Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Այդ գործերն արդեն, ցավոք, լոկ գեղարվեստական հնարանք չեն»

«Այդ գործերն արդեն, ցավոք, լոկ  գեղարվեստական հնարանք չեն»
22.11.2016 | 08:48

Վերջերս «Լուսաբաց» հրատարակչությունը տպագրեց շվեյցարացի դրամատուրգ ԱԳՈՏԱ ԿՐԻՍՏՈՖԻ (1936-2011) պիեսների ժողովածուն` ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆԻ թարգմանությամբ: Աշխարհին հայտնի հեղինակ, որի գործերն առաջին անգամ են ֆրանսերենից թարգմանվում հայերեն: Այդ առթիվ մի քանի հարց ուղղեցինք սիրված դերասանուհուն, արձակագրին և, տվյալ դեպքում, նաև թարգմանչին:

-Անցած ամիսներին, Ձեր թարգմանությամբ մի նոր անուն հայտնվեց «Դրամատուրգիա» և «ԱրտԳրականություն» հանդեսներում` շվեյցարացի դրամատուրգ Ագոտա Կրիստոֆ: «Լուսաբաց» հրատարակչությունն էլ վերջերս լույս ընծայեց չորս պիեսներից կազմված նրա «Հրեշը» ժողովածուն` դարձյալ Ձեր թարգմանությամբ: Այդ գործերը, իսկապես, նորություն էին հայ ընթերցողի համար. ոչ միայն գործերը, այլև անունն էր մեզ անհայտ:
-Այո, բայց ամեն նոր անուն դեռ նորություն չէ: Անծանոթ հեղինակներ են լույս տեսնում, որոնց տողերից հնության բույր է գալիս: Ագոտա Կրիստոֆի պարագայում վստահորեն կարող ենք ասել, որ նրա գործերը ոչ միայն նորություն են, այլև կատարյալ հայտնություն:
-Չափից ավելի շռայլ չէ՞ Ձեր գնահատությունը:
-Բնավ ոչ: Ավելի քան հիսուն տարի ես արվեստում եմ, այդ ընթացքում հարյուրավոր ներկայացումներ եմ խաղացել ու դիտել, նույնքան էլ` ֆիլմեր, կարդացել եմ անթիվ ու անհամար գրքեր, և թող անհամեստ չհնչի, հիմա ինձ դժվար է զարմացնելը: Գուցե ինձ հոռետես համարեք, բայց կարծես գնալով ավելի ու ավելի հազվադեպ են հանդիպում իսկապես տաղանդավոր, արտակարգ, աստվածային խենթությամբ ստեղծված գործեր: Ագոտա Կրիստոֆի պիեսները պատահաբար ձեռքս ընկան անցյալ տարի՝ Շվեյցարիայում: Մի շնչով կարդացի և մի քանի օր դրանց տպավորության տակ էի: Որոշեցի անպայման թարգմանել այդ գիրքն ամբողջությամբ:
-Ի՞նչը Ձեզ այդպես ոգևորեց:
-Նախ, ասեմ, որ նա ոչ միայն փայլուն դրամատուրգ է, այլև հրաշալի վեպերի հեղինակ, և ինչպես ամեն մի տաղանդավոր անհատականություն, մի շարք արժանիքներ ունի, բայց ես կխոսեմ այն հիմնականի մասին, ինչն ինձ ստիպեց լրջորեն զբաղվել նրա գրականությամբ:
Եվ հետո, ով-ով, դուք` լրագրողներդ, հրաշալի գիտեք, որ խառը ժամանակներում մարգարեները չափից ավելի պահանջարկված են դառնում. Ապոկալիպսիս, Նոստրադամուս, Վանգա, տեր և տիկին Գլոբա… ո՞ր մեկն ասեմ: Եվ որոշակի մի օրինաչափություն է նկատվում. լավ բաներ գրեթե չկան նրանց «կանխատեսումներում», շարունակ ահասարսուռ աղետներ են խոստանում` պատերազմներ, համաճարակներ, երկրաշարժ ու ջրհեղեղ և, վերջապես, մոլորակի կործանում։ Տարտամ, ժամանակի անորոշության մեջ սպասվող պատուհասներ։
-Բայց մի՞թե Ձեր թարգմանած հեղինակի գրականությունն այդպիսին չէ: Հետևյալ տողերն են գրված գրքի անոտացիայում. «Գործող անձանց մշտապես տեսնում ենք այլաբանական, դեհումանիզացված միջավայրում, որտեղ շրջվել են բարոյական, մարդկային բոլոր արժեքները, իսկ դաժանությունը հանդես է գալիս մարդասիրության քողի տակ, հետևաբար մարդն էլ դառնում է բացարձակապես անարժեք միավոր, ասես ականատեսն ենք քաղաքակրթության ավարտի, ասես մարդկությունը վերադառնում է քարանձավ, և սկսվում է խոստացված ապոկալիպսիսը... Թվում է, թե հեղինակը լցված է հոռետեսությամբ, թե չափից ավելի խտացնում է գույները, սակայն, երբ տեսնում ենք, թե այսօր ինչեր են կատարվում աշխարհի տարբեր անկյուններում, ստիպված ենք ընդունել, որ շուրջ երկու տասնամյակ առաջ գրված այս պիեսներն իրոք մարգարեական են»: Մի՞թե նրա կանխատեսումները նույնպես վախեցնող չեն:
-Անշուշտ, ահասարսուռ են, ավելին` մարգարեական և, ի տարբերություն վերը թվարկված անունների, չափազանց որոշակի: Սակայն դա չէ հիմնական, ես կասեի` գաղափարախոսական տարբերությունը: Կրիստոֆը, առաջ անցնելով ժամանակից, խորանում է երևույթների տրամաբանության մեջ, կանխորոշում իդեալազուրկ հասարակության տխուր մայրամուտը, գտնում կործանման հիմնական պատճառը` մարդու ոչնչացումը որպես հասարակության հիմնական միավորի: Նրա բոլոր պիեսներում մենք տեսնում ենք դաժանության առօրեականացումը, իրականությունից կտրված հումանիստական ավանդների անզորությունը և, վերջապես, մարդու վերադարձը քարանձավ: Այն, ինչ արդեն տեղի է ունենում այսօր աշխարհի թեժ կետերում, և ո՛չ միայն: Կարող ենք ասել, որ Հայաստանում էլ արդեն նկատվում են մարդու և հասարակության դեգրադացիայի տագնապահարույց դրսևորումներ: «Համաճարակ» պիեսում գործող անձինք, փաստորեն, այլևս մարդիկ չեն, այլ երկու մասի բաժանված ռոբոտներ` ոչնչացվող և ոչնչացնող: «Ոչնչացնողները» տարածում են ինքնասպանության համաճարակ և գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, երկիր առ երկիր վերացնում բանական արարածին: Եվ այսպես Կրիստոֆը փորձում է համոզել մեզ, որ ինքնասպանության համաճարակով վարակված մարդկությունն ու քաղաքակրթությունը անդառնալիորեն հասնում են իրենց վախճանին:
-Չափազանցված չէ՞:
-Գուցե չափազանցված է, բայց դա գրականություն է, ահազանգ է և հեռու չէ իրականությունից: Հեղինակը, իր առաքելությունը գիտակցող բժշկի պես, ասում է. «Եթե չբուժվես, կմահանաս»:
-Այդ ամենը, կարծես, պատկերվել է քսաներորդ դարի մի շարք հեղինակների գործերում, ինչպես նաև կինոյում:
-Անշուշտ, պատկերվել է, քսաներորդ դարի գրականության մեջ, ինչ-ինչ, սարսափներն անպակաս են: Բայց դարձյալ պիտի խոսենք կարևոր մի տարբերության մասին. այդ հեղինակներից մի քանիսի, ինչպես, օրինակ` Օրուելի կամ Պլատոնովի վեպերը քաղաքական-գաղափարական որոշակի ուղղվածություն ունեն ընդդեմ տոտալիտար վարչակարգերի: Ասել է թե, չնայած նկարագրվող սարսափներին, աշխարհում, այնուամենայնիվ, կան վայրեր, որտեղ մարդը կարող է փրկություն գտնել, քանզի արատավոր վարչակարգը, ի վերջո, ենթակա է փոփոխման: Այսինքն, թունելի վերջում լույս կա: Օրուելի «1984»-ը կարդալիս անմիջապես հասկանում ես, որ հեղինակը նկատի է ունեցել Խորհրդային Միությունը, որն այլևս գոյություն չունի: Բայց սարսափները շարունակվում են ու տարածվում աշխարհով մեկ: Նշանակում է՝ պատճառը միայն վարչակարգը չէր, այլ տարածքների և նյութի պատերազմ է ամենուր, հիբրիդային պատերազմ` նոր ժամանակների դիվական գյուտը: Եվ հետո, վերը նշված ստեղծագործություններում նկարագրված գործողությունները, ասես, ծավալվում են զուգահեռ մի իրականության մեջ, մեզնից հեռու, նույնիսկ անմատչելի մի համաստեղությունում, ինչպես Պիեռ Բուլի «Կապիկների մոլորակը» վեպում է: Մինչդեռ Կրիստոֆի գործերը կարդալիս առաջին իսկ էջից խուճապը համակում է քեզ: Ժամանակն այդ պիեսներում խտացված է, մարդկությունն արդեն ապրում է այդ իրականության մեջ: Այդ գործերն արդեն, ցավոք, լոկ գեղարվեստական հնարանք չեն:
-Ինչպե՞ս կբացատրեք հեղինակի այդ մռայլ հայացքը:
-Դա ավելի շուտ սթափ հայացք է` առանց որևէ պատրանքի: Նա գրում է մի իրականության մասին, որն ապրել է: Ագոտա Կրիստոֆն ազգությամբ հունգարացի է, ի դեպ, դա նրա իսկական անուն-ազգանունն է, ոչ թե ծածկանունը, ինչպես շատերն են կարծում` նմանեցնելով Ագաթա Քրիստիին: 1956-ին, քսան տարեկանում, Բուդապեշտի ապստամբության ժամանակ հրաշքով կարողացել է անցնել սահմանը, Ավստրիայով հասնել Շվեյցարիա և հաստատվել այնտեղ. այնպես է յուրացրել ֆրանսերենը, որ 80-ականներից սկսել է գրել այդ լեզվով, սկզբում՝ պատմվածքներ, հետո՝ պիեսներ և, վերջապես, իր նշանավոր վիպական եռագրությունը, որը, իրոք, պիեսների նման, բացառիկ երևույթ է եվրոպական արդի արձակում:
-Մտադիր չե՞ք այդ եռագրությունը նույնպես թարգմանել:
-Շատ կուզեի, բայց այնքա՜ն գործ կա անելու։ Հաճելի է, իհարկե, նման հեղինակների թարգմանելը, բայց նաև իմ սեփական ծրագրերը կան, որ հերթի են դրված:
-Կխոսե՞ք այդ ծրագրերի մասին, օրինակ, հնարավո՞ր է, որ Ագոտա Կրիստոֆի պիեսներից մեկում խաղաք:
-Խաղալը` հազիվ թե, բայց չի բացառվում, որ բեմադրեմ: Իսկ թե որտեղ, առայժմ վաղ է այդ մասին խոսելը:

Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 9208

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ