Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հա՞րկ, թե՞ համակարգ

Հա՞րկ, թե՞ համակարգ
15.11.2016 | 00:35

Հինգշաբթի կառավարության նիստում ներկայացվեց «Զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին» օրինագիծը և հավանություն ստանալով՝ ուրբաթ օրը քննարկվեց ԱԺ հանձնաժողովում. մտավ օրակարգ: «Իմ խնդիրն է, որ յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատավարձը ստանալիս մտածի առաջնագծի տղաների մասին»,- ԱԺ-ում ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նախ՝ առաջնագծի տղաների մասին մտածում ենք ոչ միայն աշխատավարձ ստանալիս: Ոչ միայն աշխատողներս: Ամեն առավոտ ենք մտածում. կամ Աստծուն փառք ենք տալիս, որ գիշերը հանգիստ է անցել, կամ սգում ենք զինվորի կորուստը: Ոչ միայն նրանք, որ բանակում զինվոր ունեն, բոլորս: Դա չի քննարկվում, ինչպես չի քննարկվում, որ այս օրինագծի շուրջ խոսակցությունները չեն վերաբերում բանակին ու զինվորին: Վերաբերում են մեզ: ՈՒ՝ ի՞նչ:
1. Ոչ ոք չի կարող վիճարկել, որ հարցը հրատապ է ու պետք է լուծում ստանա:
2. Ոչ ոք չի կարող համոզել աշխատողին, ում աշխատավարձից ամեն ամիս առաջարկվում է 1000 դրամ հարկ պահել, որ գումարը հասնելու է հասցեատիրոջը:
3. Ոչ ոք չի կարող պնդել, որ օրինագիծն արդար է խիստ բևեռացված հասարակության մեջ, որտեղ աշխատավարձերը ևս խիստ բևեռացված են. համեմատեք նվազագույն և ԿԲ-ի աշխատավարձերը, և ուրեմն՝ պետք է ոչ թե առաջնորդվել հավասարության սկզբունքով, այլ սանդղակ սահմանել՝ ամեն 50000-ից 1000 դրամ կամ այլ գումար, բայց սոցիալական արդարությունը պահանջում է սոցիալական գնահատական:
4. Ոչ ոք չհարցրեց՝ դա սոցիալական աջակցությո՞ւն է, թե՞ ապահովագրում, ինչո՞ւ է ԿԲ-ն զբաղվելու, որ իր կանոնադրական գործառույթը չէ, նոր աշխատատեղե՞ր են ստեղծվելու ԿԲ-ում ու ի՞նչ աշխատավարձով:
5. Ոչ ոք չասաց՝ հայրենասիրության գինը ի՞նչ սկզբունքով է սահմանվել՝ վեց միլիարդ դոլա՞ր էր պակասում:
6. Ոչ ոք Վիգեն Սարգսյանին չասաց, որ սխալ է, երբ հայտարարում է. «Եթե մենք շարունակենք խոսել, թե ովքեր կոռումպացված են, պետք է ավելի շատ ներդրում ունենան այդ ամեն ինչին, մենք շարունակելու ենք պայքարել ոչ թե կոռուպցիայի դեմ, այլ շարունակելու ենք կոռուպցիան կոչել սոցիալական արդարության»: Սխալ է, երբ հայտարարում է. «Ես կարծում եմ, որ հասարակությունը պետք է կոռուպցիան վերացնելուն զուգահեռ նվազեցնի ու կասեցնի իր կախվածությունն այն մարդկանց փողերից, ում փողերի հանդեպ ինքը չունի վստահություն»: Կոռուպցիան վերացնելը հասարակության խնդիրն է, բայց կոռուպցիային կյանք տվող մթնոլորտը վերացնելը իշխանության խնդիրն է: Քանի դեռ իշխանությունը խնդիրը չի լուծել, հասարակությունն իրավունք ունի պահանջներ ներկայացնել նրանց փողերին, որ իր փողերն են, բայց ուրիշի գրպանում:
7. Ոչ ոք Վիգեն Սարգսյանին չասաց, որ եթե հայտարարում է. «Ես համարում եմ, որ սա կարևոր քայլ է մեր համախմբման ուղղությամբ: Հնարավոր է, դուք ասեք, թե սա չափից ավելի ռոմանտիկ, չափից ավելի պաթետիկ է, բայց ես համարում եմ, որ պաշտպանության և անվտանգության գործում գաղափարախոսությունն ունի կարևորագույն դեր, և համարում եմ, որ սա մեր գաղափարախոսության մի մասն է», պիտի ոչ թե պաշտպանական դիրքերից մեղադրի հասարակությանը, որ իրեն ռոմանտիկ կամ պաթետիկ են համարում, այլ պարտավոր է բացատրել համախմբման ու փողահավաքի տարբերությունը, այլապես պաշտպանության ու անվտանգության գաղափարախոսությունը հանգում է 1000 դրամի պատմության, որ այդպես չէ ու չի կարող լինել իրականում: Կամ Վիգեն Սարգսյանը սխալ տոն է վերցրել, կամ ոչ ոք նրան չհասկացավ:

Հիմք ընդունելով ազգ-բանակ հասկացությունը, որ Վիգեն Սարգսյանը առաջադրել էր մինչ օրինագիծը՝ մենք իրավունք ունենք նրան հարցնել՝ ե՞րբ են արմատական բարեփոխումներ կատարվելու բանակում, ե՞րբ է հայկական բանակը դառնալու պրոֆեսիոնալ: Միայն չասեք, թե պրոֆեսիոնալ բանակ ունենալուն չի ձգի տնտեսությունը, դա սոփեստություն է, ոչ հիմնավորում: Իրականում բանակը կարող է դառնալ տնտեսությունը ոտքի հանողը, բայց պետք են փոխկապակցված, հստակ, անկախ պետությանը բնորոշ քաղաքական որոշումներ: Երբ բանակը ստեղծվում էր, տնտեսությունը հազիվ թե ի վիճակի էր բանակ պահել, բայց բանակը ստեղծվեց, դարձավ ու մնաց միակ կայացած արժեքը քառորդ դարում: Ազգ-բանակի իսկական պատկերացումը Վազգեն Սարգսյանն է տվել, հետո է «հարմարեցվել» ժամանակին ու տեղանքին՝ աղավաղվելով ու բուն նշանակությունը կորցնելով:


Հայաստանն աշխարհում միակ պետությունը չէ, որ բանակ ունի: Համաշխարհային փորձ կա՝ ինչպես լուծել զինծառայողների խնդիրները, ինչո՞ւ ենք խրվում անհատական լուծումների ծանծաղուտը, երբ միջազգային փորձը հարցը փակել է: Զինծառայողների ապահովագրմամբ: Ցանկացած պետության սոցիալական քաղաքականության անտրոհելի մասը զինծառայողների, բանակի ու նավատորմի վետերանների, նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանությունն է: Քաղաքակիրթ աշխարհում: Ե՞րբ ենք ընդունելու, որ պարտավոր ենք քաղաքակիրթ լինել: Հայրենիքի պաշտպանությունը կապված է կյանքի ու առողջության համար ռիսկի հետ բոլոր երկրներում ու այդ պատճառով է ընդունվել ապահովագրման համակարգը: ՆԱՏՕ-ի անդամ երկրներում զինծառայողների սոցիալ-իրավական կարգավիճակի և երաշխիքների ապահովումը դիտարկվում է պարտադիր պայման զինված ուժերում ծառայելու գրավչությունն ու հեղինակությունը պահելու, անձնակազմի պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու համար: ԱՄՆ-ում զինծառայողների ապահովագրման ծրագրերն ընդունում է Կոնգրեսը: 1919-ից մինչև այսօր ընդունվել է 8 ծրագիր՝ 1919-1951-ին, 1940-1951-ին, 1951-1956-ին, 1965-1966-ին, 1951-ից, 1965-ից, 1971-ից, 1974-ից մինչև այսօր: Պատմության և զինծառայողների ապահովագրման պատճառների մեջ չխրվելով՝ հիշեցնեմ, որ զինծառայողների ապահովագրումը հրատապ դարձրեց Առաջին համաշխարհային պատերազմը:

ՈՒթ ծրագրերից յուրաքանչյուրն ունի առանձնահատկություններ, գործում են ոչ միայն պետական, այլև մասնավոր ապահովագրական ընկերություններ: Հիմա ԱՄՆ-ում ապահովագրական ծրագրերում ընդգրկված են 5 միլիոն զինծառայողներ և վետերաններ: 2003-ի հուլիսի 1-ից հիմնական Servicemembers՚ Group Life Insurance (SGLI) ծրագիրը թույլ տվեց կրճատել ամենամսյա վճարը՝ 1000 դոլարից 8- 6,5 ցենտ: ՌԴ զինծառայողները սոցիալական պաշտպանություն են ստանում առողջությանը հասցված վնասի դեպքում՝ անկախ վնասի և ռազմական ծառայության գործոնից, ԱՄՆ զինծառայողները SGLI ծրագրով ապահովագրական վճարը ստանում են պատերազմի հարուցած պատճառով (war cause): ՌԴ ու ԱՄՆ ապահովագրական համակարգերը նման են պետության մասնակցության գործոնով: Ռուս զինծառայողներին ՌԴ ՊՆ-ն կատարում է ամենամյա վճարումներ, ԱՄՆ-ում վճարումը կատարվում է պարտականությունները կատարելիս զինծառայողի զոհվելու դեպքում: Ընտանիքը ստանում է ապահովագրման ամբողջ գումարը՝ անկախ վճարների քանակից, պակասող գումարը վճարում է կառավարությունը: Զինծառայության հետ չկապվող բուժհետազոտությունների համար ապահովագրությունից վճարում չի նախատեսվում: ԱՄՆ-ում գործում են 99 մասնավոր ապահովագրական ընկերություններ ու կազմակերպություններ: Ապահովագրության կառավարական ծրագրերի կազմակերպմամբ ու իրականացմամբ զբաղվում են վետերանների տարածաշրջանային գրասենյակը և Ֆիլադելֆիայի ապահովագրական կենտրոնը: Նրանք են պատասխանատու ապահովագրական վճարների հավաքման, պոլիսների աշխատանքի (հասցեի փոփոխություն, վճարներ), մահվան կամ անաշխատունակության դեպքերում ապահովագրական վճարումների, ակտուար հաշվարկների, ծրագրի վերլուծության համար: Ապահովագրական ծառայություններից բացի ԱՄՆ-ում զինծառայողների ու նրանց ընտանիքների համար կան առողջապահական, կրթական, մշակութային ծրագրեր:

Մեծ Բրիտանիայի զինված ուժերում, դժբախտ դեպքերից կամավոր ապահովագրումից բացի, նախատեսված են պարտադիր ապահովագրական վճարներ Հյուսիսային Իռլանդիայում ահաբեկչական գործողությունների ժամանակ վիրավորվածների համար: Պետական ապահովագրության համակարգ է գործում Շվեդիայում ու Իտալիայում: Շվեդիայում «ռիսկային վճարը» 796,4 հազար շվեդական կրոն է (100 000 դոլարից ավելի), գումարը վճարում է Պետական ապահովագրական խորհուրդը զինծառայողի 100 դոլար հաշմանդամության կամ մահվան դեպքում: Իտալացի զինծառայողներին, որ խաղաղապահ ուժերի կազմում մասնակցել են Պարսից ծոցի գոտում մարտական գործողությունների, խորհրդարանը սահմանել է մահվան դեպքում հատուկ վճարներ 200-750 միլիոն լիր (120-450 000 դոլար): Գերմանիայում զորակոչված զինծառայողները պարտադիր ապահովագրվում են հիվանդության, աշխատունակության կորստի և գործազրկության դեպքերից: Նրանց ապահովագրական վճարները ամբողջությամբ կատարում է պետությունը, որ թույլ է տալիս զինվորին վստահ նայել վաղվա օրվան: Ֆրանսիայում զինծառայողների համար գործում է սոցիալական երաշխիքների համակարգ, կան ապահովության պարտադիր դրամարկղեր, որոնց նպատակը ապահովագրվածներին նպաստով ապահովելն է հիվանդության դեպքում, իսկ կանանց՝ մայրության համար: Ես կարող եմ տասնյակ օրինակներ բերել, բայց խնդիրը թիվը չէ, այլ սկզբունքը. պետությունը մտածում է իր զինվորի մասին ամբողջ հասարակության հետ ու ստեղծում է պրոֆեսիոնալ բանակ, ու ապահովագրում է իր զինվորին պետականորեն: Չեմ համեմատում, դուք գնահատեք՝ հավատո՞ւմ եք, երբ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասում է. «Հարկավոր է որակապես նոր մակարդակի քաղաքականություն՝ հատկապես նրանց նկատմամբ, ովքեր առաջնագծում լուծում են լինել-չլինելու, անվտանգության հարցերը» և առաջարկում 1000 դրամ հավաքել ամեն աշխատողից: Հին մտածողությամբ նոր մակարդակը հանգում է դրամահավաքի, իսկ եթե առաջարկվում է ապահովագրական համակարգ, չպետք է կոչվի «Զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու» օրինագիծ, և պետությունը չպետք է առանց քննարկելու, առանց բացատրելու՝ իր գործը քաղաքացու վրա դնի, չպետք է ԿԲ-ին հանձնարարի, պետք է նոր կառույց ստեղծի ու այդ կառույցին հանձնարարի իր բանակի զինվորի ապահովագրումը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. «Ազգ-բանակը այն վստահությունն է, որ հասարակությունն ունի դեպի իր Զինված ուժերը և դեպի իր սպայական անձնակազմը»՝ ազգ-բանակ հայեցակարգը բացատրում է Վիգեն Սարգսյանը: Հասարակությունը իր բանակին վստահում է, չի վստահում պետությանը՝ սա է խնդիրը: Քանի դեռ գյուղապետը վարչապետի առաջ խնդիր է դնում, իսկ նա անեկդոտ է պատմում («Մեկը փիղ ա ծախում 1 միլիոնով, առնողն ասում ա՝ ինչի՞ ես էդքան ասում, պատասխանում ա, թե անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն գիտի, տունը մաքրում ա, պիլիսոս ա անում, ժարիտ ա անում, էս ա անում, էն ա անում։ Առնում, պրծնում ա, մի որոշ ժամանակ հետո էս առնողը հանդիպում ա վաճառողին, ասում ա՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն չգիտի, պիլիսոս չի անում, ժարիտ չի անում, կարա՞ս գնորդ ճարես, ծախեմ պրծնեմ: Վաճառողն ասում ա՝ լսի, եղբայր, դու այս տրամադրությամբ քո փիղը չես ծախի»), չի հավատալու: Տրամադրությունը երկնքից իջած մանանա չէ, կյանքից ու շրջապատից է գալիս, միլիոն տոկոս լավատեսին էլ իր տեղը արագ ցույց է տալիս: Ազգ-բանակ հայեցակարգը իրականում այլ բովանդակություն ունի, խնդիրը Իսրայելի փորձը չէ, խնդիրը նպատակն է և իրագործման մեխանիզմը: Ինչպես են ազգ-բանակ դառնում, քառամյա ու քառօրյա պատերազմներում ժողովուրդը ցույց տվեց, կարծես, իշխանությունը չի հասկացել ու շարունակում է մտածել, որ բանակն էլ, ազգն էլ, պետությունն էլ իր համար են ու իրեն են ծառայում, մինչդեռ միանգամայն հակառակը պիտի լինի:

Դիտվել է՝ 2139

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ