Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

1905, Բաքու

1905, Բաքու
18.11.2016 | 09:19

(սկիզբը` այստեղ)

ԱՄՓՈՓՈՒՄ


Եթե ամփոփելու լինենք 1905 թ. փետրվարի 6-9-ին Բաքվում տեղի ունեցած հայ ադրբեջանական (այսուհետ կօգտագործեմ ադրբեջանցի եզրը` խնդրի արդիականությունը հասու դարձնելու համար) առաջին զանգվածային զինված ընդհարման հետևանքները, ապա կտեսնենք հակասական պատկեր: Թիֆլիսի «Մշակ» օրաթերթը համարից համար տպագրեց 177 հայ զոհերի բացարձակապես ճշգրիտ մի ցուցակ, որտեղ նշված էին զոհի ծննդավայրը, տարիքը, զբաղմունքը: Սակայն Թիֆլիսում գտնվող գրաքննչական մարմինը արգելանք դրեց` կրքերը, իբր, ավելի չբորբոքելու պատճառաբանությամբ: Թերթը փորձեց հակառակվել, թե` մենք հրահրելու միտք չունենք, մենք ընդամենը պատկերն ենք արտացոլում, ու երևույթը հարկ է լուսաբանել` կրկնություն թույլ չտալու համար, բայց փաստարկները չօգնեցին, և «Մշակը», ցավոք, դադարեցրեց ցանկի հրապարակումը: (ՈՒշագրավ է, որ ադրբեջանցի անգրագետ փողվոր, պարզ նավթարդյունահանումից տեքստիլ արդյունաբերության և Կասպից ծովում նավագնացության բիզնեսի անցած Հաջի Զեյնալ-Աբդին Թաղիևի ֆինանսավորմամբ և տխրահռչակ Թոփչիբաշևի խմբագրմամբ Բաքվում լույս տեսնող «Կասպիյ» թերթը իրենց զոհերի մասին որևէ տեղեկություն չհրապարակեց): Հետո զանազան աղբյուրներում երևան եկան տարբեր թվաքանակներ` 205, 250 և այլն:


Ո՞րն էր թվաքանակների հակասականության պատճառը: Նախ, դա ձեռնտու էր ցարական իշխանությանը` օրինական պատասխանատուին: Ինչքան քիչ խոսվեր զոհերի, վիրավորների, ահռելի նյութական կորստի մասին, այնքան հեշտ կլիներ ծածկադմփոց անել:
Ձեռնտու չէր նաև ադրբեջանցներին. թասիբի հարց էր` փոքրաթիվ հայերն իրենց ջարդը տվել էին:


Ձեռնտու էր մեզ: Իրական պատկերը վեր հանելով` մենք ցույց կտայինք, որ պաշտպանվել ենք: Սակայն կային օբյեկտիվ խոչընդոտներ: Ապրուստ վաստակելու մղումով Անդրկովկասի տարբեր անկյուններից Բաքու գաղթը կատարվում էր ինչպես մեր օրերի արտագաղթը: Սկզբում գալիս էր տան տղամարդը, փող աշխատում, ապա բերում ընտանիքը` կապերն աստիճանաբար խզելով ծննդավայրի ու հարազատների հետ: Եվ երբ այդ ընտանիքն ամբողջ կազմով կոտորվում էր, տիրություն անող չկար:


Այդուհանդերձ, ըստ պաշտոնական տվյալների, երեք օրվա ընթացքում սպանվել էին 224 հայ (իմ կողմից ավելացնեմ` 13 ամսական երեխայից սկսած), 41 ադրբեջանցի և 4 ռուս, վիրավորվել` 95 հայ, 87 ադրբեջանցի, 38 այլազգի։ Հրկիզվել էր 4 տուն, թալանվել 176 առևտրական հաստատություն, արհեստանոց ու մասնավոր բնակարան, որից 136-ը պատկանում էր հայերին, 30-ը՝ ադրբեջանցիներին, մնացյալը՝ այլ ազգությունների։
Բաքվի փետրվարյան ընդհարումը, սակայն, ձեռք բերեց շարունակական բնույթ, ընդ որում` ամեն անգամ նախահարձակ եղան ադրբեջանցիները:


Այսպես, փետրվարի 20-ին, մայիսի 23-25-ին, սեպտեմբերի 18-ին ընդհարումներ տեղի ունեցան Երևանում, մայիսի 10-ին` Նախիջևանում, ապա` գավառներում (ինչի պատճառով 15 հայկական գյուղեր հիմնովին ավերվեցին, 10-ը` կիսավերվեց, իսկ 19 գյուղ կորցրեց ունեցվածքի զգալի մասը), օգոստոսի 16-30-ին` Շուշիում, նոյեմբերի 18-23-ին` Գանձակում, նոյեմբերի 22-28-ին` Թիֆլիսում: Բախումները շարունակվեցին նաև 1906 թվականին. Երևանում` մայիսի 27-ին և հունիսի 8-9-ին, Շուշիում` հուլիսի 12-22-ին, կրկին Բաքվում` օգոստոսի 20-25-ին (ադրբեջանցիները հրկիզեցին 1894 նավթահոր, և կառավարությունը 20 մլն ռ. վարկ տրամադրեց կորուստը վերականգնելու համար):


Բախումների հանրագումարը հետևյալ տեսքն ուներ. մոտավոր տվյալներով` հայերը քաղաքներում տվեցին 400-ից ավելի սպանված, ադրբեջանցիները` 300-ից ոչ պակաս, գյուղական բնակավայրերում զոհվեց 1100 հայ, 1300 ադրբեջանցի: Սակայն քանի որ հայությունն ավելի ունևոր էր, նրա նյութական կորուստն անհամեմատ մեծ էր` ավելի քան 43 մլն ռուբլի:

Տարերայի՞ն էր, արդյոք, Բաքվի առաջին ջարդը: Ամենևին, ծրագրված, նախապատրաստված էր, և դրա ապացույցներն առկա են:


Նախ, հայերի հետ լավ հարաբերություններ ունեցող որոշ ադրբեջանցիներ վաղօրոք զգուշացնում էին երկու օր տնից դուրս չգալ, բայց ոչ ոք չհավատաց:
Հիշո՞ւմ եք Բաքվի ոստիկանապետ կապիտան Դեմյանովսկին ինչ էր գրում` փետրվարի 7-ի առավոտից «քաղաքի փողոցներ լցվեց մուսուլմանների հազարների հասնող ամբոխը»: Փետրվարի 6-ին սպանված լկտի Բալա-աղա Բաբաևը Սաբունչիի բնակիչ էր: Սաբունչին Սև քաղաքում` նավթարդյունաբերական շրջանում, ընդարձակ տարածք էր, և այդտեղից Սպիտակ քաղաք` բուն Բաքու, գալիս էին գնացքով: (Ընդհարման օրերին ջարդարարների մի զանգված Սաբունչիից ժամանեց Բաքվի կայարան, բայց հայերի դիրքավորված փոքրաթիվ ուժերը կրակ բացեցին և ստիպեցին գնացք նստել ու հեռանալ): Հարց է ծագում` ոմն սաբունչեցու համար ինչո՞ւ փողոցներ լցվեց «հազարների հասնող ամբոխը»:
Հիշո՞ւմ եք ինչ էր վկայում ադրբեջանցի ջարդարարը. «Շրջակա գյուղեր ձիավորներ ուղարկվեցին, որպեսզի առաջարկեն անհապաղ քաղաք գալ: Արդեն փետրվարի 8-ի կեսօրին մոտ քաղաքի թուրքական մասի այսուայն տեղերում երևան եկան «բերդան» հրացաններով, ատրճանակներով ու խանչալներով զինված գյուղացիներ»: Ոմն սաբունչեցու համար շրջակայքի գյուղացիներն ինչո՞ւ պիտի Բաքու լցվեին, եթե չունենային անարգել սպանելու ու թալանելու երաշխիքներ: Պարզ էր, որ Բալա-աղայի սպանությունը պատրվակ էր, նախօրոք մշակված ծրագրի բաղադրյալ:


Բաքվի քաղաքագլխի ժամանակավոր պաշտոնակատարն էր շտաբս-կապիտան Քյամիլ-բեկ Սաֆարալիևը: Արդյո՞ք նրա ուղղակի ցուցումով և նահանգապետ Նակաշիձեի համաձայնությամբ չէր Կրասնովոդսկայա (Սամեդ Վուրղունի) փողոցի վրա, «Դվորցովայա» հյուրանոցի դիմաց ոմն ադրբեջանցի մանրավաճառ բացեիբաց իր ցեղակիցներին զենք ու փամփուշտներ բաժանում:


Ըստ պաշտոնական տվյալների, Բաքվում կար 1223 ռուսական զինվոր ու կազակ, ինչո՞ւ նրանց հրաման չտրվեց կանխելու ջարդը: Խնդիրը միայն Նակաշիձեն չէր, նա ընդամենը գործիք էր: Խնդիրը ցարական իշխանության վերնախավի վարած քաղաքականությունն էր:

Մեր պատմագրության մեջ ընդունված հիմնադրույթն այն է, թե 1905 թ. ընդհարման մեղավորն ու պատասխանատուն ցարական իշխանությունն էր: Դա ճիշտ է, բայց` մասամբ: Դա խորհրդային ժամանակներից եկած դրույթ է, որովհետև ԽՍՀՄ ժողովուրդների «համերաշխ ընտանիքում», «բարեկամության», «ինտերնացիոնալիզմի» պայմաններում այլ մեղավոր չէր կարող լինել: Այնինչ դրանով իսպառ վերացվեց ադրբեջանական գործոնը:
Ռուսական կայսրությունը պատերազմի մեջ էր Ճապոնիայի հետ, 1905 թ. հունվարի 9-ին Պետերբուրգում գնդակահարվեց բանվորների ցույցը, ինչը հանգեցրեց հեղափոխության, և, բնականաբար, իշխանությանն ամենևին պետք չէր Բաքվում ազգամիջյան արյունալի բախման նոր օջախի երևան գալը: Սակայն իներցիայի ուժով սկսեց գործել մի մեխանիզմ, որ տասնամյակներ շարունակ նախապատրաստել էր իշխանությունն ինքը: Այդ մեխանիզմի անվանումն էր հակահայկականություն:


Երբ 1801-1828 թթ. Ռուսաստանը նվաճեց Անդրկովկասը, ստեղծեց Թիֆլիսի, Բաքվի, Ելիզավետպոլի ու Երևանի նահանգները, տեղի այլազան ժողովուրդներն ազատագրվեցին թուրք-պարսկական լծից և հայտնվեցին ռուսական լծի տակ: Բայց այս լուծն անհամեմատ քաղաքակիրթ էր, ուներ առաջադիմական օրենսդրական դաշտ և յուրաքանչյուրին հավասար հնարավորություններ էր ընձեռում իր վիթխարի տարածքում որոշակիորեն զարգանալու և բարգավաճելու: Հենց այս պայմաններում արևելահայությունը դրսևորեց իր լավագույն ստեղծարար հատկություններն ու գերիշխող դիրք գրավեց հատկապես տնտեսական ասպարեզում: Տնտեսական ձեռքբերումների, դրանից բխող մշակութային վերելքի շնորհիվ մինչ այդ «օգտակար տարր» համարվող հայությունն սկսեց ի ցույց դնել ազգային գերազանցության հատկանիշներ, իրենից կախյալ վիճակում դնել մյուսներին, իսկ դա չէր կարող չանհանգստացնել ռուսական իշխանությանը:


Թուրքմենչայի պայմանագրից ընդամենը վեց տարի անց` 1834-ին, ռազմական պատմաբան, կոմս Պ. Պ. Զուբովը գրեց. «Այդուհանդերձ, ժողովրդի ոգին (նկատի ունի մեր ժողովրդին - Խ.Դ.) արևելյան տիրակալների դաժան բռնատիրության պատճառով ստրկական դրության այսքան հարյուրամյակների ընթացքում չէր կարող չփոխվել։ Այստեղից բխում են այն կասկածամտությունը, շահամոլությունը և անձնական շահի ձգտումը, որոնք հայերի առանձնահատկություններն են և կշտամբանքի առիթ են տալիս մյուս ժողովուրդներին։ Թուրքերը, պարսիկները և նույնիսկ վրացիներն իրենք առհասարակ հայերին չեն սիրում, բայց առանց նրանց յոլա գնալ չեն կարողանում։ Բոլոր այն պաշտոնները, որոնք կարիք ունեն լավագիտակ, շրջահայաց, համբերատար ու գործուն մարդկանց, զբաղեցրել են հայերը, որոնք կարողանում են հեռատեսորեն գործել հօգուտ իրենց, չնայած արտաքնապես ցույց են տալիս, թե կատարում են իրենց տերերի կանխագծումները։ Արհեստների, առևտրի, դիվանագիտական բանակցությունների թուրքական ու պարսկական բոլոր ասպարեզները գտնվում են հայերի ձեռքում, որոնք հարկ եղած դեպքում արտաքնապես խեղճ կեցվածք են ընդունում, որպեսզի խուսափեն հարկերից ու ճնշումներից, բայց գաղտնաբար գործողության մեջ են դնում նուրբ քաղաքականության ու հարստության զսպանակները»։


Ակնհայտ չափազանցումներով լի, միտումնային այս տեսակետը հետագայում նոր թափ առավ:
1883 թ. Մոսկվայից Անդրկովկաս ժամանեց մանուֆակտուրիստ Տիմոֆեյ Մորոզովի հանձնակատար, վաճառական Ա. Մակարովը՝ նպատակ ունենալով ուսումնասիրելու առևտրի վիճակը, որպեսզի իր տերը մուտք գործի շուկա։ Այցելեց Թիֆլիս, Երևան, Բաքու և այն, ինչ տեսավ, նրան ուղղակի հուսալքության հասցրեց՝ Անդրկովկասի առևտուրն ու արդյունաբերությունը, այդ թվում և նավթարդյունաբերությունը, գտնվում էին հայերի ձեռքում, և այդ բնագավառներ մուտք գործելու Մորոզովի ցանկությունը աղետալի հետևանքներ կարող էր ունենալ: Մակարովն իր հաշվետվությունում գրում է. «Ընդհանուր եզրակացությունը, որին հանգել եմ ուշադրությամբ խորամուխ լինելով Անդրկովկասի իրավիճակի մեջ, իմ խորին համոզմամբ այն է, որ բնական պաշարներով հարստագույն այդ երկրամասը գտնվում է խիստ ոչ շահավետ տնտեսական պայմաններում, որովհետև երկրամասի ամբողջ արտադրողականությունը շահագործվում է հայերի կողմից, որոնք իրենց ձեռքն են վերցրել համարյա ամբողջ առևտուրը և ներկայումս ձգտում են նաև քաղաքական տիրապետության՝ աշխատելով երկրամասում ձեռք բերել վարչական պաշտոններ։ Այնինչ հազիվ թե կարելի է հույս տածել, թե նրանք հարկ եղածին պես կծառայեն ռուսական ազգային շահերին: Կազմելով քաղաքային բնակչության կորիզը և իրենց ձեռքում պահելով ամբողջ առևտուրը, նույնիսկ ավելին կասեմ՝ երկրամասի ամբողջ տնտեսական ճակատագիրը՝ հայերը նախանձախնդրորեն պաշտպանում են իրենց դիրքերը` աշխատելով հնարավորինս ամրապնդել ներկա իրադրությունը:


Հայ փողատերը Անդրկովկասի համար նույնն է, ինչ հրեա միկիտանը արևմտյան նահանգներում. տարբերությունը լոկ այն է, որ միկիտանի կողմից թալանված գյուղացին իրեն հարբեցողության է տալիս, իսկ հայի կողմից թալանված թաթարը դառնում է ավազակ»։
Իսկ թաթար-ադրբեջանցիներին նա այսպես է բնութագրում. «Այդ բնակչությունը, ցեղական պայմաններից ելնելով վարելով կիսանստակյաց, կիսաքոչվոր ապրելակերպ, շահավետ է համարում ոչխար պահելը...»:


Առաջին հայացքից որքան էլ մասնավոր, այդուհանդերձ, նման կարծիքները ձևավորեցին մի մոտեցում, որը ռուսական իշխանությունը, որպես քաղաքականություն, որդեգրեց հայերի նկատմամբ։ Այն օգտակար տարրը, որն սկզբնական շրջանում խրախուսելի դերակատարություն ուներ, վերածվել էր ինքնուրույն գործոնի և, պարզվում է, ուղղակիորեն խոչընդոտում էր ռուսական ազգային շահերին։
Սակայն մեզ համար հետաքրքիր է մեկ այլ հարց` ինչո՞վ պիտի զբաղվեր աշխատել չսիրող, աշխատելու անընդունակ, կիսանստակյաց, կիսաքոչվոր ապրելակերպ ունեցող, ոչխար պահել նախընտրող ադրբեջանցին: Միայն մեկ բանով` կուտակեր նախանձ, չարություն, ատելություն և աչքը տնկեր ուրիշի աշխատանքի արդյունքին: Ահա սա՛ էր ադրբեջանցու էությունը, սա՛ էր նրա ավազակաբարոյության հիմնական պատճառը:
(շարունակելի)


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2843

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ