Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ես անում եմ այն, ինչն ինձ հոգեհարազատ է և բխում է իմ հոգուց»

«Ես անում եմ այն, ինչն ինձ հոգեհարազատ է  և բխում է իմ հոգուց»
18.11.2016 | 09:29

Կլառնետահար ԴԱՎԻԹ ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆԸ Արամ Խաչատրյանի միջազգային փառատոնի մասնակիցներից է։ Մեզ հետ զրույցում երաժիշտը նշեց, որ առաջին անգամ է հանդես գալիս որպես մենակատար, սակայն խաչատրյանական փառատոնին մասնակցում է հենց առաջին համերգից՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կազմում։ Փառատոնի շրջանակներում ներկայացրել է Ժան Ֆրանսեի Կլառնետի կոնցերտը, որը Հայաստանում հնչել է առաջին անգամ։

-Դավիթ, ինչպե՞ս ընտրեցիք կլառնետը։
-Շատ պատահական է ստացվել կլառնետի ընտրությունը։ Դաշնամուր նվագել էի սովորում, տան դաշնամուրը պետք է լարվեր, և այն լարողը դարձավ կլառնետի իմ առաջին ուսուցիչը։ Բացի այդ, մտայնություն կար, որ, որպես ավանդական հայ ընտանիքի տղա, պետք է փողային գործիքի տիրապետեի։ Այդպես 8-9 տարեկանում, մեկ տարվա դաշնամուրի դասեր անցնելուց հետո, տեղափոխվեցի կլառնետի դասարան։ Շատ արագ հասկացա, որ այն իմ գործիքն է, որով պետք է շարունակեմ պարապմունքներս երաժշտական դպրոցում։
-Կլառնետի ի՞նչն է Ձեզ գրավում։
-Գործիքի տեմբրային հարստությունը, տեխնիկական լայն հնարավորությունները։
-Կլառնետը Հայաստանում մի քիչ այլ ասոցիացիաներ է առաջացնում, այն համարվում է ռեստորանային գործիք։ Դուք Ձեր արվեստով փորձում եք հակառա՞կն ապացուցել։
-Ես ոչ մեկին ոչինչ չեմ ապացուցում։ Ես անում եմ այն, ինչն ինձ հոգեհարազատ է և բխում է իմ հոգուց։ Երաժշտական յուրաքանչյուր ժանր ունի իր լսարանը, և պետք է համապատասխան վայրում հնչի. եթե ռեստորանային երաժշտություն է, ռեստորանից բացի, այլ վայրում չպետք է հնչի։ Իսկ այն կարծիքը, թե կլառնետը հայկական ժողովրդական գործիք է, իհարկե, սխալ է։ Այն ունի եվրոպական, ավելի ստույգ՝ գերմանական ծագում։ Պարզապես 20-րդ դարում մուտք գործելով Հայաստան՝ քաղաքային ֆոլկլորում էր օգտագործվում։ Սկզբնական շրջանում տարբեր քաղաքներում փողային փոքր նվագախմբեր էին ձևավորվել, և սկսվեց կլառնետի լայն կիրառումը։ Քանի որ այդ ժամանակ քաղաքային ֆոլկլորն էր ներկայացվում, գործիքը ժողովրդական վայելում ստացավ շնորհիվ տեմբրի, որը շատ նման է դուդուկին, սրնգին։ Այդ պատճառով շատերը կլառնետը սխալմամբ համարում են հայկական ժողովրդական գործիք, ուստի մարդիկ ավելի շատ շփվում են ռեստորանային, քան դասական կլառնետի հետ։ Բայց վերջին տարիներին սկսել են կլառնետը ճանաչել որպես դասական գործիք, ընդ որում, զարմանալիորեն շատ են դասական կլառնետի համար գրված ստեղծագործությունները։ Ժամանակին, երբ ես գիտական ատենախոսություն էի գրում «Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կլառնետի համար» թեմայով, ուսումնասիրության արդյունքում բավականին շատ ստեղծագործություններ հայտնաբերվեցին։
-Հայաստանում փողային գործիքների կատարողական արվեստը մի փոքր զիջում է լարայիններին։ Պատճառը ո՞րն է։
-Պատճառը դպրոցների տարբերությունն է։ Խորհրդային տարիներին շատ ավելի կայացած լարային դպրոց ենք ունեցել, քան փողային։ Երբ ժամանակին փողային գործիքների դասարան բացվեց կոնսերվատորիայում, մասնագետները Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից էին հրավիրվում։ Այսինքն, մեր դպրոցը հարում էր ռուսականին, որն էլ իր հերթին եվրոպական դպրոցի հետնորդն էր, իսկ լարային գործիքների մասնագետները հայկական դպրոցի ներկայացուցիչներ էին։ Հիմա արդեն, կարելի է ասել, լարային և փողային դպրոցները նույն մակարդակի վրա են՝ լավ առումով։
-Այսօր պատանիները, երիտասարդները հետաքրքրվո՞ւմ են կլառնետով։
-Ամեն տարի կոնսերվատորիայի դիմորդների ցանկում 3-4 կլառնետահար կա։ Կարծում եմ՝ դա բավարար թիվ է։ Սակայն, քանի որ աշխատանքային ռեսուրսներն են սուղ, մասնագետները սկսում են ուրիշ գործով զբաղվել և թողնում են երաժշտությունը։


Զրուցեց
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1658

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ