Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Այն ցուցակը, որ կներկայացնենք, անակնկալների պակաս չի ունենա»

«Այն ցուցակը, որ կներկայացնենք,  անակնկալների  պակաս չի ունենա»
18.11.2016 | 00:51

Պարզվում է՝ նախընտրական շրջանում իշխանությունը ոչ միայն սեփական խնդիրներն է կարգավորում, այլև ընդդիմադիր դաշտի հոգսերն է հոգում։ Այս օրերին վճռվում է արևմտամետների ճակատագիրը՝ խորհրդարանում ներկայացված այս քաղաքական ուժերի և անհատների համախմբման աշխատանքներ են ընթանում։ Իշխանությունում դեռ չեն կողմնորոշվել՝ խորհրդարանական լիբերալներից որի՞ թևի տակ պետք է «ծվարեն» մյուսները. «Լուսավոր Հայաստանի՞», թե՞ «Ազատ դեմոկրատների»։ Որոշ տեղեկություններով, ավելի ծանրակշիռ է Խաչատուր Քոքոբելյանի «թևը», սակայն այս գործընթացները դեռ խմորման փուլում են, ու ամեն ինչ կարող է այլ սցենարով ընթանալ։ Այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻՆ։

-Տեղեկություններ կան, որ լիբերալ հայացքներ ունեցող ուժերի միավորման գործընթաց է մեկնարկել։ Այդպե՞ս է։
-Ցանկացած կայացած քաղաքական ուժ, առավել ևս լիբերալ դաշտը ներկայացնող, պետք է իր ողջ գործունեության ընթացքում զբաղվի ազատականների համախմբմամբ։ Համենայն դեպս մենք այդպես ենք վարվել։ Այսինքն՝ հավաքել համախոհների, որոնք առանցքային խնդիրների շուրջ միանման են մտածում։ Սա չի նշանակում, որ այլ հարցերի վերաբերյալ բազմակարծություն չպետք է լինի։ «Ազատ դեմոկրատներն» ամեն ինչ կանի, որ մեր հայացքները կիսող անհատները, ուժերը համախմբվեն ու միասին հանդես գան։ Այսօր քննարկվում է նաև ողջ ընդդիմադիր դաշտի համախմբման հարցը, ինչի առնչությամբ, անկեղծ ասած, թերահավատ եմ։ Կարծում եմ, դա «չաշխատող» միավորում կարող է լինել, քանի որ պետք է համախմբվել հանուն ինչ-որ գաղափարի։ Հանուն իշխանափոխության համախմբվելը ճիշտ չէ։ Այդ փոփոխությունից հետո քաղաքացուն պետք է հասկանալի լինի, թե ինչ Հայաստան ենք ուզում կառուցել։
-Այսօր համախմբվում են հանուն ապագա խորհրդարանում մանդատ «ձեռք գցելու»։
-Ցավոք, ճիշտ եք։ Շատ քաղաքական գործիչներ, իրենց պատեպատ տալով, մոռանում են նույնիսկ գաղափարների մասին։ Գաղտնիք չէ, որ մեր քաղաքական դաշտն ամենակոռումպացված ոլորտներից մեկն է, և իմիտացիան լուրջ դեր ունի։ Երբեմն զարմանում եմ, թե ինչպես կարող են քաղաքական տարբեր բևեռներում եղած մարդիկ միասին հանդես գալ, հայտարարելով, որ դա հանուն իշխանափոխության է։ Անկախ Հայաստանի քաղաքականության ընթացքն ապացուցել է, որ նման միավորումները հաջողության չեն հասնում։ Կարծում եմ, հստակ գաղափարախոսության շուրջ համախմբվելն է ճիշտ, որ ներքին և արտաքին մարտահրավերների առնչությամբ քաղաքական ուժերի պատկերացումները պարզ լինեն։ Մեր կուսակցությունը հինգ տոկոսի շեմը հաղթահարելու խնդիր չունի, բայց կարևորում ենք համախմբումը։ Տպավորություն թող չստեղծվի, թե մեր նպատակը առանցքում լինելն է։ Քաղաքական ուժերի ղեկավարներից էլ շատ բան է կախված, էականը քաղաքական գործիչների, անհատների կենսագրությունն է։ Իհարկե, մեր կուսակցությունը հինգ տարվա պատմություն ունի, բայց մեր քաղաքական ուժի մեջ ընդգրկված մարդիկ այս դաշտում նոր չեն, Հայաստանի հիմնադրման ակունքներում կանգնած անհատներ են։ Այսուհանդերձ, մենք գնալու ենք մեր սեփական ցուցակով, ինչը չի նշանակում, որ բացառում ենք համագործակցությունը։
-Այսօր խորհրդարանում կան նոր ձևավորված ուժեր՝ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, նրանց հետ համագործակցությունը հնարավոր համարո՞ւմ եք։
-Ընդհանրապես, ուժերի միավորման առումով կարևոր է նաև տվյալ ուժի աշխարհաքաղաքական ուղղվածությունը, այսինքն, որտեղ են տեսնում Հայաստանը վաղը, հինգ տարի հետո։ ԵԱՏՄ-ին անդամակցությունը ոչ թե հնարավորություն էր, այլ մարտահրավեր, այս ժամանակահատվածն ապացուցեց ասվածի ճշմարտացիությունը։ Մեր ընդդիմախոսներն ասում էին, որ, այդ միությանն անդամակցելով, առնվազն երկրի անվտանգության խնդիրը կլուծվի, բայց քառօրյա պատերազմը հակառակն ապացուցեց։ Մեզ համար էական է, թե այս հարցում քաղաքական ուժերն ինչպես են իրենց դրսևորել, ինչպես են կողմնորոշվել ԵԱՏՄ-ին անդամակցության առումով։
-Իսկ արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումներ կա՞ն, ովքե՞ր կլինեն ձեր ցուցակում։
-Ոչ միայն ուժերի, այլև անհատների, որոնք հասարակական կյանքում մեծ դերակատարում ունեն։ Կան մարդիկ, որոնք հասարակության լայն զանգվածներին ճանաչելի չեն, բայց պակաս ներդրում չունեն Հայաստանի զարգացման գործում։ Այս առումով, այն ցուցակը, որ կներկայացնենք, վստահաբար կարող եմ ասել, անակնկալների պակաս չի ունենա։ Մենք կկարողանանք ավելի մեծ ներկայացվածություն ապահովել ԱԺ-ում և վճռորոշ դերակատարում ունենալ որոշումների ընդունման վրա։

Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2386

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ