Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
18.11.2016 | 00:06

(սկիզբը՝ այստեղ)

Այսօրվա հրապարակումը, անշուշտ, կսկսենք ամերիկյան ժողովրդին, այդ թվում՝ մեր հայրենակիցներին ուղղված շնորհավորանքներով՝ ամերիկյան դեմոկրատիայի հերթական հաղթանակի առիթով. Ամերիկան ունի իր նոր նախագահը, որի անունն է Դոնալդ Թրամփ (թրամփ՝ թարգմանաբար նշանակում է մեկանոց տուզ): Բոլորի համար հետաքրքիր է իմանալ, թե ինչպես ստացվեց, որ, ամեն դեպքում, ունենալով հսկայական ընտրազանգված ու ահռելի վարչական ռեսուրսներ, որ մինչև վերջ աշխատում էին նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին, վերջինս պարտություն կրեց: Իմ կարծիքով՝ պարտություն կրեց ոչ թե անձամբ Քլինթոնը, այլ Ամերիկայի վարչակազմի վարած ներքին քաղաքականությունն ու ներքին տնտեսական քաղաքականությանը սպասարկող արտաքին քաղաքականությունը:
Ամերիկյան իշխանությունները՝ Ջորջ Բուշից սկսած, մատների արանքով էին նայում սեփական ժողովրդի կենսական տնտեսական շահերն ապահովելու խնդիրներին ու, հիմնականում, աշխատում էին բավարարել երկրի հարուստ փոքրամասնության շահերը: Ինչպե՞ս էին սպասարկվում Ամերիկայի հարուստ փոքրամասնության շահերը:

Շատ պարզ ու անմիջական քայլերով. էժան հումք ստանալու համար անկայունություն մտցնել աշխարհի բոլոր հումքային երկրներում, ամերիկյան արտադրությունները տեղափոխել էժան աշխատուժ ունեցող երկրներ՝ Չինաստան, Թայվան և այլն: Նման քաղաքականությունը ծառայում էր միայն միջազգային ֆինանսական ու արտադրական կառույցների կորպորատիվ շահերին: Կարելի է նույնիսկ լուրջ ընդունել Թրամփի այն հայտարարությունները, թե Քլինթոնը դրանց դիմաց կարող էր առատորեն վարձատրվել՝ խոշոր կաշառքներ ստանալով, օրինակ, Սաուդյան Արաբիայից: Նույն ձևով կարող է բացատրել նաև Հայոց ցեղասպանության հարցում Հիլարի Քլինթոնի հետողորմյան, երբ Թուրքիայի իշխանությունների ճնշման տակ նա Ծիծեռնակաբերդում ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքը մեկնաբանեց որպես ոչ պետական, անձնական ակցիա:
Ինչևէ, 2017-ի հունվարի 20-ից բոլոր հարցերում ստիպված ենք լինելու հաշվի նստել թրամփյան ադմինիստրացիայի հետ՝ փորձելով շահեկան վիճակ ստանալ մեր ներքին ու արտաքին քաղաքականությունը առաջ տանելու համար:


Ցավոք, այսօր Հայաստանը դեռևս չի կարող հպարտանալ իր դեմոկրատական ձեռքբերումներով ու, մանավանդ, դեմոկրատական ընտրություններով: Ամերիկյան ընտրությունները ցույց տվեցին, որ հեղինակազրկված հայկական վարչակազմի հետ հեռու գնալ հնարավոր չէ, մեր շտուրվալ-ղեկանիվի մոտ պետք է կանգնեն նոր, ժողովրդի վստահությունը վայելող մարդիկ, ղարաբաղցի լինելը բավական չէ լավ նախագահ կամ լավ վարչապետ լինելու համար, պետք է հեռուն նայել, նրանց ներկայիս կարճատեսությունը մեզ պարզապես կկործանի: Կարող ենք օրինակ վերցնել Թրամփի վարած քաղաքականությունից, որը հիմնված կլինի բացառապես ներքին ակտիվ տնտեսական քաղաքականություն վարելու վրա և ուղղված կլինի երկրի ներքին սոցիալական կյանքը կարգավորելու, սեփական արտադրությունները միայն Ամերիկայում կազմակերպելու, երկրում նոր աշխատատեղեր բացելու և ազգօգուտ այլ գործերի: Հաջողության դեպքում մենք կստանանք արտագաղութի նոր ալիք՝ դեպի գործարար ու գործնական Ամերիկա:


Ամերիկայի ներքին քաղաքականությունը միայն Ամերիկային չի վերաբերելու. այդպիսի գերհզոր երկրի ցանկացած քայլը անմիջապես իր արձագանքներն ու ազդեցությունը կունենա աշխարհի ցանկացած երկրների, այդ թվում և, առաջին հերթին, Հայաստանի վրա, պետք է պատրաստ լինենք, որ այս հարմար պահն էլ ձեռքից բաց չթողնենք՝ հույսներս դնելով ՀՀԿ-ի կողմից վարվող անպտուղ ներքին ու արտաքին քաղաքականության վրա: Պահն է, որ Հայաստանը ևս ունենա ժամանակին համահունչ ներքին քաղաքականություն, տնտեսական քաղաքականություն, տեխնիկական քաղաքականություն, արդյունաբերական քաղաքականություն: Մի խոսքով՝ մեզ պետք է ունենալ ազգային երկարաժամկետ ծրագիր, որ հերթական անգամ չխաբվենք ՀՀ կառավարության ներկայացրած կարճաժամկետ ու անհեռատես հերթական ծրագրով:


Ամերիկայի նախագահական ընտրությունները մեկ անգամ ևս ապացուցում են, որ միայն այդպես, միայն դեմոկրատական, անկաշկանդ, ոչ շինծու ընտրությունների միջոցով է հնարավոր ուղղումներ մտցնել իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականությունների մեջ՝ ի նպաստ ժողովրդի կենսական շահերի ու երկրի անվտանգության ապահովման, այլ ճանապարհներ չկան, ՀՀԿ-ն պետք է հեռանա ասպարեզից ու հեռանա առաջիկա ընտրությունների միջոցով:


Այժմ անդրադառնանք հայկական ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-ների հիմնախնդիրներին ու փորձենք հասկանալ և գնահատել դրանց դերն ու նշանակությունը մեր տնտեսության կործանման հարցում: Իրենց ստեղծման իսկ օրից նրանք եղել են մեր տնտեսության զարգացման ոխերիմ թշնամիները, քանի որ Հայաստանի տնտեսության ազատ ու անկախ զարգացումը հակացուցված էր նրանց սեփական խնդիրներին, ոտնահարում էր նրանց կենսական, անձնական ու խմբակային շահերը, ինչո՞ւ: Այս հարցի ճիշտ պատասխանը գտնելու համար պետք է հիշել, թե ինչպես էին ստեղծվում ու զարգանում արդյունաբերական տարբեր ձեռնարկություններ Խորհրդային Միությունում ու կապիտալիստական երկրներում:
Խորհրդային պլանային տնտեսության շրջանակներում այդ հարցերն ունեին անհամեմատ ավելի պարզ լուծումներ. պետական համապատասխան մարմինների և ԽՍՀՄ Պետպլանի որոշումները ստանալուց հետո խնդիրներ չէին առաջանում, նշանակվում էին գործարանների կամ ֆաբրիկաների կուսակցական տնօրենները, հետո գործի էին ընդունվում գլխավոր հաշվապահներն ու պահակները: Դրանից հետո գործը գնում էր իր ծեծված ճանապարհով, մրցակիցներ կամ այլ խանգարող հանգամանքներ լինել չէին կարող, կար համապատասխան ֆինանսավորում, որից կարելի էր գողանալ ու օգտվել, կային հաստատված աշխատանքային պլաններ ու ապագա արտադրանքի սպառման համար հայտնի շուկաներ:


Կապիտալիստական երկրներում, այդ թվում՝ մեր այսօրվա ազատ ու անկախ Հայաստանում, արտադրությունները կարող են կազմակերպվել, հիմնականում, միայն անձնական նախաձեռնությունների հիման վրա: Այստեղ հնարավոր են տարբերակներ, որոնցից մեկը ենթադրում է արտադրությունների կազմակերպման, զարգացման ու ընդարձակման աստիճանական ձևը, մյուսը հիմնված է հոսքագծային արտադրություն կազմակերպելու վրա: Միջանկյալ տարբերակները ևս ունեն գոյության իրենց իրավունքը, բայց դրանց առայժմ չանդրադառնանք, հանգիստ թողնենք:
Արտադրությունների կազմակերպման նշված երկու տարբերակների ընտրության ժամանակ հաշվի է առնվում արտադրանքի բնույթը, բայց, ամեն դեպքում, ամեն ինչ կախված է լինում սպասվող ներդրումների ձևից ու ծավալներից: Հայաստանի պայմանների համար ավելի իրատեսական է արտադրությունների կազմակերպման աստիճանական ձևը, որը կարիք չունի միանվագ հսկայածավալ, միլիարդ դոլարների հասնող ներդրումների: Ամեն ինչ կարող է արվել կլասիկ ձևով՝ ըստ Մարքսի տնտեսագիտական տեսության. սկզբում պետք է կազմակերպել արտադրանքի հատային, ապա փոքր սերիական ու հետագայում, հաջողության դեպքում, անցնել զանգվածային արտադրությունների: Առաջին քայլը պահանջում է ավելի քիչ ներդրումներ կատարել՝ շեշտը դնելով հիմնականում ձեռքի աշխատանքի ու փոքրիկ, բայց, ամեն դեպքում, արտադրական ցիկլի վերջում շահույթ ստանալու վրա (խորհրդային տնտեսության մեջ այն ավելի հայտնի էր որպես հավելյալ արժեք): Ստացված շահույթների հաշվին կամաց-կամաց զարգացնելով արտադրությունը՝ կարելի է հասնել արտադրանքի փոքր սերիական, հետո նաև խոշոր սերիական արտադրությունների, բայց դա հնարավոր էր իրականացնել միայն Մարքսի ժամանակ:


Հիմա ժամանակները փոխվել են, նման սխեմայով աշխատելու ժամանակ առաջ են գալիս բազմաթիվ խոչընդոտներ, որոնցից, թերևս, ամենակարևորը մրցակիցների անցանկալի ակտիվությունն է: Արտադրողը չի հասցնի աչքը թարթել ու վաճառել ձեր իսկ ստեղծած առաջին նմուշները, երբ նույն արտադրանքը միջազգային շուկայում կհայտնվի միջազգային հայտնի բրենդների անվան տակ՝ միաժամանակ արտադրվելով, ասենք, չինական մի քանի ընկերությունների կողմից: Այստեղ արտադրողներին ոչ մի ձևով չեն օգնի նույնիսկ արտադրանքի պատենտավորման կամ նոու-հաուները պահելու և դրանց տակ պատսպարվելու գործողությունները: Ժամանակակից բիզնես միջավայրում արտադրության ոլորտի ինֆորմացիաները տարածվում են կայծակնային արագությամբ ու պետք է ձևեր գտնել այս երևույթի դեմ պայքարելու համար՝ կիրառելով, մասնավորապես, բազմաշերտ պաշտպանիչ միջոցառումներ ու տարատեսակ տեխնիկական, ժամանակ ձգող հնարքներ: Այս թեմային դեռևս կանդրադառնանք:


Միանգամից հոսքագծային արտադրությունների կազմակերպումը ևս ունի իր թերությունները` ռիսկերն են շատ: Եթե միջազգային շուկան (ժամանակակից արտադրողը, նաև հայ արտադրողը, գործ ունի բացառապես միջազգային շուկայի հետ, երկրների ներքին շուկաները, չնչին բացառություններով, նույնպես գտնվում են միջազգային շուկայի դաշտում) միանգամից չընդունի կոնկրետ արտադրանքը, ապա արտադրողը պետք է պատրաստ լինի հաշտվելու այն իրական մտքի հետ, որ ոտքով-գլխով կորած է, սնանկության հարցը կարելի է լուծված համարել: Աշխարհի բոլոր մասերում բիզնեսը պարունակում է բազմաթիվ ռիսկեր, առավել ևս Հայաստանում, որտեղ բիզնես ծավալելը կարելի է գերռիսկային համարել, եթե եղած օբյեկտիվ ռիսկերին գումարվեն նաև կաշառակերության, նաև ԾԻԳ-երի ու ԹԻԳ-երի ստեղծած արհեստական, սուբյեկտիվ գործոնները, որոնք էապես թուլացնում են միջազգային բիզնես խաղի կանոններով աշխատելու մեր հնարավորությունները:


Բոլոր երկրներում գործում է արտադրությունները զարգացնելու մեկ միասնական սկզբունք. սկզբում աշխատում ու արտադրանք են ստեղծում ներքին շուկաների կարիքները բավարարելու համար՝ օգտվելով սեփական իշխանությունների հովանավորչությունից (ինչը հաջողությամբ է արվում, օրինակ, Իրանում): Ներքին կարիքները բավարարելուց հետո քայլեր են արվում արտաքին շուկաներում իրենց տեղը, իրենց որմնախորշը գտնելու և այնտեղ աշխատելու ուղղությամբ՝ ընթացքում շտկելով թույլ տված հնարավոր տեխնիկական ու տեխնոլոգիական սխալները: Մեր «DVH SPORT» լուսարձակների պատմությունը ցույց տվեց, որ հայկական ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները մշտապես խանգարել ու խանգարելու են մեզ նման տեղական արտադրողներին՝ ներքին շուկաներում աշխատելու համար, և շատ ողջունելի է Կարեն Կարապետյանի այդ ավելորդությունները վերացնելու մասին որոշումը, բայց դա ընդամենը երկրորդ քայլն է: Առաջին քայլով, ամեն դեպքում, պետք էր ուսումնասիրել ու վերլուծել ԾԻԳ-երի երկարամյա գործունեության արդյունքները, տալ դրանց արժանի գնահատականները՝ թեկուզ և առաջիկայում այլևս չկրկնվելու մտահոգությունից մղված կամ այն վերջնականապես բացառելու նպատակով: Իր ու իր վերադասների համար փող աշխատելու նպատակով մեր ԾԻԳ-ի տնօրեն Գագիկին, փաստորեն, հաջողվեց տապալել սպորտային լուսարձակների արտադրությունը Հայաստանում կազմակերպելու մեր նախաձեռնությունը, ի չիք դարձնել մեր կատարած ծախսերն ու կորցրած ժամանակը և իշխանությունների աչքի առաջ ինքնագոհ ու անպատիժ հեռացավ տեսադաշտից:

Լուսարձակի վրա մեր կատարած ծախսերը փակելու համար ես ստիպված էի փող վաստակել՝ բանվորի գործ կատարելով ու պրոֆեսիոնալ բարձր որակավորում ունեցող մասնագետիս թանկագին ժամանակը երկրորդական գործերի վրա վատնելով, իմ ուսադիրները դրանից չընկան, բայց ես համոզվեցի, որ ԾԻԳ-երի միջոցով Հայաստանում պետական մասշտաբի գողություն ու թալան է կատարվում, որի վնասակար հետևանքները մենք հետո կտեսնենք, և որի կոորդինատորների դերերում հանդես են գալիս, ոչ ավելի, ոչ պակաս, երկրի առաջին դեմքերը: Եթե մեր այս պատմությունը տեղի ունենար Ամերիկայի նման իրավական երկրում, ապա ես անպայման դատի կտայի ԾԻԳ-ի տնօրեն Գագիկին ու, որպես նյութական և բարոյական հատուցում, կպահանջեի առնվազն 10 միլիոն դոլար՝ չվճարած 400 հազար դրամի դիմաց՝ իր տոկոսներով ու առնվազն 200 աշխատատեղերով սպորտային լուսարձակների գործարանի վիժեցման համար՝ իր տասը տարվա սպասվող եկամուտները հաշվի առնելով հանդերձ: Բայց մենք ապրում ենք ոչ թե իրավական Ամերիկայում, այլ անօրինական Հայաստանում, որտեղ ամեն ինչ գործում է ի վնաս ժողովրդի:


Կարող ենք վիրտուալ հաշվարկներ կատարել և ցույց տալ այն վնասները, որոնք Հայաստանը ստացավ մեր ԾԻԳ-ի անբարյացակամ վերաբերմունքի պատճառով: Ընդունենք, որ, մեր պայմանագրային գումարները յուրացնելով, ԾԻԳ-ի տնօրեն Գագիկը ստացավ 400 հազար դրամ կամ 1000 դոլար՝ իր գրպանի համար, իսկ թե ինչ կհասցներ նա իր «վերևներին», առայժմ կարող ենք հաշվի չառնել: Հաշվենք, թե ինչ կորցրեց Հայաստանի տնտեսությունը ԾԻԳ-ի տնօրենի անշնորհքության պատճառով: Եթե Հայաստանի համապատասխան կազմակերպությունները պատշաճ պետական վերաբերմունք ցուցաբերեին մեր նախաձեռնած գործի նկատմամբ, ապա Սպիտակում մենք
ա) կունենայինք սպորտային լուսարձակների գործարան՝ 200 աշխատատեղով, որը թույլ կտար կերակրել 200 ընտանիք, մոտ հազար մարդու հաշվարկով,
բ) անցած տասը տարիների ընթացքում Հայաստանի պետական բյուջեն կստանար առնվազն 30 միլիոն դոլար, իսկ սոցհիմնադրամը՝ լրացուցիչ 27 միլիոն դոլար,
գ) Աշոտ Նալբանդյանի միջնորդությամբ կկազմակերպվեր Հայաստան-Ամերիկա գիտատեխնիկական ու արտադրական լայն համագործակցություն՝ Հայաստանում արևմտյան ժամանակակից տեխնիկայի ու տեխնոլոգիաների ներդրմամբ, որը թույլ կտար վերազինել մեր արտադրությունները և պատմության գիրկն ուղարկել մեր արտադրություններում առկա Նոյի թվի տեխնիկան ու տեխնոլոգիաները:

Ամերիկյան «Ջեքսոն Վինիկի» գործող օրենքի սահմաններում ռուսական ֆիրմաները առայսօր զրկված են եվրոպական ու ամերիկյան բարձրտեխնոլոգիական սարքավորումներ և ժամանակակից տեխնոլոգիաներ ունենալու իրավունքից, մենք՝ ոչ, կարող էինք այդ ամեն արգելվածը ունենալ մեր Հայաստանում, եթե ԾԻԳ-ի երևելի տնօրենը դրան դեմ չլիներ ու թույլ տար:

դ) Սպիտակի գործարանը կարող էր սկսել կինոինդուստրիայի համար նախատեսված Աշոտ Նալբանդյանի լուսարձակների արտադրությունը: Մեր հանդիպման ժամանակ նա ափսոսանք հայտնեց, որ իր լուսարձակները արտադրվում են ոչ թե Հայաստանում, այլ Չինաստանում: Արտադրությունը ընդարձակելու, տեխնոլոգիապես ավելի բարդ և ունիկալ արտադրանք տալու շնորհիվ կարելի էր նման գործարանի արտադրանքի տարեկան ծավալները հասցնել մի քանի հարյուր միլիոն դոլարի: Ի՞նչ վատ կլիներ Հայաստանի ու, մանավանդ, Սպիտակի տուժած բնակչության համար:
ե) Սպիտակի գործարանը նախադեպ կլիներ հայրենիք-սփյուռք գիտական, գիտատեխնիկական ու արտադրական վստահելի հարաբերություններ ստեղծելու համար, ընդամենը մեկ կոնկրետ օրինակ է պետք այդ վստահությունը շահելու համար, ընդամենը մեկ օրինակ, որը տեղի չունեցավ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան պրովիզիան առնող ու, միաժամանակ, համատեղության կարգով ԾԻԳ-ի տնօրեն Գագիկի պատճառով: Հաջող ստարտի դեպքում համագործակցության արդյունքը կարող էր գերգերազանց լինել, հասնել միլիարդավոր դոլարների: Եթե Գագիկը չստանար իր 1000 դոլարը, Հայաստանը կստանար 1,5-2 միլիարդ դոլարի օգուտ, այդ թվերը իրար վրա բաժանելուց հետո կտեսնենք, որ ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները սարսափելի չափերի` միլիոնապատիկ վնասներ են հասցրել Հայաստանի տնտեսությանը՝ այդ վնասների հաշվին ստանալով իրենց համար բաղձալի գումարները` սպասելի ազգային եկամտի 0,000005 տոկոսի չափով, ահա և ձեզ ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-ների կատարած իրական գործերի նկարագրությունը՝ թվերի ու փաստերի լեզվով: Սա ուղղակի թշնամություն ու հանցագործություն է մեր երկրի ազգային շահերի նկատմամբ, զարմանալիորեն նման հայկական հետևյալ ասացվածքի ոգուն. գյուղացին լաց է լինում, որ իր ընտանիքը կերակրող ու պահող միակ կովը սատկում է, հարևանը ասում է.
-Հենց որ սատկի, աչքը կտաս՝ տանեմ կատվիս:


Հենց այդպես՝ ոչ ավելի, ոչ պակաս ոճով գործելով ու մարտնչելով, ամեն ընտրություններից հետո ռուսական ванька-встанька-ների նման ոտքի վրա մնալով, մեր գերագույն իշխանությունները տվեցին ու մեր երկրի աչքը հանեցին: Հիմա էլ առանց աչքները թարթելու խոսում են Հայաստանի տնտեսության փրկության խնդիրներից: Առանց արածի քաղաքական գնահատականի հնարավոր չէ առաջ շարժվել ու արդյունքի հասնել, փրկության ոչ մի հույս չի լինելու, արդյունաբերությունը շատ նուրբ բան է, կարելի է կոտրել ու փչացնել մի քանի տարում, բայց վերականգնել չի լինի, փրկություն չի լինի, դա աքսիոմ է:


Տնօրեն Գագիկի պատմությունից հետո մեծ ցանկություն առաջացավ պատմելու ուրիշ, ավելի ուսանելի ու մեր օրերին բնորոշ մեկ այլ պատմություն, որը նկարագրելու համար պետք է ուղևորվել Երևանի Դալմայի այգիներն ու տեսնել, թե ինչպես են լուսավորվում այնտեղով անցնող մագիստրալային ճանապարհները: Դալմայի այգիների միջով անցնող նորակառույց ճանապարհի լուսավորության խնդրի լուծման պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն էր: Ինչպիսի՞ լուսարձակներ են պետք այդ մոտ չորսկիլոմետրանոց ճանապարհը լուսավորելու համար: Տարբերակներն այստեղ շատ էին. կարելի էր ընտրել գերմանական, չինական և նույնիսկ տեղական լուսարձակները: Բայց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջնությունը տվել է գերմանական արտադրության լուսարձակներին, որոնցից յուրաքանչյուրն արժե 1400 եվրո: Նույն տիպի լուսարձակները՝ նախագծված Գերմանիայում, բայց արտադրված Չինաստանում, ավելի էժան են՝ 350 դոլարի սահմաններում, նույն նպատակների համար նախատեսված, բայց հայկական արտադրության լուսարձակները կարող էին ձեռք բերվել չինականից է՛լ ավելի ցածր գներով՝ գումարած սպասվող այն լրացուցիչ օգուտները, որոնք Հայաստանը կարող էր ստանալ՝ կազմակերպելով փողոցային լուսարձակների մի քանի նոր արտադրամասեր ու բացելով հարյուրավոր աշխատատեղեր: Բայց, ամեն դեպքում, ընտրելու իրավունքը տրված էր քաղաքապետին, նա էր նման հարցերի կարգադրիչը, տերն ու տիրակալը:


Դալմայի փողոցները այսօր լուսավորում են անունով գերմանական, բայց որակով տիպիկ չինական արտադրության լուսարձակները, հայկականները չանցան, թեկուզ դա կարևոր կլիներ ոչ միայն նոր աշխատատեղեր բացելու, այլև այդ նույն լուսարձակների հետագա վերանորոգման աշխատանքները կազմակերպելու առումով: Իմ մասնագիտական փորձառու աչքը, սակայն, ինձ այլ բան հուշեց, երբ մի օր որոշեցի անցնել Դալմայի ճանապարհով և ինքնուրույն լուսատեխնիկական չափումներ կատարել: Չզլացա, մի օր վերցրի լյուքսմետրն ու գիշերով վերից վար իջա այդ ճանապարհով: Արդյունքները, կարելի է ասել, ապշեցուցիչ էին: 700 լուսարձակների մեծ մասը մեկ տարվա ընթացքում արդեն հասցրել էր դուրս գալ իրենց աշխատանքային ռեժիմներից, յուրաքանչյուր 50-րդի 4 բլոկներից մեկը չէր աշխատում: Ով ծանոթ է գերմանական տեխնիկային՝ գիտի, որ նրանց մոտ ազդարարված պարամետրերի ցրման (դիսպերսիայի) գործակիցը մոտ է զրոյի, դա գերմանական որակի առանձնահատկություններից մեկն է: Դալմայի փողոցներում այդ որակը ես չտեսա, ավելի շուտ հակված եմ այն մտքին, որ այնտեղ մոնտաժված են չինական արտադրության լուսարձակներ՝ իրենց չինական որակներով ու ցածր գներով: Հետաքրքիր կլիներ, եթե մեզ հաջողվեր անկախ էքսպերտների մի խումբ կազմակերպել և ուսումնասիրել Դալմայի լուսարձակների ֆենոմենը: Այստեղ կարող են շատ հետաքրքիր խնդիրներ առաջ գալ:
Այս հոդվածաշարում, «ստվերային» տնտեսությունների առանձնահատկություններից բացի, մենք քննարկել ենք նաև «ատկատային» տնտեսության հետ կապված որոշ խնդիրներ, բայց ոչ բոլորը, դրանցից շատերի մասին մենք դեռ շատ բան չգիտենք: Այստեղ մի շատ հետաքրքիր սխեմա է ուրվագծվում, որը գալիս է գերմանական (եվրոպական) ու չինական ֆիրմաների համագործակցության բովանդակությունից ու բուն տրամաբանությունից: Հետաքրքիրն այն է, որ գերմանական (եվրոպական) ֆիրմաներում նախագծված տեխնիկական սարքերի ու սարքավորումների արտադրությունները մի քանի տասնամյակ առաջ (կարելի է ասել ԽՍՀՄ փլուզումից հետո) զանգվածաբար տեղափոխվել են Չինաստան՝ չմոռանալով, սակայն, իրենց մոտ պահպանել դրանց գործող արտադրությունները, որտեղ ևս կարող էին արտադրվել սահմանափակ թվով ապրանքներ, ինչո՞ւ:

Դրա պատասխանը պարզ է ու հասկանալի շատերի համար, բոլորը դա գիտեն. որովհետև Չինաստանում աշխատուժը ավելի էժան է, որը ֆիրմաներին հնարավորություն է տալիս ավելի մեծ շահույթներ, ավելի ճիշտ կլինի ասել, գերշահույթներ ստանալ՝ կրճատելով աշխատատեղերն իրենց երկրներում (որին Ամերիկայի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կտրականապես դեմ է): Կարելի է համաձայնել այդ մտքի հետ, սակայն մի փոքրիկ դիտողությամբ՝ ոչ միայն դրա համար, դա ընդամենը այսբերգի գագաթն է, այնտեղ չհաշվառված շահույթներ կան թաքնված, որոնցից հարկեր չեն մուծվում, դրանք գտնվում են միջազգային մակարդակով կազմակերպված «ստվերային» ու «ատկատային» տեխնոլոգիաների տիրույթում: Կոնկրետ մեր դեպքում չինական ու գերմանական արտադրության փողոցային լուսարձակները իրարից ոչնչով չեն տարբերվում, աչքի համար դրանք տեսանելի չեն, համենայն դեպս՝ իրենց արտաքին տեսքով ու պարամետրերով, չհաշված հուսալիության ցուցանիշները, որոնք ի հայտ են գալիս որոշ ժամանակ անց: Գերմանական ֆիրմաները այստեղ հեշտությամբ կարող են զբաղվել գերմանական մանրախնդիր-պեդանտությանը հատուկ աճպարարությամբ, չինական արտադրությունները դրանց սողանցքերը արդեն բացել են: Օրինակ, պայմանագրերը կարելի է կնքել՝ նշելով գերմանական արտադրության թանկագին տեխնիկան՝ իր 1400- եվրոյանոց գներով, բայց առաքիչ գերմանական ֆիրմայից ստանալ դրանց չինական էժանագին ու անորակ փոխարինիչները՝ 350 դոլար՝ գումարած 50 դոլար ճանապարհի ծախսը՝ Չինաստանից մինչև Գերմանիա: «Ատկատային» գումարի հիմնադրամը տվյալ դեպքում կկազմի 1000 դոլլար՝ մեկ լուսարձակի հաշվարկով, չորս կիլոմետրի վրա դրված են բյուր լուսարձակներ, որոնք պետք է բազմապատկել 1000 դոլարով, ու դուք կստանաք «ատկատային» պոտենցիալի իրական չափը:

Նման տարբերակները կարող են կայուն բազա ստեղծել հետխորհրդային երկրներում «ատկատային» գործերը վարող տգետ տնտեսավարողներին թյուրիմացությունների մեջ գցելու և իրենց նվաճողական բիզնեսները առաջ տանելու համար: Եթե ուշադրությամբ հետևենք եվրոպական ու ամերիկյան գործարարների քայլերին ու չինական արկածախնդրային արշավներին, ապա կհասկանանք, որ նրանց մոտ խիստ զարգացած են աշխատանքի կազմակերպման ատկատային-բոնուսային ձևերը, որոնք, կարելի է ենթադրել, մշակվել են հետագայում՝ Գորբաչովի կողմից ԽՍՀՄ-ն քանդելուց հետո, հետխորհրդային երկրներում կիրառելու նպատակով: Լավ նպատակ է, խոսք չկա, հետխորհրդային երկրները քանդելու և քայքայելու գործընթացը կայուն հիմքերի վրա է դրված: Դրանից օգուտ քաղողների տեղն էլ բոլորս գիտենք, բայց չենք կարողանում հասկանալ, թե ինչպես, միայն սահմանադրական եղանակներով նրանցից ազատվենք:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 2608

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ