Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ատի՛ր ընչազուրկ մերձավորիդ» (նախերգանք-ցուգցվանգ)

«Ատի՛ր ընչազուրկ մերձավորիդ» (նախերգանք-ցուգցվանգ)
18.11.2016 | 09:22

Վերջերս ինձ մի բիրտ միտք է ցնցահարում-կացնահարում։ Ես էլ հարվում եմ հնամենի խնոցու պես։ Իսկ միտքը բիրտ ահա սա է՝ ի՞նչ նյութից են արդյոք ձուլված մեր փառացունց վերնադասի սիրտն ու հոգին։ Նրանք գիտե՞ն ինչ է գութը։ Կասկածում եմ։ Անշուշտ, դուք էլ կասկած ունեք։ Եվ չուշացավ բոթն ահարկու, քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն աշխարհում ընդունած երկրի պետայրերն ու տիկնայք պետայր, քինոտ ոխով խարխլում են պատվիրանը՝ «Սիրի՛ր մերձավորիդ»։

(Գութը, առհասարակ, նրանց համար համարժեք է պաղպաղակին, որը հալչում է արևի տակ, կամ էլ գուցե, քամուց քշված մոխրակույտին)։ Արդ, ինչպես են նրանք սիրում իրենց սնող, շահող և պահող մերձավորներին, այն է՝ հայ ժողովրդին։

ՈՒՂԵՂԱՅԻՆ ԱՀԱՐԿՈՒ ՃՈՂՎԱԾՔ
(հուզախռով է փչում այգաբացի հողմը)


Վաստակաշատ շինարար Լևոն Միքայելյանի (անուն-ազգանունը փոխված են) ոդիսականը դաժանորեն ընդհանրական է ողջ հանրապետության համար։ Հանրապետության շինհրապարակներում աշխատել է դեռ պատանի հասակից, ճիշտ 50 տարի, ամբողջ մի կյանք։ Շինարարը Հայաստանում լավ էր վաստակում։ Շատերի պես հարգարժան Լևոնը գումար է խնայում. 10 հազար խորհրդային ռուբլի՝ բազում տարիների տքնաջան աշխատանքի արգասիքը։ Շատերի նման նրան էլ չի հաջողվում վայելել սեփական օրինական վաստակը, խորհրդային կարգերին փոխարինեցին ազատ, անկախ, նաև ժողովրդավարական կարգերը, երկիրն ուներ իր դրամը, որը գահավիժում էր վար հեղափոխական մոլեռանդությամբ։ Երկար տարիներ անց հանրապետության կառավարությունը, ինչպես խորհրդային նշանավոր կարգախոսն էր պատգամում, ընդառաջելով աշխատավորության ցանկությանը, այնուամենայնիվ որոշեց փոխհատուցել ավանդները։ Փոխհատուցում են... Լևոն Միքայելյանի 10 հազար ռուբլին երկա՜ր և տքնաջան հաշվարկներից հետո վերածվում է 235 հազար դրամի, այսինքն՝ արժեզրկվում է հարյուրապատիկ։ Սա մեր իշխանակառավարական վերնադասի ժողովրդավարության առաջին արարն է։ Նրանց գլխավոր նպատակը հնարավորինս սակավաթիվ մարդկանց վճարելն է։ (Այստեղ խոսք անգամ չկա հասարակության առջև որևէ պատասխանատվություն ստանձնելու մասին, բյուջեում փող չկա և վե՛րջ, բավարարվեք ձեզ առաջարկվող գումարային թերմացքով)։ Ընդ որում՝ ավանդների փոխհատուցումը կատարվում է հարկադրական եղանակներով, օսլայաօձիք- օսլայամիտ և մազերը սղալած բյուրոկրատիան մշակել է քինոտ մի համակարգ, որն ստորացնում է պարտատիրոջը, հարյուրի դիմաց վճարել մեկը, այն էլ քոնթի գալով, ստիպելով շատերին թքել այս ամենի վրա և մոռանալ ավանդների մասին։ Մոռանալ, այո՛, քանի որ համակարգն իր վճարման հանգուցակետերում ականներ է տեղադրել, որ ստանաս հարյուրապատիկ գահավիժած գումարը, պետք է նախ ապահովես անապահովությանդ երաշխիքները, այսինքն՝ պետք է որ ապրես սնանկ ու տնանկ, տանդ չունենաս լվացքի մեքենա, սառնարան, հեռուստացույց, ձմռանը պետք է բնակարանդ տաքացնես աթարով, ծախսես այնքան էլեկտրաէներգիա, որը կբավականացնի միայն երեք լամպ վառելու համար և այլն, և այլն։ Այսպիսով, ԽՍՀՄ խնայբանկում ունեցած ավանդների փոխհատուցման ծրագիրը դավադրություն է ավանդատերերի նկատմամբ։ 2006-ից սկսած փոխհատուցում են ավանդները փուլ առ փուլ, իսկ փուլերի միջակայքում շատերը լքում են այս մեղավոր (ՀՀ-ում էլ հաճախ հանցավոր) աշխարհը և օսլայաօձիք-օսլայամիտ համակարգը յուրաքանչյուր վախճանվող ավանդատիրոջ անվան դիմաց խաչ է պատկերում ու թեթևացած շունչ քաշում՝ օ՜ֆ, այս մեկից էլ պրծանք։

2014-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ավանդների փոխհատուցման ծրագրում ընդգրկված էր շուրջ 11 հազար անձ։ 2016-ն ավարտվում է և, ինչ խոսք, մի քանի հազարով նվազել է ավանդատերերի քանակը, ոմանք փոխհատուցվել են, ոմանք էլ արդեն հանդերձյալ աշխարհում են սպասում փոխհատուցման։ Միջին հաշվարկով յուրաքանչյուր ավանդատեր փոխհատուցվում է 200 հազար դրամի չափով։ Սակայն նրա իրական ավանդը, դարձյալ միջին հաշվարկով, նվազագույնը 5 մլն դրամ է։ Բացի այդ, ժառանգության իրավունքով փոխհատուցում կարող են ստանալ միայն ամուսինը՝ կնոջ, կինը՝ ամուսնու փոխարեն։ Զավակներին որևէ գումար չի ժառանգվում։ Դիվորեն մի՞թե խելահաս ու շրջահայաց չեն օսլայաօձիք-օսլայամիտները։ Հարկավ՝ այո՛։ Լևոն Միքայելյանը կյանքից հեռացավ 88 տարեկանում։ Նրա կինը՝ մեկ տարի առաջ։ 10 հազար ռուբլի ավանդից (խորհրդային ժամանակաշրջանի ռուբլի-դոլար փոխհաշվարկի համաձայն 10 հազար ռուբլին այսօր շուրջ 17 հազար դոլար է) ժառանգված 235 հազար ողորմաթաս-գումարը ջրվում է։ Նման «Ժողովրդավարական որոգայթ» նյութելու համար նախ պետք է հեղինակները (օրենսդիր և գործադիր) տառապեն մինչ այս օրերը մեզ համար անհայտ՝ «ուղեղային ճողվածք» անբուժելի արատով։
235 հազարով բյուրոկրատը 1 նմուշ աթոռ է գնում և բազմում է վրան, անշուշտ, ի հաշիվ պետական բյուջեի, որը կուրորեն ժլատ է ավանդատուների հանդեպ պարտքը մարելիս և հավկուրային շռայլությամբ է տառապում սղալվածներին սնուցելիս։

ՈՐՈՎԱՅՆԱՅԻՆ ԱՆԶՈՒՍՊ ՃԱԽՐԱՆՔ
(մայրամուտից հետո հողմը շառաչում է)


Մի խոսքով, քնարական դադար է, ահարկու ընդվզումից առաջ մեր աննկուն հողմաղացը ունկնդրեց պոետին Շանթ, այն էլ Մկրտչյան, որը տարիներ առաջ ահա այսպես է շանթահարել ոմանց ժամանակը.
Մեկի ակնոցն ապակե՝
Խառը գիտության,
Մեռյալներով է փակել
ՈՒղին պետության։

Գթասրտության գլուխգործոց էր ՀՀ ՊՆ-ի պայմանագիրը՝ վավերացված 2016-ի հոկտեմբերի 10-ին, ՀՀ անկախության հոբելյանական շքերթից օրեր անց։ 2017-ի հունվարի 28-ին ՀՀ բանակի կազմավորման փառահեղ հոբելյանն է և, այն, ինչ խոսք, պետք է ցնցի ու փոթորկի Հայաստանն ու տարածաշրջանը։ «ԳԵՎՏԻԳ» ՍՊԸ-ն է տոնահանդեսի կազմակերպիչը, որին պետական բյուջեն պետք է վճարի ընդամենը 50 մլն դրամ։ Արժե։ Զի օրակարգում է «Ազգ-բանակ» հավաքական գերարժեքը։ Իսկ գլխավոր գերարժեքը, անկասկած «Ազգ-բյուրոկրատիա» հավաքականությունն է, որի կարիքները հոգալու համար, անշուշտ, պետք է զոհաբերել ավանդատուների ավանդները։ Այո՛, մի՞թե վայել է, որ պատերազմում հաղթող երկրի բյուրոկրատիան ապրի ժուժկալ կյանքով, բավարարվի մանկավարժի աշխատավարձով, պաշտոնավայր հասնի տրոլեյբուսով և հանգրվանի ինչ-որ խղճուկ իշոտնուկ-աթոռի վրա։ Անհնար է։

Երկու վեհանձն անձինք, նախկին երկարամյա նախարար Կարենը Ճշմարիտյան (որպես օսլայաօձիք-օսլայամիտ համակարգի ճշմարտապատում քարոզիչ) և գեներալ ու երեսփոխան Սեյրանը Սարոյան (ներկայացնում է ՀՀ օլիգարխիկ-գլամուրային գեներալիտետը), սանձահարեցին հանրային մտքում փոթորկվող խառնաշփոթը և հաստատեցին օրակարգը։ Կարեն Ճշմարիտյան. «Եթե հասարակությունն իր մաշկի վրա չի զզգում տնտեսական բարեփոխումները, ապա նա մաշկի խնդիր ունի»։
Սեյրան Սարոյան. «Ընչի գեներալը չպիտի ջիպով ման գա»։ (Բառացի չեմ հիշում, բայց նշյալ ֆելդֆեբելը պատճառաբանեց գեներալական ջիպակրումը հետևյալ կերպ, սովորական մեքենաները եթե գեներալներին սպասարկեն ու սար ու ձորով ելնեն-իջնեն, թոզ ու դումանը բռնելու է երկինքը)։


Մի խոսքով, օսլայաօձիք-օսլայամիտները ժառանգեցին ՀԽՍՀ ահռելի հարստությունը։ Հարստությունը հիմնականում ստեղծվել է ԽՍՀՄ խնայբանկում ավանդներ ունեցող մարդկանց ջանքերով։ ՀՀ-ն, անհայտ բան չէ, ՀԽՍՀ-ի ամբողջական ժառանգորդն է։ Ժառանգությունը, սակայն, տեղաբաշխվում է գլխիվայր տրամաբանությամբ, իրական ժառանգորդներին՝ ավանդատուներին, գյուղաբնակներին, մտավորականությանը և այլոց ժառանգություն է հասել ախորժալիցք-բոսոր մսապուրի մակերեսի փրփուրը (այսինքն՝ փոխհատուցված ավանդային խաչհամբույր-գումարը), իսկ ապուրի միսն ու ծուծքը ժառանգել է վերնադասը։ Քանզի ահա քառորդ դար է, ինչ ճողվում է նրանց բորբ ուղեղը՝ որովայնային բևեռուն ու սևեռուն ճախրանքներում։
«Սիրի՛ր մերձավորիդ» պատվիրանը 3-րդ հանրապետության վերնադասն ընկալել է խիստ յուրովի՝ «Ատի՛ր ընչազուրկ մերձավորիդ»։

ՀԵՏԳՐՈՑ-ՄՐՈՑ
1. Կառավարությունը պետք է արմատապես վերանայի ավանդների վերադարձի քանակն ու որակը։
2. Կառավարությունը պետք է առնվազն տասնապատիկ կրճատի նախարարությունների ծախսերը, սկսած գործուղումից և սպասարկող շարժակազմերից, վերջացրած խեղկատակային հանդիսախաղերով։ Ամեն։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. Խորհրդային Հայաստանը անկարող էր պահանջատիրական հայց ներկայացնելու Թուրքիայի Հանրապետությանը հողային կամ ֆինանսական ժառանգության վերադարձի նպատակով: ՀՀ-ն այսօր պահանջատեր է, քանի որ անկախ և ժողովրդավարական երկիր է:
Հայկական լեռնաշխարհը, հասկանալի է, Թուրքիան չի պատրաստվում վերադարձնելու: Մեր իշխանությունները, սա քաջ գիտակցելով, այժմ փորձում են հայության ֆինանսական միջոցները (տարբեր հաշվարկներով՝ շուրջ 80 մլրդ դոլար) վերադարձնել իրենց օրինական տերերի ժառանգներին: Այսինքն, հայկական ֆինանսական ժառանգության պահանջատերն են: Բայց մի՞թե միամտություն չէ թշնամի պետությանը ժառանգական խնդիրներ ներկայացնել, երբ սեփական ժողովրդի օրինական ժառանգությունն է կորզվում նրա ձեռքից:

Դիտվել է՝ 3122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ