Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արցախյան սահմանադրական «փասիանս»

Արցախյան սահմանադրական «փասիանս»
18.11.2016 | 00:30

Ի սկզբանե քաղաքական և փորձագիտական շրջանակներում կանխատեսում էին, թե Հայաստանում կատարված սահմանադրական փոփոխությունները խթան կհանդիսանան, որ մոտավորապես նույն գործընթացները սկսվեն նաև Արցախում։ Այս առումով զարմանալի չէր, որ հայաստանյան հանրաքվեից հետո ԼՂՀ-ում էլ հնչեցին կարծիքներ, թե սահմանադրությունը փոխելու և խորհրդարանական համակարգին անցնելու անհրաժեշտություն կա։ Ավելին, ԼՂՀ գործող վարչապետի «Ազատ Արցախ» կուսակցությունը նույնիսկ ավելի արմատական առաջարկ էր անում, որպեսզի սահմանադրական փոփոխություններից հետո անցնեն խորհրդարանական այնպիսի համակարգի, որը, ի տարբերություն հայաստանյան մոդելի, առհասարակ բացառի նախագահի պաշտոնը։

Ինչևէ, Արցախում ի սկզբանե ավելի գերակայող էր այն կարծիքը, թե, քանի որ Հայաստանը և ԼՂՀ-ն փաստացի հաղորդակցվող, սերտորեն կապված քաղաքական և սոցիալ-տնտեսական համակարգեր են, գուցե օբյեկտիվորեն ավելի հեշտ կլինի, եթե երկուսն էլ գործեն նույն՝ խորհրդարանական համակարգում։ ՈՒստի այս համատեքստում քննարկումներ սկսվեցին, որոնք, սակայն, ընդհատվեցին ապրիլյան պատերազմով և հետպատերազմյան զարգացումներով, երբ առաջին պլան մղվեցին նախ և առաջ անվտանգության խնդիրները, ու հանրության ուշադրությունն ավելի շատ կլանեցին պատերազմի ընթացքում բացահայտված բավականին ցավոտ և աղմկահարույց խնդիրները։ Հենց այդ ժամանակաշրջանում օրակարգային դարձավ նաև պատերազմական և արտակարգ իրավիճակում գտնվող պետության համար առավել արդյունավետ քաղաքական համակարգի ընտրության խնդիրը: Պատահական չէ, որ երբ դարձյալ առաջացավ սահմանադրական փոփոխությունների հարցը, ԼՂՀ-ում ավելի գերակայող դարձավ այն միտումը, թե պատերազմող երկրի համար, այնուամենայնիվ, խորհրդարանական համակարգը «մեծ շռայլություն» է, քանի որ իր որոշակի, այդ թվում՝ նախադեպային առավելություններով հանդերձ, որոշումներ ընդունելու պարագայում այն այնքան էլ մոբիլ չէ։ Արդյունքը եղավ այն, որ քննարկումներից հետո, ինչպես հայտնի է, սահմանադրական նախագիծը ձևավորող հանձնաժողովը որոշեց հիմք ընդունել ուժեղ նախագահական համակարգը։


Արցախում վերջին մի քանի ընտրական գործընթացների փորձը և արմատավորված ավանդույթները հուշում են, որ ԼՂՀ իշխանություններն այս անգամ էլ ձգտելու են նախ և առաջ երկու մեծ գերխնդիր լուծել: Արտաքին քաղաքական ասպարեզում նորից կփորձեն միջազգային հանրությանը և կառույցներին ցույց տալ, որ մաքսիմալ ժողովրդավարական մթնոլորտում և գործիքակազմով է իրականացվում սահմանադրական հանրաքվեի նախապատրաստումն ու անցկացումը, այսինքն՝ ամրապնդել ԼՂՀ-ի առկա իմիջը։ Մյուս կողմից, ներքաղաքական ավանդույթի համաձայն, ձգտելու են ներքին քաղաքական ցնցումներից հնարավորինս զերծ պահել Արցախը և սահմանադրության փոփոխման գործընթացները հնարավորինս ներքաղաքական փոխհամաձայնությունների և նույնիսկ կոնսենսուսի պայմաններում իրականացնել, այսինքն, փաստացի զերծ պահել արցախյան հասարական և քաղաքական կյանքը հայաստանյան հայտնի արատավոր ներքաղաքական ավանդույթներից։


Հետաքրքրական է, որ ի սկզբանե խորհրդարանական համակարգին անցմանը դեմ էր հենց Արցախի ընդդիմությունը։ Վերջիններս շեշտադրում էին ներկա՝ կիսանախագահական կառավարման համակարգը պահպանելու հարցը։ Սակայն կյանքն ու պատերազմն իրենց ուղղումները մտցրին, և նախագիծը պատրաստողները նախընտրեցին ուժեղ նախագահական համակարգը։ Բնականաբար, սա նշանակում է, որ նախագահական համակարգին անցնելու շուրջ առաջարկն ի սկզբանե անընդունելի է արցախյան քաղաքական ընդդիմադիր որոշ սեգմենտների համար, որոնք կողմնակից են, որ առկա կիսանախագահական կառավարման տարբերակը պահպանվի: Ինչ վերաբերում է ընդհանրապես ընդդիմությանը, ապա նրա վարքագիծը և ընտրած մարտավարությունը գրեթե ոչնչով չեն տարբերվում ցանկացած այլ երկրի, այդ թվում՝ Հայաստանի ընդդիմության վարքագծից։ Ոչ մի նշանակություն չունի՝ ինչ մոդել է առաջարկվում՝ խորհրդարանական, նախագահական, միևնույն է, սահմանադրական փոփոխությանն ուղղված իշխանության ցանկացած առաջարկ գնահատվում է որպես վերարտադրությանը միտված քայլ։ Տրամաբանությունն այստեղ քաղաքական է։ Ընդդիմությունը, թերևս, հասկանալով իր քաղաքական և ինստիտուցիոնալ ռեսուրսների բացակայությունը (առավել ևս, գեներալ Վիտալի Բալասանյանին ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելուց հետո), փորձում է ամեն ինչ տեղավորել քաղաքական տիրույթում, մինչդեռ ցանկացած իշխանություն ձգտում է, որ քննարկումները լինեն բովանդակային և ըստ էության։


Ինչ վերաբերում է զուտ սահմանադրության նախագծի ամենագլխավոր առանձնահատկություններին, ապա նախագահական կառավարման համակարգի պայմաններում Արցախում վերանալու է վարչապետի ինստիտուտը, փոխարենը լինելու է պետական նախարար, որն աջակցելու է նախագահին՝ որպես գործադիր իշխանության ղեկավարի և վարելու է կառավարության նիստերը։ Ըստ էության, պետնախարարը համակարգելու է կառավարության գործունեությունը, որի ղեկավարը լինելու է երկրի նախագահը։ Արցախում հետաքրքիր «նոու հաու» են ներմուծել նախագահական կառավարման համակարգում. խորհրդարանը և նախագահն ընտրվում են նույն օրը, նույն ժամկետով և խիստ փոխկապակցված համակարգեր են։ Այնքան փոխկապակցված, որ եթե կողմերից մեկը որոշում է անվստահություն հայտնել մյուսին և ցրել կամ իմպիչմենտ հայտարարել, ապա ինքն էլ է հրաժարական տալիս, և հետագայում նույն օրը տեղի են ունենում երկու ինստիտուտների ընտրություններ։ Այստեղ բավականին լուրջ հակակշիռ կա, և իշխանության երկու թևերի կայունությունը պատերազմական իրավիճակում կարող է ապահովագրել քաղաքական ցնցումներից։ Բացի այդ, Արցախի նոր սահմանադրության նախագծում զգալիորեն բարեփոխվել է մարդու իրավունքներին առնչվող գլուխը: Ինչ վերաբերում է զուտ գործընթացներին և բազմակողմանի քննարկումների ու թափանցիկության ապահովմանը, ապա սահմանադրության նախագիծը, հանրաքվեի դրվելուց առաջ, բավականին երկար քննարկումների փուլ է անցնելու։ Այն, ամենայն հավանականությամբ, հանրաքվեի կդրվի շատ խորհրդանշական մի օր՝ փետրվարի 20-ին, դա այն օրն է, երբ տրվեց ղարաբաղյան շարժման մեկնարկը։


Նոր սահմանադրության նախագծի քննարկումների, բանավեճերի գործընթացներն Արցախում մեկնարկել են։ Նախագիծը ներկայացվում է հանրության տարբեր խավերին, թիրախային խմբերին, դրան հաջորդելու են մյուս փուլերը։ Ինչպես և կանխատեսվում էր (սահմանադրության նախագծի ներկայացման առաջին իսկ օրերին դա հաստատվեց), ընդդիմադիրների համար ամենավիճահարույց հարցերից մեկը վերարտադրության խնդիրն է. արդյոք գործող նախագահը վերընտրվելու քարտ բլանշ ստանո՞ւմ է, թե՞ ոչ։ ԼՂՀ ներկա Սահմանադրությամբ 2017 թ. ամռանն ավարտվում է նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, բայց, քանի որ նոր սահմանադրությամբ նախագահն ու խորհրդարանը նույն օրը պետք է ընտրվեն, իսկ ԱԺ լիազորություններն ավարտվում են 2020 թվականին, որոշում է ընդունվել անցումային շրջան սահմանել և առաջիկա 2,5 տարիների ընթացքում խորհրդարանի քվեարկության միջոցով ընտրել նախագահ։ Նախագահի վերարտադրությանն առնչվող մտահոգությունները, թերևս, տեղին կլինեին, եթե սահմանադրության անցումային դրույթներում գրված լիներ, որ գործող նախագահը շարունակելու է պաշտոնավարումը մինչև անցումային շրջանի ավարտը՝ 2020 թվականը։ Սակայն առաջարկվող փաստաթղթում նշված է, որ նախագահն ավարտում է պաշտոնավարման իր շրջանը, որից հետո խորհրդարանը մինչև 2020 թվականն ընտրում է նախագահ, որը կարող է լինել ԼՂՀ ցանկացած քաղաքացի։

Ընդամենը 1,5 տարի առաջ ընտրված ԼՂՀ խորհրդարանը ներկայացնում է երկրի ամբողջ քաղաքական ներկապնակը, և այդ խորհրդարանն էլ ընտրելու է երկրի ղեկավարին։ Չի բացառվում, որ թեկնածուների թվում կլինեն նաև ԼՂՀ նախկին և գործող նախագահներ։ Եվ միայն անցումային շրջանից՝ 2020 թվականից հետո հարց է առաջանում՝ կկարողանա՞ն նախկին նախագահներն առաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնում։ Առաջարկվող փաստաթուղթը չի արգելում դա, հաշվի առնելով այն, որ օրենքը հետադարձ ուժ չունի։ Արագ փոփոխվող աշխարհում, որը լի է անակնկալներով, այսօր որևէ բան կանխատեսելը շատ դժվար է, և այժմ խոսել այն մասին, թե սահմանադրությունը գրվում է կոնկրետ անձի կամ անձանց համար, առնվազն միամտություն է ու անլուրջ։ Այնպես որ, վերարտադրությանն առնչվող խոսակցություններն առայժմ զուտ քաղաքական շահարկումներ են հիշեցնում, ինչը շատ բնական է և ընկալելի ընդդիմության դեպքում, բայց ոչ միշտ մեծ աղերս ունի սահմանադրական գործընթացների հետ։


Ինչևէ, սահմանադրական գործընթացներն Արցախում թափ են հավաքում, և նախագծի կողմնակիցների ու ընդդիմադիրների ուժերի հարաբերակցությունն աստիճանաբար սկսում է ուրվագծվել։

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2735

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում