Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աստված սպասում է մեղքի ծովն ընկած մեղավորի դարձին

Աստված սպասում է մեղքի  ծովն ընկած մեղավորի դարձին
15.11.2016 | 08:05

«Արթո՛ւն եղեք, հսկեցե՛ք, քանի որ ձեր ոսոխը` սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում ու փնտրում է, թե ում կուլ տա» (Ա Պետրոս 5.8):
Այն օրվանից, երբ մարդը մեղանչեց` խախտելով Բարձրյալի պատվիրանը, ժառանգը դարձավ ադամական կոչվող մեղքի: Այս մեղքը, մարդու աշխարհ գալուն պես, դրոշմված է նրա ճակատին և վերանում է միայն մարդու քրիստոնյա դառնալուց, այսինքն` մկրտվելուց հետո:
Արուսյակ կոչվող հրեշտակապետը, որ հրեշտակաց դասի գլխավոր զորապետն էր, իր փառքից հպարտանալու պատճառով անկում ապրեց, որովհետև տենչում էր հավասարակից դառնալ Ամենակարող Աստծուն և, գայթակղելով շատ ու շատ հրեշտակների, պատերազմի ելավ Աստծո դեմ` չցանկանալով այլևս ծառայել նրան, այլ լինել նրան հավասար:


Երկնքից ներքև Աստծո արարչագործության թագն էր մարդը` Եդեմական պարտեզում: Արուսյակի պատիժը ծնեց վրեժխնդրություն. մարդը գայթակղվեց օձի տեսքով հայտնված սատանայի խոսքերից ու գնաց պատվիրանազանցության: Քրիստոս սատանայի մասին նշում է. «Նա ի սկզբանե մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկար» (Հովհ. 8:44):


Մեղանչական մարդու համար մեղքերը կյանքում դադար չեն առնում. Աստծուց անգամ մի փոքր հեռացումը հանգեցնում է նորանոր մեղքերի: Սրանց մեջ կարելի է առանձնացնել մեկը, որ ոչ մի արդարացում և ներում չունի. դա ինքնասպանությունն է:
Այսօր ինքնասպան եղողների մի հոծ բանակ է ձևավորվել, որտեղ հատկապես առանձնանում են երիտասարդները: Կորցնելով հոգեկան հավասարակշռությունը` կյանքը նրանց համար դառնում է անիմաստ կամ ամոթալի: Անկասկած, շատերի գլխում կարող է ծագել այս միտքը` կյանքին վերջ դնելը, բայց ոմանք միանգամից հաղթահարում են այն, իսկ ոմանք` դառնում մահվան գերին: Իսկ գուցե այս դրդումները հեղինակ ունեն, մի չար ձեռք, որ, խեղաթյուրելով մարդկային միտքը, ինքնասպանությունը նրա համար դարձնում է «երանական հանգիստ»:
Այսօր շատերը չեն հավատում չար ուժերի կամ դևերի գոյությանը, այդ մասին տեղեկությունը ոմանց ծիծաղն է առաջացնում: Հաշվի առնել է պետք, որ նրանք, ովքեր սատանային և նրա համախոհներին` դիվային ուժերին մերժում են, մերժում են նաև մեր Փրկչին` Հիսուս Քրիստոսին, որ եկավ մեզ փրկելու նրանցից, տվեց անհրաժեշտ ամեն ինչ` նրանց դեմ պայքարելու համար:


Որքան մարդիկ են ապրում մեր հարևանությամբ, որոնց համար այսօր առաջին տեղում մեքենան է, երկրորդում` ունեցվածքը, ապա վայելքներն ու հաճույքները: Նման մարդիկ, կորցնելով իրենց առաքինությունը, դառնում են չարի գերին, և նրանց տիրակալն էլ օրըստօրե նրանց պարտադրում է անել ավելին, ու օրվա լուրերը սկսում են աղաղակել հերթական սպանության կամ կամրջից ցած նետված ինքնասպանի մասին: Այս ամենն իր հերթին ցույց է տալիս նաև ընտանեկան վատ դաստիարակությունը, և արդեն դիակի մոտ կանգնած ծնողը, մղկտալով ու ողբալով, մեղադրում է այս կամ այն հանգամանքը, երկիրը, դրդապատճառը, բայց ո՛չ երբեք իրական մեղավորին` հենց իրեն:


Գալով մեր թեմային` նկատենք, որ, անգամ ամենածանր իրավիճակում, դեպի այդ քայլը տանող ընտրության տերն ինքը մարդն է. անե՞լ մտքի եկածը, թե՞ չանել, որովհետև դևերը մարդուն կարող են միայն դրդել ինքնասպանության, հուշել այդ անել:
Համաձայն առաքելական մեր Մայր եկեղեցու կանոնակարգի՝ ինքնասպան եղածի վրա թաղման կարգ չի կատարվում, քանզի այս քայլը աններելի է: Այն դիտվում է իբրև միջամտություն աստվածային գործերին, որովհետև Աստված է կյանք պարգևում և սահմանված վայրկյանին այն հետ վերցնում: Իսկ ինչպե՞ս վերջ տալ չարից եկող նման մտքերին, ինչպե՞ս չլսել դրանք կամ պայքարել դրանց դեմ: Այս հարցի պատասխանը փորձենք գտնել հակառակ ծայրից: Երբ որևէ սրբատեղի ենք այցելում, լինի Եկեղեցի կամ ինչ-որ մատուռ, ու փորձում մի փոքր աղոթել, հանկարծ աղոթելու փոխարեն միտքը թռչում է ինչ-որ տեղ, մինչդեռ ամբողջ ճանապարհին հուզող որևէ հարց, կարծես թե, չկար, բայց, չգիտես ինչու, հայտնվում է հենց աղոթքի պահին: Չարի ազդեցությունը կրկին ամեն գնով շեղում է մեր միտքն Աստծուց. աղոթելիս երկու տարբեր ձայներ, կարծես, քո աղոթել-չաղոթելու համար պատերազմում են:


Հետևություն անելով` դժվար թե արդեն գուշակած չլինեք. սպանության կամ որևէ մեղքի դեմ առաջնային զենքը աղոթքն է, որ սարսափի մեջ է գցում ու հալածում չարը: ՈՒստի պատահական չէ, որ հենց աղոթքի պահին մարդն ամենից շատ է ենթարկվում փորձությունների ու գայթակղությունների:
Աստված միշտ էլ ձեռքը մեկնած, աչքերը հառած սպասում է մեղքի ծովն ընկած մեղավորի դարձին, քանզի Նրա ողորմությունն այնքան մեծ է, որ ամեն վայրկյան ցանկանում է մեղքի մեջ խավարած իր ծառայի լուսավորումը, ապաշխարությունը և զղջումը: Ոմանք, այդպես էլ չհասկանալով սա, շարունակում են հեռու մնալ օգնության վերջին ձեռքից, և Աստծուն որոնելու ճանապարհները նրանց ոչ թե Աստծո փառաբանությանը, այլ նրա մերժմանն են տանում, ու մարդը սիրելու փոխարեն սկսում է ատել:

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1366

Մեկնաբանություններ