Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ոչ միայն պետք է աշխատանքից հեռացնեն, այլև նրանց գողացածը օրենքով հետ վերադարձնեն»

«Ոչ միայն պետք է աշխատանքից հեռացնեն, այլև նրանց գողացածը օրենքով հետ վերադարձնեն»
15.11.2016 | 00:34

Մեր երկրում կարծես ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել։ Ամեն անգամ խոսում են բարեփոխումներից, սակայն նոր հարկուտուրք են դնում ժողովրդի ուսերին։ Տարբեր ոլորտներում արմատացած խնդիրները լուծում չեն ստանում, ընդամենը մակերեսային, իրավիճակային հարցեր են կարգավորվում։ Վերջին օրինակն էլ, որը մարդկանց զայրույթն առաջացրեց ու բուռն քննարկումների դաշտ բացեց, զոհված կամ հաշմանդամ զինվորների ընտանիքների օգտին յուրաքանչյուր աշխատող քաղաքացու աշխատավարձից 1000 դրամ «հանգանակելն» է։ Ազգ-բանակ գաղափարախոսությամբ եկած նոր նախարարը շարունակեց նախորդների աշխատաոճը, համակարգի լուրջ խնդիրները լուծելու փոխարեն, ապացուցեց, որ բանակի հոգսը միայն ժողովրդինն է, պետությունը «ձեռքերը լվանում» է։ ՈՒ այսքանից հետո, բնականաբար, չպետք է զարմանալ, թե ինչու են մարդիկ վրդովված։ Հասարակությունն առանց այն էլ ամեն օր ու ժամ իր կարողությունների սահմաններում բանակի կողքին է, իսկ պետությունն ի՞նչ է անում նրա նվիրվածության դիմաց։ Ոչ մի պաշտոնյայի որդի սահմանում կանգնած չէ, բանակին տրված գումարները գրպանվել են։ Արդյոք արդար չէ՞ր լինի, որ նախ այս հարցերին անդրադառնար նոր նախարարը, որ երես ունենար ու հասարակությունից գումարներ խնդրեր։ Մի ուշագրավ «արդարացում» է Վիգեն Սարգսյանը գտել այս նախագծի համար։ «Աշխատավարձ ստանալիս յուրաքանչյուր մարդ մի պահ պետք է մտածի սահմանում կանգնած զինվորի մասին»,- հայտարարել է նա։ Բայց ինչո՞ւ նաև չի ասել, որ բանակի գումարները գրպանող յուրաքանչյուր պաշտոնյա պետք է մտածի, որ վտանգում է սահմանին կանգնած զինվորի կյանքը։
Երեկ ԱԺ քառօրյան մեկնարկեց այս աղմկահարույց նախագծի քննարկմամբ, պաշտպանության նախարարը պատասխանեց պատգամավորների հարցերին, այսօր քննարկումներն ավելի թեժ են լինելու, ելույթ կունենան պատգամավորները, իսկ մինչ այդ նրանցից մի քանիսի կարծիքը փորձեցինք լսել։

«ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է, ՈՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ 1000 ԴՐԱՄԻ ՀԱՄԱՐ ՎՐԴՈՎՎԱԾ, ՆԵՂԱՑԱԾ Է»
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ (ՀՀԿ խմբակցության անդամ)


-Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ անկախ իշխանության հանդեպ հանրության դժգոհությունից, բոլորը մեկ մարդու պես կանգնեցին բանակի կողքին, իսկ այսօր «1000 դրամ» անունը ստացած նախագծի դեմ են խոսում, որովհետև վստահ չեն, որ այդ գումարները նպատակին կծառայեն։ Ինչո՞ւ է իշխանությունը խնդիրը տեղափոխում հոգեբանական հարթություն և դավաճաններ փնտրում։
-Չխորանալով նախագծի մանրամասների մեջ, կասեմ միայն հետևյալը. այն ժողովուրդը, որն իր հայրենիքի պաշտպանության համար զոհված կամ հաշմանդամ դարձած զինվորի համար 1000 դրամ չի տալիս, պատրաստ է սեփական երկիրը տալու ուրիշի զինվորին։ Ինձ համար անհասկանալի է նաև հետևյալը. այն հասարակությունը, որ ապրիլյան պատերազմի ժամանակ պատրաստ էր իր կյանքի գնով սահմանում կռվելու և հայրենիքը պաշտպանելու, այսօր հաշմանդամ զինվորին 1000 դրամ վճարելու համար վրդովված է, նեղացած։
-Հասարակությունն ամենևին էլ չի զլանում այդ գումարը փոխանցել, խնդիրը մի տեղափոխեք այդ հարթություն։ Մարդկանց զայրույթը պայմանավորված է այն բանով, որ բանակի հաշվին հարստություն են կուտակել որոշ անձինք, գեներալներ, ու փոխանակ նրանց պարտադրեք փոխհատուցել այդ գումարները, շարքային քաղաքացիների վրա լրացուցիչ հարկատեսակ եք ավելացնում։
-Ես ունեմ շատ երկրների օրինակներ, որտեղ հստակ նշված է, թե իրենց զինվորին ինչպես են վերաբերվում։ Իսկ Ձեր նշած դիտարկումները պետք է նայել երկրում առկա խնդիրների համատեքստում և, ըստ այդմ, լուծումներ գտնել։

«ՉԿԱ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՉԵՆ ԼԱՓԵԼՈՒ, ԹԱԼԱՆԵԼՈՒ, ԳՈՂԱՆԱԼՈՒ»
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ (ԲՀԿ խմբակցության ղեկավար)


-ԱԺ-ում հնչած պաշտպանության նախարարի փաստարկները համոզի՞չ էին։
-Բոլորս էլ հասկանում ենք, որ մեզ պետք է ազգային որևէ գաղափարի շուրջ համախմբվել։ Այսօր կա մի կառույց, որի համար բոլորս ենք պատասխանատու, իսկ նրա հզորացումը բոլորիս ցանկությունն է։ Դա բանակն է։ Բանակը, հայ զինվորը կարող են լինել այդ համախմբող իդեան։ Բայց այս հակազդեցությունը պայմանավորված է վստահության բացակայությամբ։ Չկա վստահություն, որ չեն լափելու, թալանելու, գողանալու։ Ապրիլյան պատերազմից հետո ԱԺ աշխատակազմի նախաձեռնությամբ պատգամավորների և խորհրդարանի աշխատակիցների աշխատավարձից նվազագույնը մեկ տոկոս առայսօր պահվում է։ Հայտարարվում էր, թե թափանցիկ է լինելու ամեն ինչ, հաշվետվություն ենք ներկայացնելու։ Ո՞Ւր է այդ հաշվետվությունը, ո՞ւր են գնում այդ գումարները։ Միգուցե հասցեակա՞ն են ծախսվում։ Հիմա ԱԺ աշխատակիցներից ու պատգամավորներից մի հատ էլ այդ հիմնադրամի համա՞ր են գանձվելու։ Ի դեպ, ԲՀԿ-ն հրաժարվեց այդ գումարները տրամադրելուց։ Գյումրիում մի ընտանիքի անձամբ ենք ֆինանսավորում ու շատ ավելի ենք տալիս՝ անձամբ լուծելով նրանց բոլոր խնդիրները։ Ապրիլյան պատերազմից հետո ՊՆ-ի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ չարաշահումների համար պաշտոնանկ արվեցին, հիմա նախարարն ասում է, որ չի կարծում, թե նրանք հարստացել են բանակի հաշվին, իսկ ես էլ ասում եմ՝ կարծում եմ։
-Նախագիծը ներկայացնելիս Վիգեն Սարգսյանն ասաց՝ ով գիտի այդ հարստացողների անունները, թող ներկայացնի։ Մի՞թե պաշտպանության նախարարությունում անտեղյակ են՝ ով է բանակի հաշվին հարստացել։
-Թող չդիմեն ԱԺ-ին, ԱԺ-ն դատախազություն չէ, իրենք շատ լավ գիտեն անունները։ Պաշտպանական համակարգի առաջին դեմքից սկսած բոլորը միլիոնատերեր են։ Հարց՝ որտեղի՞ց գեներալիտետին, գնումներով, մատակարարումներով զբաղվող պաշտոնյաներին այդ միլիոնները։ Ազնիվ չեն նաև այն հավաստիացումները, թե վստահ եղեք, որ դա բանակի հաշվին չէ։ Վստահ եմ՝ դա բանակի հաշվին է։ Երբ այդ թալանածը կբերեն, կդնեն այդ հիմնադրամում, այդ ժամանակ կասենք՝ հալալ է ձեզ, ու յուրաքանչյուրս մեր ներդրումը կանենք։ Բայց երբ գողերը վխտում են ու շարունակում են տարբեր երկրներում ու Հայաստանում ունենալ իրենց հսկայական բիզնեսներն ու 70 000 ստացողին ասում են՝ դու նվազագույն աշխատավարձ չես ստանում, պիտի վճարես, անամոթություն է։ 100 հազար դրամ ստացողի համար 1000 դրամը երկու օրվա հացի փողն է, այսինքն, պետք է տարբերակված լինեն 100 հազար դրամ ստացողի, Նաիրա Զոհրաբյանի և օլիգարխների գումարները։ Ինձ համար գուցե այդ 1000 դրամը էական չլինի, բայց 100 հազար դրամ ստացողի համար կարևոր է։ Այս շուռ տված արժեքների իրականության մեջ մեզ պետք է միավորող գաղափար, որը կարող է լինել բանակը։ Սակայն եթե չկա հավատ, ոչինչ չի ստացվելու։ Ես ընդհանրապես չեմ հավատում մեր պետական կառավարման համակարգում որևէ մեկին, որ նրան վստահեմ այդ հիմնադրամի տնօրինությունը։ Այս երկրում հեղինակություն ունեցող մտավորականություն էլ չեն թողել, բոլորին գնելով փչացրել են։ Մտածում եմ՝ հոգաբարձուների խորհրդում ովքե՞ր կարող են լինել, որ հանրությունը հավատա նրանց։ Մտավորականից, պաշտոնյայից սկսած բոլորին, մեկին թանկ, մեկին էժան գնելով, մինչև վերջ փչացրել են։ Քանի դեռ չկա հավատ, այսպիսի նախագծերը նման հակազդեցություն են առաջացնելու։ Ամենավտանգավորը նաև այն է, որ այս նախագծով հանրությանը թշնամացնում են զոհվածի հարազատների հետ։
-Այսուհանդերձ, ՀՀԿ-ից տեսակետ հնչեց, որ սա ընդամենը սոցցանցի հիսուն հոգու վրդովմունքն է, և չեն պատրաստվում «տականքներին» հակադարձել։ Փաստորեն, ՀՀԿ-ականների տրամաբանությամբ ողջ հանրությո՞ւնն է տականք, քանի որ հանրության զգալի հատվածը դեմ է այս ձևով բանակին օգնելու նախագծին։
-Դա բացարձակ անպարկեշտություն է, ցինիզմի գագաթնակետը։ Պետք չէ մանիպուլյացիա անել, թե դու դե՞մ ես, որ զոհվածի ընտանիքին փող տանք։ Ոչ, կողմ եմ։ Դեմ եմ, որ դուք փողը տաք, ես ինքս կտամ, որովհետև ձեզ չեմ վստահում։
-Նախընտրական այս շրջանում ոմանք տեսակետ հայտնեցին, թե սա ընտրություններով է պայմանավորված։ Համամի՞տ եք։
-Չեմ կարծում, որ նախընտրական շրջանում դա ինչ-որ խնդիր է լուծում։ Պարզապես բյուջեում փող չկա, հիմա էլ նոր հարկատեսակ են հորինել բյուջե գումար բերելու համար։

«ՉՊԵՏՔ Է ԶԻՆՎՈՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԻ ԻՆՔՆԱԲՈՒԽ, ՉԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ»
ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆ (ՀՀԿ խմբակցության անդամ)


-Հայ հասարակության համար միշտ էլ բանակն առաջնային է եղել։ Հանուն ուժեղ ու հզոր բանակի՝ մշտապես երկրում առկա խնդիրների վրա աչք ենք փակել, սակայն վերջին նախագիծը, կարծես, համբերության վերջին կաթիլն էր։ Մարդիկ վրդովված են, քանի որ ապրիլին պարզվեց, որ այդ զոհողությունների դիմաց մենք ունենք ոչ թե անթերի բանակ, այլ բազում բացթողումներ ու բանակի գումարներով հարստացած պաշտոնյաներ։ Այսքանից հետո իշխանությունը ինչպե՞ս է համարձակվում մեղադրել հանրությանը, որ իր ներկայացրած նախագծին չի վստահում։
-Ես իմ տեսակետը կհիմնավորեմ նաև որպես գերիների, պատանդների հանձնաժողովի ԱԺ-ի ներկայացուցիչ։ Այո, մենք մշտապես և՛ հոգեբանական, և՛ ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերել զոհված և հաշմանդամ զինվորների ընտանիքներին, սակայն դա եղել է հախուռն, ոչ համակարգված։ Համաձայն եմ, որ կա անվստահության մթնոլորտ։ Քառօրյա պատերազմում տեսանք, թե ինչպես են մարդիկ, անգամ սուղ միջոցներով, օգնում։ Երբ կարդում ես օրենքը, պարզ է դառնում, թե որքան համակարգված մոտեցում է ցուցաբերվում այս հարցին։ Սա համազգային, համախմբման ակտ է, որը ամբողջովին կկանոնակարգի այս դաշտը, հիմնարար լուծումներ կառաջարկի։ Կարծում եմ, քիչ վարձատրվող անձինք չեն մասնակցի այս նվիրատվությանը, անգամ 100 հազար դրամ ստացողները։ Վստահության առումով էլ պետք է հիմնադրամը շատ թափանցիկ աշխատի։
-Քառօրյա պատերազմից հետո ԱԺ-ի պատգամավորների աշխատավարձից պահումներ են կատարվում, մինչ այսօր ոչ մի հաշվետվություն չկա, թե ուր են գնում այդ գումարները։ Ի՞նչ երաշխիքներ կան, որ այս նախագծով հանգանակված գումարը ևս չի փոշիացվի։
-Երաշխիքը մեկն է՝ օրենքը, որտեղ հստակ սահմանված է, որ հիմնադրամը թափանցիկ ու բաց է աշխատելու։
-Մեր գրեթե բոլոր օրենքներն էլ լավն են, բայց ո՞վ է դրանց հետևում։
-Սա այն դեպքը չէ, որ օրենքը չկիրառվի։ Պաշտպանության նախարարը ևս վստահեցրեց, որ որևէ մեկն այս ամենում չունի անձնական շահ։ Եթե ուզում ենք հարցը հիմնավոր լուծել, ոչ թե հատվածական օգնություն ցուցաբերել, պետք է այս նախագիծը հավանության արժանացնել։ Չպետք է զինվորի օգնությունը լինի ինքնաբուխ ու չկազմակերպված։ Այս օրենքով բոլորս հպարտ կլինենք, որ կարողանալու ենք մեր լուման ներդնել բանակաշինության գործում։
-Վիգեն Սարգսյանը, այո, հայտարարեց, որ որևէ մեկն այս ամենում չունի անձնական շահ, սակայն հասարակությունը հազիվ թե հավատա այդ հավաստիացումներին, քանի որ տարիներ շարունակ պաշտպանության համակարգի պաշտոնյաները, գեներալները հարստություն են դիզել ու, հասկանալի է, ոչ աշխատավարձով։
-Այո, մարդիկ կան, որ պատիժ չկրեցին։ Եթե մարդուն աշխատանքից ազատում են չարաշահման համար, պետք է գողացված գումարներն անպայման վերադարձվեն բյուջե։ Կարծում եմ, մանկապարտեզի և զինվորի գումարը գողացողը դավաճան է ու թշնամի։ Այս երկու դեպքում էլ մենք վտանգում ենք մեր անվտանգությունը, ապագան։ Եթե մարդիկ ամեն ամիս կարողանան հետևել, թե ինչ գումարներ են մուտք գործում այդ հիմնադրամ, դրանք ինչի համար են ծախսվում, ամեն ինչ տեղը կընկնի։
-Նախագիծը ներկայացնելիս պաշտպանության նախարարը հայտարարեց, թե բյուջեի միջոցները չեն բավարարում, դրա համար էլ այս տարբերակն է ընտրվել։ Համատարած աղքատության, սոցիալ-տնտեսական անմխիթար պայմաններում քաղաքական էլիտան ծաղկում է՝ շքեղ պալատներ կառուցելով, Հայաստանում ու դրա սահմաններից դուրս խոշոր բիզնեսներ ստեղծելով։ Ճիշտ չէ՞ր լինի, որ նրանք հարկային դաշտում աշխատեին, ստվերային գումարները բյուջե մուտքագրվեին, ու այդ միջոցներով պետությունն իր պարտականությունները լիարժեքորեն կատարեր։
-Սա հարցի մեկ այլ երեսն է. այն մարդիկ, ովքեր չարաշահումներ են թույլ տվել, պետք է պատասխան տան։ Նրանց ոչ միայն պետք է աշխատանքից հեռացնեն, այլ գողացածը հետ վերադարձնեն օրենքով։ Սա իրավապահ մարմինների գործն է։ Այս երկու խնդիրները չպետք է միմյանց հետ խառնենք։ Եթե մենք բյուջեով չենք կարող խնդիրը լուծել, ուրեմն ամեն հայի մասնակցությունն այս հարցում շատ կարևոր է։ Ընդդիմացողներին կառաջարկեմ հանգամանալից ուսումնասիրել օրենքը, այդ դեպքում շատ հարցեր կունենան իրենց պատասխանները։


Ճեպազրույցները՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2487

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ