Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վարչապետերի լաբիրինթոսում

Վարչապետերի լաբիրինթոսում
18.11.2016 | 01:16

Ո՞վ ավելի շատ վարչապետի թեկնածու կհաշվի: Ես հասել եմ 13-ին: Եթե մի քիչ մտածեի՝ ավելին կհաշվեի, բայց վարչապետերին Հայաստանում նշանակում են սովորաբար 13-ին, 13-ի վրա էլ կանգ առա: Հայաստանը վարչապետերի երկիր է՝ առաջ ով քնում էր, առավոտյան նախագահ էր արթնանում, հայտնի դեպքերից հետո ով քնում է՝ վարչապետ է արթնանում: Պատճառը Սահմանադրությունն է, մեկ էլ՝ Սերժ Սարգսյանը: Սահմանադրությունը, որ նախագահին դարձրեց երկրորդական, խորհրդարանական ընտրությունները՝ նախագահական, Սերժ Սարգսյանը, որ հայերին ասում է՝ «ոչ», արաբներին՝ ոչ «ոչ», ոչ «այո»:

Իրենք իրենց արդեն վարչապետ են առաջադրել Արթուր Բաղդասարյանը, Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: ՕԵԿ նախագահն ուզում էր վարչապետ դառնալ դեռ Հովիկ Աբրահամյանից առաջ: Չդառնալու պատճառով նեղացավ ու հրաժարական տվեց Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, բայց դա չի նշանակում, որ դադարել է իրեն տեսնել վարչապետի աթոռին: Կամ՝ նրա աստղաբաշխական աճ ապրած կուսակցությունը չի ցանկանում կոալիցիոն գործընկեր դառնալ՝ չասեմ, թե քաղաքական որ ուժի հետ ու ինչու: Եթե Նիկոլ Փաշինյանը գոնե լավ-վատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն ունի՝ ծրագրեր ու նպատակներ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ապագա վարչապետ դառնալը պատրանք է, բայց նա սրբորեն հավատում է տարբեր խոստումների, որ տալիս են տարբեր կուսակցապետեր, փորձելով նրան պահել իրենց շրջագծում՝ մարդ է, խելոք է, տնտեսագետ է՝ գովազդ է, հետո ինչ, որ բոլորովին քաղաքական գործիչ չէ ու կուսակցությունն էլ ինքն է ու ինքը:


Սեպտեմբերի 13-ից հետո աննրբանկատորեն խաղից դուրս դրեցինք Հովիկ Աբրահամյանին: Նա կարող է ծննդավայրից պատգամավոր դառնալ ու խորհրդարան գալ՝ ինչո՞ւ ոչ: Մի քանի ամիս առաջ նա իրեն տեսնում էր եթե ոչ վարչապետ՝ վարչապետից ոչ ցածր պաշտոնում: Ֆինանսներ կան, հավակնություններ կան, ի՞նչ մնաց: Հնարավորություննե՞րը: Գուցե նորի՞ց բախտը բերի ու Մխչյանից էլի՞ Երևան գա:
Ֆանտաստիկայի ժանրից մի վարչապետի թեկնածու էլ կա՝ նախկին վարչապետ, որ այսօր պաշտոնավարում է ԵԱՏՄ-ում և վերադառնալու է, երբ ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահական ժամկետը: Չափազանցություն մի համարեք, Տիգրան Սարգսյանը հանգիստ կարող է Հանրապետության հրապարակ վերադառնալ: Սահմանադրությունը չի պահանջում, որ վարչապետը նշանակվի ԱԺ պատգամավոր, խորհրդարանական մեծամասնությունն է նշանակում վարչապետ: Տիգրան Սարգսյանը, ԵԱՏՄ-ից հետո, Հայաստանում հիմնավոր հիմքեր ունի վերադառնալու Հանրապետության հրապարակ:


Չծիծաղեք՝ ապրիորի վարչապետի թեկնածու է և Վարդան Օսկանյանը, եթե «Համախմբումը» ոչ մի կուսակցության չհամախմբի, բայց խորհրդարանում մեծամասնություն լինի: Տարբեր ձևաչափեր կարող են մինչև ապրիլ ստեղծվել, նպատակներ կարող են փոխվել, ու մեկ էլ տեսար՝ Օսկանյանի բախտը բերեց:
Ինչո՞ւ է քաղաքականություն ուզում վերադառնալ Գագիկ Ծառուկյանը: Ավելի ճիշտ՝ ինչո՞ւ են խնդրում, որ վերադառնա: Ինչո՞ւ չեն առարկում, որ վերադառնա: Միայն մե՞կ խնդիր կա՝ ԲՀԿ-ն փրկել, թե՞ կա Ռոբերտ Քոչարյանի տանիքի տակ վերադառնալու ճանապարհը փակելու հարցը: Չե՞ք պատկերացնում Գագիկ Ծառուկյանին իբրև վարչապետ, ասենք, Լեռնային Ղարաբաղի հարցով Իլհամ Ալիևի հետ բանակցելի՞ս: Հետո ի՞նչ: Մի՞թե կարող է Գագիկ Ծառուկյանը վերադառնալ կրկես ինչ-որ մեկին ճանապարհ բացելու կամ ինչ-որ մեկի ճանապարհը փակելու համար: Գագիկ Ծառուկյանին պետք չէ շաղկապել ԲՀԿ-ի հետ: Կարող է այս անգամ ԲՀԿ-ի բախտը այնքան չբերել՝ Գագիկ Ծառուկյանը կվերադառնա այլ կուսակցության ու անգամ դաշինքի հետ:

Եթե հասանք կուսակցություններին, ընդունեք, որ վարչապետի իր թեկնածուն կարող է ու պարտավոր է ունենալ ՀՅԴ-ն՝ ինչքա՞ն պիտի կոալիցիա-կոալիցիա խաղա՝ առանց իր արտը ջրելու: Հայաստանի առաջին Հանրապետության առաջին վարչապետին առաջադրելու պատիվն ունեցած կուսակցությունը ո՞ւմ կգտնի Սիմոն Վրացյանի իրավահաջորդ, չգիտեմ: Ծաղկաձորում փակ նիստեր կանեն ու ընկեր Արծվիկին, ընկեր Աղվանին, ընկեր Արմենին, կամ մեկ այլ ընկերոջ կառաջադրեն: Ինչո՞ւ ոչ: Թեկուզ սպորտային հետաքրքրության համար:
Եթե հասանք կուսակցություններին, հարգանք-պատիվ պահելով՝ համարենք, որ Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին նախագահի ՀԱԿ-ն էլ իրավակարգ վարչապետի թեկնածու կարող է պեղել-գտնել: Ասենք՝ Լևոն Զուրաբյանին: Հենց նա է ասում, որ Ընտրական նոր օրենսգիրքը տալիս է արդար ընտրությունների հնարավորություն: Լևոն Զուրաբյանն իշխանափոխության հնարավորություն էլ է տեսնում:


Հանուն կարգուկանոնի՝ անդրադառնանք նաև երրորդ հանրապետության պատմության մեջ վերջին նախագահական ընտրությունների բարևներում հաղթած «Ժառանգության» թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին: Նրան համարում էին արևմտամետ, իսկ նա հաղթանակի հետևից Մոսկվա գնաց ու չբերեց: Մոսկվան իշխանության հետ է աշխատում, իսկ ոչիշխանության հետ քաղաքական ֆլիրտի մեջ է, ո՞վ է ֆլիրտն ամուսնության առաջարկ համարում: Րաֆֆի Հովհաննիսյանը 2013-ին հայտարարում էր, որ վերջին անգամ է թեկնածությունն առաջադրում, փաստորեն՝ գիտեր, որ նախագահին համապետական ընտրությամբ չեն Բաղրամյան 26 տանելու: «Ժառանգությունը» գոնե Բաղրամյան 19 հասավ, ճիշտ է՝ հետո պարզվեց, որ խմբակցությունը կա՝ կուսակցությունը մնացել է Զարուհի Փոստանջյանի հույսին: Մյուսները գնացին իրենց ճանապարհով՝ ինչպես և եկել էին՝ «Ժառանգության» ընդդիմադիր բրենդն օգտագործելով իրենց ոչ այնքան ընդդիմադիր, որքան արևմտամետ համբավով խորհրդարանում ինչ-որ կերպար ստեղծելու համար: «Ազատ դեմոկրատները» փորձում են կերպար ստեղծել ևս հինգ տարի՝ մտել է արևմտյան կողմնորոշում ունեցող կուսակցության դերի մեջ, բայց դերից դուրս երևում է, որ խաղացանկում այլ դերեր էլ կան, իսկ առանց գրիմի՝ խաղում են իշխանության «ընդդիմադիր» գործընկերոջ դեր՝ չհավակնելով մեծամասնության, իբրև փոքրամասնություն էլ իրենց վատ չեն զգում՝ մանդատ լինի:
Մնացին երե՞քը: Բաղրամյան 26-ի դռները Ռոբերտ Քոչարյանն այլևս երազում չի տեսնի:

Նրա ինքնասիրությունը լավ շոյվեց, որ իր ճանապարհը փոխելու համար երկրում Սահմանադրություն փոխվեց, ի՞նչն է խանգարելու դաշնակցել դաշտում անտեր ու անֆինանս մնացած կուսակցությունների հետ, նույնքան հայտնի քաղաքական գործիչների, ու՝ շրխկոցով վերադառնալ: Նա մաս առ մաս արդեն վերադարձել է իշխանություն ու հասել անգամ նախագահի աշխատակազմ: Ազատ որսորդի կարիերան տարբեր մայր ցամաքներում, երջանիկ պապիկի դերը տասը տարվա համար շատություն են անում: ՏԻՄ ընտրություններում «Համախմբումի» արդյունքները ցույց տվեցին, որ Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսը չզորակոչվելով էլ կարող է լավ տոկոսներ հավաքել: Հայաստանի քաղաքական դաշտում փառահեղ ավանդույթ կա՝ իբրև դաշնակից ու իբրև գլխավոր ընտրում են ոչ թե գաղափարները, ծրագրերը, այլ ուժեղին: Հենց կշեռքի նժարը սկսում է տատանվել, նետվում են դեպի այդ բևեռը՝ ակամայից նրան ուժեղացնելով: Ռոբերտ Քոչարյանը հանգիստ կարող է իր դրոշի տակ համախմբել ոչ միայն «Համախմբումը», այլև Սերժ Սարգսյանից հույսերը կտրած ՀԱԿ-ին, Հովիկ Աբրահամյանին, մանր-մունր մի քանի կուսակցությունների: Եթե ցանկանա: Եթե ստանա «ոչ» Հայաստանում ու «այո» Հայաստանից դուրս:


Իսկ Կարեն Կարապետյա՞նը: Սահմանադրությունը նրան «աշխատանքից» կհանի ընտրությունների պատճառով ու նորից կնշանակի կամ չի նշանակի: Ավելի շատ կնշանակի, քան չի նշանակի: Նրա պաշտոնավարումը վերջնաժամկետ կունենա 2018-ը: Իսկ գուցե ոչ: Ռուսները ճիշտ են՝ ո՞վ կհաղթի երկու ղարաբաղցիներին, եթե ոչ երրորդ ղարաբաղցին: Ամեն ինչ կախված է ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի քանակից ու որակից: Ի՞նչ ունի նա կորցնելու: Քանի՞ մարդ կարող են ասել, որ իրենց կենսագրությունում եղել է «ՀՀ վարչապետ» գրառումը: Ընդամենը՝ 14: Բիզնեսը կա ու կա: Շեն լինի մայր Ռուսիան: Ամեն ինչ կերևա ՀՀԿ համագումարում, եթե Կարեն Կարապետյանը, այնուամենայնիվ, անդամակցի ՀՀԿ-ին, ընդունել է մարտահրավերը և պատրաստ է բացի «սիմվոլը»՝ «նոր ոգի» դառնալ ու ՌԴ-ն էլ Սերժ Սարգսյանին ի դեմս վարչապետի զգուշացնում է՝ կա բուֆերային ֆիգուր, որ կարող է դառնալ նախորդ երկուսի քաղաքական ու տնտեսական անվտանգության երաշխավորը, բայց այլևս նա է լինելու ՀՀ վարչապետը:


Մնաց Սերժ Սարգսյա՞նը: Կմնա՞, թե՞ կգնա: ՀՀԿ-ում նրանից բացի իրենց վարչապետ են պատկերացնում գուցե ավելի շատ թեկնածուներ, քան վարչապետ է եղել անկախ Հայաստանի պատմության մեջ: 14-ը ՀՀԿ-ականների համար սահման չէ: Նա կվերադառնա՞ Հանրապետության հրապարակ, թե՞ այնտեղ իբրև 15-րդ կնշանակի իրավահաջորդին՝ անկախության սերնդի ոսկե երիտասարդության շարքերից: Գուշակեք ինքներդ: ՀՀ նախագահն այնքան թրծված է քաղաքական մարտերում, որ անվտանգ հավասարակշռությունը պահելու մեջ երեք քայլ առաջ է բոլորից: Չստացվե՞ց Վիգեն Սարգսյանին վարչապետ նշանակելը, նշանակեց պաշտպանության նախարար ու կուսակցական էլ կդարձնի՝ հակակշիռ վարչապետին: Եթե հիշում եք՝ Հայաստանում ավանդույթ կա՝ պաշտպանության նախարարը դառնում է վարչապետ: Միայն վերջին պահին Սերժ Սարգսյանը կբացի խաղաքարտերը, երբ խաղն ավարտված կլինի իրականում, թեև շատերը չեն զգա ու չեն հասկանա, որ խաղից դուրս են մնացել: Դա էլ է ավանդույթ: Ցավոտ, բայց արդյունքի տեսակետից արդյունավետ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. 15-րդ վարչապետը կարող է լինել բոլորովին այլ թեկնածու: Դա կարող է լինել գործող իշխանության անակնկալը: Բայց կարող է լինել և ընդդիմության անակնկալը: Իրական ընդդիմությունը Հայաստանում ունի այնպիսի առավելություն, որին կերազեր ամբողջ աշխարհի ամբողջ ընդդիմությունը՝ նրա հետ է ժողովուրդը: Ընտրողին անհնար է խաղից դուրս դնել՝ անգամ խճճված Ընտրական օրենսգրքով: Դա բարդ, բայց ոչ անհնար պատմություն է: Մինչ այդ իշխանությունը կփորձի անակնկալներ մատուցել ոչ միայն թեկնածուների, այլև կուսակցությունների ու դաշինքների տեսքով: Նրանք քաղաքական անմեղության այնպիսի կանխավարկածներ կառաջարկեն, որ մեղսագրելը մեղք դառնա: Օրինակ՝ կստեղծեն «Միասնություն» համազգային շարժում: Կխոսեն իշխանության և ընդդիմության վստահության դեֆիցիտից, կուսակցական, քաղաքական աղճատված դաշտից ու կհայտարարեն, որ անհրաժեշտություն կա վերկուսակցական, ազատ ձևաչափով շարժումների, որ կարող են համախմբել այնպիսի մարդկանց ու ուժերի, որ չեն պատկերացնում իրենց գործունեությունը կուսակցական ձևաչափում, իսկ իրենց նպատակը 25 տարի անց հասարակության մեջ նոր գաղափարներ գեներացնելը, բովանդակային սերնդափոխության հասնելն է: Նրանք կխոսեն բարոյականությունից, մթնոլորտի փոփոխությունից, բայց չեն պատասխանի հարցին՝ բարոյական իրավունք ունե՞ն իրենց անվանել «Միասնություն», ի՞նչն են ինչին միացնում: Ի՞նչ են պաշտպանում, ի՞նչ են կառուցել: Ինչի՞ հիման վրա են հավակնում համաժողովրդականության: Որ ուզում են տեղավորվել Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի ոտնահետքերո՞ւմ: Գագիկ Ծառուկյանի ֆինանսների ու բարերարվածների երախտագիտությա՞ն հաշվին: Չհիշեցնեմ, որ երկրորդ անգամ պատմությունը իբրև ֆարս է կրկնվում, պարզապես հիշեցնեմ, որ թեկուզ անփորձ, բայց խելամիտ որևէ քաղաքական գործիչ կամ ուժ իր կենսագրությունը չէր սկսի Հայաստանի Ազգային հերոսների քաղաքական պատմությունը յուրացնելու փորձով: Մեղմ ասած՝ գողությամբ: Բայց դա վերաբերում է խելամիտներին, ոչ խամաճիկներին: Նույնիսկ երբ պատվեր են կատարում: Դա էլ պիտի խելքով անել:

Դիտվել է՝ 1487

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ