Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Խելահեղության կանխավարկած

Խելահեղության կանխավարկած
22.11.2016 | 00:59

Բարի օր, պարոնայք երդվյալ ատենակալներ, հուսամ՝ խոր ընկճախտի մեջ չեք, որ ԱՄՆ-ի նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը, ու ոչ ոք չգիտի՝ ինչ կանի նա Բարաք Օբամայի թողած ժառանգությունը: Որ Անգելա Մերկելը որոշել է չորրորդ անգամ կանցլեր առաջադրվել, ու գերմանացիներն այնքան էլ դեմ չեն նրան կանցլեր տեսնել: Որ Ֆրանսիայի հանրապետականների պրայմերիզների հաղթողը նոյեմբերի 27-ին հայտնի կլինի, իսկ Մարին լը Պենն արդեն հարցումներով առաջինն է: Որ Թերեզա Մեյը առանց խորհրդարանի չի կարող լուծել Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից հեռանալու հարցը: Որ Իտալիայում դեկտեմբերին հանրաքվե է, ու Մատեո Ռենցին հայտարարել է՝ հրաժարական կտա, եթե չհաղթի: Որ Էրդողանը որոշել է Բրյուսելը փոխարինել Շանհայով և ուզում է ԵՄ-ի փոխարեն ՇՀԿ անդամության հայտ ներկայացնել: Նրանք հեռու են, նրանք ապրում են այլ աշխարհում, այլ արժեքներով: Եվ, այնուամենայնիվ, մենք բոլորս ապրում ենք միֆերի աշխարհում՝ գուցե անգամ չընկալելով: Որևէ հուշարձանի կողքով անցնելիս չենք հիշում, որ արձանները գալիս են անհիշելի ժամանակներից իբրև կուռքեր: Հուշարձանին ծաղիկներ դնելիս չենք զգում, որ հեթանոսական զոհաբերությունն ենք կրկնում: Միֆերը նույնն են, բովանդակությունը՝ նորացված: Հիմա ավելի շատ զբաղվում ենք թռչող ափսեներով, տան ոգիներով, հեռազգացությամբ… Գուցե Զևսին ու Հերային չենք հավատում, կրակը Պրոմեթևսից չենք սպասում, բայց, վիճակագրության համաձայն, մոլորակի բնակչության 30 տոկոսը հավատում է այլմոլորակայինների, թռչող ափսեների ու Ձնեմարդու գոյությանը: XXI դարը ապրում է միֆերով ինչպես բոլոր դարերը՝ մ.թ.ա. և մ. թ.:


Հերոդոտոսը սկյութների մասին զարմանալի առասպել է պատմել: Սկյութները գնացել են Միդիա՝ պատերազմի: Պատերազմը ձգվել է շատ երկար (սկյութների արշավանքները Ասիա հաստատում են պատմաբանները), երբ վերադարձել են, նրանց ընդառաջ է եկել բանակ ու թույլ չի տվել տուն մտնել: Պարզվել է՝ երկարատև բացակայության ընթացքում նրանց կանայք ամուսնացել են իրենց ստրուկների հետ, ու այդ ամուսնությունից ծնված որդիները չեն ցանկանում նախկին տերերին տուն թողնել: Նրանք մարտնչում էին սկյութների դեմ նրանցից ոչ պակաս կատաղի: Երկար օրեր կռիվները հաջողություն չէին բերում: Վերջապես սկյութներից մեկը վայր է նետում զենքը ու հայտարարում է՝ անհեթեթ է մարտնչել ստրուկների դեմ՝ այդպես և սկյութներն են զոհվում, և նրանց ունեցվածք ստրուկներն են պակասում: «Քանի դեռ մենք նրանց դեմ զենքով ենք դուրս գալիս, նրանք իրենց համարում են մեզ հավասար, բավական է՝ ձեռքներս առնենք մտրակը, նրանք անմիջապես կհիշեն իրենց ստրկական ծագումը»: Հաջորդ օրը սկյութները մարտի գնացին միայն մտրակներով, հազիվ էին հակառակորդները լսել մտրակի շաչյունը, խառնվեցին իրար ու խուճապի մեջ՝ ցրվեցին: Այդպես սկյութներին հաջողվեց վերադարձնել տունն ու հայրենիքը:


Ինչո՞ւ ընկա առասպելների, հույների ու սկյութների ստվերների հետևից: Հենց այնպես: Ոչ մի պատճառ չկա, պարոնայք երդվյալ ատենակալներ, հիշեցի, որ մեզնից առաջ հազարամյակներ աշխարհում ապրել են մարդիկ ու ժառանգություն են թողել ոչ միայն բուրգեր, դամբարաններ, պարտեզներ ու հուշարձաններ, այլև միֆեր, որտեղ ամեն ինչ ավելի իրական է իրականությունից: Իսկ մեր պատմական հիշողությունը սովորաբար տարածվում է մեկ-երկու տարվա վրա, ավելին մոռանում ենք: Բացառությունը Ցեղասպանությունն է, բայց եթե մեր համազգային էներգիան 101 տարում ուղղած լինեինք ոչ թե անցյալին, այլ ներկային, ավելի մեծ է հավանականությունը, որ մեր պատմական հայրենիքում հիմա մենք լինեինք, ոչ թե քրդերն ու թուրքերը: Բայց մենք այսպիսին ենք ու հազիվ թե առաջիկա 101 տարում շատ փոխվենք: Եվ, ուրեմն, պարոնայք երդվյալ ատենակալներ, ընդամենը կարճլիկ անդրադարձ պատմությանը. «Կառավարության ծրագիրն արդեն պատրաստ է: Այն փոխկապակցված քայլերի մի ամբողջ համալիր է, որն ուղղված է սկսված բարեփոխումները շարունակելուն, արտադրողի, ստեղծողի, գյուղացու կողքին ամուր կանգնելուն, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը նոր լիցք հաղորդելուն և արդար աշխատանքը խրախուսելուն: Հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ներկա միտումներն ու մեզ համար կարևոր շուկաներից եկող բացասական ազդակները՝ կառավարության ծրագրում փոքր-ինչ նվազեցված են տնտեսական աճի նպատակադրումները գալիք տարիների համար: Դա ճիշտ մոտեցում է, որը նվազեցնում է իրականացվող քաղաքականության ռիսկերը: Սակայն ես համոզված եմ, որ սովորականից ավելի ջանքերի շնորհիվ կառավարությունը կարողանալու է առավել մեծ իրական արդյունքներ ցույց տալ, ամրագրված թիրախներից նկատելիորեն ավելի ցուցանիշներ ապահովել: Գալիք տարիների բոլոր քայլերը լրջորեն են քննության առնվել»:

Ի՞նչ եք կարծում՝ ո՞վ և ե՞րբ է ասել: 2014-ի մայիսի 24-ին, ՀՀԿ 15-րդ համագումարում ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նաև հավելել է. «Պարոն Հովիկ Աբրահամյանն իր փորձով, կառավարման ունակություններով, աշխատաոճով արդեն հասցրել է բավականին դրական սպասումներ ձևավորել կառավարության գործունեության հանդեպ: Ես վստահ եմ, որ մեր գործարարները, աշխատավորներն ու գյուղացիները, ուսուցիչներն ու բժիշկները, բոլորը մշտապես զգալու են պետության ուշադրությունը, իշխանությունների օժանդակող ձեռքն ամենատարբեր հարցերի լուծման ժամանակ: Կառավարությունն այսօր իրեն ամուր ու վստահ է զգում և ունի մեր բոլորի՝ ՀՀԿ-ի աջակցությունը: Կառավարության անդամների վրա նույնպես հսկայական պատասխանատվություն է դրված: Բոլորի աշխատանքը չափվելու է կոնկրետ արդյունքներով, գործի հանդեպ նվիրվածության և ջանասիրության մակարդակով: Անփոխարինելի մարդիկ չկան: Թերացողները շատ արագ կփոխարինվեն: Մեր կադրային պահուստը բազմապատիկ ավելին է, քան ոմանց կարող է թվալ»:

Հովիկ Աբրահամյանի փոխարեն գրեք «Կարեն Կարապետյան», մնացածը՝ նույնն է: Գուցե միֆ է միայն կադրային պահուստի բազմապատիկ ավելի լինելը: Երկու տարի անց կառավարությունը ՀՀԿ-ականների փոխարեն համալրեցին ապագա ՀՀԿ-ականները: ՈՒ՝ ի՞նչ: Ի՞նչ է փոխվել անցած երկու տարում մեր կյանքում, որի հիման վրա մենք առաջիկա երկու տարում փոփոխություններ պիտի ակնկալենք: Մի շտապեք ասել «ոչինչ»: Ստացվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի վարչապետն է դարձել մարդ, որ իրեն հնարավորինս դուրս է դնում քաղաքականությունից: Բոլոր իրողությունները, որ կան արտաքին քաղաքական ու ներքաղաքական կյանքում, տնտեսական դաշտում Կարեն Կարապետյանը հանգեցնում է մեկ բանաձևի՝ «արդյունավետ մենեջմենթ»: Գուցե դա եղել է նրա պաշտոնը ստանձնելու պայմաններից մեկը՝ վարչապետը չի զբաղվում քաղաքականությամբ, վարչապետը զբաղվում է տնտեսությամբ: Եթե հաջողվի քաղաքականությունը տնտեսությունից անջատելու ու առանձին վերցրած տնտեսության մեջ հաջողության հասնելու էքսպերիմենտը, միանշանակ, Կարեն Կարապետյանին պետք է Նոբելյան մրցանակ տալ, դա նոր խոսք է լինելու տնտեսագիտության ասպարեզում: Բայց ինչպես քաղաքագիտության մեջ՝ իշխանությանն ու ընդդիմությանն «այլընտրանք» մոդելի հայտնագործության համար մրցանակ չտվեցին ու նույնիսկ չառաջադրեցին Գագիկ Ծառուկյանին, այնպես էլ Նոբելյան մրցանակը Հայաստան չի գա Կարեն Կարապետյանի հետևից: Այս նոնսենսը հասկանալու համար պետք է մի քիչ ուշադիր հետևել քաղաքական զարգացումներին՝ ոչ թե ով ինչ է ասում, այլ՝ ով ինչ է անում: Միայն խորհրդարաններում է քաղաքականությունը խոսքի մակարդակով իրականացվում, ռեալ կյանքում ու ռեալ քաղաքականության մեջ չափանիշը գործերն են: Նոյեմբերի 26-ին ՀՀԿ-ն իր 16-րդ համագումարն է հրավիրել: Նույնիսկ առանց գրազի կարող եք ասել՝ ի՞նչ կասի իշխող կուսակցության ու հանրապետության նախագահը ու ի՞նչ խնդիրներ կդնի իր կուսակցության առաջ, ինչպե՞ս այդ խնդիրները կկապի պետության խնդիրների հետ ու ինչո՞վ ելույթը կեզրափակի: Պատճառը միայն այն չէ, որ 2017-ի ապրիլին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են, ու բոլոր կուսակցությունների համագումարներն էլ նույն սցենարն են ունենալու: Բոլոր կուսակցապետերն էլ խոսելու են նախորդ համագումարից հետո կատարված աշխատանքների, ներկա ու ապագա խնդիրների մասին և փորձելու են համագումարի իրենց համար բարձրագույն ամբիոնից ոչ միայն կուսակիցներին, այլև հանրությանը իրենց հաղթանակի անխուսափելիությունը մատնանշել: Պատճառը դա չէ: Պատճառը մենք ենք, մենք ընտելացել ենք, որ մեզ պարբերաբար հույսեր են ներշնչում, հետո առանց բացատրության, առանց գնահատականի վարչապետ են փոխում ու կարուսելը պտտվում է նորից: Ավելին, գործնականում ձախողված վարչապետերը շարունակում են մնալ քաղաքական ասպարեզում ու բարեհաջող պաշտոնավարում են այլ պաշտոններում, հավակնում նոր պաշտոնների: Նույնը՝ նախարարները: Այսինքն, մի քանի անգամ մենք ապացուցել ենք ինքներս մեզ, որ անձի փոփոխությունը նույն համակարգի շրջանակներում արդյունքի տեսակետից նշանակություն չունի: ՈՒ՝ ի՞նչ: Հիմա մենեջմենթով պիտի լցնենք պետական քաղաքականությա՞ն վակուումը: Այո, որովհետև քաղաքական փասիանսում Կարեն Կարապետյանին քաղաքական դեր վերապահված չէ:

Իր ամբողջ փորձառությամբ ու հովանավորների միջամտության հեռանկարով հանդերձ՝ նա մնալու է տեխնիկական վարչապետ, որ մինչև ընտրությունները իբրև բարեփոխումների սիմվոլ լուծում է քարոզչական խնդիրներ, մեկ էլ լցնում է սահմանադրության փոփոխությամբ առաջացած անցումային շրջանը՝ խորհրդարանական ընտրություններից հետո՝ մինչև նախագահական ժամկետի ավարտը: Որովհետև նախագահ Սերժ Սարգսյանը չի հեռանալու, նա մնալու է քաղաքականության մեջ՝ վերադառնալու է Հանրապետության հրապարակ ու դառնալու է վարչապետ՝ լինելով ՀՀԿ նախագահը: «Ինչպես»-ը տեխնիկական հարց է, կարևորը քաղաքական որոշումն է, որ գործնականում վաղուց է կայացված: Մնում է ընտելացնել հասարակությանը այդ մտքին, ինչը և կարվի ՀՀԿ համագումարի բարձր ամբիոնից՝ թե՛ նրա, թե՛ մյուս պատվիրակների ելույթներով: Կարդացեք Սերժ Սարգսյանի հարցազրույցները թե՛ Կիսելյովին, թե՛ «Սքայ Նյուզ Արաբիա»-ին, դուք ոչ մի տող, ոչ մի նրբերանգ չեք գտնի՝ նախագահի գործունեությունն ամփոփելու ու քաղաքական ժառանգությունը իրավահաջորդին փոխանցելու մասին, միանգամայն հակառակը՝ միայն ծրագրեր ու հեռանկարներ, երազներ: Այդպես իշխանությունը չեն հանձնում, այդպես հաստատում են իշխանություն մնալը: Եվ քաղաքական դաշտում նոր կուսակցությունների ստեղծման, հների հետ պայմանավորվածությունների ու դաշինքների ամբողջ շիլաշփոթի առանցքում պետական կառավարման համակարգի աներերության սկզբունքն է՝ ոմանք կգնան, ոմանք կմնան, համակարգը կգործառնի նույն մեթոդներով, նույն նպատակներով ու նույն… հետևանքներով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Եվ այդ ծրագրում հաշվարկված է ամեն ինչ, զորակոչված են բոլորը, բացի միջին վիճակագրական հայից, որ դեռ չի կորցրել մտածելու ունակությունը: Նրան գիտնական Տիգրան Սարգսյանին բիզնեսմեն Հովիկ Աբրահամյանով, նրան էլ մենեջեր Կարեն Կարապետյանով փոխարինումներով չես խաբի: Նրան չես խաբի, նա ապրում է իր վաստակով և իշխանական կերակրատաշտից, ինչպես Լուսնից, հեռու է: Նա է իրական փոփոխությունների միակ նախանձախնդիրը երկրում, ապրում է մեկ անգամ ու պիտի արժանապատիվ կյանքով ապրի, ոչ թե սպասարկի ինչ-որ շահեր, որ իր հետ ու իր կյանքի հետ բոլորովին կապ չունեն: Նա ազատ է, չունի քաղաքական ու տնտեսական պարտավորություններ, և ուրեմն անկառավարելի է իր ձգտումների ու գործողությունների մեջ: Նա չի հավատում առասպելներին ու նույնիսկ չգիտի էլ՝ ինչ առասպելներ են եղել անցյալում ու ինչ առասպելներ են ստեղծվում իր օրերում, նա բնազդաբար գնում է ճիշտ ճանապարհով ու սկյութ զինվորի պես անհրաժեշտ պահին կայացնելու է հայրենիքը վերադարձնելու ճիշտ որոշումը: ՈՒ դա նրա խելահեղության կանխավարկածը չէ, դա նրա խելամտության պահն է:

Դիտվել է՝ 1719

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ