Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Իմ հետաքրքրությունների ծիրում չի տեղավորվում հաշվետար-ցրիչի գործառույթը

Իմ հետաքրքրությունների ծիրում  չի տեղավորվում հաշվետար-ցրիչի գործառույթը
18.11.2016 | 09:07

«Իրատեսի» նախորդ երկու համարում քննարկման թեմա է դարձել Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի նկուղին առնչվող թնջուկը: Բնավ չցանկանալով խորանալ մանրամասների և կնճռոտ հարցերի մեջ, այնուամենայնիվ, ստիպված եմ անել որոշ պարզաբանումներ՝ պարտադրված նախորդիվ հրապարակված նյութերի բովանդակությամբ:


Քանի որ նկուղը տասնյոթ-տասնութ տարի տրամադրված է Երվանդ Մանարյանի ղեկավարած «Ագուլիս» տիկնիկային թատրոնին, և թատրոնը չունի ո՛չ պետռեգիստրի գրանցում, ո՛չ էլ կադաստրի վկայական, բնականաբար, այդ հաստատության փաստաթղթային և ֆինանսական որոշակի պարտավորություններ իրականացվում են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի (ԳԱԹ) իրավասության ներքո, քանզի այդ թանգարանի մասնաճյուղ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանին է պատկանում հիշյալ նկուղը:


Այս հանգամանքի բերումով Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչը կամ աշխատակիցները երբեմն սիրահոժար համաձայնել են «Ագուլիս» թատրոնին առնչվող ինչ-ինչ ձևաթղթեր կամ 2-3 հազար ՀՀ դրամի չափ գումար տանել-հասցնել ԳԱԹ՝ հարգելով Երվանդ Մանարյանի տարիքը և ցանկանալով նրան ազատել Աբովյան 29 (որտեղ գտնվում է Դեմիրճյանի տուն-թանգարանը) հասցեից Արամի 1 (որտեղ գտնվում է ԳԱԹ-ը) հասնելու հոգսից: Իհարկե, գումարը մուտքագրվել է ԳԱԹ հաշվապահություն, իսկ ձևաթղթերը հանձնվել են համապատասխան բաժիններին: Եվ ավելորդ է ասել, որ ես ուրախ կլինեի զերծ մնալ երբեմն-երբեմն ինձ վիճակված և իմ աշխատանքային պարտականությունների հետ որևէ առնչություն չունեցող այդ գործառույթից, եթե Երվանդ Մանարյանի մերձավոր շրջապատում գտնվեր որևէ մեկը, որը կստանձներ այն: Եվ ասեմ, որ դա եղել է ոչ թե ամենամսյա կանոնակարգված գործընթաց, այլ ընդամենը երկու-երեք դեպք: Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև տուն-թանգարանի վարիչն ունի ավելի լուրջ աշխատանքային պարտավորություններ, և նրա անձնական հետաքրքրությունների ծիրում չի տեղավորվում հաշվետար-ցրիչի գործառույթը, ինչպես և չգործող «Ագուլիսի» ռադիոգովազդը լսած և իրենց երեխաների հետ ներկայացման եկած մարդկանց ընդունող-ճանապարհողինը:

Մանավանդ որ այդ մարդկանց հետ հանդիպելով՝ ռադիոգովազդի իսկության հարցում կասկած ունեցողները գուցե փարատեին դրանք: Թեև այս դեպքում էլ, հնարավոր է, մտածեին, որ տուն-թանգարանի վարիչը, թատրոնի դռների բացվելուն անհույս սպասողները, վերջիններիս վրդովմունքին ականատես և ականջալուր՝ տուն-թանգարանի մյուս աշխատակիցները, իրարից անկախ, ասում են միևնույն սուտը, որովհետև բախտ չեն ունեցել մեծանալու «պարկեշտ ու ազնիվ ընտանիքում»:


Եվս մեկ դիտարկում՝ ստի ու ճշմարտության համատեքստում: Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմալուծումից հետո հայաստանցիներս ստացանք նոր նմուշի՝ անկախ Հայաստանի Հանրապետության անձնագրեր: Նույն գործընթացը կիրառվեց նաև մեր երկրի պետական հաստատությունների նկատմամբ: Եվ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տարածքը՝ ներառյալ նկուղը, 2010 թվականին ստացավ նոր նմուշի սեփականության վկայականներ: Բայց սա չի ենթադրում, որ տարածքը տուն-թանգարանին է պատկանում այդ վկայականն ստանալու տարվանից, ինչպես մեր ունեցած անկախհայաստանյան անձնագրերը չեն վկայում, որ մենք՝ ՀՀ բոլոր քաղաքացիներս, 25 տարեկան ենք: Բնականաբար, տուն-թանգարանում և ԳԱԹ-ում պահպանվում են նկուղի խորհրդային շրջանի փաստաթղթի՝ օրդերի պատճենները: Հակառակ պարագայում կարելի էր ուղղակի «պրիմիտիվ» մի հարց տալ. ինչո՞ւ էր հարգարժան Երվանդ Մանարյանը Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանին չպատկանող այդ տարածքում «Ագուլիս» թատրոնի համար տանիք փնտրելու նպատակով դեռևս 1990-ական թվականների վերջին դիմել ԳԱԹ-ի տնօրենությանը: Դերենիկ Դեմիրճյանն այս դեպքում կասեր. «Հարցեր, հարցեր և հարցեր, որոնց պատասխանը շատ պարզ է նրանց համար, ովքեր չեն վախենում տրամաբանությունից»:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ

Հ.Գ. Սա այս թեմայով իմ վերջին հրապարակային խոսքն է. արդեն երկար ժամանակ զերծ եմ մնում Դերենիկ Դեմիրճյանի հիշատակն ու նրա տունը զանազան շահարկումների ենթարկողների հետ բանավիճելուց: Ինձ հոգնեցրել են պոնչիկ թխողները, տուն-թանգարանի առջև աղբ թափողները, ծառ հատողները, կենցաղային գովազդ կախողները, գրողի պղծված շիրմաքարի շուրջ դատարկ աղմկողները, այլք: Ես չեմ ցանկանում այդպիսիների պատճառով իջեցնել իմ հրապարակային (և ոչ միայն հրապարակային) խոսքի նշաձողը:

Դիտվել է՝ 1391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ