Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Սխալ է այն կարծիքը, որ եթե այսինչ գրողին ես սիրում եմ, նրա գործերն էլ պետք է հրատարակվեն»

«Սխալ է այն կարծիքը, որ եթե այսինչ գրողին ես  սիրում եմ, նրա գործերն էլ պետք է հրատարակվեն»
22.11.2016 | 00:48

2017-ի պետբյուջեի քննարկումների ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով մշակութային խնդիրներին, ասաց, թե հույս ունի, որ այլևս «second hand» գրականություն չի հրատարակվի։ Ավելին, քննադատելով մինչ այս տպագրված գրքերի որակը, պատգամավորը տվեց հստակ որակում՝ «աղբ, որը պահվում է պադվալներում»։ Մշակույթի նախարար ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԻՑ հետաքրքրվեցի՝ ինչ կարծիք ունի հնչեցված խնդրի առնչությամբ։

-Պատգամավորը կարծես երկրորդում էր ինձ, թեև ես այդքան կտրուկ չէի արտահայտվի: Կարծում եմ, հրատարակված գրականության մեծ մասն է այդպիսին։ ՈՒսումնասիրեցի պահեստում մնացած գրականությունը, որտեղ կային և՛ լավ, և՛ վատ գրքեր։ Կային նաև բովանդակությամբ լավ, բայց «կատարման», այսինքն՝ հրատարակչական առումով վատ գրքեր, և հակառակը։ Ասել է, պետք է կարգավորել և՛ տեխնիկական, և՛ բովանդակային հարցերը՝ փորձելով ստեղծել լավ գրականություն։ Գտա մանկական գրքեր, որոնք պարզապես սարսափելի էին։ Իհարկե, կար նաև հակառակը։ Առողջապահության նախարարության հետ պայմանավորվել ենք ընտանեկան բժիշկների հետ աշխատել, որ երեխաներին այցելելիս դեղորայքի հետ նաև գրքեր նվիրեն։ Անշուշտ, Նաիրա Զոհրաբյանի ասածների մեջ ճշմարտություն կա՝ գրքերի զգալի մասը խոտան է։
-Գրահրատարակչական ոլորտին առնչվող ի՞նչ ծրագրեր եք մշակել և, ընդհանրապես, ինչպե՞ս եք փորձելու լավ գրականությունը զատել վատից։
-Մեծ փոփոխություններ են նախատեսված։ Բյուջեում կա այս ոլորտի հետ կապված երկու «տող»՝ պետպատվեր և աջակցություն գրահրատարակիչներին։ Երկու մասով էլ փոփոխություններ ենք անելու։ Պետական պատվերի մեջ ներառվելու են հաշմանդամություն ունեցող մարդկանց (կույրերի) համար գրքերը, ալբոմային հրատարակություն, որը Հայաստանը լավագույնս կներկայացնի աշխարհին։ Ինչ վերաբերում է գրահրատարակիչներին աջակցելուն, գաղափարախոսական առումով շատ բան է փոխվում։ Եթե մինչ այսօր գրահրատարակիչներին գումար էինք տրամադրում այս կամ այն գրականությունը տպելու համար, հիմա չենք տրամադրելու։ Ասում ենք, որ հրատարակված լավագույն գրքերը կգնենք մեր թանգարանների համար։ Առաջին հերթին դուրս ենք գալիս գրահրատարակչական բիզնեսից, պետությունը բիզնեսում անելիք չունի, չպետք է խանգարի բիզնեսին։ Մենք գնելու ենք լավագույն գրքերը և մեր գրադարանների միջոցով տարածելու ենք հանրապետությունով մեկ։
-Այս մոտեցման արդյունքում լավագույն գրողներն ի հայտ կգա՞ն։
-Վստահաբար՝ այո։ Մենք կազմակերպելու ենք լավագույն գրքերի շնորհանդեսները, հեռուստառադիոհաղորդումներով ներկայացնելու ենք գրողներին, գրական մրցանակաբաշխություն ենք նախատեսում, գրողների թարգմանության համար ենք գումարներ ծախսելու, հետո դրամաշնորհ ենք տրամադրելու, որ արտասահմանում այդ գրքերը տպագրվեն։ Երբ մենք ենք տպագրում անգլերեն կամ գերմաներեն գրքեր, լավագույն դեպքում դրանք նվիրում ենք Հայաստան եկած զբոսաշրջիկներին։ Այս պարագայում օտարերկրյա հրատարակիչները, օգտվելով մեր դրամաշնորհներից, այդ հեղինակների գրքերը տարածելու են իրենց երկրում։
-Գրահրատարակչության ոլորտն ուրիշ ի՞նչ խնդիրներ ունի։
-Կա նաև գրական ժառանգության պահպանման խնդիր, որը պետպատվերի շրջանակում ենք լուծելու։ Արտասահմանյան դրամաշնորհների դեպքում էլ մեր դասականներին ենք անդրադառնալու։ Ոլորտի հիմնական նպատակն է բացահայտել երիտասարդ, տաղանդավոր գրողներին և աջակցել գրահրատարակչական բիզնեսին։
-Ի՞նչ սկզբունքով է որոշվելու՝ ո՞վ է տաղանդավոր գրող։
-Փակ հանձնաժողովներ ունենք։
-Վստահելի՞ են։
-Այո։ Ես ծրագրում եմ, որ հարցը երկրորդ, երրորդ անգամ ստուգվի տարբեր հանձնաժողովներում։ Ի դեպ, նշեմ նաև, որ գրահրատարակչական շուկայի ուսումնասիրություն երբեք չի արվել, հաջորդ տարի նախատեսում ենք ներքին և արտաքին շուկայի ուսումնասիրություն անցկացնել, արդյունքները տրամադրվելու են հրատարակիչներին։ Առանց հասկանալու, թե մեր ընթերցողը, սփյուռքը ինչ գրականություն են պահանջում, հնարավոր չէ գրքեր հրատարակել։ Հրատարակում ենք գրքեր՝ առաջնորդվելով խնամի-բարեկամ սկզբունքով։ Եթե այսինչ գրողին ես սիրում եմ, ամենևին չի նշանակում, որ նրա գործերը պետք է հրատարակվեն։ Պետք է լինի առավելագույնս արդարամիտ մոտեցում։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2425

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ