«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Նեղությունները համբերություն են բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս»

«Նեղությունները համբերություն են բերում,  համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս»
18.11.2016 | 08:23

Հաճախ քննարկվող «բախտ» ու «ճակատագիր» հասկացությունների մասին եմ խորհելու ընթերցողի հետ։ Փորձենք միասին հասկանալ՝ իրո՞ք դրանք կան, թե մենք երևակայական բաների մասին ենք խոսում ու հավատում ազգովին:

Քանի որ հինավուրց ազգ ենք, բնական է, հարևան ազգերի հետ տալով-առնելով վերցրել ենք օտարոտի սովորույթներ ու հավատքին առնչվող կեղծ ճշմարտություններ, որոնք թաքնված վիրուսի նման անընդհատ խանգարում են մեր ազգային մաքուր մտածելակերպին և ճշմարիտ հավատին: Օրինակ, դեռևս մեր ազգի մեջ շատ կան աչքի ուլունք կոչված կապույտ ապակու կտորի հանդեպ սխալ ու անհիմն հավատ ունեցող քրիստոնյա հայորդիներ, որ նույնիսկ նորածին մանուկների թևին են այդ ուլունքը կապում, չհասկանալով, որ դրանով իսկ այդ մանուկին չար ուժերի ազդեցության դաշտ են տանում: Մինչդեռ «աչքի ուլունքը» կենցաղում գործածելը մուսուլմանների սովորությունն է, որոնք սատանայից պաշտպանվելու այլ զորություն չունեն, ուստի այդ հուռութքն են գործածում: Իսկ մենք՝ քրիստոնյաներս, չարին հաղթող Հիսուս Քրիստոս Տեր ունենք, Նրա Խաչը պահապան է մեզ բոլոր դիվական ազդեցություններից: Բայց շարունակենք սկսած թեման, քանի որ բախտն ու ճակատագիրը նույնպես օտարամուտ ոլորտից են, որ հիմնավորվել են ոչ միայն ազգային սովորությունների, այլև մեր լեզվամտածողության ու մշակույթի մեջ:


Իսկ հիմա բացենք բացատրական բառարանը և կարդանք բախտ ու ճակատագրի մասին.
«Բախտ՝ պարսկերենից փոխառված բառ է, նշանակում է վիճակված բաժին ինչ-որ մեկի համար, կամ էլ նախասահմանված մի բան, որ անխուսափելի կերպով մեկին պիտի պատահի:
Իսկ ժողովրդական հասկացողությամբ բախտը անձնավորված էակ է, որ, ըստ քմահաճույքի, մարդկանց հաջողություն կամ ձախորդություն է բերում: Հնում բախտը հռոմեացոց ու հունաց աստվածուհին էր համարվում, որը մարդկանց քմահաճաբար հաջողություններ կամ չարիքներ էր տալիս»:
Ճակատագիրն էլ, ըստ հին հեթանոսական հավատամքի, գերագույն նախասահմանություն է յուրաքանչյուր մարդու մասին։
Միանգամից ասեմ, որ «բախտ» ու «ճակատագիր» բառերը մեր Սուրբ գրքում՝ Աստվածաշնչում, չկան, ուստի պիտի քննենք, թե որտեղից են այդ բառերը սպրդել մեր լեզվամտածողության մեջ։


Սովորաբար ճակատագրին հավատացողները չեն քննում դրա պատճառը, այլ, լսելով կամ կարդալով հավատ չունեցող անուս մարդկանց խոսքերն ու պառավական հեքիաթները, այդպես էլ ողջ կյանքում առաջնորդվում են սնոտիապաշտական համոզմունքներով, իբր մարդու ճակատին ծննդյան օրվանից գրված է իր մնացած կյանքի ընթացքը, և այն, ինչ էլ անելու լինես, մնալու է անփոփոխ ու վերջնական: Բայց արդյո՞ք դա այդպես է։ Մեզ դարձյալ կօգնի Աստվածաշունչը՝ ճշմարտությունը բացահայտելու: Սկսենք Աստծո խոսքով. «Ես եմ Աստված, և Ինձնից բացի ուրիշ չկա, Ով վերջինը սկզբից գիտի ու դեռ չեղածը նախապես պատմեց» (Եսայի 46.10):
Կարծում եմ՝ այս մի նախադասությունը քարուքանդ է անում շատերի սխալ իմացությունը բախտի ու ճակատագրի մասին ու օգնում երկնային տեսանկյունից նայելու մեր երկրային կյանքի ընթացքին: Այս խոսքերը շարունակությունն են Հիսուսի քարոզչության, Ով ասաց. «Եթե դուք Իմ ուսուցմանը հավատարիմ մնաք, Իմ ճշմարիտ աշակերտները կլինեք: Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհաննեսի Ավետարան 8.32)։
Այսինքն, ճակատագրապաշտական մոլորության իշխանությունից միայն Հիսուսի խոսքերին հավատալով կարող ենք ազատվել, որովհետև բախտ ու ճակատագրին հավատացողները չնայած համոզված են, որ այն ի վերուստ իրենց չիմացած դաժան ու անարդար աստծո գրած վերջնավճիռ է, ամբողջ կյանքում փորձում են խուսափել դրանից։ Օրինակ, եթե մեկին չար պատահար կամ ծանր հիվանդություն է պատուհասում, այսինքն, մեծ փորձության մեջ է ընկնում, ուրեմն պետք է ընդունի այն որպես ճակատագրի վճիռ ու հնազանդվի դրան, ոչ մի փորձ չանի դրանից ձերբազատվելու, քանզի ինչ գրված է, պետք է այդպես էլ կատարվի: Բայց այդ ճակատագրապաշտները իսկույն զանազան ելք ու միջոցներ և հմուտ բժիշկներ են փնտրում իրենց հետ պատահածից ազատվելու համար, դրանով իսկ ապացուցելով, որ ճակատագիր չկա, այլ ընդամենը երկրային մի հերթական փորձություն, որ ամենքիս է պատահում:


Շատերս ենք լսել կնոջ «Ֆաթիմա» անունը, որը տարածված է մուսուլման ազգերի մեջ: Այդ բառը վերցվել է հեթանոսական ժամանակների ծագում ունեցող «ֆաթում» կոչվող ճակատագրի հավատալիքից: Այսպիսով, ճակատագրապաշտությունը նախ հեթանոսական, ապա մահմեդական կրոնի անզորության հետևանք է, քանզի նրանք չունեն մահվանը հաղթող Հիսուս, այլ իրենց հույսը դնում են զանազան չաստվածների կամ Մուհամեդի վրա, որն իր կյանքի վախճանը գտավ թունավորումից։ Յուրովի ճակատագրապաշտ են նաև բուդդիստական կրոնի հետևորդները, որ ճակատագիրը «կարմա» են անվանում, այսինքն, մի բան, որ ի վերուստ տրվում է յուրաքանչյուր մարդու, և այլևս հնարավոր չէ այն փոխել, այլ հետագա վերածնունդների` ռեինկարնացիայի միջոցով միայն կարող է մարդը ազատվել իր ճակատագրի վճռից: Այդ պատճառով բուդդիստական դավանանքի երկրներում սովորություն ունեն ցմահ բանտարկվածներին, որպես առավել ծանր պատիժ, ավելացնելու նաև հետմահու դատապարտության տարիներ, մինչև իսկ հազար տարի, որ այդ հանցապարտը իբր իր վերածնունդից հետո դարձյալ մնա իր արարքի դատապարտության տակ:


Ճակատագրապաշտության մի այլ տեսակ է աստղագուշակությունը՝ աստղերի միջոցով մարդու հետագա կյանքի գուշակությունը: Գրիգոր Տաթևացի վարդապետն այդ մասին գրում է.
«Աստղագետներից ոմանք պնդում են, թե մոլորակներից այս կամ մյուսի տակ ծնվողները բարի կամ չար են լինում, ըստ նրանց ազդեցության, որը սուտ է, քանի որ բազմիցս տեսնում ենք՝ մեկ աստղի տակ նույն պահին ծնվածներից մեկը բարի է լինում, մյուսը՝ չար»:
Մեր իրականության մեջ բախտ ու ճակատագրի մասին արմատները այնքան են խորացել, որ նույնիսկ «Հայի բախտ» անվամբ խմբակցություն են հիմնել, որտեղ իբր բյուրեղացնում են միայն մեր ազգի հետ կատարված ու կատարվելիքների մասին իմացությունները, դրանով իսկ մեր ժողովրդին փորձելով թևաթափ անել, զրկելով հետագա պայքարի ոգուց: Դա չարի՝ սատանայի ձեռագրից է արտագրված, այդ մասին նաև Սուրբ գիրքն է զգուշացնում, որպես օրինակ բերելով հրեա ժողովրդին, որ կռապաշտության մեղքի մեջ ընկավ. «Եվ այդ օրերին մի հորթ ձուլեցին ու կուռքին զոհեր մատուցեցին. և իրենց ձեռքի գործերով էին ուրախանում: ՈՒրեմն, Աստված էլ երես դարձրեց և նրանց մատնեց երկնքի աստղերի պաշտամունքին»: Իսկ մեկ այլ տեղում ավելացնում է Տերը. «Դուք վերցրիք Մողոքի վրանը և Հռեմփա աստծու աստղը և այն պատկերները, որ քանդակեցիք նրանց երկրպագելու համար. ահա ինչո՛ւ ես ձեզ պիտի փոխադրեմ բաբելացիների երկրի մյուս կողմը»:


Բախտին ու ճակատագրին ապավինողները, քանի որ սովորաբար անտեղյակ են Աստծո Խոսքին, ու չգիտեն, որ իրենք Արարչի ընձեռած ամենաթակագին գանձն ունեն իրենց մեջ՝ ազատ կամքի ընտրության իշխանական իրավունքը, տգիտաբար հանձնվում են չարի խաբկանքներին: Այսինքն, մարդը չարի ու բարու ընտրության հարցում ինքնիշխան թագավոր է, ու ոչ ոք, նույնիսկ Աստված, առավել ևս սատանան, իրավունք չունեն միջամտելու մեր ազատ ընտրության հարցում: Ընդամենը, Աստված որպես սիրող Հայր, Իր Որդու, Ավետարանի, ապա եկեղեցու վարդապետների միջոցով զգուշացնում և հորդորում է բարին ընտրել ու չարը մերժել: Մարդիկ էլ հաճախ իրենց ազատ կամքով գործեր են ձեռնարկում, բայց երբ փորձանքի մեջ են ընկնում՝ Աստծուն են մեղադրում:
Իսկ սատանան՝ ստության հայրը, իր բազմապիսի հնարքներով փորձում է խաբել ադամորդիներիս, ինչպես դրախտի պարտեզում կարողացավ խաբել ու համոզել մեր նախաստեղծ նախնիներին ընտրելու մահաբեր պտուղը:


Երջանկահիշատակ Զարեհ արքեպիսկոպոս Ազնավուրյանն այս մասին ասում է. «Չարը մարդու ազատ կամքի և գործերի արդյունք է: Աստված մարդուն տվել է բացարձակ ազատություն, ընտրելու և անելու՝ ինչ ցանկանում է, ընտրելու չարը կամ բարին, մահը կամ կյանքը: Բայց Աստված մարդուն հիշեցնում է նաև, որ ընտրությունն ունի իր հետևանքները, որոնք անպայման մարդը կրելու է: Աստված մարդուն ցույց է տալիս ուղիղ ճանապարհ, բայց չի կաշկանդում նրա ազատությունը՝ ընտրելու այն, ինչ ցանկանում է»:
Այստեղ հարկ է մի նրբություն հաշվի առնել. Աստված երբեմն թույլ է տալիս Իր զավակներին զանազան փորձությունների հանդիպել, որ դրանք հաղթահարելով՝ քրիստոնյաները չարի դեմ պատերազմելու ու հաղթելու փորձառություն ձեռք բերեն: Սրանք կոչվում են մաքրագործող նեղություններ, ինչպես ամենափորձառու Պողոս առաքյալն է գրում. «Պարծենում ենք մեր նեղությունների մեջ ևս, քանզի գիտենք, որ նեղությունները համբերություն են բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս: Իսկ հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով» (Հռոմ. 6. 45): «ՈՒստի աղաչում եմ, որ չընկճվեք ձեզ համար մեր կրած նեղությունների պատճառով, նեղություններ, որ մեր փառքն են» (Եփեսացիներին 3.4)։


ՈՒշադրություն դարձրի՞ք, որ այս բոլոր նեղությունները առաքյալը ոչ թե ճակատագրի քմահաճույքներին վերագրեց, այլ Աստծո կամքին, որը գալիք փառքի դափնեպսակներն է ավելացնում քրիստոնյաների համար: Այդ պատճառով Պետրոս առաքյալը ավելացնում է. «Երանելի է այն մարդը, ով Քրիստոսի համար է չարչարվում» (Ա Պետ. 4:14): Այսինքն, Աստծո թույլտվությամբ կարող են պատահել այլազան փորձություններ, նեղությունների հետ մեկտեղ, որոնք նպաստում են մարդու փրկությանն ու գալիք փառքին, քանզի Քրիստոսի համար չարչարվողը Նրա հետ էլ կփառավորվի:


Մարդու կյանքը, ծննդից մինչև մահ, փորձության ընթացք է: ՈՒզում ես հարուստ եղիր, ուզում ես աղքատ, թագավորի, թե թշվառ ռամիկի որդի, միևնույն է, բոլորին կյանքի ու մահվան փորձություններ են սպասում: Օրինակ, երբ ծնվում է մանուկը, մոր մասին ասում են. «Ազատվե՛ց»: Ազատվեց ինչի՞ց. նախ՝ մահվանից, քանզի հենց ծննդաբերության ժամանակ միլիոնավոր մայրեր են մահանում, իսկ ծնված, բայց մահացող երեխաների քանակը մի քանի անգամ ավելին է: Դրանից հետո սկսվում են զանազան հիվանդությունները, սոցիալական սուղ պայմանները, պատերազմներն ու բնական աղետները: Այս ամենից հետո մարդկությանը պատահող հազարավոր տեսակի փորձությունները վերագրել լոկ բախտին ու ճակատագրին ընդամենը անմտություն է: Մինչդեռ այդ ամենի բուն արմատը մեղքն է, որի մասին աշխատում են լռել կամ էլ անտեսել: Բայց Պողոս առաքյալը հայտարարում է. «Մեղքի վարձքը մահ է», ու մեր Տեր Հիսուսը եկավ աշխարհ հենց այդ մեղքի հարցը լուծելու ու Իր սեփական մահով հաղթեց մահվան իշխանին՝ սատանային: ՈՒ նույն առաքյալը հաղթական ոգով հայտարարում է ամենքիս. «Բայց այս բոլորից է՛լ ավելի հաղթական ենք դուրս գալիս Նրա միջոցով, Ով սիրեց մեզ. որովհետև վստահ եմ, թե ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ գալիքները, և ո՛չ զորությունները, ո՛չ բարձրություն, ո՛չ խորություն, և ո՛չ մի ուրիշ արարած չեն կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կա մեր Տեր Քրիստոս Հիսուսով»: Այդ պատճառով այս աշխարհի իշխանը՝ սատանան, փորձում է մարդկությանը զրկել Արարչի կողմից մեզ ընձեռված մահվան կապանքներից ազատվելուց, որ Հիսուս Քրիստոսի միջոցով մեզ ավետարանվեց։ Չորսօրյա մեռած Ղազարոսի բաց գերեզմանի առջև կանգնելով, աղաղակեց ու ասաց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց ու դո՛ւրս արի»: ՈՒ մեռելը ելավ…» (Հովհաննես 11.43):

ՈՒշադրություն դարձրի՞ք, թե այս մի կարճ նախադասության մեջ քանի շեշտադրված բառ կար. միայն Աստվածային անսուտ շուրթերից ելած խոսքերը կարող են իշխանությամբ արտաբերել ու հարություն տալ չորսօրյա դիակին: Ահա այսպիսի զորություն ունի Տիրոջ խոսքը նրանց համար, ովքեր կհավատան այս խոսքերին, ու երբ գա հարության օրը, բարի հունդի նման նրանք էլ ծիլ կտան իրենց գերեզմաններից, հարություն կառնեն ու հավիտենական արքայությունը կժառանգեն: Երանի այս հավատը իրենց սրտերի մեջ կրող հոգիներին:
Բայց անհայտության մեղքի մեջ թաթախված ու խստապարանոց մարդկության այս ապրող սերնդին ըստ Պետրոս առաքյալի վերջին ու ամենաահեղ փորձությունն է սպասում՝ հրեղեն փորձությունը, որի միջոցով մաքրագործվելու է ողջ մարդկությունը, ու լինելու են նոր երկիր ու նոր երկինք, որտեղ արդարությունն է բնակվելու:


Իսկ ո՞վ է ամենատագնապածն իր զավակների համար այս գալիք փորձությունների ժամանակ. իհարկե մեր բոլորի Մայրը՝ Աստվածածին Կույս Մարիամը, որ իր զավակներից մեկի միջոցով զգուշացնում է ամենքիս. «...Այս սերունդը չկարողացավ գնահատել Աստծո Մեծ Սերը: Այդ պատճառով է, որ ձեր երկրները բոցավառվում են եսասիրության, անաստվածության ու սատանայի կատաղության միջոցով: ՈՒ դեռ մինչև այսօր նրա ձեռքը վեր է բարձրացած` ձեզ հարվածելու և բոլոր ազգերին կրակի մատնելու համար: Ձեր անաստվածության և ձեր համառության պատճառով դուք ինքներդ ձեզ փաթաթել եք մահվան պատանքի մեջ, դուք ձեր սիրելիներին պարուրել եք քարսրտության ամպերով։ Ես երկնքից տառապանքով ձայն եմ տալիս բոլորիդ, որ խաղաղություն կնքեք Աստծո հետ, որ հաշտվեք ձեր ընտանիքների հետ:
...Արդյո՞ք դադարել եք չար արարքներ գործելուց: Արդյո՞ք դուք հաշտ եք ձեր հարևանի հետ: Արդյո՞ք դուք խոստովանել ու իսկապես զղջացել եք ձեր մեղքերի համար: Արդյո՞ք դուք օրհնել եք ձեր թշնամիներին և ներել եք նրանց: Արդյո՞ք դուք չարին սիրով եք հատուցել: Արդյո՞ք իսկապես պատրաստ եք հանդիպելու Տիրոջը` ձեր ձեռքերը լի բարի գործերով...։


…Մի մկրտություն է գալու, և ինչպիսի՜ մեծ մկրտություն է դա լինելու: Հիսուսը երկիրը կմկրտի։ ՈՒստի հիմա՛ է ապաշխարության ժամանակը, հիմա՛ է հաշտության ժամանակը: Ես ասում եմ ձեզ, սիրելի՛ զավակներ, այն զոհողությունը, որն այսօր Աստված ձեզնից խնդրում է՝ ձեր կյանքը փոխելն ու սրբորեն ապրելն է:
Աստված խնդրում է յուրաքանչյուր հոգու՝ ապաշխարել: Աստված գալիս է բոլորի մոտ, նույնիսկ՝ ամենաթշվառների:
Վերադարձե՛ք Աստծուն, և Նա կվերադառնա ձեզ:
Առանց անկեղծ աղոթքների դուք չեք կարողանա տեսնել Աստծո Թագավորությունը: Նրա գահակալությունը երկրի վրա շատ մոտ է: Հիշե՛ք, Աստված ձեզնից ցանկանում է, որ սրտով փոխվեք։ Մի՛ վախեցեք ձեր մեղքերն ընդունելուց: Ապրե՛ք և կատարե՛ք խոստովանության խորհուրդը: Փորձե՛ք և հասկացե՛ք, որ Մեր Սերը երկրի վրա գտնվող յուրաքանչյուրի համար է, ուստի մեկդ մյուսի հետ կոպտորեն մի՛ խոսեք, սիրելի զավակներ. Ես օրհնում եմ ձեզ բոլորիդ»։
Որպես հոդվածի հեղինակ, ավելացնելու ոչինչ չունեմ, այլ միայն մաղթանք յուրաքանչյուրիս. լսե՛նք մեր սուրբ Տիրամոր այս վերջին հորդորն ու շտկենք մեր կյանքը տրված պատգամի համաձայն, որ արժանանանք Նոր երկրի ու Նոր երկնքի բնակիչներ դառնալուն. ամեն:
Եվ այս ամենը իմանալուց հետո այսուհետև բախտ բառի փոխարեն կարող ենք օգտագործել բարեընտրություն, իսկ ճակատագրի փոխարեն արարչական նախիմացություն խոսքերը, ու սխալված չենք լինի։


Եվ ավարտենք այս գրվածքը բախտի ու ճակատագրի մասին Պողոս առաքյալի հաղթական վերջաբանով. «Բայց այս բոլորից է՛լ ավելի հաղթական ենք դուրս գալիս Հիսուսի միջոցով, Ով սիրեց մեզ. որովհետև վստահ եմ, թե ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ գալիքները և ո՛չ զորությունները, ո՛չ բարձրություն, ո՛չ խորություն և ո՛չ մի ուրիշ արարած չեն կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կա մեր Տեր Քրիստոս Հիսուսով». ամեն:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4145

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ