիր, թվում է, թե հայկական լեգեոնի մասին պատմությունը առանձին գիրք է այս գրքի մեջ: Գրքում ներկայացվում են անուններ, փաստեր՝ գերմանական ռազմական, պետական արխիվային նյութերից: Բերքյանը առաջին հայն է, որ այս թեմայով ուսումնասիրություններ է կատարել վերոհիշյալ արխիվներում: Նա հարցազրույցներ է ունեցել ականատեսների հետ, որոնք չափազանց հետաքրքրական են:
-Արա Բերքյանը ի՞նչ գլխավոր նպատակ էր հետապնդում գիրքը գրելիս: Ի՞նչ կասեք գիրքը գրելու ընթացքի մասին: Որքա՞ն ժամանակ է պահանջվել, ի՞նչ խոչընդոտների, դժվարությունների է հանդիպել: Փաստերը ներկայացնելիս հնարավո՞ր էր զերծ մնալ մեկնաբանությունից:
-Դժվարանում եմ պատասխանել, որովհետև մենք ծանոթացել ենք 1989-ին, իսկ գիրքը հրատարակվել էր 1988 թվականին: Հարգանք՝ մյուս հայասեր հեղինակին՝ Էննո Մեյերին, պետք է նշեմ, որ այս գրքի գաղափարը Արա Բերքյանինն է: Առաջին հարցազրույցն արել է դեռ 1957 թվականին, երբ նա վերջնականապես հաստատվում է Գերմանիայում: ՈՒրեմն, 30 տարի կրել է իր մեջ այս գիրքը: Թեև, այդ գրքից առաջ նա հրատարակել է մեկ այլ գիրք, պաշտպանել է դոկտորական թեզը: Ինչևէ, հանգրվանելով Գերմանիայում, նա նկատում է, որ տեղացիները իրազեկ չեն Հայաստանին, հայկական մշակույթին, կամ էլ նրանց իմացածը հեռու է ճշմարտությունից, մինչդեռ 17-18-րդ դարերում Հայաստանը, հայկական մշակույթը, հայոց լեզուն եղել են գերմանացի գրողների, գիտնականների տեսադաշտում: Եղել են նաև քաղաքական կապեր, օրինակ, Կիլիկյան Հայաստանի իշխան Լևոն I-ի թագադրումը կարդինալ Կոնրադ ֆոն Վիտելսբախի կողմից, կամ Իսրայել Օրուն և ուրիշներին առնչվող իրողությունները: Անցած դարի 50-60-ական թվականներին Գերմանիայում, կարծես, խամրել էր հայկական հետքը՝ չկային հայկական միությունները, լուծարվել էր գերմանա-հայկական ընկերությունը, որը 1914 թ. հիմնադրել էր Յոհաննես Լեփսիուսը: Բերքյանի և այլ հայորդիների ջանքերով հիմնադրվել են ուսանողական և հայ մշակութային միություններ: Նրա համառ ջանքերի շնորհիվ 1972 թ. վերաբացվել է գերմանա-հայկական ընկերությունը, և անցած դարի 70-80-ական թվականներին հայկական կյանքի երակը սկսել է բուռն բաբախել գերմանական հողի վրա: Կազմակերպվել են հայկական մշակույթի շաբաթներ, հայ արվեստին նվիրված ցուցահանդեսներ, տոնակատարություններ, հանդիպումներ հայրենիքի և սփյուռքի գիտության և մշակույթի գործիչների հետ: Արա Բերքյանն այդ բոլոր միջոցառումների կենտրոնում է եղել որպես նախաձեռնող, կազմակերպիչ, թարգմանիչ ու բանախոս: Այդ ամենի մասին նույնպես պատմում է գիրքը:
Արա Բերքյանի նպատակն էր նաև վերացնել երկու ժողովուրդների միջև եղած կանխակալ կարծիքը: Մենք մինչ օրս Գերմանիան համարում ենք մեր թշնամու դաշնակից (իրականում այդպես է), մանավանդ որ 101 տարի հարկավոր եղավ մինչև ճանաչեց ցեղասպանությունը: Գերմանա-հայկական հարաբերություններում, սակայն, կան նաև դրական օրինակներ, ինչպես վերը նշեցի: Վերջապես, գերմանա-հայկական հարաբերությունների շարունակական ամրապնդումը, ամեն դեպքում, շահավետ է, մշակույթը և պատմական իրազեկումը՝ մնայուն արժեք:
Ինչ վերաբերում է փաստերը ներկայացնելուն, ապա հեղինակը ընթերցողին շատ նյութ է տրամադրում, բայց թողնում է, որ դեպքերն ու իրադարձություններն իրենք խոսեն, ներկայանան իրենց պատմական իսկությամբ: Դա չի նշանակում, սակայն, թե նա խուսափում է սեփական կարծիքն արտահայտելուց, այն առկա է ոչ ցուցադրական ձևով:
-Կարծում եմ` պատահական չէ, որ շապիկի երկու կողմերում Ֆրիտյոֆ Նանսենին և Յոհաննես Լեփսիուսին նվիրված ակնարկներ են զետեղված:
-Գրքի շապիկի երկու կողմերում կա անոտացիա գրքի մասին: Երկու հայասերների՝ Յոհաննես Լեփսիուսի և Ֆրիտյոֆ Նանսենի անունները երախտագիտությամբ է հիշում յուրաքանչյուր հայ:
Լեփսիուսը, հայ որբերին, այրիներին գործնական օգնություն ցույց տալուց զատ, իրեն համարում էր «հայերի փաստաբան» և զբաղված էր Հայկական հարցով: Ցեղասպանության ճանաչման գործում կարևոր նշանակություն ունեցան Յոհաննես Լեփսիուսի «Հայաստանը և Եվրոպան, մեղադրական ակտ քրիստոնեական մեծ տերությունների դեմ և կոչ քրիստոնյա Գերմանիային», ինչպես նաև հայերի զանգվածային կոտորածների լուրերի հիմքի վրա գրած «Հայ ժողովրդի մահը» աշխատությունները: Ի դեպ, մինչ գրաքննության միջամտությունը, որը կար Կայսերական Գերմանիայում, նա տպագրում է (իր միջոցներով) այդ գրքից 20 հազար օրինակ և տարածում։ Այդ մասին մանրամասնորեն պատմում է գիրքը:
Հայտնի է, որ Ֆրիտյոֆ Նանսենը աշխատել է Ազգերի Լիգայում, պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել նանսենյան անձնագրեր: «Խաբված ժողովուրդ» է խորագրել հայերի մասին 1928 թ. հրատարակած իր գիրքը, որտեղ նկարագրում է նրանց որպես «դավաճանված ժողովուրդ». 1915-16 թթ. թուրքական ողջակիզման զոհ դարձած և մեծ տերությունների կողմից խաբված, որոնք հավատացրել էին, թե կօգնեն հայերին:
«1925 թ. Ազգերի Լիգան լիազորել է Ֆրիտյոֆ Նանսենին՝ հետազոտելու Խորհրդային Հայաստանի Սարդարապատի ամայի տարածքի ջրային ռեսուրսները՝ տեղում հողագործություն ծավալելու և այդ միջոցով 50 հազար փախստական հայերի այնտեղ բնակեցնելու նպատակով: Նանսենը նախագիծը համարել է իրագործելի, բայց ֆինանսական պատճառներով այն չի իրականացել»։ Այդ մասին նույնպես պատմում է գիրքը:


Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3606

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ