Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ես գյուղի հետ շատ կապված մարդ եմ»

«Ես գյուղի հետ շատ կապված մարդ եմ»
22.11.2016 | 00:44

2017-ի բյուջեի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆՆ ուշագրավ հայտարարություն արեց, ըստ որի, Հայաստանում աղքատության մակարդակը նվազել է, ավելի ստույգ՝ 30 տոկոսի շեմից իջել է, թեև իրականությունն այլ բան է հուշում։ Ֆինանսների նախարարին այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք։

-Պարոն Արամյան, ի՞նչ հիմք ունեք պնդելու, որ Հայաստանում աղքատության մակարդակը նվազել է։
-Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներն են հիմքը։
-Այդ տվյալները միշտ չէ, որ արտացոլում են իրականությունը։
-Ի՞նչ է նշանակում, թե իրական չեն։
-Դուք մարզեր, գյուղեր գնացե՞լ եք, տեսե՞լ եք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Կարո՞ղ եք այդ ամենը համադրել վիճակագրական տվյալների հետ ու փաստել, որ աղքատության մակարդակը նվազել է։
-Անկեղծ ասած, ես գյուղի հետ շատ կապված մարդ եմ։ Աղքատության մակարդակի նվազումը աչքով «չափելի» կդառնա այն ժամանակ, երբ նվազումը լինի ոչ թե 0,2, այլ 10-15 տոկոս։ Իհարկե, հիմա հնարավոր չէ, որ դուք դա աչքով տեսնեք։ 2014-ին աղքատության մակարդակը եղել է 30 տոկոս, 2015-ին՝ 29,8 տոկոս։ Այս տարբերությունը աչքով տեսանելի չէ։
-Արդյունաբերություն չկա, աշխատատեղեր չեն ստեղծվում, տնտեսական բոլոր ցուցանիշներն անմխիթար վիճակում են, իսկ աղքատության մակարդակը, չգիտես՝ ինչ հրաշքով, իջնում է։
-Ես պետք է երկար բացատրեմ, թե ինչ մեթոդաբանությամբ պետք է այդ հաշվումներն անել։ Իսկ մեր մեթոդիկան օդից վերցրած չէ, միջազգայնորեն ընդունված մոտեցում է։ Լավ կլինի, որ ֆիքսեք ոչ թե չափը, այլ դինամիկան։ 2010-ին աղքատության ամենաբարձր մակարդակն է եղել, երբ ֆինանսատնտեսական ճգնաժամ էր, և տրասնֆերտները կրճատվեցին։ 35,8 տոկոս էր աղքատության մակարդակը, ինչն աստիճանաբար նվազում է։ Այս պարագայում, ազգային վիճակագրական ծառայության տվյալները վկայակոչելուց բացի, ես այլ բան չեմ կարող ասել։
-Տարիներ շարունակ «նկարվող» այդ թվերը պաշտոնապես հերքվեցին հենց կառավարության ղեկավարի մակարդակով, երբ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունը ծայրահեղ ծանր վիճակում է։
-Մեր բոլոր հաշվարկները կառուցվել են 2015-ի տվյալների հիման վրա, այս տարվա տվյալները դեռ հաշվարկված չեն, մյուս տարի կհրապարակվեն թվերը։
-Ի՞նչ եք կարծում, էական տարբերություն եղե՞լ է մեկ տարում։
-Կարծում եմ՝ այո, տարբերություն կա։ ՈՒզենք, թե չուզենք, պետք է հաշվի առնենք, որ 2014-ից մեզ վրա արտածին գործոններ են ազդել, որոնք, բնականաբար, չենք կարող հարյուր տոկոսով չեզոքացնել։ Առավելագույնն անում ենք, որ դրանք լուրջ ազդեցություն չունենան։ Բայց ունենք այն, ինչ ունենք։
-Պաշտոնական տվյալները վկայակոչելուց զատ, ճիշտ չէ՞ր լինի, որ նախարարները հաճախ մեկնեին մարզեր, գյուղեր, հաղորդակից լինեին մարդկանց խնդիրներին՝ իրականությունից կտրված հայտարարություն չանելու համար։
-Ոչ ես, ոչ իմ գործընկերները իրականությունից կտրված հայտարարություններ չենք անում, նույնը վարչապետի առնչությամբ կարելի է վստահաբար ասել, որ հստակ նշել է, թե այն, ինչ ներկայացնում ենք, պետք է իրատեսական լինի։ Ավելին, 2017-ի բյուջեն այնպես ենք կազմել, որ ամբողջովին իրատեսական լինի։ Պատճառն այն է, որ բյուջեի եկամուտները ձևավորվում են տնտեսությունից, եթե տնտեսությունում կան խնդիրներ, չես կարող ծրագրել բավակականին բարձր բյուջետային հոսքեր։ Ասում են՝ ինչո՞ւ չեն բարձրանում աշխատավարձերը, թոշակները: Չեն բարձրանում, որովհետև մեզ մոտ համապատասխան բյուջետային մուտքեր, այս պահի դրությամբ, չկան։ Հետո էլ այնպես չէ, որ գյուղում չեմ լինում, առնվազն ամիսը մեկ անգամ գնում եմ, քանի որ իմ ազգուտակը գյուղում է ապրում, ամեն ինչից էլ քաջատեղյակ եմ։

Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2042

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ