Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ…նոր լեզու է հայտնվում անարգել»

«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ…նոր լեզու է հայտնվում անարգել»
18.11.2016 | 09:33

«Հայոց հողի ծածկագիր տեսիլքները». այսպես է վերնագրված Արտեմ Հարությունյանի վերջին ժողովածուն, որ հանձնվեց ինձ խմբագրելու համար: Անկեղծ ասած, դյուրին բան չէ կայացած, իր լեզվի, իր գեղագիտության հանդեպ նախանձախնդիր բանաստեղծին խմբագրելը: Անխուսափելի վրիպակներն ուղղելուց զատ, երբեմն ծագում են տեքստային խնդիրներ` ասենք, առավել տպավորիչ դարձնելու նպատակով կրճատել որոշ բանաստեղծությունների ծավալը, խուսափել կրկնություններից, գուցե և ամբողջությամբ հանել որոշ բանաստեղծություններ… Դժվարին մի աշխատանք, որը ջանացինք կատարել ամենայն պատասխանատվությամբ, առանց վնասելու ժողովածուն իր ամբողջության մեջ: Սրա հետ մեկտեղ, անսպասելիորեն մեջտեղ եկած մի փաստաթուղթ պահանջ դրեց գրելու մի առաջաբան, որը գուցե ինչ-ինչ բաներ հուշի ընթերցողին և օգնի նրան առավել խորությամբ ընկալելու բանաստեղծի նոր գիրքը:

ՊՈԵԶԻԱՅԻ ՀԵՏ ՄԵԿՏԵՂ ԴԺՈԽՔՈՒՄ


1977 թ., երկարատև մաքառումներից հետո, լույս տեսավ Արտեմ Հարությունյանի առաջին ժողովածուն` «Նշանների երկիրը»: Դյուրին չէր այդ գիրքը գրախոսել` անբարյացակամ մի մթնոլորտում, գավառամիտ-պնդաճակատ գրաքննադատության մշտարթուն հայացքի ներքո, որ շարունակ պատճառ էր փնտրում բորբոքելու իր պերմանենտ պատերազմը բանաստեղծական ամեն մի վավերական նորության հանդեպ:
Գրախոսությունը գրվեց նույն տարվա անձրևոտ աշնանը, «Գրական թերթ»-ի համար, և տպագրվեց զգալի ուշացումով` 1978 թ. հունիսի 30-ին: Եվ, որքան հիշում եմ, այդ օրերին էր, որ Արտեմը, ջանալով օգնել գրախոսիս, յուր բանաստեղծության մեկնությունն ուղարկեց փոստով` չգիտեմ որտեղից: Քառածալ թղթի վրա (ինչն անժխտելիորեն վկայում է, որ ինձ է հասել ծրարի մեջ, որը, անխոհեմաբար դեն եմ նետել) նամակագիրը, իրեն բնորոշ էպիստոլյար անփութությամբ, ո՛չ մի տեղանուն, ո՛չ մի ամսաթիվ չէր դրել, այլ պարզապես սեփական պոեզիայի մեկնությունն էր մատուցում ինձ:


Հետաքրքիր այս փաստաթուղթը ժամանակին չօգտագործվեց երկու պատճառով. ա) գրված-ավարտված գրախոսությունն արդեն ներկայացվել էր խմբագրություն, բ) ես այնտեղ կատարելապես ուրիշ խնդիրներ էի շոշափում, ուստի հեղինակի առաջարկած ուշագրավ մտքերը ներմուծելու համար` կառուցվածքային և ուրիշ կարգի լուրջ փոփոխություններ պիտի կատարեի:


ՈՒստի այս անթվակիր նամակը մնաց իմ անձնական արխիվում, և նման այլ կարգի հարյուրավոր թղթերի տակից, պատահաբար, գտնվեց ճիշտ այն օրը, երբ Արտեմն ինձ հանձնեց A4 չափսի թղթի վրա խնամքով շարված նոր գրքի բանաստեղծությունները:
Ապշեցնող զուգադիպություն, որ բնավ պատահական չէր, և կարևոր խորհուրդ ուներ: Քառասուն տարի այս թուղթը սպասել էր իր ճիշտ ժամին և, ամենայն հավանականությամբ, Աստծո ձեռքով լույս աշխարհ հանվել:
Ահա հապճեպ, գուցե և` ոտքի վրա գրված այդ նամակ-մեկնությունը, որը, հասցեատիրոջ իրավունքով, մեջբերում ենք ամբողջությամբ և վերնագրում այսպես.

ՆԵՐՔԻՆ ՎԱՅՐԸ


Այդ անձնական (առանձին, գաղտնի, մասնակի, ներքին) վայրը, տեղը, որտեղ պոետական տեսիլքը վերագտնում է, հայտնագործում իր աղբյուրը (սկիզբը) և որտեղից առաջ շարժվելու ուժ է ստանում, նաև իր գործն անելու կարողություն, Քրեյնի մոտ մտապատկերվում է ծովի հետ, Օդենի մոտ` ստորերկրյա ջրերի և ժայռերի, ՈՒիթմենի մոտ` մոռացված թռչնի երգի, և Դիկկինսոնի մոտ` իր հոր այգու սահմանների հետ: Նման տեսլային, տեսիլքային շարժումը դեպի այդպիսի վիճակներն ու վայրերը, նահանջ ու խուսափում չէ իրականությունից, այլ ճանապարհորդություն` հայտնագործելու պոետի սիրտն ու ինքնությունը, և ազնիվ փորձ` հետ բերել դեպի իրականություն, դեպի արևի լույսը այդ երևույթները: Այստեղ որևէ խոսք լինել չի կարող հեդոնիզմի մասին կամ էլ միտումնավոր մթագնման (անհասկանալիության), կամ էլ ռոմանտիկական փակուղու. դա պարզապես պոետական անհրաժեշտության խնդիր է, որի նպատակն է վերահաստատել մարդու հավատը իր սեփական պատկերի և ինքնության հանդեպ` իր մահկանացու ճակատագրի շարունակության մեջ:
Նամակագիրս այնուհետև, ինձ խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել «Կանաչ մանկություն» շարքին` գրելով այսպես.


…ինձ հաջողվել է (թվում է գուցե) որոշակի խոսակցություն սկսել ներաշխարհի հետ, որը մանկության ժամանակ դուրսն է, դրսի աշխարհը, Աստծո խոր զգացողություն (կտաս ինձ ուղիդ, քայլողը գնաց, մնաց ժամանակը կավճացած), այսինքն, արտաքին աշխարհում գործողը, ապրողը, մնաց ժամանակը կավճացած` միտքը, սարսափը, անշարժ կյանքը` տարերքի: Բայց սրանից էլ կա փախուստ` դեպի ուրիշ աշխարհ (մանկության սկզբնական զգացողություններ), մթնող ցողը շուրթ է ճագարի և այլն…


Մեր խորին համոզմամբ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ պոետական յուրատեսակ մանիֆեստ, իսկ այսօրվա քաղաքագիտական եզրույթով ասված` «ճանապարհային քարտեզ» ստեղծագործական հետագա գործունեության, գուցե և ընդհանրապես կյանքի համար, եթե հաշվի առնենք հետևյալ նախադասությունը. «…վերահաստատել մարդու հավատքը իր սեփական պատկերի և ինքնության հանդեպ` իր մահկանացու ճակատագրի շարունակության մեջ»:


Ես չգիտեմ, եթե այս նամակը ժամանակին օգտագործեի որևէ հոդվածում, կօգնե՞ր արդյոք Արտեմի «արտառոց» պոեզիայի ընկալմանը, կթեթևացնե՞ր արդյոք բանաստեղծի նրա ճակատագիրը… Չեմ կարծում, քանի որ նրա ստորագրությամբ լույս տեսնող յուրաքանչյուր տողը հարուցում էր քննադատության մի շարք ներկայացուցիչների զայրույթը: Ավելին, այս տեքստը հրապարակելու դեպքում, «տեսական» հրաշալի հիմք էինք պարգևելու «ազգապահպան» քննադատությանը` նոր գրոհների համար. «Ահա. խնդրեմ, տեսե՛ք, կարդացե՛ք, ինքն է ասում իր բերանով…»:


Ամեն մի տեքստ, իսկապես, ընթերցման իր ժամանակն ունի: Մենք համոզվեցինք դրանում` Արտեմ Հարությունյանի վերջին ժողովածուն կարդալով ու համադրելով վերոբերյալ ծրագիր-նամակի հետ: Եվ, ո՜վ զարմանք, այսօր, մոտ քառասուն տարի անց, նա կարծես խախտում է իր իսկ սահմանած սկզբունքները, շեղվում նախօրոք գծված հստակ ու սլաքի պես դեպի ապագա խոյացող արահետից: Արահետ, որը գուցե տակավին տրորված չէ բանաստեղծական ոչ մի ներբանով, զի իրենն է, ինքն է գծել մտովին տասնամյակներ առաջ, բայց հանկարծ արահետը կորչում է, ջնջվում: Փոխարենը, հարափոփոխ կյանքի թավուտում նա բացում է ի՛ր ճանապարհը: «Շավիղը ծնվում է քայլող ոտքերի տակ»,- գրում էր Դենի դը Ռուժմոնը Սյորեն Կերկեգորի առիթով: Իսկ մեկ այլ շվեյցարացի` բանաստեղծ Ռոբեր Պենժեն, ասես կրկնելով նախորդին, այսպես էր բնորոշում պոետական ստեղծագործումը. «Ես գրում եմ, առանց իմանալու, թե ուր եմ գնում»: Առաջին քայլերն անող բանաստեղծն ավելի շատ ոգևորված էր ռոմանտիկ տեսլականով, բայց ահագնացող կյանքին համահունչ «քայլերը» փոխեցին նախապես գծված հստակ «երթուղին», երազային արահետի փոխարեն առաջարկելով արդիականության խավարի մեջ կորած դարուփոս մի ճանապարհ, որ անխուսափելիորեն տանում է դեպի…


Այսինքն, արդեն բերել-հասցրել է: Այսպիսով, նա հայտնվել է այն ճանապարհին, ավելի ճիշտ՝ այն իրականության մեջ, որն սկսեց տող առ տող, բանաստեղծություն առ բանաստեղծություն, տասնամյակներ առաջ, կանխազգալ, այնուհետև շոշափելու աստիճանի մարմնավորել «Նշանների երկիր»-ին հաջորդած բոլոր ժողովածուներում: Մի կանխատեսում, որ գրքից գիրք դառնում էր ավելի տեսանելի և նույնիսկ ավելի շոշափելի: Նա այլևս չի քայլում դեպի… Նա պարզապես հայտնվել է Դժոխքում կամ, եթե փոքր-ինչ փոփոխենք քաղաքագիտական լպիրշ եզրույթը` Կառավարելի Դժոխքում, որն այլևս Երկիր մոլորակի ընդերքում չէ, ինչ-որ անհայտ տեղում, այլ մեր շուրջը, մեր ներսում: Եվ այնտեղ հասնելու համար ուղեկից Վիրգիլիոս պետք չէր, Արտեմն ինքը եկավ այստեղ իր ոտքով, կամովին, հրաշալի իմանալով, թե ուր է գալիս, լիովին գիտակցված, գիտակցված այնքան, որքան ճշմարիտ բանաստեղծն իր արյամբ, իր ուղնուծուծով, առանց երկմտելու, կստանձներ այդ առաքելությունը: Եվ հիմա չգիտես` պոեզիա՞ն նրան բերեց այդտեղ, թե՞ ինքը` բանաստեղծը, պոեզիային իր հետ քարշ տվեց աղետի կենտրոն… Ինչ-որ է, նրանք երկուսով միաժամանակ հայտնվեցին Դժոխքում և կարծես մտադիր չեն հեռանալու այդտեղից:


Մինչդեռ բանաստեղծն իր ժողովածուներից մեկում գրում էր. «Պոեզիա, մենք երկուսով Դրախտից ենք ժամանել» («Ներկայության խոսքեր», 1988 թ.):
Դրախտի հուշը հաջորդ գրքերում անհետացավ:
Իսկ ինչպիսի՞ն է նրա անդրադարձը:
Սոսկումից նա չքարացավ: Գուցե նախապես գիտե՞ր, թե ինչ է տեսնելու, գուցե և սեփական առաքելության ամբողջական ստանձնումը նրան օժտել է հզոր իմունիտետով, անխոցելի մի զրահով` անհողդողդ հայացքով դիտել մարդասիրական ֆրազներ բարբաջող արդիականության սատանայի անսպառ ճիվաղությունները և գեղարվեստորեն համապատասխան վերաբերմունք ցուցաբերել:
Նա դռները լայնորեն բացում է սարսափների առջև, որ սելավի պես լցվում են նրա միկրոպոեմները, անցնելով, անշուշտ հեղինակային խստագույն պրիզմայի միջով, իրենց թիկունքին ստանալով նրա կնիքը: Ոչինչ չի վրիպում նրա աչքից: Բանաստեղծի այս ընդգրկուն հայացքը կարելի է բնորոշել լուսանկարչական հանրահայտ մի եզրույթով. «ձկան աչք», կարճաֆոկուս օբյեկտիվ, որ կարողանում է առավելագույն լայնությամբ ներկայացնել լուսանկարվող տեսարանը:


Այդ իրականությանը, բնականաբար, իր վերաբերմունքն է ցույց տալիս բանաստեղծի լեզուն, որ հորդում է կատաղի, պատկերներըը հրմշտում են իրար, բառեր կան, որ ասես ապտակ լինեն, անսահմանորեն ընդարձակվում է տեղի և ժամանակի ընդգրկումը, նախադասությունների արտաքուստ անկապ իրարահաջորդումը հիշեցնում է սյուրռեալիստների ecriture automatique-ը` «ինքնաբերական գրությունը», այն տարբերությամբ, որ այս դեպքում ոչ միայն հսկելի է հեղինակի կողմից, այլև որոշակիորեն հասցեավորված իրականության դիվականորեն եռեփող քաոսին, և իր պոետական ագրեսիվությամբ ձգտում է գերազանցել որոշակի նպատակներով բեմադրված դժոխային աբսուրդը. օքսյումորոնը, դառնակծու հեգնանքը, սև հումորը, ձաղկող սատիրան լրացնում են իրար` ստեղծելով քերթողական հրաշեկ մի լավա.
…Մինչ այդ բակում մի նավթավաճառ,
որին խև Բեհեզեբուղն էր ուղարկել
(նա հիմա հատուկ ծառայությունների վարիչն է
պետական գաղտնի խորշերում),
հնչեցրեց զանգը Ահեղ դատաստանի,
և հանց քողարկված որդեր մարդիկ դուրս թափվեցին,
իրենց բազմափականք տներից փողոց,
կուպրադեմ-կարծրացած սևացած ժամանակը
փշրվեց-ցրիվ եկավ անտրացիտի պես,
որ միլիոն տարի նստել էր հողի բանտում
և հիմա վառվում էր զայրույթից:
Եվ նորից զայրացած հեղափոխության դևը
դուրս եկավ ամենօրյա խղճին ընդառաջ:

Անցյալ դարի 50-ականներից պահպանված բնորոշ մի պատկեր, երբ դեռևս չգազիֆիկացված Երևանում, ուր տնային տնտեսուհիները «կերոսինկա» և «պրիմուս» էին վառում, քաղաքի փողոցներով շրջում էր բեռնաձիուն լծված մի սայլ` վրան նավթի ցիստեռն` հադեսակերպ սայլապանի ուղեկցությամբ, որը կանգ առնելով յուրաքանչյուր թաղում, հնչեցնում էր` իսկապես որ Ահեղ դատաստանի բրոնզաձույլ, հսկայական զանգը: Կենցաղային այս պատկերը հանելով իր ժամանակի համատեքստից, բանաստեղծը մտցրել է մեկ այլ իրականություն, ստեղծել միմյանց անհարիր ժամանակների կոլաժ` խորացնելով ներկայի աբսուրդը:


Իսկ ի՞նչ եղավ այն «ներքին վայրը», որի մասին նա գրում էր երեսունինը տարի առաջ: Արտեմ Հարությունյանը, աննկուն մարտիկի պես մնալով իր իսկ կանխատեսած Դժոխքում, ժամանակ առ ժամանակ «դառնում է մտքով տուն», և ոչ միայն այս ժողովածուի մեջ: Մշտական «երթուդարձը» դեպի Արցախ և օրեցօր դժոխացող աշխարհ, հաստատված չվերթերի պես տեղի էր ունենում գրքից գիրք: Նոր ժամանակների թոհուբոհի մեջ, ասես մի պահ նա կորցնում է իր ելման կետը.
…չկար երազի այն թեթևությունը,
որ մանկություն էր կոչվում
Ստեփանակերտի մեր այգու հետ ձուլված:

Եվ բանաստեղծը, կարծես շփոթված, հարցնում է. «Ո՞րն է իմ հասցեն վերջնական»: Հասցեն, սակայն, մնում է նույնը, իսկ «ներքին վայրը» դառնում է «արտաքին», առկա իրականություն, աչքի առջև ծավալվող գործողություն, երբ կարդում ենք մի ամբողջ շարք` նվիրված Արցախն ազատագրողներին: «Արցախի պատերազմը և նոր լեզվի հայտնությունը» բանաստեղծությունն ավարտվում է հետևյալ տողերով.
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ…
նոր լեզու է հայտնվում անարգել…

Հավատարիմ իր սկզբունքին և բնության անխախտ օրենքին, իր պոեզիայի հետ ապրում է փրկարար և կենսատու զարգացումը` արտացոլելու ոչ միայն հերոսականը, այլև որպես գեղագիտական համարժեքորեն դիմադրում սատանայական` արտաքուստ մշտափոփոխ, բայց էությամբ նույնը մնացող ժամանակներին: «Ժամանակն ինքն է ստեղծում պատկերները, իսկ ես ընդամենը համապատասխան բառեր եմ գտնում նրանց համար»,- գրում էր Ստեֆան Ցվայգը «Երեկվա աշխարհը» հուշապատումում: Արտեմ Հարությունյանի պարագայում նույն վիճակն է, թերևս, կարևոր մի տարբերությամբ. նրա «գիտակցության հոսքի» մեջ պատկերն ու բառը ասես գալիս են միաժամանակ` ստեղծելով մշտանորոգ մի «նոր լեզու»: Բանաստեղծն այս գրքում արդեն «խոսում» է այդ «նոր լեզվով», որը նրա հնի օրգանական շարունակությունն է, որին արդեն ծանոթ ենք նրա նախկին ժողովածուներից, և որի մշտական նորոգումը պիտի տեսնենք նրա հաջորդ գրքերում:


Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ

Դիտվել է՝ 1926

Մեկնաբանություններ