Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
25.11.2016 | 00:44

(սկիզբը՝ այստեղ)

Սփյուռքի շուկայի (որը Հայաստանի համար արտաքին շուկա է) լիարժեք օգտագործման դեպքում հնարավոր կլինի ստեղծել մի իրավիճակ, որը համարժեք կլինի հայկական ներքին շուկայի ծավալների եռապատկմանը և զգալիորեն կհեշտացնի տեղական արտադրողների գործը: Արդյունաբերության վերագործարկման, նոր արտադրատեսակների յուրացման տեսակետից ներքին շուկայի ծավալներն ունեն որոշիչ նշանակություն: Փոքր ներքին շուկան լուրջ դժվարություններ է ստեղծում խոշոր սերիական արտադրություններ կազմակերպելու հարցում, քանի որ գոյություն ունի արտադրության մինիմալ և մաքսիմալ ծավալների հասկացությունը: Ամեն ինչ կախված է արտադրվող արտադրանքի բնույթից, արտադրության մեջ կիրառվող տեխնոլոգիաներից, նոր արտադրությունների կազմակերպման համար պահանջվող նախնական ներդրումների չափից (նոր հաստոցներ ձեռք բերելու, կաղապարներ պատրաստելու, թափոններն օգտագործելու համար հարակից արտադրատեսակներ կազմակերպելու և այլնի համար):


Հայտնի է՝ ցանկացած արտադրությունում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է լուծել մի շարք խնդիրներ, որոնց մեջ կարևորվում են արտադրանքի բարձր որակի, բարձր հուսալիության, ցածր ինքնարժեքի, շուկաների մոտիկության (ինքնարժեքի մեջ տրանսպորտային ծախսերը նվազեցնելու համար), մոնոպոլ դիրք գրավելու օբյեկտիվ ցուցանիշները: Շատ են կարևորվում նաև արտադրանքի սուբյեկտիվ ցուցանիշները, ինչպիսիք են արտադրող ֆիրմաների ու երկրի միջազգային հեղինակությունը, ճանաչելիությունը կամ բրենդները, գովազդային միջոցառումները և այլն: Գոյություն ունի արտադրանքի ինքնարժեքի նվազեցման, բարձր որակի և հուսալիության ապահովման մեկ ընդհանուր բանաձև. արտադրության ծավալները պետք է աճեն խելակորույս տեմպերով, ինչն իր հերթին պահանջում է ունենալ համապատասխան մեծության այնպիսի շուկաներ, որտեղ չլինեն դժվարին մրցակիցների ու սեփական արտադրանքի իրացմանը խանգարող այլ հանգամանքներ: Եվրամիության, ԵԱՏՄ ու տնտեսական այլ միությունների ստեղծման անհրաժեշտությունը անմիջականորեն բխում է սպառման ներքին շուկաների ընդարձակման տեխնոլոգիական պահանջներից: Ինչ-որ առումով դրանք արտադրական-տեխնոլոգիական առանձնահատկություններից բխող գործընթացներ են, որ սերտորեն կապվում են գլոբալիզացիայի՝ տարածաշրջանային ու համաշխարհային գլոբալ քաղաքականության հետ: Եթե փոքր երկրներն արտադրական խնդիրները լուծելու համար ձգտել ու ձգտելու են խոշորացնել իրենց շուկաները (գերտերությունների հաշվին¤, ապա պետք է պատրաստ լինեն վճարելու դրա դիմաց՝ զգալի զիջումներ կատարելով ու հրաժարվելով իրենց ազգային անկախության և ինքնիշխանության ձեռքբերումներից: Ամերիկայի կամ Չինաստանի նման երկրները դրանց կարիքը չունեն, նրանց ներքին շուկաները բավարար են՝ այժմ և ապագայում լուծելու իրենց արտադրությունների ընդարձակման խնդիրները՝ ելնելով կոնկրետ տեխնոլոգիական առանձնահատկություններից:
Արտաքին շուկաներում աշխատելու ձգտումը զուտ իմպերիալիստական է: Այն արվում է միջազգային քաղաքական ասպարեզում իրենց դիրքերն անսասան պահելու, գերշահույթներ ստանալու, սեփական քաղաքացիների կյանքի մակարդակը բարձր պահելու և համաշխարհային առևտրային ընթացող պատերազմում իրենց հաղթարշավը շարունակելու համար:
Մեր ընդդիմադիր քաղաքական գործիչները հաճախ են տրտնջում, թե ԵԱՏՄ մտնելուց հետո մենք քաղաքական ու տնտեսական լուրջ զիջումների ենք գնացել: Այո՛, այդպես է ու դեռ շարունակելու է այդպես մնալ այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք գտել տնտեսության զարգացման մեր բանալին: Մի հետաքրքիր տարբերակ է նշմարվում մեզ համար, ինչը թույլ կտա զարգացնել արդյունաբերությունն ու տնտեսությունը ճիշտ այն ձևով, ինչ արվում է Չինաստանում ու Ամերիկայում: Հայկական արտադրական ընկերությունները պետք է տարածվեն աշխարհով մեկ, սփյուռքի հետ ունենան ինտեգրված արդյունաբերություն՝ օգտվելով արտադրանքի իրացման անհամեմատ ավելի մեծ շուկաներից՝ ի դեմս սփյուռքի երկրների: Դա թույլ կտա.
ա) արագ տեմպերով ընդարձակել մեր արտաքին շուկան՝ ներգրավելով նոր գնորդների՝ ի հաշիվ հայերի, ի հաշիվ հայերի հարևանների ու բարեկամների, ի հաշիվ հայերի հարևանների ու բարեկամների հարևանների ու բարեկամների և այդպես շարունակ: Այստեղ մեծ օգուտ կարող են տալ հայկական եկեղեցիներին կից գործող խանութները, որտեղ կարելի է ցուցադրել ու վաճառքի հանել հայկական որակյալ սննդամթերքներ, մասնավորապես, արևային նոր տեխնոլոգիաներով արտադրված որակյալ սննդատեսակները, սուջուխ-արևային քաղցրավենիք վաճառելու հարցերը:
բ) Սփյուռքի միջոցով մենք կարող ենք հաջողությամբ ձեռք բերել Արևմուտքի նորագույն տեխնիկան ու տեխնոլոգիաները (թեկուզ և նախկինում օգտագործվածը, որը զարգացած երկրներում, 3-10 տարվա պարբերությամբ, արտադրություններից դուրս է բերվում՝ վերազինման ծրագրերի շրջանակներում), համալրել մեր հաստոցային պարկն ու զարգացնել մեր գործարանների տեխնոլոգիական հնարավորությունները:
Փաստենք, որ 25 տարվա ընթացքում մեր գործարանները հեռու են մնացել վերազինման պարտադիր (դարձյալ տեխնոլոգիական պահանջներից ելնելով) գործընթացներից, մնացել են իրենց հին, բարոյապես ու ֆիզիկապես մաշված տեխնիկայի հույսին, եթե, իհարկե, դեռևս բոլորը չեն վաճառել ու ինչ-որ բան մնացել է տեղերում: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Խորհրդային Միության տեխնոլոգիական պարկը Արևմուտքի համեմատ հետ էր միջինը 15-20 տարով, ապա, դրան գումարելով նաև մեր գործարանների 25 տարվա պարապուրդային վիճակը կամ պարապ ընթացքը, մենք կստանանք 35-45 թվերը, որոնցով էլ կբնութագրվի մեր արդյունաբերության տեխնիկական ու տեխնոլոգիական հետամնացության աստիճանը:
Միջազգային կամ թեկուզ ԵԱՏՄ 170-միլիոնանոց շուկայի համար մրցունակ ի՞նչ արտադրատեսակներ կարող ենք արտադրել ու արտահանել՝ ունենալով ժամանակի պահանջներից կես դարով հետ մնացած տեխնոլոգիաներ ու հաստոցային պարկ: Ավելին, ալան-թալանի պատճառով մենք կորցրել ենք մեզ մոտ գոյություն ունեցած տեխնոլոգիաները, տեխնիկական միջոցների ու հաստոցների գերակշիռ մասը: Սփյուռքի հետ ժամանակակից արտադրություններ կազմակերպելու հարցը մենք քննարկել ենք նախորդ համարում, երբ խոսում էինք ԾԻԳ-երից ու ՊՈԱԿ-ներից, որոնց տված անուղղակի վնասը, մեր գնահատականներով, կարող է չափվել 1:1000000 համամասնությամբ: Օրինակ, արդեն հիշատակված ԾԻԳ-ի տնօրենի հասցրած վնասը Հայաստանի տնտեսությանը հավասարազոր էր մեկ միլիարդ դոլարի՝ գրպանած յուրաքանչյուր հազար դոլարի դիմաց: Այդպիսի թվերով կարող են գնահատվել նաև մեր ունեցած հաստոցների վաճառքի պատճառով առաջացած վնասները, երբ 300 հազար դոլար արժողությամբ ունիկալ հաստոցները, օրինակ «ԵրԱԶ» ավտոգործարանի մամլիչ-պրեսները, վաճառքի էին հանվում մետաղի ջարդոնի գնով՝ տոննան 70 դոլարով: Նման թվաբանությունը բնորոշ է հետխորհրդային երկրներում ներդրված արևմտյան «ատկատային» տեխնոլոգիաների համար. 20 տոննա քաշ ունեցող մամլիչը ազատ ու անկախ Հայաստանում կարելի էր ձևակերպել ու արտահանել 1400 դոլարով, պետության բյուջեն ուղարկել 1400-ի հարկվող մասն ու ստանալ 149 300 դոլարի մաքուր եկամուտ՝ սեփական գրպանի համար, որպես «ատկատ»:


Վարչապետ Կարեն Կարապետյանը ռեալ հնարավորություն ունի աշխուժություն մտցնելու մեր տնտեսության մեջ, երբ փորձում է արագացված տեմպերով զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը. այստեղ հստակ տրամաբանություն կա: Մեր պայմաններում, երբ նախկին գործարաններն ու ֆաբրիկաները դուրս են եկել իրենց աշխատանքային վիճակից ու, փաստորեն, գոյություն չունեն, ի՞նչ կարող է առաջարկել մեր վարչապետը, եթե միայն դրանց վերականգնման, վերագործարկման ու ժամանակակից տեսքի բերելու համար, տարբեր հաշվարկներով, անհրաժեշտ կլինի ներդնել 100-350 միլիարդ դոլար: Այդ գումարները չկան, մեր տնտեսության համար խնդիր է դարձել նույնիսկ տարեկան 350 միլիոն դոլար գտնելը՝ արտաքին պարտքի սպասարկման համար: Տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթաց զարգացման համար միլիարդավոր դոլարների ներդրումներ չեն պահանջվում, ժամանակակից տեխնիկա ձեռք բերելու, էներգետիկ, տրանսպորտային կամ այլ բնույթի ծանր խնդիրներ չկան, այս ոլորտում հնարավոր կլինի լուծել վարչապետի առջև դրված խնդիրներից մեկը՝ կարճ ժամանակահատվածում հասնել ինչ-որ դրական արդյունքի, ինչ-որ շարժի: Այո, մեր տնտեսական սայլը կարող է տեղից շարժվել, բայց շատ կարճ ժամանակով, հետո կանգ կառնի, որովհետև Հայաստանը չի կարող ստանձնել ՏՏ ոլորտի առաջատարի դերը: Այս ոլորտում Հայաստանը կարող է գործել միայն ոլորտը սպասարկողի ու սպասավորի էպիզոդիկ դերում՝ գործի մեջ ընդգրկելով իր լավագույն երիտասարդ կադրերին, ովքեր, միևնույն է, որոշ ժամանակ անց կհեռանան երկրից՝ դեպի ՏՏ ոլորտի մայր գործարանները:


Տնտեսական ճգնաժամին հրաժեշտ տալու համար մեզ պետք է դիվերսիֆիկացնել մեր տնտեսական գործունեության ոլորտները՝ շեշտը դնելով նոր զարգացող ու դեռևս ձևավորված շուկաներ չունեցող ուղղությունների վրա: Հայաստանը կարիք ունի մշակելու արդյունաբերության, գյուղատնտեսության ու ընդհանուր տնտեսության զարգացման մեկ միասնական և իրատեսական ծրագիր՝ հաշվի առնելով մեր գիտական, տեխնիկական ու տեխնոլոգիական պոտենցիալի, նաև ֆինանսական իրական հնարավորությունները. ի՞նչ ենք արտադրելու և որտե՞ղ ենք վաճառելու: Սրանք կարևոր հարցեր են, որոնց լուծման համար, առաջին հերթին, պետք է հաշվել, հաշվառել ու հասկանալ, թե մեր տրամադրության տակ ինչ է մնացել, սրանք կլինեն մեր վերելքի կամ արդյունաբերական վերածննդի սկզբնական պայմանները: Դրանից հետո նոր կարելի է մտածել մեր տեխնիկական ու տեխնոլոգիական հնարավորությունների լիարժեք օգտագործման մասին:
ՀՀ նախագահի կամ ՀՀ վարչապետի քաղաքական ելույթները մեր տնտեսությանը օգուտ բերել չեն կարող, դրանք ընդամենը հաստատում են Հայաստանում իշխանության ու բիզնեսի կառավարման ղեկը մեկի ձեռքում գտնվելու փաստը: Սրանք տարանջատման կարիք ունեն. իշխանությունը՝ իշխանավորներին, արդյունաբերությունը՝ արդյունաբերողներին, ու քանի դեռ այս բաժանումը տեղի չի ունեցել, մենք անվերջ դոփելու ենք տեղում:
Մենք արդեն խոսել ենք երկրի զարգացման ծրագրերի համար մրցույթ հայտարարելու մասին: Մեր ընթերցողներից շատերը համամիտ են այդ գաղափարին, մրցույթը ցույց կտա, թե մենք ինչ որակի ու ներդրման պատրաստ ծրագրեր ունենք: Դրանից հետո հեշտ կլինի կոնկրետ քայլեր ձեռնարկել ու առաջ շարժվել:


Շատ կարևոր է իմանալ, թե ֆինանսական ինչ ռեսուրսներ են դրվելու իրականացվելիք ծրագրերի հիմքում, բայց կարևոր է հավելյալ ինֆորմացիա ստանալ նաև մեր արտաքին պետական 6 միլիարդ պարտքի առաջացման ու նրա հետագա սպասարկման մասին: Պետական պարտքի ավելացումը միայն խանգարելու է ճգնաժամի հաղթահարման գործընթացին, քանի որ արդյունաբերության մեջ ներդրում կատարող դրսի ու ներսի ներդրողները մշտապես զգալու են հարկային բեռի ավելացման հնարավորությունը, որը անորոշության ռեալ տարրեր է պարունակում: Ներդրողները պետք է ունենան երկարաժամկետ հաստատուն պայմաններ, որ կարողանան գնահատել իրենց ռիսկերն ու հասկանան ֆինանսական ներդրումների վերադարձելիության հնարավորությունը:
Հետաքրքիր է իմանալ, թե այդ ինչ ներդրումներ էին արվել Հայաստանում, որոնց հաշվին հնարավոր չեղավ վերագործարկել մեր գործարանները կամ նորերը կառուցել: Պարզվում է, որ երկարատև վարկերի ձևով տրված այդ գումարները հիմնականում ունեցել են մի շարք չգրված պայմաններ. ոչ մի ցենտ՝ նոր գործարաններ կառուցելու, գործող գործարանների վերազինման ու նմանատիպ այլ գործերի համար, դրանք չեն խրախուսվել: Ջրամբարների, ճանապարհների, ջրագծերի կառուցում, խնդրեմ, որքան ցանկանաք: Դեռևս խորհրդային տարիներից էր հայտնի, որ փող ուտելու լավագույն տեղն ու ձևը հողի հետ կապված շինարարական աշխատանքներն են, որտեղ չեն եղել հստակ նորմեր. շենքի տակ կարող էր ժայռ լինել, կամ՝ փափուկ հող, բայց, միևնույն է, պարտադիր կարգով միշտ ժայռն էր ստացվում՝ համապատասխան «ժայռային» գներով:


Համաշխարհային բանկի վարկերի հետ Հայաստանի վզին են փաթաթվել որոշակի, ոչ պայմանագրային պայմաններ: Օրինակ, տված գումարների մի մասը (1/3-ի չափով) նախատեսվում էր վարկառու երկրում խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար, որոնք հիմնականում կատարվում էին արտասահմանյան խորհրդատու-մասնագետների մասնակցությամբ: Թե մեր երկրին տրված վարկային միջոցների հաշվին ինչ խորհրդատուներ են ուղարկվում Հայաստան ու թե ինչպիսի անգնահատելի խորհուրդներ են նրանք տվել մեր քաղաքացիներին, կարող են թեմա դառնալ երգիծաբանների համար: Իմ ուղեղում փայլուն գաղափար է ծնվել, որը կարելի է առաջարկել Հայաստանի գրողների միությանը. վարկերի ու պարտքերի թեմաներով կարելի է Հակոբ Պարոնյանի գրչին արժանի ստեղծագործություններ գրել: Ահա մի դեպք Արտաշատից: Սևամորթ Թոմը Համաշխարհային բանկի խորհրդատուներից էր (նեգր ասել չի կարելի, մանավանդ որ նա Հայաստան էր ուղարկվել որպես խորհրդատու): Թոմը Արտաշատում տուն էր վարձել ու աշխատում էր հավուր պատշաճի «կատարել» իր պարտականությունները: Նրա պարտականությունների մեջ էր մտնում Արտաշատի շուկայում վաճառվող կարտոֆիլի գների ստուգումը՝ օրը երեք անգամ. 10.00, 13.00 և 17.00-ին: Ճիշտ այդ ժամերին Թոմը մտնում էր շուկա, մոտենում էր կարտոֆիլ վաճառողներին, իմանում կարտոֆիլի օրվա գներն ու հեռանում, Թոմը երբեք կարտոֆիլ չէր գնում, դա նրան պետք չէր, նա սնվում էր ռեստորանում: Թոմի միջոցով շուկայականները կարող էին նույնիսկ իրենց ժամացույցները ստուգել:


-Հենա, Թոմը եկավ, բայց հլա մի կիլո կարտոլ չենք ծախել,- սրտնեղում էին վաճառողները:
Մի օր որոշել էին կատակել, Թոմի հոգու հետ խաղալ, կարտոֆիլը թաքցրել ու, փոխարենը, ցուցասեղանի վրա բողկ էին շարել: Թոմը մոտենում է կարտոֆիլի բաժնին՝ կարտոֆիլ չկա, բողկ է դրված:
-Երևի տեղն եմ շփոթել,- հավանաբար մտածում է նա: Անցավ շուկայի մյուս բաժինները, պտտվեց, պտտվեց ու վերադարձավ կարտոֆիլի տեղը, բողկ է, կարտոֆի՞լն ինչ եղավ: 6-րդ անգամ վերադարձավ ու, ա՜յ քեզ հրաշք, կարտոֆիլներն իրենց տեղում են:
-Մեղք էր, ճաշից կուշանար,- պատմում էր ծանոթ վաճառողը,- բողկը պահեցինք, կարտոլն իր տեղը դրեցինք:
Ամասիայից իմ բարեկամ, գյուղատնտեսության մասնագետ Վարդգեսը պատմում է հետևյալը.
-Մի նեգր էին ուղարկել մեր շրջան՝ դասախոսելու, սովորեցնում էր, թե ինչպես է պետք բահի պոչը բռնել ու հողը փորել այնպես, որ ծառի համար փոս առաջանա, որ ոտքով կարելի է խփել, որով՝ ոչ, ու նման բաներ, վրան ծիծաղեցինք ու ճամփու դրեցինք:
Մեկ այլ արևմտյան խորհրդական Լոռվա մարզում գյուղացիներին սովորեցնում էր, թե ինչպես է պետք էտել դեղձի ծառերը, ներկայացել էր որպես Ամերիկայում ծառերի ու թփերի հայտնի էտող-դիզայներ, պատերին փակցրել էր իր ձևավորած թփերի գունավոր նկարները. ահա Ամերիկայում թփերից ձևավորած նրա կլորիկ փիղը, ահա կոկորդիլոսը, ահա և ջայլամը:
Երբ ամերիկացին սկսեց իր հմտությունները ցույց տալ Հայաստանում ու կյանքում առաջին անգամ սկսեց էտել դեղձի ծառերից մեկը, այգու տերը բղավեց.
-Արա՛, մկրատը սրա ձեռքից վերցրեք ու իմ այգուց դուրս արեք, ծառիս հերն անիծեց, բոլոր աչքերը կտրեց:


Սրանք միայն փոքրիկ էպիզոդներ են խորհրդատվական այն մասշտաբային աշխատանքների, որոնք մեր հաշվին, մեզ տրված վարկերի հաշվին Հայաստանում կատարել ու շարունակում են կատարել արևմտյան «խորհրդատուները»:
Արևմտյան վարկային միջոցների հաշվին մեր քաղաքներում ու գյուղերում խորհրդատվություն-դասախոսություններ են կարդացել ու շարունակում են կարդալ նաև մեր հայ մասնագետները: Այդ դասախոսությունները առատորեն վճարվել են. ժամը երեք անգամ ավելի, քան նման դեպքերում գումարներ են նախատեսվում՝ ելնելով հայկական կազմակերպությունների համար սահմանված բյուջետային վարձաչափերից: Ժամանակին ինձ ևս բախտ էր վիճակվել ներկա գտնվելու նման մի քանի ուսուցողական-խորհրդատվական միջոցառումների, որոնցից ամենահիշարժանը դարձավ 2004 թվականին Երևանում անցկացված արևային փառատոնը:
Միջոցառումը կազմակերպել էր շվեյցարական ինչ-որ կառույց, անցկացման վայրը՝ Արաբկիրի մանկական հիվանդանոցի տարածքը: Ցուցադրվում էին արևմտյան արտադրության կերակուր պատրաստող արևային վառարաններ ու արևային էներգիայի ստացումը բացատրող շատ հետաքրքիր մակետ (լուսանկար 1): Իրողությունն այնքան սկզբունքային նշանակություն ունի Արևմուտք-Հայաստան ձևավորված տնտեսական հարաբերությունները պարզաբանելու և հասկանալու համար, որ անհրաժեշտ է ավելի մանրամասն անդրադարձ կատարել: Շվեյցարացիները վերցրել էին կոշիկի մի դատարկ տուփ, մեջը դրել ալյումինե մի ճմռթված ֆոլգա, որի վրա դրել էին ջրով լի ապակե բաժակ: Փառատոնի կազմակերպիչները բացատրեցին, որ արևի ճառագայթների ազդեցության տակ բաժակի ջուրը տաքանալու և հասնելու է եռման աստիճանի: Բոլորն ուշադրությամբ հետևում էին, թե ջուրը երբ է տաքանալու: Ջուրը, սակայն, այդպես էլ չտաքացավ, չնայած հունիսյան այդ օրվա հզոր արևին ու անամպ երկնքին: Նման պայմաններում ջուրը չէր կարող տաքանալ, այն էլ մինչև եռման աստիճանի, որովհետև ճմռթված ֆոլգան ուներ դիֆուզիոն ցրող մակերևույթ ու չէր կարող արևի ճառագայթները հավաքել բաժակի վրա՝ մեկ կետում: Այդ փառատոն-ներկայացումը դիտելուց հետո չկարողացա զսպել ինձ ու դիմեցի փառատոնի համար հատուկ հրավերով Հայաստան ժամանած ինժեներ-խորհրդատուներին (նրանք թոշակի տարիքի ամերիկացիներ էին).


-Լսեք, գուցե դուք ցանկացել եք աֆրիկյան մի երկիր այցելել, բայց սխալմամբ ձեզ Հայաստա՞ն են ուղարկել, ինչո՞ւ եք եկել, ի՞նչ եք ուզում մեզ ցուցադրել, ո՞րն է ձեր արևային տեխնիկայի ու փակցված գունագեղ պլակատների նորությունը:
Փառատոնի միջավայրը ձևավորված էր գեղեցիկ պլակատներով, որոնցից մեկի վրա հայերեն գրված էր՝ ԱՕՀ (ասել է թե՝ անմիջական օգնություն Հայաստանին) ու իրենց լեզվով՝ VAD (Verein Armenienhilfe direkt) (լուսանկար 1): Ինձ վրա մեծ տպավորություն թողեց այդ պլակատի բովանդակությունը, որն ինքնատիպ ու եզակի էր այնքանով, որ դիտմամբ չես հորինի. նրա ուղիղ և ժխտողական պատասխանները միևնույն իմաստն ունեին. ուղղակի իմաստով կարելի է պնդել, որ այդպիսի անմիջական օգնությունը Հայաստանին դեռ շատ է և, փոխաբերական իմաստով, այդպիսի անմիջական օգնությունը Հայաստանին դեռ քիչ է, մեզ տեղն է: Իսկապես, մեր ձեռքով կործանեցինք ու ավերեցինք մեր գիտատար արդյունաբերության երկիրն ու հիմա, մեր ու մեր ապագա սերունդների հաշվին, լուսավորվում ու արևային գրագիտության դասեր ենք ստանում կիսագրագետ ամերիկացի խորհրդատուներից՝ որպես վարկային ողորմություններ մուրալու նախապայման: Այդ վարկերից Հայաստանի ստացած 6-միլիարդանոց վնասների միակ փոխհատուցումը, որը կարող է «արդարացված» համարվել, այն գումարներն էին, որոնք լցվեցին մեր չինովնիկների գրպանները՝ չարաբաստիկ ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-ների միջնորդական առաքելության ճանապարհով: Այդ փառատոնից իմ ուշադրությունը գրավեց նաև միջոցառման պաշտոնական հովանավորների առատությունը՝ թվով 11, որոնք ներկայացնում էին հայկական ու արտասահմանյան բրենդային կազմակերպությունները: Խե՜ղճ հելիոֆիկացիայի ծրագիր, որը մեր չփլաղ ջանին փորձանք դարձավ:
Հայաստանում հելիոֆիկացիայի ծրագիրն իրականացնելու երկու տասնամյակում «ներսի» ու «դրսի» հովանավորների երեսը մենք այդպես էլ չտեսանք, նման ուշադրության ու շռայլության չարժանացանք, մեր գործերի մեջ մի քոռ կոպեկ դնող չգտնվեց, իսկ շվեյցարացիների միջոցառման համար, խնդրեմ, դրել էին այնքան, որքան անհրաժեշտ էր, մի բան էլ ավելի, բաց երկնքի տակ նույնիսկ ֆուրշեթ էին կազմակերպել: Իհարկե, նրանց միջոցառման համար կարելի էր, չէ՞ որ դրանք Արևմուտքի կարևոր մարդիկ էին:


Հիմա ՀՀ վարչապետը ստիպված է հայ ժողովրդին դիմելու համախմբման կոչերով՝ հասկանալով ու հորդորելով, որ միայն միասնական ուժերով է հնարավոր հաղթահարել առկա տնտեսական ճգնաժամը: Ճիշտ է, սակայն վարչապետը փորձում է մոռացության տալ անկախ Հայաստանի պատմության այն մութ էջերը, որտեղ պարզորոշ գրված են մեր անհաջողությունների հիմնական պատճառները: Առանց այդ պատճառներն ի հայտ բերելու, առանց դրանց խոր ուսումնասիրությունների, առանց դրանց բացասական հետևանքները վերացնելու հնարավոր չէ առաջ շարժվել ու երկիրը փրկել առկա տնտեսական ճգնաժամից և ազգային աղետից: Որպեսզի մեր պարագայում շատ դեսուդեն չընկնենք ու համաժողովրդական ուժերով միանգամից գործի անցնենք, պետք է շիտակ խոսենք ու մեր նախկին և ներկա իշխանավորներից պահանջենք ընդամենը հետևյալը. 6-միլիարդանոց պարտքերը փակեք ձեր ուժերով ու ձեր գողացած միջոցներով, ինչպես կարողացաք ընդունել օտարների խորհուրդներն ու խորհրդականներին ու մեր երկիրը գցեցիք ծանր պարտքի տակ, այնպես էլ կարողացեք միջոցներ գտել զրոյացնելու այդ արտաքին պարտքերը, դրանից հետո նոր միայն կարող ենք խոսել համաժողովրդական միասնության ու միասնական ուժերով Հայաստանի տնտեսական ճգնաժամը հաղթահարելու խնդիրների մասին:
Արևմուտք-Հայաստան վարկային աճպարարությունների ու բազմաքայլ բեղմնավոր կոմբինացիաների միջոցով հաջողվեց ծուռումուռ ճանապարհներով մեր տնտեսությունը տանել դեպի փակուղի: Միջազգային վարկատու կազմակերպությունները կարող են իրենց բավարարված զգալ, իսկ մեր խնդիրները՝ վերջնականապես լուծված, նոր վարկեր այլևս չեն լինելու կամ կլինեն այնքան, որքան անհրաժեշտ է իրենց տված վարկերը սպասարկելու համար: Այսքանից հետո ՀՀ նախագահն ու ՀՀ նոր վարչապետը, առանց ամաչելու, հայ ժողովրդի առաջ դրել են հերթական շատ կարևոր խնդիրը. շատ կարճ ժամանակում (հավանաբար 6 ամսում), ապավինելով միայն սեփական ուժերին, արհամարհելով ու անտեսելով արտաքին պարտքի բեռը, առանց դրսի ու ներսի ներդրումների, վերականգնել Հայաստանի երբեմնի տնտեսական հզորությունն ու փառքը: Ինչ խոսք, լավ առաջադրանք է, նույնիսկ լուծելի, եթե իշխանություններն ու ՀՀԿ-ն փոխեն իրենց աշխատաոճը, ձերբազատվեն նախկին սխալներից ու, ամենակարևորը, որ կլինի ամենառացիոնալը, հեռանան ասպարեզից:
Իսկ ի՞նչ եղավ արտասահմանյան խորհրդատուների բազմահազարանոց բանակը, որ 25 տարում Հայաստանում հասցրեց տարբեր միսիաներ իրականացնել: Անդրադառնամ ջուր «եռացնողներին»: Հաջորդ օրը ամերիկացի ինժեներ-միսիոներներին հրավիրեցինք Երևանի մեր արևային պոլիգոն՝ ցուցադրելու մեր DVH տիպի կոմբինացված արևային համակարգերի աշխատանքը, նրանց միջոցով արևային խորոված ու արևային ժուլիեն պատրաստեցինք, հյուրասիրեցինք, երկար-բարակ զրուցեցինք ու պարզեցինք նրանց հետևյալ պարզ ճշմարտությունը. Ամերիկայում հավատում են, որ մեզ նման հետամնաց երկրների համար իրենց թոշակառուները կարող են լավ խորհրդատուներ լինել: Բարձր աշխատավարձերով (թոշակներից բացի) նրանց ուղարկում են մեզ նման երկրներ՝ աշխատելու և խորհուրդներ տալու, տարածում են իրենց հետամնաց, գրոշի գին չունեցող գաղափարները, բայց նաև ձգտում են այդ երկրներից վերցնել այն նորը, հեռանկարայինը, ինչը փակի տակ չի դրված կամ, ռուսերենով ավելի լավ է հնչում, плохо лежит: Փաստորեն, Արևմուտքը, իր խորհրդականների միջոցով, հետխորհրդային երկրներում միանգամից մի քանի նապաստակ է կարողացել խփել, ժողովրդական լեզվով ասած՝ «հարսի միջոցով փեսային լավություն է արել»:


Երկարաժամկետ վարկերը տրամադրվել են տարբեր տիպի կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու անվան տակ (պետք է նկատել, որ այդ միջոցները հիմնականում ձևակերպվել են երկարաժամկետ, 20 և ավելի տարիների վարկերի տեսքով, ինչը վարկային գործարքների նախաձեռնողներին հնարավորություն է տալիս ժամանակային առումով հեռու մնալ պարտքերը փակողներից. 20 տարի հետո «յա էշը կսատկի, յա իշատերը»): Հայ հասարակությանը դեռևս հայտնի չէ գեթ մի դեպք, երբ այդ վարկերից գումարներ են տրամադրվել հայկական գործարանների համար ժամանակակից հաստոցներ կամ նորագույն տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար: Ավելին, տարբեր ծրագրեր իրականացնելիս արգելվում է այդ վարկային միջոցներով ձեռք բերել արտադրանքներ, որոնք չունեն համապատասխան ամերիկա-եվրոպական սերտիֆիկատներ: Նշվածը թաքնված, բայց, միաժամանակ, շատ էֆեկտիվ միջոց է եղել մեր տեղական արտադրողների դեմն առնելու, Հայաստանի արդյունաբերության ընթացքը կասեցնելու և տնտեսական պոտենցիալը նվազեցնելու համար: Հայաստանի գործարանների համար դժվար, գրեթե անհնար է դարձել իրենց արտադրատեսակների համար արտասահմանյան թանկագին սերտիֆիկատներ ստանալը, ինչի պատճառով մեր արդյունաբերողների դեմ տևական ժամանակով, փաստորեն, փակ է պահվել մեր ներքին շուկան: Այս միտումը նկատվում է նաև հետխորհրդային այն երկրներում, որոնք մտել են արտասահմանյան պարտքերի տակ՝ զրկված լինելով ստացված վարկային միջոցներն ուղղելու սեփական հայեցողությամբ՝ գործարաններն ու ֆաբրիկաները մոդեռնիզացնելու ու սեփական արտադրությունները վերագործարկելու համար: Ռուսաստանի քաղաքական էլիտան ճիշտ ժամանակին գնահատեց ստեղծված իրավիճակն ու անմիջապես հրաժարվեց ելցինյան-չուբայսյան ստրկացուցիչ վարկերից՝ ժամկետներից շուտ փակելով դրանք:

Դժվար է պատկերացնել, որ Հայաստանի քաղաքական էլիտան դեռևս գլխի չի ընկել, չի հասկացել, թե ինչ վարկերի տակ է մտցրել մեր պատերազմող երկիրը: Վարկերը աճել, աճել ու հասել են 6 միլիարդ դոլարի վտանգավոր սահմանը: Հասկանալի է, որ Հայաստանի քաղաքական էլիտան էն գլխից էր գիտակցում, որ այդ վարկերը վաղ, թե ուշ մեր գլխին փորձանք են դառնալու, ստիպված ենք լինելու փակել մինչև վերջին ցենտը, բայց, ինչ արած, այստեղ հայկական քաղաքական էլիտայի անձնական-ֆինանսական շահերն են սպասարկվել: Այստեղ շատ նրբություններ կան: Հայաստանի քաղաքական էլիտայի կոկորդում այդ 6-միլիարդանոց պարտքը լռվել է հորիզոնական դիրքով ու վիճակը շտկելու, վիճակը փրկելու, ապագայում անվտանգ դիստանցիա պահելու և սպասվող փորձանքներից հեռու մնալու համար նոր վարչապետ է ճարել ու անընդհատ հորդորում է. նա արդեն ճիշտ վարչապետ է, որը մեր տնտեսությունը ոտքի կհանի, արտաքին պարտքերի հարցը կլուծի և այլն, և այլն: Նման խրատների ազդեցության տակ 1945 թվականի մայիսին «Հիտլերյուգենդի» պատանի զինվորները կռվի էին նետվում հայրենիքը փրկելու խոր հավատով ու վճռականությամբ: Հայկական այս նոր խաղերն արվում են մի կում օդ շնչելու, խոր շունչ քաշելու, մի քիչ ժամանակ շահելու, մի քիչ էլ ժողովրդի արդար դատաստանին ժամանակից շուտ չտրվելու մտահոգությունից դրդված:


(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Լուսանկարներ

. .
  • Լուսանկար 1
  • Լուսանկար 2
Դիտվել է՝ 2885

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ