Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Եթե մարդն ուզում է երգիչ դառնալ, նա անպայման կդառնա»

«Եթե մարդն ուզում է երգիչ դառնալ, նա անպայման կդառնա»
15.11.2016 | 08:34

Նախորդ դարի 60-ական թվականներին Երևանի օպերային թատրոնի ազդագրերում հաճախ կարելի էր կարդալ՝ Խորհրդային Միությունում բեմադրվում է առաջին անգամ։ Դրանք մեծակտավ օպերային գործեր էին՝ Ի. Ստրավինսկի («Էդիպ արքա»), Ռ. Վագներ («Տանհոյզեր»), Լ. Բեռնստայն («Վեստսայդյան պատմություն»), այլ դասական օպերաներ։ Եվ օպերային այդ ներկայացումներում զբաղված էին թատրոնի աստղերը։ Այդ ներկայացումների ամենաակտիվ մասնակիցներից էր ժողովրդական արտիստ ՍԵՐԳԵՅ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։


-Ծնվել եմ Բաքվում,- պատմում է երգիչը,- աշխատել եմ այնտեղ։ Սպորտի վարպետ էի, մարզում էի ծանրամարտիկների։ Նույն շենքի վերևի հարկում երգի դասեր էր անցկացնում Ալեքսանդր Ակիմովիչ անունով վոկալի մասնագետ, որ ստեղծել էր նաև երգչախումբ, կային և մենակատարներ։ Մարզումների ժամանակ մեր դահլիճ էին հասնում նրանց երգերի ձայները։ Եվ եթե ծանոթ երգ էր լինում, ես սկսում էի երգել։ Պարզվում է, ես այնքան բարձր եմ երգել, որ Ալեքսանդր Ակիմովիչը լսել է իմ ձայնը և ցանկություն է հայտնել ծանոթանալու ինձ հետ։ Մենք ծանոթացանք։ Նա ինձ հարցրեց. «Ո՞նց եք առանց պարապելու սիբեմոլը հաղթահարում»։ Իսկ ես այդ ժամանակ չգիտեի սիբեմոլն ինչ է։ Նա ասաց, որ ես ձայն ունեմ, ու սկսեց պարապել ինձ հետ։ Պարզվեց, որ Ալեքսանդր Միլովանովը վոկալի ճանաչված մասնագետ է։
Մի քանի ամիս հետո, երբ Բաքվի օպերային թատրոնին տենոր էր պետք, Միլովանովն առաջարկեց ինձ դիմել թատրոնի տնօրենին՝ ճանաչված կոմպոզիտոր Ֆիքրետ Ամիրովին։ Ամիրովը լսեց ինձ ու ասաց, որ դիմում գրեմ, իսկույն ընդունեց։ Սկզբում երգում էի երկրորդական պարտիաներ, և ուրախ եմ, որ այդպես եմ սկսել։
Բաքվում բեմադրվում էր «Անուշ» օպերան։ Երևանից հյուրախաղերի էին եկել Միհրան Երկաթը, Մարիա Չմշկյանը, Մելանյա Չոլախյանը։ Նրանք երգելու էին «Անուշ»-ում։ Ես այդ ժամանակ փորձում էի Մանրիկոյի պարտիան «Տրուբադուր»-ում։ Բարդ պարտիա է, բարձր նոտաները՝ շատ։ Լսելով իմ ձայնը՝ Երկաթը հետաքրքրվում է. «Ո՞վ է այդ տենորը»։ Նրան պատասխանում են՝ երիտասարդ երգիչ է, հայ է։ Մենք ծանոթացանք, և Երկաթն առաջարկեց տեղափոխվել Երևան։


Մի քանի օրից Երևանից հեռագիր ստացա, հրավիրում էին Հայաստան, օպերային թատրոն։ Թատրոնում ինձ լսեցին։ Երգեցի Կանիո («Պայացներ») և Մանրիկո։ Միքայել Թավրիզյանը զբաղված էր «Արծվաբերդ» օպերայի բեմադրությամբ և ինձ հանձնարարեց պատրաստել Մանրիկոյի պարտիան, նշեց, որ թատրոնում Ռադամես չկա։
Ռադամես շատ եմ երգել, երևի 500 անգամ։ Երգել եմ Խորհրդային Միության բոլոր հանրապետություններում, արտասահմանյան շատ երկրներում։
Ժենյա Խաչիկյանի նման Աիդա չունեինք։ Տաղանդավոր երգչուհի էր։ Աիդայի պարտիան մեծ մասամբ երգում էին հյուրախաղերի ժամանած երգչուհիները։ Բոլորի հետ ես եմ երգել։ Երգել եմ և հյուրախաղերի եկած այլ մեծ երգիչների հետ։ Օրինակ, Պավել Լիսիցյանի, որը հիանալի Ամոնասրո էր։


Մինսկից Նովոսիբիրսկ, արտասահման... Մոտ 20 դիրիժորների հետ եմ կատարել Ռադամեսը և համարում եմ, որ ամենաբարձր մակարդակով «Աիդան» չափ է տվել Սուրեն Չարեքյանը, մեր օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը։ Հաշվի առեք, որ երգել եմ և Մելիք-Փաշաևի ղեկավարությամբ։
Երգել եմ Խորհրդային Հայաստանի կոմպոզիտորների օպերաներում։ Երգել եմ Գևորգ Արմենյանի «Խորտակում» ու «Խաչատուր Աբովյան» օպերաներում։ Արմենյանը տաղանդավոր արվեստագետ էր, փայլուն մասնագետ։ «Խաչատուր Աբովյան» օպերայի վրա աշխատելու ժամանակ նա մեծ արխիվային նյութ էր բարձրացրել, հարուստ կերպար էր ստեղծել (նկատի ունեմ Խաչատուր Աբովյանի կերպարը)։ Ինձ շատ օգնեց կոմպոզիտորը։
60-80-ական թվականներին Սերգեյ Դանիելյանը միշտ բեմի վրա է եղել, հանգիստ չի ունեցել։ Արտասահմանից եկած երգչուհին պետք է Աիդա երգեր, իսկ Սերգեյ Դանիելյանը ոտքը կոտրել էր։ Երգչի ոտքը գիպսի մեջ էր։ Օպերայի տնօրենությունը Ռադամես էր փնտրում Միությունով մեկ։ Ռադամես չկար։ Եվ Սերգեյ Դանիելյանը՝ գիպսի մեջ դրված ոտքով, երգեց։
-Հյուրախաղերի էի Լեհաստանում։ Առաջին օրը երգեցի Կանիո «Պայացներ»-ում։ Երեկոյան զանգահարեցին թատրոնից. «Կարո՞ղ եք վաղն էլ երգել Կանիո»։ Համաձայնեցի։ ՈՒթ օր անընդմեջ դրվեց «Պայացները»։ Հանդիսատեսը գալիս էր և Գերմանիայից, մասնավորապես Դրեզդենից։
Սերգեյ Դանիելյանը Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է, ունի ճանաչված աշակերտներ։
-Իմ առաջին աշակերտը Գեղամ Գրիգորյանն է։ Նա առաջին հայ երգիչն է, որ երգել է Լա Սկալայում։ Երբ նրան լսել է Լա Սկալայի ստաժիրովկայի ղեկավարը, ասել է. «Ձեզ ինչո՞ւ են ուղարկել ստաժիրովկայի։ Դուք պատրաստի երգիչ եք, իտալական հին դպրոցի երգիչ»։
-Ինչի ես հասել եմ, հասել եմ շնորհիվ Սերգեյ Պետրովիչի, նրա դպրոցի,- պատմում է Գեղամ Գրիգորյանը։- Աշակերտի հաջողության 80 %-ը գալիս է ուսուցչից։ Եթե տաղանդավոր ես, երաժշտական, ձայն ունես, առանց լավ դասատուի լավ երգիչ չես դառնա։ Նա ինձ տվեց ամեն ինչ։ Ջերմ ուսուցիչ է։


Ես ընդունվում էի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժին։ Չընդունեցին, ասացին. «Ձայնդ փոքր է»։ Եվ առաջարկեցին տեղափոխվել դիրիժորական բաժին։ Բայց չէի համակերպվում։ Անընդհատ խնդրում էի, որ ինձ տեղափոխեն վոկալի բաժին։
Մի անգամ ուսումնարանի տնօրեն Մելանյա Չոլախյանի հետ զրույցի ժամանակ Սերգեյ Դանիելյանն ասում է. «Բոլորը ձայն ունեն։ Եթե մարդն ուզում է երգիչ դառնալ, նա անպայման կդառնա։ Կարելի է նրա ձայնը դնել»։
Եվ Մելանյա Չոլախյանը պատմում է իմ մասին։ Հաջորդ օրը տնօրենը ծանոթացնում է ինձ իմ ապագա ուսուցչի հետ։ Սկսվեցին մեր պարապմունքները։ Ամեն օր առավոտյան 8-ին, երբ ուսանողների մեծ մասը դեռ քնած էր, մենք սկսում էինք պարապել։ Երեք ամսից հետո ձայնս մեծացավ, հաջողության հասա։ Երջանիկ պահեր էին։
ՈՒսանողական տարիներին Սերգեյ Դանիելյանի հետ շրջել եմ համարյա ամբողջ Խորհրդային Միությունով։ Նա ինձ տվեց աշխարհը տեսնելու հնարավորություն։ Հաճախ էինք լինում Թբիլիսիում, նրան ամենուրեք սիրում էին, հարգում։ Նա ինձ ծանոթացրեց Զուրաբ Անջափարիձեի, Վլադիմիր Ատլանտովի, Նոդար Անղուլաձեի և այլ մեծ երգիչների հետ։
Ես լսեցի ուսուցչիս լավագույն կատարումները «Աիդայում», «Տրուբադուրում», «Կարմենում», «Պայացներում», «Պարահանդես-դիմակահանդեսում», «Տանհոյզերում»։


Սերգեյ Դանիելյանին կատակով ասում էին «штатный Радамес»։ Երբ Միության որևէ թատրոնում Ռադամես չէր լինում, դիմում էին նրան. «Դանիելյանը կերգի, նույնիսկ հիվանդ վիճակում»։ Շատ էին սիրում նրան։ Ճանապարհի ընտիր ընկեր է, բարի մարդ։ Երախտապարտ եմ նրան։ Հիմա, երբ ես օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարն եմ, և երբ երգիչների մոտ ձայնային պրոբլեմներ են ծագում, դիմում եմ նրան։ Միշտ օգնում է։

Հաղորդմանը մասնակցում էին պրոֆեսոր Դանիելյանի մի խումբ աշակերտներ։


ԳԱՐԻԿ ՍԵԹՅԱՆ- Ես սովորել եմ Ռուսաստանում, ՈՒկրաինայում, հիմա սովորում եմ Սերգեյ Դանիելյանի դասարանում։ Իմ կյանքի ամենավառ մանկավարժն է։ Ափսոսում եմ, որ նրան բեմում չեմ տեսել։ Սակայն լսում եմ նրա ձայնագրությունները։ Բացառիկ երգիչ է, ցնցող մանկավարժ։
ՏԻԳՐԱՆ ԿՈՆԻՆՅԱՆ- Վերջերս «Անուշ»-ում երգում էի քավորի պարտիան։ Գեղամ Գրիգորյանն ասաց. «Ի՞նչ ես արել, որ փոխվել ես»։ Պատասխանեցի. «Ես հիմա պարապում եմ Սերգեյ Դանիելյանի մոտ»։
ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ- Սերգեյ Դանիելյանը կենդանի լեգենդ է։ Ինձ համար նա ծնող է. 16 տարեկանից պարապում եմ նրա մոտ։ Շատ բան եմ սովորել։ Նրա շնորհիվ դարձա օպերային մեներգչուհի։ Հիմա էլ, երբ պրոբլեմներ եմ ունենում, գնում եմ ուսուցչիս մոտ։ ՈՒղղում է։ Նա վստահության զգացում դաստիարակեց իմ մեջ, միջազգային մակարդակ, որակ։
Հիանալի մարդ է, հասարակ։ Չես զգում, որ ժողովրդական արտիստ է, պրոֆեսոր։
Սերգեյ Դանիելյանը երկու դուստր ունի, ավագը՝ Զառան է, կրտսերը՝ Ռենատան։
ՌԵՆԱՏԱ- Հոգատար հայր է։ Պատմում են, որ երբ փոքր տարիքում հիվանդ էի լինում, միշտ նրա գրկում էի։ Անգամ մինչև ներկայացման գնալը ինձ բաց չէր թողնում։ Շատ հյուրասեր է։ Նրա ուսանողները հաճախ են լինում մեր տանը։
Մի անգամ Նոր տարուն շատ ուսանողներ էին եկել։ Մեծ խնջույք էր։ Հաջորդ օրը հարևանները հետաքրքրվում էին. «Չլինի թե՞ Զառայի հարսանիքն էր»։ Բարի, մեծ սիրտ ունի։ Երբ փողոցում հիվանդ շուն կամ կատու է տեսնում, երեխայի պես հուզվում է։ Քիչ է մնում տուն բերի։
ԶԱՌԱ- Արտակարգ երգիչ է, դասախոս։ Հարուստ ներքին աշխարհ ունի։ Նկարում է, գեղեցիկ ձեռագիր ունի, հմուտ ձեռքեր։ Ամեն տարի տոնածառի տակ իր սարքած գեղեցիկ տնակներն էին, այլ խաղալիքներ։ Հիմա նման բաներ վերնիսաժում են վաճառում։ Իմ մանկությունն անցել է օպերայում. և հայրս, և մայրս աշխատում էին այնտեղ։ Ես անգիր գիտեմ «Աիդա» օպերան, պապայի բոլոր պարտիաները։ Մի անգամ, հիշում եմ, «Տոսկա» օպերան էր։ Պապան Կավարադոսի էր երգում։ Ինձ նստեցրել էին պարտերի վերջին կարգում։ ՈՒշադիր լսում ու դիտում էի։ Վերջին գործողությունում Կավարադոսիին սպանում են։ Երբ կրակեցին նրա վրա, և նա ընկավ, ես լաց լինելով և բղավելով՝ «պապա, պապա», վազեցի դեպի բեմ։ Հսկիչն ինձ գրկեց։ Ներկայացումն ավարտվեց։ Ես հպարտ եմ պապայով, չէ՞ որ նա տենոր է, իսկ տենորն ամենագլխավորն է...


-Ինձ թվում է, ես մեծ ու լավ գործ եմ անում։ Կարևոր չէ, որ սովորեցնում եմ։ Կարևորն այն է, որ դիմացինիդ աչքերից լույս է գալիս։ Ես շատ եմ ուրախանում...
Վերջերս նշվեց Սերգեյ Դանիելյանի 75-ամյակը։ Արվեստագետների համար հասուն տարիք, երբ ի մի է բերվում արվածը։
Սերգեյ Դանիելյանը շարունակում է ակտիվ աշխատանքը, միշտ երիտասարդների հետ է։
Միշտ երիտասարդ է՝ երիտասարդ է հոգով, երիտասարդ է մտածելակերպով։
Սերգեյ Դանիելյանը կյանքից հեռացավ 2009 թվականին։


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4015

Մեկնաբանություններ