Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Երկիրը պետք է ղեկավարեն դիվանագետները, սնեն տնտեսագետները, պաշտպանեն ռազմագետները»

«Երկիրը պետք է ղեկավարեն  դիվանագետները, սնեն տնտեսագետները, պաշտպանեն ռազմագետները»
18.11.2016 | 09:27

«Իրատեսի» հարցերին պատասխանում է բանաստեղծ, խորհրդային շրջանի այլախոհ ՄԵՐՈՒԺԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:

-Օրերս ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը մտավորականների հետ քննարկում էր իր առաջարկած աղմկահարույց ծրագրի նպատակահարմարության, զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին աջակցելու հասարակության պատրաստակամության, թափանցիկ վերահսկման անհրաժեշտության և այլ հարցեր: Ի՞նչ եք մտածում այդ ծրագրի շուրջ:
-Բոլոր այն կարծիքները, որ հնչեցվում են, թյուր կարծիքներ են, թե՛ դրական, թե՛ բացասական առումով: 1000 դրամը, որպես այդպիսին, խորհրդանշական գումար է: Կա մի կնճռոտ և վտանգավոր հարց, ինչպե՞ս առաջացավ այդ միտքը, և մի՞թե բանակը սպասում էր այդ գումարին: Եթե բանակն այնքան սնանկ է, որ այդ գումարով պետք է ապագայում զոհված զինվորների արյան կորուստը հատուցվի, դա պատվաբեր չէ: Եթե այդ գումարը հատկացվում է զենք ձեռք բերելու նպատակով, մենք զենքով ապահովված ենք, ինչպես հայտարարում է պաշտպանության նախարարը, և պատվաբեր չէ սպեկուլյացիայի ենթարկել այդ թեման: Ճիշտ կլինի ավելի հստակ ու որոշակիորեն պարզ բացատրություն տրվի, թե ինչ նպատակի է ծառայելու գանձվող գումարը: Կա երկրորդ հարցադրումը՝ իսկ ինչո՞ւ այսօր պահանջվեց այդ գումարը: Եթե այն հետադարձ ուժ չունի ապրիլյան զոհերին նույնպես հատուցելու, ապա սա սխոլաստիկ մտածողություն է և իր մեջ սրիկայություն է պարունակում: Իսկ եթե հետադարձ ուժ ունենար, շնորհակալություն, քանի որ մի չնչին գումար կհատկացվեր այդ հարյուրավոր նահատակների ընտանիքներին: Եթե նման բան չի արվում, ապա ի՞նչ նպատակ ուներ նմանօրինակ նախագծի ընդունումը: Ինչ վերաբերում է մտավորականների հավաքին, ապա այդ մտավորականների այն հատվածը, որ նպատակ ունի սեփական հեղինակությունը բարձրացնել իշխանությունների մոտ հերոսանալու, կարող է առաջարկը գովելի համարել, իսկ ավելի բարոյական հատվածը պետք է ներկայացներ հատկացված գումարի հետադարձ ուժի գաղափարը: Միայն այդ դեպքում կարող էր արդարացվել այն: Հակառակ դեպքում կամ պատերազմի վտանգն առկախված է մեր երկրի վրա, կամ ժողովրդի աչքին շարունակում են թոզ փչել:
-Հայ մարդը երբևէ ժլատ չի եղել հատկապես զինվորին աջակցելու հարցում, սակայն այսօր ընդվզումն ակնհայտ է: Չե՞ք կարծում, որ պատճառը ոչ թե զինվորին աջակցելու պարտադրանքն է, այլ իշխանությունների հանդեպ վստահության պակասն ու կասկածանքի ավելցուկը:
-ՈՒրեմն, ամոթ իշխանություններին, եթե հասարակությունը կասկածում է նրա քայլերին կամ որևէ ծրագրի: Իշխանությունները պետք է շնորհակալ լինեն հասարակության կարծիքի համար, քանի որ ցանկացած երկրում հասարակական կարծիքը հուշում և մղում է նոր, ավելի ռացիոնալ գործունեության: Պետության հզորացման համար արժե լսել հասարակության կարծիքը: Մինչդեռ մեզ մոտ այլ է, ցինիզմի այդ դրսևորումը նույն իշխանությունների կողմից պատիվ չի բերում իրենց: Հետաքրքիրն այն է, որ մենք հաճախ հանրապետության նախագահին անվանում ենք Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ինչը տրամաբանական չէ: Երկրի նախագահը գերագույն գլխավոր հրամանատարն է այն դեպքում, երբ երկիրը պատերազմում է, մինչդեռ պատերազմում չենք, ուստի նա իրավունք չունի համարվելու գերագույն գլխավոր հրամանատար: Նա հարձակողական որևէ հրաման չի տալիս, քանի որ Հայաստանը փաստացի չի պատերազմում, այլ ԼՂՀ-ն է պատերազմում Ադրբեջանի հետ: Ժամանակին Մարկոս Ավրելիոսն ասում էր, որ երկիրը պետք է ղեկավարեն փիլիսոփաները, իսկ ես ասում եմ՝ ոչ, երկիրը պետք է ղեկավարեն դիվանագետները, սնեն տնտեսագետները, պաշտպանեն ռազմագետները, եթե այդ ամենը չկա, ուրեմն երկիրն առաջադիմել չի կարող: Մենք հարցերն այնպես ենք խճճել, որ չենք հասկանում, թե ինչ ենք ուզում: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա այսօրվա ՀՀԿ-ն Հոկտեմբերի 27-ի ծնունդն է, այն եկավ Հոկտեմբերի 27-ով, համալրվեց Մարտի 1-ով և շարունակում է ապրել ու իշխել երկրին: Պետության օրենքները պետք է գրվեն խղճի մտոք, որ դրանից միաժամանակ օգտվեն ժողովուրդը, պետությունը և եկեղեցին: Հակառակ դեպքում օրենքը համարվում է դաժան: Մեզ պետք են խիստ, բայց ոչ դաժան օրենքներ:
-Այսօր երկրում տիրող վիճակը, ըստ Ձեզ, ինչի՞ արդյունք է:
-Կպատասխանեմ այսպես. ցանկալի կլիներ, որ մեր իշխանությունները քիչ խոսեին շորթման ու կոռուպցիայի մասին, քանի որ խոսողները հենց կոռուպցիայով զբաղվող կեղեքիչներն են։ Հնարավո՞ր է մեր ազգի միջից վերացնել կեղեքիչին։ Կարծում եմ՝ անհնար է, քանի որ սրանք այն տղերքն են, որ չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ:
-Ի՞նչ կարծիքի եք հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագրի վերաբերյալ, որը, ըստ մամուլի, արժանացել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի հավանությանը։
-Ինչ համաձայնագիր էլ ստորագրի ՌԴ նախագահը, հայ-ռուսական դաշինքը նույնքան ուժ ունի, որքան ռուս-ադրբեջանական դաշինքը: Երբեք ռուսական որևէ առաջնորդ չի կարող մեր պատճառով թշնամանալ մեկ այլ երկրի հետ: Չպետք է մոռանալ, որ Բաքու կատարած այցի ժամանակ Պուտինը հյուրընկալվեց Ալիևի տանը: Մինչդեռ Գյումրիում նույն Պուտինը հայտարարեց, թե մենք այստեղից չենք գնա, այսինքն, մեր օկուպացիոն ծրագրերից չենք հրաժարվի: Պուտինի քաղաքականությունն իր խստապահանջությամբ չի զիջում Ստալինի վարած քաղաքականությանը: Ավելին ասեմ, մենք գործ ունենք մի նախագահի հետ, ով էքսցենտրիկ է և մեկ վայրկյանում կարող է հեղաշրջել իրավիճակը ցանկացած ուղղությամբ: Մենք էքսցենտրիկ ենք անվանում Թրամփին, մինչդեռ նա խելացի մարդ է: Որպես պետական մտածող, նա ամերիկացի է, Պուտինը ռուս մտածող է: Հիշեք, Եվրոպայում պատերազմները ապացուցել են մի ճշմարտություն. Ֆրանսիան հաղթանակող պետություն է, Ռուսաստանը՝ անպարտելի: Մենք գործ ունենք անպարտելի պետության հետ, որն անգամ իր երկրի քաղաքացուն չի խնայում: ՈՒստի նման պետական գործիչները միշտ հաղթանակում են և նվաճում հողեր:
-Ըստ Ձեզ, մենք երբեմն կարողանում ենք օգտվել «հայի խելք» ասվածից։
-Մտավոր կարողություն ունենալը դեռևս չի նշանակում ունենալ համարձակություն և ներքին կարողություններ: Մենք չունեցանք առաջնորդ, իսկ անառաջնորդ երկիրը չի կարող հաղթանակող լինել: Եթե երկիրն այնպիսի կենսակերպ ունի, որի քաղաքացին լքում է այն անգամ պատերազմի ժամանակ, ուրեմն մեղավորը երկրի նախագահն է, իսկ աշխարհում ընդունված կարգ է, որ երկիրը նախ լքում են մեծերը, որբանում են փոքրերը, մոռանալով, որ ունեցել են հայրենիք: Պետք է մտածել և գործել նորովի, հակառակ դեպքում մենք այսկերպ տանուլ ենք տալիս հող, ճակատագիր, արժանիք, և մնում է միայն լեզուն: ՈՒ մի բան էլ ասեմ. հայրս ասում էր՝ շորը կմաշվի, փողը կծախսվի, կմնա հիշողությունը, հիշողությունն ավելի թանկ է, քան այդ բոլորը, բայց եթե այդ հիշողությունն ապականվեց, քո գոյությունն ավելորդ է, եկեք զերծ մնանք հարամ հիշողություններից, զերծ մնանք ինքներս մեզ անհարկի գովաբանելուց, եթե ի զորու չենք հարգելու մեր անցյալը, մեր հիրավի հայրենասեր ու ազգի համար նահատակված այրերին:
-Ո՞րն է այն գաղափարը, որը կհամախմբի իշխանավորին, մտավորականին, գողին, ավազակին, հարուստին ու աղքատին:
-Մենք ունեցել ենք երեք հանճարեղ զավակ, որոնցից ոչ մեկը չգնահատվեց. Անդրանիկ Օզանյան, Գարեգին Նժդեհ և Աղասի Խանջյան: Երեքն էլ սիրում էին մեր հայրենիքը, երեքն էլ նահատակության ճանապարհով գնացին, խնդրեմ, ասեք, ո՞ր ազգը կարող է իր հերոսի հանդեպ մահափորձ կատարել: Անդրանիկի վրա մահափորձ կազմակերպող կուսակցությունն այսօր իշխանության հետ բաժնետեր է: Ինչո՞ւ էիք ուզում սպանել նրան, նա ի ազգի հայրն էր, մեր ռազմամտածողության Խրիմյան Հայրիկն էր, ինչպե՞ս կարելի էր վարվել այդպես, ինչո՞ւ ձերբակալեցին Նժդեհին, որն ընդամենը սիրում էր իր հայրենիքը, ինչո՞ւ ոչնչացրին Խանջյանին, որն ընդամենը մտածել գիտեր, հայրենասեր մարդ էր, ինչո՞ւ ենք կուսակցական պատկանելությունը շփոթում բարոյական արժեքների հետ: Այն երկրում, որտեղ սերունդների միջև բացակայում է փոխըմբռնումը, այդ երկիրը չի կարող հզորանալ: Մենք մեր մեծերին չենք արժևորում, բայց ինչո՞ւ ենք հանդուրժում, որ փոքրերը մեզ առաջնորդեն: Մակեդոնացին մի խոսք ուներ՝ կա՛նգ առնել՝ քայլ անելուց առաջ: Դա առաջնորդների համար ասված խոսք է: Դու իմ զավակներին տանում ես մեռնելու, կա՛նգ առ, մտածիր, եթե այդ արշավանքը հաղթանակ է բերելու քեզ, նոր միայն քայլ արա: Ոչ ոք դա հաշվի չառավ: Մենք խորհրդավոր զավակներ ունենք, բայց խորհուրդ չենք ընդունում: Հարցնում եք՝ ո՞ր գաղափարը կհամախմբի բոլորին։ Հայրենասիրությունը, եթե այն մայրական կաթի հետ սնել է մարդուն:


Զրույցը՝
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1088

Մեկնաբանություններ