Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրան-Հայաստան երկաթուղին կյանքի կկոչվի, բայց ինչպե՞ս պիտի այն շահագործենք

Իրան-Հայաստան երկաթուղին կյանքի կկոչվի,  բայց ինչպե՞ս պիտի այն շահագործենք
15.11.2016 | 00:29

Հայկական ապրանքների ու սպասարկումների «Հայաստան EXPO-2016» ցուցահանդեսը, որը հոկտեմբերի 5-8-ին տեղի ունեցավ Թեհրանում, ինչպես նաև Երևանում կայացած հետագա միջոցառումները խթան հանդիսացան հայ հասարակության շրջանում Իրան-Հայաստան երկաթուղու հարցի նոր քննարկումների համար: Հիմնական ուշադրությունը սևեռված էր «Հայկական երկաթուղու», ավելի ճշգրիտ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ի այն հայտարարություններին, թե կան Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացման ծրագրեր ու հնարավորություններ, ինչպես նաև մաքսատան նոր բեռնարկղային հանգույցի ստեղծման նախագիծ: Լրատվամիջոցները հաղորդում էին, որ ՀԿԵ-ն այցելուներին ու հնարավոր գործընկերներին ներկայացրել էր երկաթուղով Իրանից Եվրոպայի երկրներ և հակառակ ուղղությամբ բազմաճյուղ բեռնափոխադրումների իրականացման համար Հայաստանի տարանցման հնարավորությունների օգտագործման հեռանկարների ցուցահանդես: Այդ միջանցքի օգտագործումը թույլ կտա փոխադրումներ կատարել մինչև Հայաստան-Իրան երկաթուղու գործարկումը, գործարար կապեր հաստատել բեռնառաքողների ու ստացողների միջև, և ՀԿԵ-ն արդեն քննարկում է այդ հարցը, մասնավորապես, «Վրացական երկաթուղու» հետ քննարկումների արդյունքում որոշում է ընդունվել նվազեցնելու այդ ուղղության սակագները: Համենայն դեպս, այդպես է հայտարարել ՀԿԵ-ի մամուլի ծառայությունը:


Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը նշել է, որ ներկայումս երկրները ծրագրում են գործարկել մի բազմաճյուղ միջանցք, որը ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով համակցված փոխադրումներ է ենթադրում: Դիվանագետի կարծիքով, նախագիծն իրագործելի է: Դեսպանն ընդգծել է, որ ՀԿԵ-ի պատվիրակությունը առաջին անգամ չէ, որ այդ հարցով այցելում է Իրան: «Կարող եմ տեղեկացնել, որ ներկա այցի շրջանակներում օգտակար բանակցություններ են անցկացվել: Իրանի տրանսպորտային ընկերությունների միջազգային ասոցիացիայի (զբաղեցնում է Իրանի բեռնափոխադրումների շուկայի մոտ 60 տոկոսը-խմբ.) պատվիրակությունը մտադիր է այցելել Երևան և այդ հարցը քննարկել մեր երկրի համապատասխան կառույցների հետ: Ես այդ հարցում ևս լավատեսորեն եմ տրամադրված»,- ասել է Արտաշես Թումանյանը: Իր հերթին, ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նշել է, որ ընկերության կողմից Իրանին առաջարկված այլընտրանքային երթուղին դեպի Երևան մեծ հետաքրքրություն է առաջ բերել: «Երբ ես նրանց առաջարկեցի այդ երթուղին, նույնիսկ չգիտեի, որ դա պատմական երթուղի է եղել Իրանի համար. նրանք այն անվանել են «Համեմունքների ճանապարհ», ինչպես, օրինակ, չինացիների «Մետաքսի ճանապարհը»: Մենք իրանական կողմին այլընտրանք առաջարկեցինք Թուրքիայով դեպի Եվրոպա գործող ճանապարհի փոխարեն, և այդ երթուղին ավելի անվտանգ է ու ավելի շահավետ»,- նշել է Վալկոն: Երկկողմ փոխշահավետ համագործակցության հեռանկարները քննարկվեցին ՀԿԵ-ի և Իրանի տրանսպորտային ընկերությունների միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ. վերջինս պատրաստվում էր ներկայացուցչական պատվիրակություն ուղարկելու Երևան՝ հարցը խորությամբ ուսումնասիրելու համար: Ցուցահանդեսի շրջանակներում հանդիպում կայացավ Իրանի երկաթուղու, մաքսային ծառայության ղեկավարության ներկայացուցիչների, երկրի տրանսպորտային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում մանրամասնորեն ներկայացվեց Հայաստանի երկաթուղային տրանսպորտի օգտագործմամբ Եվրոպայի երկրներից և հակառակ ուղղությամբ բազմաճյուղ բեռնափոխադրումների կազմակերպման առաջարկվող նախագիծը: «Հայաստան EXPO-2016» ցուցահանդեսին մասնակցում էին տարբեր ճյուղեր ներկայացնող 100-ից ավելի հայկական ընկերություններ:


Այս կապակցությամբ հիշեցնենք, թե իրենից ինչ է ներկայացնում ՀԿԵ-ն: Դա 100 տոկոսով «Ռուսաստանի երկաթուղիներ» (ՌԵ) ԲԲԸ-ի դուստր ընկերություն է և հայկական երկաթուղիների պայմանագրային կառավարում է իրականացնում: Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը ՀԿԵ-ի պայմանագրային կառավարմանն է հանձնվել 2008 թ. փետրվարի 13-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի համաձայն: Պայմանագրային կառավարման ժամկետը 30 տարի է՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով: Այսպիսով, երբ «խոսում» է ՀԿԵ-ն, ինքնաբերաբար նշանակում է, որ պլաններն ու նախագծերը բխում են հենց ՌԵ-ից: Այսինքն, եթե անգամ որոշ կասկածներ են ծագում Թեհրանում Հայաստանի դեսպան Ա. Թումանյանի և ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Ս. Վալկոյի լավատեսության առնչությամբ, ապա դրանք պետք է հասցեագրել ոչ թե Հայաստանի ԱԳՆ-ին և ՀԿԵ-ի ղեկավարությանը, այլ ՌԵ-ի ղեկավարությանը:


Իրոք, դեպի Հայաստան և Վրաստան ուղևորաբեռնափոխադրումների սակագների նվազեցումը էական քայլ է այդ ուղղությունն ավելի հեռանկարային և շահութաբեր դարձնելու ճանապարհին: Տեղի կունենա՞ այն, ինչ ներկայացվել էր Թեհրանում, իսկ հետո Երևանում, թե՞ ոչ, եթե անկեղծ, այնքան էլ կարևոր չէ, քանի որ դեսպան Արտաշես Թումանյանի և ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի հայտարարությունների վերաբերյալ հաղորդագրությունները խուճապի են մատնել հարևան Ադրբեջանին: Բավական է հիշատակել ադրբեջանական լրատվամիջոցների հոկտեմբերյան հրապարակումների մի քանի վերնագիր, և ամեն ինչ ինքնըստինքյան պարզ կդառնա. «Իրան. դաշինք Հայաստանի հետ՝ ընդդեմ Ադրբեջանի», «Իրանը Հայաստանը դուրս է բերում մեկուսացումից» և այլն: Այնպես որ, Հայաստանի համար կիրառական օգուտն արդեն բացարձակապես ակնհայտ է. Ապշերոնում սկսել են նյարդայնանալ: Եվ ոչ միայն «շրջափակման» պատճառով. դա մեծագույն բթամտություն է, որին հավատում են, հավանաբար, միայն Ալիևների կլանը և Իլհամ Ալիևի ընտանիքից կախում ունեցող ևս մի տասը կլաններ: Բաքվում լուրջ երկյուղ է առաջացնում այն, որ Իրան-Հայաստան երկաթուղու մասին միայն խոսակցությունների վերսկսումն անգամ կարող է լրջորեն խարխլել հաղորդակցական մյուս նախագծերը, որոնք տասնամյակներ ի վեր տարփողում է Ադրբեջանը՝ առասպելական գումարներ ծախսելով կաշառքների ու շնորհանդեսների վրա:


Միաժամանակ, թե ինչ է ուզում ինքը՝ Հայաստանը, այդպես էլ մնում է անհասկանալի: Տարածաշրջանում հաղորդակցական տարանցողի դերը, այսպես ասած, կասկածելի բնույթի դափնիներ է խոստանում, որովհետև Իրանից Հայաստանով ոչ մի տեղ չես գնա, բացի Վրաստանից ու Թուրքիայից: Բայց դեպի Թուրքիա, ինչպես նաև Ադրբեջան կան արդեն ուղիղ (քիչ թե շատ) երկաթուղային ճանապարհներ, միաժամանակ հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորվածությունը ինքնաբերաբար հանում է այն հարցը, թե Իրանից Հայաստանով հարկ կլինի ինչ-որ բան «տանել» Թուրքիա: Իսկ տխրահռչակ «բազմաճյուղ եղանակով», համակցված փոխադրումների (ավտոերկաթուղային տրանսպորտով) սխեմաների գործադրման պարագայում, որքան շատ են փոխաբեռնման կետերը, այնքան փոխադրումներն ավելի են թանկանում: Իսկ Վրաստանից Եվրոպա՜... ՈՒրեմն, անխուսափելի են լաստանավային ծովային փոխադրումները: Եվ ո՞վ է ասել, թե դա ձեռնտու կլինի նույն իրանական արտադրողներին կամ էլ երրորդ-չորրորդ երկրներին, որոնք կցանկանան Իրանով, Հայաստանով, Վրաստանով, այնուհետև Սև ծովով «կապվել» Եվրոպայի հետ: Չեմ կարծում, թե որևէ մեկը կվիճարկի այն փաստը, որ որքան քիչ են փոխատեղում-փոխաբեռնումները, որքան քիչ է փոխադրման եղանակի փոփոխությունը, այնքան բեռնափոխադրումներն էժան են՝ տրանսպորտային ծախսերի ու ծախքերի բոլոր ցուցանիշների գծով: Սակայն մեզ փորձում են համոզել, թե հենց Իրանը Եվրոպային կապելու նպատակով էլ նպատակահարմար է կառուցել Իրան-Հայաստան երկաթուղին:


Իսկ լավ չի՞ լինի նախ տեսնել, թե ինչ է ուզում ինքը՝ Իրանը: Ի վերջո, ինչպես վկայում են ականատեսները, Իրան-Հայաստան երկաթուղու իրանական մասը, փաստորեն, պատրաստ է, մնացել է անցնել մի 8-10 կմ: Ցանկության դեպքում իրանցիները դա կարող են գցել մի քանի, թող որ ոչ ժամի, այլ օրվա ընթացքում: Թեհրանն իր խոսքի տերն է եղել, ապագա մայրուղու իր մասը կառուցել է, հարցը հիմա երկաթուղու մեր՝ հայկական կողմի մասին է, որի համար, իբր, փող չկա, կամ ներդրող չի ճարվում և այլն: Եթե հոկտեմբերի սկզբին Թեհրանում անցկացված «Հայաստան EXPO-2016» ցուցահանդեսը հղացվել էր որպես իրանական բանկերին և մյուս կառույցներին «հիմարացնելու» փորձ, ապա ես պատրաստ եմ ինձ վրա վերցնելու մի անշնորհակալ առաքելություն՝ փչացնելու հղացողների տրամադրությունը, կարծելով, թե Իրանում լռելյայն գործում է «պայմանադրությունը փողից թանկ է» սկզբունքը: Չէ՞ որ պայմանավորվածություն կա, որ յուրաքանչյուրը կատարում է ընդհանուր աշխատանքի իր մասը՝ իր տարածքում: Չէ՞ որ իրանցիները նույնիսկ այսպիսի առաջարկություն են արել՝ մենք պատրաստ ենք լրիվ ֆինանսավորելու, սակայն այդ դեպքում մենք ենք տերը և մենք ենք որոշում, թե ինչը՝ ուր և ում: ՀԿԵ-ն, ՌԵ-ն կամ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը չկարողացան կամ հրաժարվեցին քննության առնել իրանական առաջարկությունները, իսկ մենք էլ գուշակություններ չենք անի: Գուշակությունների փոխարեն պարզապես չմոռանանք, որ Իրանը եղել և մնում է պետքական երկիր:


Երբ Ռուսաստանն ու Իրանը 2014 թվականից վերսկսեցին (մեր կարծիքով՝ նրանց խթանեցին Սիրիայի պատերազմն ու դաշնակցային գործողություններն այդ երկրում) բանակցությունները Մոսկվայի և Թեհրանի միջև միջանցիկ երկաթուղային հաղորդակցության անհրաժեշտության շուրջ, ընդ որում՝ ինչպես Ադրբեջանով, այնպես էլ Վրաստանով ու Հայաստանով, Անդրկովկասի հասարակությունը կարծեց, թե երկու տերությունների ջանքերը օրեցօր կմեծանան: Հիշում ենք, որ 2015 թ. հոկտեմբերին Երևանում կայացած բիզնես-համաժողովում Իրանի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին ասաց, թե «Հայաստանը Իրանի համար միակ հարթակն է, որի միջոցով իրանական ապրանքները կարող են դուրս գալ Եվրասիական տնտեսական միության շուկա»: Նա ավելացրեց, որ Հայաստանը կարևոր գործառույթ է իրականացնում տարանցման առումով, և այս ենթատեքստում Թեհրանը շահագրգռված է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության ավարտմամբ և Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախագծի իրացմամբ: «Իրանը պատրաստ է այդ նախագծերի իրականացմանը, պետք է միայն վերացնել մի շարք խոչընդոտներ և համապատասխան իրավական ու պայմանագրային հիմք ստեղծել, ստորագրել փոխըմբռնման հուշագիր»,- ասաց Ջահանգիրին: Միաժամանակ ափսոսանք հայտնեց, որ հայ ձեռնարկատերերը լիովին չեն օգտագործում Իրանում եղած ազատ առևտրի գոտին: Նրա խոսքով՝ «Արաքս» ազատ առևտրի գոտին մեծ նշանակություն ունի ներդրողների համար: «Մենք հայ գործընկերներին ևս կոչ ենք անում ներդրումներ անել այստեղ»,- ասաց ԻԻՀ փոխնախագահը:

2016 թ. հունվարից ՌԵ-ի ղեկավարությունն էլ սկսեց ձայնակցել Իրանին: «Ռուսական կողմը նշել է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման կարևորությունը և պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրելու հնարավոր մասնակցության հարցը»,- նշված է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հունվարյան այցի և հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքների վերաբերյալ հաղորդագրությունում: Հասկանալի է, որ ռուսների կուրսի փոփոխման վրա ազդել է ոչ միայն ՌԵ-ի նախկին տնօրեն Յակունինի պաշտոնաթողությունը, այլև Իրանի հետ համատեղ նոր շահագրգռության առաջացումը: Դրան հավելենք նաև այն, որ Ռուսաստանն ու Իրանը, ըստ էության, արդեն չինական «Մեծ մետաքսի ճանապարհի տնտեսական նախաձեռնություն» խոշոր ծրագրի մասնակիցներ են, իսկ դա ենթադրում է Եվրասիայի երեք խոշորագույն տերությունների սերտագույն գործակցություն, և նախագահ Սերժ Սարգսյանն էլ, ՉԺՀ կատարած այցի ժամանակ, հայտարարեց, թե Հայաստանը կմիանա չինական նախաձեռնությանը:


(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2824

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ