Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Սփյուռքի մեջ Հայաստանն ավելի շատ կա, քան Հայաստանի մեջ՝ սփյուռքը»

«Սփյուռքի մեջ Հայաստանն  ավելի շատ կա, քան Հայաստանի մեջ՝ սփյուռքը»
18.11.2016 | 09:15

«Իրատեսի» հյուրը Բեյրութում հրատարակվող «Հայկազեան հայագիտական հանդէս» տարեգրքի պատասխանատու քարտուղար, Հայկազեան համալսարանի դասախոս, Հայկազեան համալսարանի «Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն ԱՆԴՐԱՆԻԿ ՏԱԳԷՍԵԱՆՆ է:

«ԱՆՀԱՏԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՈՒՂՂԱԿԻ Է ԴԱՐՁԵԼ»


-Պարոն Տագէսեան, «Հայկազեան հայագիտական հանդէսում» հոդված-ուսումնասիրություն տպագրելը վճռորոշ քայլ է հայրենիքում թեկնածուական կամ դոկտորական թեզ պաշտպանելու ճանապարհին, սակայն մի պահ այս սկզբունքը կարծես թե չէր գործում: Ինչո՞ւ:
-Այդ մեկ պահը պարզապես թյուրիմացության արդյունք էր: Հիմա նույն սկզբունքը գործում է, և մենք ուրախ ենք այդ առումով: Եվ եթե կուզեք, դա նաև մեր իրավունքն է:
-Եվ արդարացված իրավունք է, քանի որ տարեգիրքը շատ բծախնդրությամբ է ընտրում տպագրվելիք նյութերը: Դա ես գիտեմ նաև իմ անձնական օրինակով: Եթե մարդը կարողացել է գոհացնել «Հայկազեանի» խմբագրակազմին, արդեն բավարար հիմքեր ունի գիտական կոչման հավակնելու համար՝ ըստ իս:
-Մեր խմբագրական կազմի բոլոր անդամներն էլ կարդում են ստացված նյութերը: Առնվազն երեք հոգի կարդում է միևնույն նյութը, չորրորդն էլ հայտնում է ընդհանուր կարծիք: Եվ ես համաձայն եմ, որ ընտրություն կատարելիս բծախնդիր աշխատանք է տարվում: Չունենք պերճանքը շատ բան հրատարակելու. հետևաբար, մեզի տրուած առիթը պիտի ջանանք լավագույն որակով և բծախնդրությամբ օգտագործել:
-Հայկազեան համալսարանում ուսանողական ի՞նչ զանգված է առկա այսօր, ովքե՞ր են այնտեղ կրթություն ստանում:
-Հայկազեան համալսարանում ուսանողական բնակչությունն այսօր շուրջ 700-750 հոգուց է բաղկացած: Նրանց մոտավորապես 40 տոկոսը հայ է, մնացյալները՝ ոչ հայեր: Կան լիբանանցիներ և ոչ լիբանանցիներ, քրիստոնյաներ և ոչ քրիստոնյաներ: Եթե խոսելու լինեմ համալսարանի առաքելության մասին, պիտի ասեմ, որ Հայկազեան համալսարանը լիբանանահայ այն հաստատություններից է, որը ծառայություններ է մատուցում երկրին՝ Լիբանանին. մենք նպաստ և ներդրում ունենք երկրի ընդհանուր կրթական ցանցում: Այդպիսի հաստատությունների թիվը սահմանափակ է Լիբանանում: Եվ դրանց մեջ գոհարի պես մի բան է Հայկազեան համալսարանը:
-Հայաստան-սփյուռք հարաբերությունները խորհրդային տարիներին շատ էին գրաքննվում ժամանակի իշխող գաղափարախոսության հրամայականով: Հետխորհրդային տարիներին ի՞նչ է փոխվել մեր ժողովրդի այս մասնատված հատվածների փոխշփումների համապատկերում:
-Այսօրվա դրությամբ փոփոխություններ կան: Նախ՝ սահմանները բացված են՝ լայն իմաստով: Բայց, դժբախտաբար, սփյուռքյան իրավիճակի մեջ, գոնե իմ՝ բեյրության ակնոցներով նայելիս, նկատել եմ, որ ցենզուրայի ինչ-որ տարբերակ գործել է նաև անկախության տարիներին: Բեյրութահայ երիտասարդը Հայաստանի հետ միջնորդավորված կապով էր կապված: Գոնե տասը տարի առաջ այդպես էր: Եթե նա ցանկանար Հայաստան գալ, պիտի գար համապատասխան կազմակերպության միջոցով: Նա վարժ չէր ինքնուրույն որոշելու, ելումուտ անելու Հայաստան, այստեղ կամավորական ինչ-որ աշխատանքով զբաղվելու: Հիմա դա սկսել է փոխվել. հայ երիտասարդն ինքնաբուխ կարող է ոտքի ելնել և գալ Երևան՝ իր կամավորական աշխատանքը կատարելու: Այսինքն՝ իր՝ անհատի հարաբերությունը Հայաստանի հետ ուղղակի է դարձել, մի բան, որ շա՜տ կարևոր է: Կապի այդ միջնորդավորությունն այժմ շեշտակիորեն նվազել է:
-Իսկ շա՞տ են այդպիսի երիտասարդները Բեյրութում, որոնք ցանկանում են գալ և ինչ-որ օգտակար բան անել հայրենիքում:
-Այո՛, նրանց թիվը բավական մեծ է: Նրանք պատրաստ են կամավոր աշխատանք կատարելու հայրենիքում: Եթե ամառային ինչ-որ ծրագրեր գործեն, բեյրութահայ երիտասարդներից շատերը կգան այստեղ ծառայելու, օգտակար դառնալու, իրենց նպաստը բերելու այս երկրին: Այս երկիր ասելով՝ ես նկատի ունեմ, անշուշտ, նաև Արցախը: Թերևս, պետք է լուսարձակի տակ առնել այն կարելիությունները, որոնց ի զորու են նպաստ բերելու սփյուռքի երիտասարդները: Այդ բաները պետք է լուսաբանել և առավել լայնածիր դարձնել լրատվության միջոցով: Եթե սփյուռքահայ երիտասարդները գան Հայաստան, ուրիշ տեսակի համ ու հոտ կտան երկրին: Հայաստանաբնակները կճանաչեն Միջին Արևելքի սփյուռքի հայերին, սփյուռքահայերն էլ՝ հայաստանցիներին: Հայաստանցիների կարծիքը սփյուռքահայերի մասին միագիծ է կարծես: Բայց սփյուռքը միագիծ չէ, միանշանակ չէ: Բազմաթիվ երանգներ կան այնտեղ: Հայաստանցին հնարավորություն կունենա շփվելու սփյուռքի տարբեր շերտերի հետ՝ ոչ անպայման վերջնական եզրակացություն կազմելու համար, պարզապես որոշ չափով ճանաչելու նրանց մեջ եղած տարբերությունները: Իսկ սա փոխադարձ օգտակարություն կունենա թե՛ ներսի, թե՛ դրսի հայերի համար:


«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՄԵՋ ՉԷ»


-Ձեր որդին ևս լինում է Հայաստանում: Ի՞նչ առաքելություն է իրականացնում նա:
-Նա կամավորական աշխատանքի էր եկել Հայաստան, մնաց այստեղ ութսուն օր: Եվ դա նրա հոգու, մտքի, տեսադաշտի և մտածելակերպի վրա խոշոր ազդեցություն թողեց: Նա մի շրջան Գյումրիում՝ հայ կաթողիկե համայնքի մեջ իրականացրեց իր մարդասիրական ծառայությունը: Եվ շատ գոհ ու բավարարված վերադարձավ այստեղից: Այս շփումները նաև լեզվական հարցերի առումով են կարևոր: Հայաստանում արևելահայերեն են խոսում, Լիբանանում՝ արևմտահայերեն: Եվ այս ճեղքվածքը խորանում է, երբ պակաս են լինում շփումները: Իսկ դա մտահոգիչ պիտի լինի բոլորիս համար: Մենք պիտի աշխատենք այդ ճեղքվածքը չմեծացնելու, կասեցնելու ուղղությամբ:
-Այսինքն՝ մենք պիտի շատ լսենք մեկմեկու խոսվածքը, որպեսզի միմյանց լեզուն չհասկանալու վտանգը փոքրանա՞:
-Այո՛, այո: ՈՒրիշ կերպ էլ ներկայացնեմ խնդիրը: Եթե նայում ենք այսօրվա հայաստանյան թերթերը, սփյուռքի մասին շատ քիչ բան ենք գտնում դրանցում: Իսկ Բեյրութի հայկական թերթերը նայելիս կտեսնեք, որ դրանցում անպայմանորեն Հայաստանը կա: Ցանկացած թերթում ավելի քան մեկ լուր կգտնեք հայաստանյան կյանքից: Այլ խոսքով՝ սփյուռքի մեջ Հայաստանն ավելի շատ կա, քան Հայաստանի մեջ՝ սփյուռքը: Մի բան, որ կարծում եմ, ճիշտ չէ: Չեմ ասում, թե հավասարաչափ պիտի լինեն նրանք այստեղի և այնտեղի մամուլում, բայց համենայն դեպս հայաստանցին պետք է իմանա, որ հայկական աշխարհը միայն Հայաստանի սահմանների մեջ չէ՝ ներառյալ Արցախը: Կան նաև Ջավախքը, ամբողջ սփյուռքը: Մենք բոլորս մեկ ենք: Այսպես պիտի մտածենք, այս ուղղությամբ պիտի աշխատենք, որ կարողանանք 21-րդ դարը հաղթահարել:

«ՉԵՆՔ ՈՒԾԱՆՈՒՄ, ՄԵՐ ՄԻՋԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՐ ՓՈԽՎՈՒՄ Է»


-Սփյուռքի ուծացման հիմնախնդիրը բարձրաձայնվում է ամեն առիթով: Բեյրութը, լինելով հայկական ամենամեծ և ամուր գաղթավայրերից մեկը, այնուամենայնիվ, իր վրա զգո՞ւմ է այդ ուծացման շեշտադրումները:
-Ես սփյուռքի ուծացման գաղափարը լավ չեմ ըմբռնում: Փորձեմ միտքս պարզաբանել: Սփյուռքի ուծացում, որպես այդպիսին, չկա: Ես հիսունվեց տարեկան եմ: Որևէ մեկը կարո՞ղ է պնդել, ես տասնչորս տարեկանում նույն հայն էի, ինչ հիմա: Իհարկե՝ ոչ: Հայն իմ մեջ փոխվում է: Ես կամ սփյուռքի մեկ այլ հայ չենք ուծանում, մեր միջի հայկական ինքնությունն է, որ փոխվում է: Բարեփոխվում է: Լավ, թե վատ, միևնույն է, բարեփոխվում է: ՈՒծացումը, թերևս, ճիշտ բառը չէ: Գուցե թե այլափոխում կարելի է կոչել այն, ինչ կատարվում է սփյուռքում: Եթե լեզվական առումով նահանջ կա դրսի հայերի շրջանում (և հստակորեն այս նահանջը կա), փոխարենը հիմա Հայաստանն ավելի խոշոր ներկայություն է սփյուռքում: Եվ այս հանգամանքը կարելի է շատ շահեկանորեն օգտագործել: Տեսեք. եթե ես տանը ճաշ չունեմ պատրաստած, կարող եմ ձիթապտղով, պանրով հաց հրամցնել՝ ավանդական հայկական ճաշի փոխարեն: ՈՒզում եմ ասել, որ եթե լեզվական դժվարություններ կան, կարելի է այդ դժվարությունները շրջանցել ու մեղմել այլ միջոցներով: Այլ կերպ կարելի է եղած բացը փոխհատուցել: Ինձ չի թվում, թե լեզվի շուրջ եղած կռիվը հաջող կռիվ է: Մենք պետք է այդ հարցն այլ կերպ դիտարկենք և լուծենք:
-Ստացվում է, որ լեզվի հետ կապված խնդիրները դատապարտված են անլուծելիությա՞ն՝ ըստ Ձեզ: Մենք անդառնալիորեն կորցնո՞ւմ ենք միմյանց հետ նույն լեզվով խոսելու հեռանկարը:
-Եթե իրատես լինեմ, պիտի ասեմ, որ շատ դժվար կացության մեջ է մեր լեզուն. նկատի ունեմ արևմտահայերենը: Այն մեզ համար շատ սիրելի լեզու է, մեր հոգին է, մեր ոգին է: Բայց պետք է իրատես լինել: Ես այն կարծիքին չեմ, թե արևմտահայերենն այսօր կամ վաղն իսկ կվերանա: Իհարկե, այն տկարանում է, հարվածվում է. արդեն իսկ ՄԱԿ-ն արևմտահայերենը դասեց աշխարհի վտանգված լեզուների շարքին: Բայց պետք է հստակ գիտակցել, որ լեզուն ազգային ինքնության միակ չափանիշը չէ և անպայմանություն չէ: Հայաստանն ահռելի մեծ դեր է կատարում սփյուռքահայության ինքնության պահպանման ուղղությամբ: Երբ սփյուռքահայը գալիս է Հայաստան, տեսնում այստեղ կատարվող հսկայական փոփոխությունները, զարգացումները, հայկական կյանքը, նույնիսկ եթե ինքը հայերեն չգիտի, իր վրա այս ամենը մեծ ազդեցություն է թողնում: Սա շատ կարևոր է: Կարելի է ինչ-որ այլընտրանքային ձևերով փոխհատուցել այն, ինչը մեր մեջ սկսել է կորչել կամ տկարանալ համաշխարհայնացման այս գործընթացի հետևանքով: Իհարկե, սա չի նշանակում, թե մենք պիտի ձեռքներս ծալած նստենք ու սպասենք, թե երբ ենք կորցնելու մեր ինքնության այս կամ այն մասնիկը: Ընդհակառակը, պետք է ճիգեր անել և փորձել փրկել հնարավորը: Օրինակ՝ շատ անհրաժեշտ է օգտագործել համացանցի հնարավորությունները, արևմտահայերենն այս դաշտ ներմուծելու քայլեր կատարել: Սա մեծապես կնպաստի արևմտահայերենի պահպանմանը: Կարելի է նաև գրական արևմտահայերենի և գրական արևելահայերենի մերձեցման ուղղությամբ աշխատանքներ տանել: Դասական ուղղագրությանը վերադառնալը, թերևս, առաջին կարևոր քայլը կարող է լինել մեր լեզվի երկու ճյուղերն իրար հետ առավել փոխգործակցության մեջ դնելու իմաստով: Թեև, մյուս կողմից, պիտի ասեմ, որ լեզուն միջավայրի հետևանք է: Սփյուռքյան և հայաստանյան միջավայրերը տարբեր են: Հետևաբար, լեզուներն էլ տարբեր կերպ պիտի զարգանան: Սա բնական է: Բայց էլի եմ ասում՝ կարելի է ճիգեր գործադրել, որ այս լեզուներն իրարից շատ չհեռանան:
-Դուք այն կարծիքին եք, որ տնտեսական անկումային մեր իրավիճակի պարագայում Հայաստանի վերելքի, զարգացման ընթացքը պետք է ցուցադրել գրականության, մշակույթի, գիտության ասպարեզներում առկա գործընթացների միջոցով, այնպես չէ՞:
-Այո՛: Ես կարծում եմ, որ հայապահպանության խոշորագույն գործոնը Հայաստանի հրապուրչությունն է: Եթե անվերջ մենք ելնենք-խոսենք, թե Հայաստանը տապալվում է, Հայաստանը տնտեսական քաոսի մեջ է, Հայաստանը քաղաքական ճգնաժամ է ապրում, Հայաստանն ամեն ոլորտում նահանջում է, սրանով կկորցնենք և այն լավը, որ կա Հայաստանի մեջ: Ինչո՞ւ է երիտասարդությունը երկրպագում «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային թիմին, արևմտյան այս կամ այն երևույթով տարվում, որովհետև դրանք փայլուն վիճակում են, հրապուրիչ, գրավիչ: Է՜, եկեք Հայաստանի մասին էլ այնպես խոսենք, որ մարդիկ իմանան այստեղ եղած լավի մասին: Եվ դրա հիմքերը կան, որովհետև Հայաստանի պարագայում գավաթը բոլորովին դատարկ չէ, մեջը լեցուն հատված կա: Եկեք այդ հատվածին տանք իր արժեքը, բարձրաձայնենք այդ մասին, լուսարձակները սևեռենք դրա վրա՝ առանց անտեսելու բաժակի դատարկ բաժինը: Եվ աշխատենք, որ այդ դատարկությունն էլ լցվի: Որովհետև, ի վերջո, Հայաստանը պետք է հրապուրիչ դառնա, որ սփյուռքահայերի զավակները ձգտեն դեպի Հայաստան: Հայաստանի մագնիսականությունը նաև այսօրվա իր ունեցած լավ բաների մեջ է, միայն անցյալի մեջ չէ: Այս առումով բավական բան ունի անելու Հայաստանը: Եվ մենք՝ բեյրութահայերս, նույնպես շատ անելիք ունենք: Ո՞վ ասաց, թե մենք լավ կացության մեջ ենք: Բացարձակապես՝ ո՛չ: Բայց մենք էլ մեր ունեցած դրական բաներն ենք ուզում տեսնել և դրանց վրա հիմնվելով՝ գնալ դեպի զարգացում: Թե չէ Բեյրութի վիճակն էլ փայլուն չէ: Բեյրութի անցյալը շատ ավելի փայլուն էր, քան այսօրը: Բայց մենք մեր այսօրվա դրական բաներն ենք տեսնում և դրանց վրա զարգացնում մեր գալիք օրերը: Սա շա՜տ շատ կարևոր է: Սփյուռքի հայապահպանության կարևորագույն գործոնը Հայաստանի դրական մագնիսականությունն է, հրապուրչությունը: Ոչ՝ կեղծ, ոչ՝ հորինված գրավչությունը, այլ իրականությունները: Իսկ իրականությունն իսկապես գեղեցիկ է: Պետք չէ հուսահատվել, հուսաբեկվել, առավել ևս՝ հուսախաբվել: Կյանքն այստեղ հայկականորեն ընթանում է: Սա պետք է տեսնել: Իրատես պետք է լինել թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: Սփյուռքն էլ, Հայաստանն էլ իրարից հուսախաբված են հիմա, որովհետև երկուսս էլ իրապաշտ չէինք: Պիտի ապավինենք իրապաշտությանն ու հասկանանք, որ մեր կեսերն իրարով կարող ենք լրացնել և այդպիսով միմյանց օգտակար լինել ու դուրս գալ այս վիճակից: Թե՛ սփյուռքը, թե՛ Հայաստանը սահմանափակ հնարավորություններ և ուժ ունեն: Մեր սահմանափակ հնարավորությունների մեկտեղումով, համատեղ օգտագործմամբ մենք նվազ սահմանափակ ուժ և հնարավորություն կունենանք: Ժամանակները տագնապային են համաշխարհային առումով. մենք պետք է շատ խոհեմ, իմաստուն, հեռահար, հեռատես, ստեղծագործ և ոչ ավանդական քայլերի, միջոցների դիմենք՝ առավելագույն շահով դուրս գալու համար 21-րդ դարի տագնապալի անցումային այս հանգրվանից:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1640

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ