Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ну и жидовская морда!»

«Ну и жидовская морда!»
15.11.2016 | 00:50

Մի անգամ հերթի էի կանգնել մոսկովյան խանութներից մեկում: Առաջս կանգնած ռուս մուժիկը անընդհատ օրորվում էր, օդը հագեցնելով քաջ հայտնի «բուրմունքով»: Մի պահ նա դժվարությամբ շուռ եկավ ու ինձ տեսնելով, ասես մի ակնթարթում սթափվեց ու քարացավ՝ հայացքը հառելով դեմքիս. ну и жидовская морда՝ այսպիսին էր նրա համակ եզրակացությունը՝ լի բացահայտ ատելությամբ: Ի դեպ, սա բնավ էլ առաջին անգամ չէր պատահում ինձ հետ: Մի ուրիշ անգամ տարօրինակ հագնվածքով ցանցառ մի կին փողոցում կտրեց առաջս ու հիստերիկ տոնով պահանջեց, որ ես չքվեմ… Իսրայել:


Որ հայերս ու հրեաները որոշ «դիմային» նմանություններ ունենք, փաստ է: Թեև, անկեղծ լինեմ, մինչ Ռուսաստան տեղափոխվելս պատկերացում անգամ չունեի, որ կարող եմ հրեայի հիշեցնել:
Սակայն այս անգամ արտաքին ընդհանրությունների մասին չէ խոսքը: Ռուս-հրեական անհաշտ փոխհարաբերությունների պատմությունը առանց չափազանցության դարերի պատմություն ունի: Ալեքսանդր Սոլժենիցինի հրապարակախոսական գրքերից մեկն այդպես էլ վերնագրված է՝ «Երկու հարյուր տարի միասին»: Եվ այս տևական համատեղ կյանքը հագեցած է փոխադարձ թշնամանքով, եթե չասենք՝ ատելությամբ: Այդուհանդերձ, տարբեր առիթներով ապշում ես, թե հրեաները ինչպես են կարողանում ստիպել տեղացիներին հաշվի նստել իրենց հետ: Սիրել-չսիրելու կամ հարգելու մասին չէ խոսքը, դա ոչ մի նշանակություն չունի, հենց հաշվի նստելու հանգամանքն է այստեղ էականը:


Ռուսաստանի ներկա «նորագույն» պատմության մեջ երկրի վարչապետերից չորսը հրեական արմատներ ունեն՝ Գայդարը, Կիրիենկոն, Ֆրադկովը, Պրիմակովը: Էլ չենք ասում անթիվ- անհամար փոխվարչապետերի, նախարարների, նախագահական աշխատակազմի բարձրաստիճան չինովնիկների, խոշորագույն կորպորացիաների ղեկավարների մասին և այլն:
Վերջերս շուքով նշվեց այս երկրում հրեական համայնքի ղեկավար մարմնի՝ Ռուսաստանի հրեական կոնգրեսի (ՌՀԿ) հիմնադրման 20-ամյակը: Նման ազգային կազմակերպության գոյությունը պայմանավորված է նրանով, թե ինչքանով նա կնպաստի հրեաների ազդեցության ուժեղացմանը Ռուսաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում և շատ այլ ասպարեզներում: Դժգոհություն հայտնվեց, օրինակ, որ Մոսկվայում ապրող 300 հազար հրեաներից սոսկ վեց հազարին կարող են ընդունել քաղաքի սինագոգներ:


Սակայն շատ ավելի, այսպես ասած, խորախորհուրդ էր նոյեմբերի առաջին օրերին Մոսկվայում անցկացված անտիսեմիտիզմին հակազդելու միջազգային կոնֆերանսը, որն առաջին անգամ էր կազմակերպվում Ռուսաստանի մայրաքաղաքում ու առհասարակ հետխորհրդային տարածքում: Սա աննախադեպ երևույթ է. անկարելի է, որ Ռուսաստանն Իսրայելում կազմակերպի որևէ միջոցառում, ասենք, «Արևմուտքի կողմից ծավալված հակառուսական քարոզչությանը հակազդելու մասին» թեմայով:
Նշյալ հրեական կոնֆերանսին ներկա էր մոտ 400 մարդ՝ աշխարհի 14 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Իսրայելից, ԱՄՆ-ից, Եվրամիությունից՝ համաշխարհային մակարդակի քաղաքական ու հասարակական գործիչներ, գիտնականներ, փորձագետներ, ինչպես նաև հրեականության, քրիստոնեության, իսլամի ներկայացուցիչներ: Նախօրեին Կրեմլում Վլադիմիր Պուտինն ընդունել էր Համաշխարհային հրեական կոնգրեսի պատվիրակությանը և մեկուկես ժամ զրուցել նրանց հետ:


Համաժողովում անթաքույց նշվում էր, որ անտիսեմիտիզմի չեզոքացումը հրեա ժողովրդի գոյության ու անվտանգության ապահովման գլխավոր պայմաններից մեկն է: Ավելին, անտիսեմիտիզմին հակադրվելը զուտ հրեական հարց չէ, հայտարարեց ՌՀԿ-ի նախագահ Յուրի Կանները, աշխարհում շատերն են հասկանում, որ անտիսեմիտիզմի դեմ պայքարը ոչ միայն հրեա, այլև ցանկացած այլ ժողովրդի գոյատևման պայքար է: Ոչ ավելի, ոչ պակաս:
Համաժողովում շատերն արձանագրեցին, որ Ռուսաստանում անտիսեմիտիզմի մակարդակը ցածրերից մեկն է աշխարհում: Եվ դա իրոք այդպես է: Վլադիմիր Պուտինը իր նախագահական կարիերայի սկզբում բառացիորեն ջախջախեց իրեն դիմակայող ռուսաստանյան հրեական օլիգարխիայի առավել ագրեսիվ խավի ներկայացուցիչներին: Սակայն հետագայում նա հավասարակշիռ մոտեցումներ է դրսևորում հրեական համայնքի ու առհասարակ հրեաների նկատմամբ, ինչպես վերն ասվեց, հաշվի է նստում համաշխարհային ազդեցություն ունեցող այդ ազգային հանրության հետ: Հեռու մեծ գլխացավանքներից: Համենայն դեպս, Եվրասիական հրեական կոնգրեսի (տեսնո՞ւմ եք՝ ինչքան բազմազան են «կոնգրեսները») նախագահը, ի հակադրություն, ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ հրեաները Եվրոպայում այսօր նվազ անվտանգության պայմաններում են հայտնվել Երկրորդ աշխարհամարտից հետո:


Մեզ համար թերևս ուսանելի կարող է լինել Համաշխարհային հրեական կոնգրեսի նախագահ Ռոնալդ Լաուդերի պրագմատիզմը. նա հայտարարեց, որ ինքը եկել է Ռուսաստան համագործակցության նպատակով, «քանզի Ռուսաստանը այն քիչ երկրներից է, որ կարող է խոսել Իրանի հետ»: Դրա հետ մեկտեղ նա առանց կեղծ համեստության արձանագրեց. «Ռուսաստանը կարող է ցույց տալ, որ քաղաքացիները կարող են բարելավել իրենց կյանքը, եթե հաշտ ու խաղաղ ապրեն Իսրայելի հետ»:
Ինչ-որ տեղ նորություն էր Իսրայելի ներքին անվտանգության նախարարի դիտարկումը. «Նախկինում անտիսեմիտիզմը հենվում էր հրեականության ու ռասայական ծագման հանդեպ ատելության վրա, սակայն ներկայումս նոր անտիսեմիտիզմը, ինչի մասին առանձնապես չեն խոսում, խարսխված է հենց Իսրայելի նկատմամբ ատելության վրա»:


Ազգապահպանության իմաստով հայերս շատ բան ունենք սովորելու հրեաներից: Անիմաստ է համեմատել Ռուսաստանի մոտ մեկմիլիոնանոց հրեական համայնքի ու երեքմիլիոնանոց հայ համայնքի գործունեության արդյունավետությունը ինչպես նշված, այնպես էլ շատ այլ բնագավառներում: Ամեն ինչ ի վնաս մեզ է: Իսրայելի առաջնորդները, մասնավորապես ներկայիս վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ամեն անգամ այցելելով Մոսկվա, պարտադիր հրապարակայնորեն հանդիպում են ռուսահրեա համայնքի ներկայացուցիչների հետ: Ես չեմ հիշում, որ Սերժ Սարգսյանը երբևէ նման հանդիպում ունեցած լինի ռուսահայերի հետ: Հրեաների համար այսօր Նեթանյահուն աշխարհի ամենաազդեցիկ ու հարգված հրեան է: Համանման բան նկատե՞լ եք Հայաստանում ու սփյուռքում:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա
Հ. Գ. Այս միջոցառման կապակցությամբ ահա թե ինչ հավակնոտ (հրեական) հետևության էր հանգել ռուսաստանյան հրեական թերթերից մեկը. «Զարմանալի ոչինչ չկա այն բանում, որ Պուտինը, բազմիցս այցելելով Իսրայել և արտահայտելով իր համակրանքը հրեական պետության հանդեպ, հաճախ շփվելով հրեական համայնքի ներկայացուցիչների հետ, շատ բան է սովորում աշխարհի ամենապահպանողական ժողովուրդներից մեկից»:

Դիտվել է՝ 7136

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ