«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Ընդամենը անցում՝ Հայաստանից Հայաստան

Ընդամենը անցում՝  Հայաստանից Հայաստան
22.11.2016 | 08:43

Արցախ:
Լեռ՝ լեռան վրա, կողք կողքի, թիկունք թիկունքի շարվեշար. ասես կանաչ, ալեկոծ ծովի պես իններորդ ալիքներ են խոյացրել ի վեր ու այդպես քարացել: Այդ ծովում, որպես նավակ, մեր մեքենան է օրորվում ճամփի գալարուն ընթացքով:
Ճանապարհը տարուբերվում է ալիքից ալիք, մի լեռան գագաթից մյուսը. մեկ լեռան գագաթին մերձ է ահա, մեկ նորից ցած է սուրում ու սահում լեռնափեշով, ու մենք էլ նրա հետ:
Արցախ:.
Շունչ կտրելու չափ շքեղ, փառահեղ, շունչ կտրելու չափ հարազատ:
Լեռներից կորզված և լեռներին պահ տրված ճանապարհը մոգելով մեզ տանում է վեր ու վար: Ճանապարհի վերևում Շուշին է, ցածում՝ Ստեփանակերտը:
Մազե կամուրջը:


Կամուրջն անցակետ է եղել արցախյան պատերազմի ժամանակ, որտեղ ռուսական զորքն էր կանգնած տանկերով, իսկ վերևում թուրքերն էին: Այդպես, մեկմեկու զորավիգ՝ հայի դեմ ելած:
Բայց միտքս հետ գնալ չի ուզում:
Լեռնային լաբիրինթոսի խառնիխուռն ճանապարհներն ավելի խճճող մշուշներն անգամ չեն օգնում՝ այս շքեղ իրականը թողած` անցյալի պատկերներ կենդանացնել մտովի: Այն լեռնալանջին ընկած զինվորի տնքոցը... Փոքր-ինչ հեռվում՝ ճյուղատարած ու մենավոր ծառի շվաքում, հենց գետնին կծկված, մեր ազատամարտիկների տագնապոտ նինջը: Քոչվոր թուրք ազերուն այս կանաչ դրախտից վռնդողների բերկրանքից հևացող սրտերի տրոփը: Ամեն մի քայլը դեպի առաջ՝ հայրենիքի վերագտած մի փոքրիկ պատառիկ:
Նրանց նվաճած խաղաղությունն այս արբեցնող է հնեցրած գինու նմանությամբ, ու այն վայելելու հրճվանքը չի թողնում, որ միտքս հետ գնա:
Բարձր մի լեռան հենց գագաթին Բերդաձորն է՝ արծվի պես թառած: Հայացքով վեր ու վեր եմ բարձրանում՝ հասնում արծիվներին:


ՈՒ նորից բրդոտ, թախկած գանգուրներով լեռներ. կանաչ քուրք է հագել լեռը, նստել, հանգստանում է:
Բրդոտ լեռները հիմա մի ամբողջ հոտ են՝ կանգնած, նստոտած, ու մենք՝ մեկի մեջքին: Մեքենան տնքալով բարձրանում է:
Ահա հուշարձան-աղբյուրը՝ դիմաքանդակներով: Բայց միտքս հետ գնալ չի ուզում, միայն շնորհակալ եմ մեր այս վայելքի համար, տղաներ, Աստծո լույսերը ձեզ:
ՈՒ նորից գույների հետ եմ, բույրերի հետ եմ, ծառերի, քարերի: Հիմա գույներով քարերն են հաղթում՝ մեկ դեղնավուն են, մեկ՝ խարկված-բոսոր, մեկ՝ կապտաթույր, մեկ՝ այս, մեկ՝ այն: Աշնանը հերթը ծառերինն է լինելու:
Մի դեղին տերև և երկու դեղին թիթեռնիկ ծառի ստվերում թրթռում ու թպրտում են: Ես մտովի վրձնում եմ արցախյան բնապատկերը, խաղաղ ու թեթևասահ օրը: Սակայն, որքան էլ իրականի անպատմելի շքեղության դիմաց խեղճուկրակ է իմ ջանքը, միևնույն է, արդյունքը հրաշալի է ստացվելու: Այլ կերպ չի կարող լինել:


Շոշ գյուղ: Հունոտի կիրճ:
Թթենիների այգիները՝ խոնարհ իրենց հանգիստը վայելող: Մոշենիները:
Նորից մշուշներ, որ ալիքվում են, թավալ տալիս խավոտ կանաչին, հետո՝ չարաճճի մանուկների պես շտապում անկարգություն անելու. քանի մեծերի ուշքը այլ տեղ է, ու... խռնվում են ճամփի վրա, ծանր-ծանր նստում: Դե հիմա տեսնենք՝ ոնց եք անցնելու... ՈՒ մեքենան մխրճվում է ճերմակ մշուշի քուլաների խորքը, սահում ենք արդեն անձև ու ճերմակով սքողված տարածության միջով: ՈՒ մի քիչ երկնքում ենք մեզ զգում, կարիք չկա աչքներս վեր հառելու. մի փոքր կկոցում եմ միայն ու աղոթք հղում Երկնավորին. «Տեր, պահիր մեր այս հարազատին մեզ համար: Տեր, թող այլևս արյան չարագույժ կարմիրը չխաթարի այս մաքուր գույների խայտանքը: Տեր, տեր եղիր քո իսկ ընծայածին, պահիր մեր այս հարազատին մեզ համար»:
Հերհեր գյուղ: Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոհմի ամառանոցն է եղել այստեղ, գյուղում Սուրբ Լուսավորիչ եկեղեցի կա կառուցված:
Մամիկոնյան տոհմը նույնպես Արցախում՝ Մարտակերտում, ամառանոց է ունեցել: Եվ Մամիկոնյաններն Ավարայրի դաշտ այդտեղից են գնացել կռվելու, նահատակվելու, հերոսանալու, սրբանալու:


Հասնում ենք Տնջրի ծառին: Մի վիթխարի սոսու ծառ է (Արցախում սոսուն տնջրի են ասում): Անհավատալի է, բայց միայն կեղևի որոշ մասերով գետնին հենված ծառը հսկա սաղարթ է տարածել իր վերևում՝ մարտահրավեր նետած բնագիտության բոլոր կանոններին և անցնող դարերին: Նրա գոյությունն իսկապես հրաշք է, և բնական է, որ ժողովրդի համար սրբատեղի է դարձել այս վայրը: Կարծիք կա, որ այն աշխարհի ամենահին ծառն է և իր չափերով գերազանցում է հանրահայտ Էգեյան ծովի Կոս կղզու և Աշխաբադի Փիրուզե կիրճի ծառերին անգամ: Չգիտեմ, որքանով է դա ճիշտ, բայց այն, որ այս ծառի հովանու տակ ժամանակին հանգստացել են Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Սայաթ-Նովան, Րաֆֆին, Լեոն, վստահ եմ, որ հաստատ է:
Մոտ 2035 տարեկան Տնջրին մշուշի մեջ է, որը նրան անիրական մի տեսիլք է ասես դարձրել: Մշուշը մեզ էլ է պարուրում. անտես կաթիլներ են ցողվում մեզ վրա, ու դարերի խորհուրդ կա՝ մշուշների հետ մեր շուրջը թևածող: Ասում են, թե Տնջրու բնի մեջ բացված հսկայական՝ 44 քառակուսի մետր մակերեսով խոռոչում հարյուրից ավելի մարդ կարող է տեղավորվել: Հիմա հերթն իմն է. ինձ հանձնում եմ ծառի՝ հարյուր մարդու համար բացված գրկին, շոյում նրա կեղևը ներսից ու հայացքս բարձրացնում վեր՝ դեպի նրա սիրտը՝ այդքան վերքոտ, սակայն նաև մեծ, սիրող, համբերատար: Իսկը հայի սիրտ:
Քիչ հեռու Տնջրի աղբյուրն է, որը ժամանակին ջրաղացներ է աշխատեցրել, իսկ այժմ միայն ջրում է այս գրեթե ոգեղեն ծառը և զովացնում է մեզ նման անցորդ մարդկանց: Աղբյուրի ջուրը կաթնահամ է, սառը, զուլալ:


Աղբյուրից վեր, ամբողջական մի քարի ճեղքերի մեջ արմատները տարածած, փռշնու ծառ է վեր ձգվել: Փռշնին ժողովրդի մեջ հայտնի է իր բուժիչ հատկություններով. հիանալի դեղ են սրտի համար և պտուղը, և տերևները, և ճյուղերը:
Նորից խռնվում ենք մեր նահապետ-ծառի՝ Տնջրու շուրջը: Լուսանկարչական սարքերը պահը կնքում են իրենց հիշողության մեջ՝ վիթխարի, դարերի անցուդարձը կեղևի բարդ-բարդ կնճիռների մեջ պահ տված սոսուն, մեզ՝ մի քիչ սքողված մշուշներով, մի քիչ խոնավ նրանց հպանքից և մի քիչ դուրս ժամանակից:
Նորից լեռների մեջ ենք. լեռներ՝ ամպը վրան, արևը՝ մյուսի, երկինքն՝ այն մեկի:
Հետ ենք գնում:
Ճանապարհի մի կողմում՝ լեռնալանջի փորվածքի վերևում անտառը ծալք է տվել՝ ծառերը հետաքրքրասեր տատիկների պես առաջ թեքված ասես ուզում են ամեն մի անցուդարձ անգիր անել:
Իսկ բացված հողի ընդերքից արմատներ են աշխարհի երես ելել, կախվել ժայռն ի վար, լեռան նյարդերն ու երակներն են բացվել ասես: Քամուց օրորվող արմատները ջրի տեղ օդ են խմում և նախանձում, թե նախանձը շարժում հողի մեջ մխրճված իրենց ընկերների: Երևի նախանձում են:
Վարանդա շրջանում ենք, Հերհեր գյուղում՝ Մասիս հայորդու օջախում:
Բակում՝ ծառերի տակ, կանաչների մեջ իրենց դրախտը գտած, աշխարհի ցավ ու դավին անտեղյակ, խայտագույն բադերն են շորոր-մորոր ճեմում, հավեր, ճուտիկներ:
ՈՒ այս օջախն արդեն մեզ էլ հենց սկզբում դրախտի մի ափ է թվում:
Հասուն ու սևին տվող խաղողի ողկույզները կախ են ընկել վազերի վեր բարձրացած ճյուղերից, հմայում են...


«Հայր մեր»-ով սեղան ենք նստում: Օղին այնքան հեշտ է խմվում. հատուկ որա՞կ է, թե՞ օջախի ջերմությունից է:
-Թող ժողովուրդը շատանա, տրաքոց չըլնի: Բայց ժողովուրդը պակասում ա,- Կոլյան է բաժակ բարձրացրել:
Հինգ բառով Կոլյան ձևակերպում է երկրի և ազգի ճիշտ ընթացքի ողնաշարը. մնում է դրա շուրջ արդեն մանր-մունրը հավաքել, որն արդեն ամենահեշտն է: Էլ ոնց հասկանանք, թե այդ ինչով են զբաղված կառավարության, Ազգային ժողովի կուշտուկուռ, մի քանի մարդու տեղ աշխատավարձ ստացող, թաքուն բիզնեսներն էլ աչքից հեռու ծաղկեցնող իշխանավորները, որ դեռ շատ հեռու են այս հինգբառանոց ձևակերպումից:
Առաջին անգամ եմ լսում, որ մեղրը հացով՝ օղու համար ամենալավ «զակուսկին» է: Փորձում ենք: Ընկուզենին էլ իր սոսափով մեր զրուցակիցն է դարձել:
Կոլյա, Մասիս, Ռամելա, Անահիտ, Արմեն, Մանե բալիկը... Հրաշալի ընտանիք՝ արցախյան բոլոր տագնապի օրերն ապրած, հաղթանակի մեջ իրենց բաժինը համեստորեն հուշերի մեջ փայփայող և ջերմ, երկնքի չափ մեծ սրտերով:
Նորից ճանապարհին ենք:
Ահա և Ամարասի վանական համալիրը: Փոքրիկ գմբեթը խաչով երևում է պարիսպների հետևից: Բակում թթենյաց այգի է:
Վանքը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը՝ չորրորդ դարում, իսկ նրա թոռ Գրիգորիս եպիսկոպոսը ավարտին է հասցրել վանքի կառուցումը։ Հետագայում՝ հինգերորդ դարավերջին, Մայր եկեղեցու ավագ խորանի ներքո, Գրիգորիսի գերեզմանի վրա, Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը մատուռ է կառուցել:
Ամարասը միշտ եղել է հոգևոր և մշակութային աշխույժ կենտրոն Արցախ աշխարհի համար: Գործել է միաբանության դպրոցը, որտեղ մեր գրիչները գիշեր ու տիվ բազում ձեռագիր մատյաններ են երկնել: Ամարասում է Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարի սկզբին բացել Արցախի առաջին դպրոցը և ինքն էլ դասավանդել այնտեղ։
Վանքի տարածքում հայտնաբերվել է 925-ով թվագրված խաչքար, որը, փաստորեն, ամենահին կոթողներից է:
Վկայություններ կան այն մասին, որ ժամանակին եկեղեցին եռագմբեթ է եղել, հիմա միայն մեկ գմբեթ է վեր խոյանում:
Դարերի ընթացքում վանքը մի քանի անգամ ենթարկվել է ասպատակության: Հաճախ հաջողվել է դիմակայել բարբարոսների վայրագություններին, երբեմն՝ ոչ: Սակայն, իր պարիսպների ամրության շնորհիվ, այն կարողացել է հիմնականում մնալ կանգուն և շուտով վերականգնվելով՝ կրկին շենացել է:


Ըստ ժողովրդական ավանդության, ամեն մի հերթական զավթիչ որոշում էր այնպես հիմնովին ավերել գյուղաքաղաքը, որ վանքն այլևս հնարավոր չլիներ վերականգնել: Թշնամին իր զինվորներին շարքով կանգնեցնում էր մինչև Երասխի ափը, որ մեկմեկու քարերը փոխանցելով, դրանք կորցնեն Երասխի ջրերին հանձնած: Եվ, սակայն, ամեն անգամ, թշնամու հեռանալուց անմիջապես հետո, Ամարասի վանքը կրկին հառնում էր նույն տեղում, նույն վեհությամբ ու շուքով:
4-րդ դարում այն վերականգնել է Վաչագան Բարեպաշտ թագավորը: Իսկ վերջին անգամ՝ 1852-ին վանքի շինարարությունն ու վերակառուցումը շուշեցիներն են իրականացրել: Հիմա վանքը առաջին անգամ ստիպված է համբերատարությամբ լցված սպասել ու սպասել իր ժամին, իսկ գուցե՝ մեր ժամին:
Պահակը հայկական երաժշտություն է լսում երկրորդ հարկի երիցտանը: Պատուհանից աղոտ լույս է երևում:
Եկեղեցու դուռը նոր է, կաղնեփայտ, գեղեցիկ փորագրանախշերով՝ Սբ Գրիգոր Լուսավորիչ, Սբ Մաշտոց, նուռ, խաղող՝ միասնության խորհրդանիշ:
Աղոթում ենք Լուսավորչի թոռան գերեզմանի շուրջ ծնկած. Լուսավորչի թոռ. ծնեալ 322 (ՅԻԲ) օծեալ 340 (ՅԽ)...
Երբ դուրս ենք գալիս անձրևում է՝ բարալիկ, գորշուկ շիթերով: Բակում ջրհորն է: Դարձյալ թթենիներ:


Վանքի համար որոշ բաներ արվել են, բայց դեռ ահռելի աշխատանք կա, որ մեր հինավուրց, չքնաղ, դեպքից դեպք միայն պատարագի աղոթքով ու ջերմությամբ ողողվող վանքը կրկին հառնի նախկին վեհությամբ, կենդանությամբ և շողշողա մարգարտի պես:
Ժողովուրդն ինքը պետք է իր եկեղեցին կառուցի. «Ինձ համար տաճար կառուցեք, և Ես կբնակվեմ այնտեղ»:
Դարեր շարունակ վանքը՝ քար քարի վրա չթողած հրոսակի ոտքը քաշվելուն պես, նորից հառնել է, անմիջապես հառնել է՝ ամբողջովին վերաշինված հառնել է: Իսկ այժմ, երբ շատ ավելի մեծ հնարավորությունների ժամանակներ են, այն դեռ սպասում է՝ լռած, խնկաբույրի և ուխտավորների կարոտ:
(շարունակելի)

ՆԱՆԵ

Լուսանկարներ

. .
  • Տնջրի ծառը
Դիտվել է՝ 2865

Մեկնաբանություններ