Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ինչպե՞ս «մաքրել» ու «չկեղտոտվել»

Ինչպե՞ս «մաքրել» ու «չկեղտոտվել»
25.11.2016 | 00:52

Նոյեմբերի 26-ին հրավիրված է իշխող քաղաքական ուժի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարը։ Կարելի է ենթադրել, որ սրանով ոչ պաշտոնապես մեկնարկում է ՀՀԿ նախընտրական արշավը։ Եվ հանրապետականն այդ նախընտրական արշավը, ինչպես երբեք, սկսում է շատ բարդ մեկնարկային պայմաններում։ Մասնավորապես, սոցիալ-տնտեսական իրավիճակը երկրի ներսում նույն վարչախմբի կողմից առաջադրված Կարեն Կարապետյանը ֆիքսում է որպես չափազանց ծանր։ Ընդ որում, վարչապետն այդ գնահատականը շարունակում է տալ ամեն առիթով. այդ մասին օրերս նա կրկին շեշտել է «Բլումբերգ» գործակալությանը տված հարցազրույցում։


Քաղաքական տեսակետից նույնպես վիճակը նախանձելի չէ. անվստահություն իշխանության նկատմամբ, ժողովուրդն առանձնապես հույսեր չունի իշխող քաղաքական ուժի հետ՝ իր բոլոր խնդիրներում մեղադրելով ՀՀԿ-ին և այլոց։ Գույներն իհարկե է՛լ ավելի խտացան ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ թալանը, գողությունը, կոռուպցիան ներթափանցել են նաև ամենակարևոր և սուրբ համարվող ոլորտները, նույնիսկ բանակ, որը համարվում է մեր անվտանգության երաշխավորը։ Այս ամենի պատճառով բողոքական հասարակությունը կանգնում է ամենածայրահեղական տրամադրված, նույնիսկ իրեն անծանոթ այնպիսի խմբի թիկունքին, ինչպիսին «Սասնա ծռերն» է։
Բնականաբար, հասկանալի է, որ այս պայմաններում լուրջ վիրահատական միջամտություններ են անհրաժեշտ, որպեսզի առաջիկա 6 ամիսների ընթացքում որոշակի տեսանելի փոփոխություններ մտցվեն տնտեսության մեջ։ ՀՀԿ-ն մինչ ընտրությունները փորձում է իմիջափոխություն իրականացնել հնարավոր տարբեր մեթոդներով՝ պաշտոնանկություններ, թարմացումներ, եթե տարբերակ ունենային, գուցե նաև կուսակցության որոշ «ռեբրենդինգ» կանեին, որ հանդես գան նոր կերպարով։ Եթե կառավարության փոփոխությամբ և առաջին հերթին Կարեն Կարապետյանի նորամուտով երկրում, այնուամենայնիվ, որոշակի մթնոլորտ է փոխվել, ինչ-ինչ լավատեսական հույսեր են ծագել հասարակության ակտիվ զանգվածի և գործարար հատվածի մեջ, նույն բանը նկատելի չէ քաղաքական ուժի նկատմամբ, միևնույն ժամանակ փոփոխության ռեսուրսներ էլ հանրապետական կուսակցությունը կարծես շատ քիչ ունի։ Այսօրվա հանրապետականն ավելի շատ հակասությունների, քան ընդհանրությունների կծիկ է։ Այստեղ տարբեր տնտեսաօլիգարխիկ խմբավորումների ներկայացուցիչներ են, որոնցից յուրաքանչյուրն ունի իր կոնկրետ ֆինանսատնտեսական շահը, և քաղաքական ընդհանրությունը նրանց հիմնականում պետք է ընդամենը նրա համար, որ համակարգը չփլուզվի և կուսակցությունն ինչ-ինչ պայմաններում իշխանությունը չկորցնի։ Այնպես որ, հանրապետականների միակ ընդհանուր, ստրատեգիական շահը համակարգի և իշխանության պահպանումն է։


Եվ որպեսզի վերոհիշյալ իմիջափոխությունը տեղի ունենա, ՀՀԿ-ն հիմնականում երկու առաջնահերթ խնդիր պետք է լուծի.
ա) ցույց տա, որ կուսակցությունը, ինչպես և մի քանի ամիս առաջ կառավարությունը, պատրաստ է գոնե ղեկավար կազմում կտրուկ կերպով ձերբազատվելու օդիոզ, խիստ վարկաբեկված տարրերից և առաջին հերթին՝ շատ հայտնի դեմքերից։ Սա առաջին պայմանն է, որով ՀՀԿ-ն ցույց կտա, որ ինքը պատրաստ է փոփոխությունների։
բ) Նշված վարկաբեկված կերպարները պետք է փոխարինվեն քաղաքակիրթ դեմքերով, որոնք քիչ թե շատ ընկալվում են հասարակության կողմից։
Փոփոխությունների առաջին ծիծեռնակը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ ՀՀԿ-ին անդամագրվելու մասին հայտարարությունն էր։ Վիգեն Սարգսյանը համեմատաբար նոր սերնդի իշխանավորների դասական օրինակ է. երկար տարիներ լինելով ազդեցիկ բարձրագույն պաշտոններում, այնուամենայնիվ, կարծես թե ուղղակիորեն չի ընկալվում որպես համակարգի այն մարդկանցից, որոնք մասնակցել են այսքան քննադատվող համակարգի ձևավորմանը և եթե կարելի է ասել՝ «զարգացմանը»։ Նույնիսկ հակառակը՝ ընկալվում է իշխանության փոքրաթիվ ինտելեկտուալ ներկայացուցիչներից մեկը։ Իհարկե, որոշակի արծարծումներ նրա անվան հետ եղել են, սակայն դրանք հիմնականում առնչվել են նրա, այսպես ասած, աշխարհաքաղաքական նախընտրություններին։ Վիգեն Սարգսյանի արևմտամետ լինելու մասին պատմություններ և որոշ նրբերանգներ մամուլում մշտապես շրջանառվել են, սակայն ոչ ավելին։


Այս առումով Վիգեն Սարգսյանն ընկալվելու է որպես հանրապետականի նոր դեմք, որը խորհրդանշում է, որ ՀՀԿ-ում փորձելու են ապավինել նոր արժեհամակարգերին՝ ինտելեկտին։ Իհարկե, Վիգեն Սարգսյանի մուտքը կուսակցական դաշտ տեղի է ունենում նրա համար ոչ ամենալավ ժամանակներում։ Ակնհայտ է, որ եթե ՀՀԿ-ին անդամագրվելու մասին հայտարարվեր 2-3 շաբաթ առաջ, ապա բոլորովին այլ կերպ կընկալվեր, քան այսօր, երբ շրջանառվում է, այսպես կոչված, «1000 դրամների» խնդրահարույց թեման։ Որքան էլ «1000 դրամների» գաղափարն ընդհանուր առմամբ ընդունելի է, սակայն քանի որ այն ներմուծվեց համատարած անվստահության մթնոլորտում և հանպատրաստից, բավականին բացասական երանգ ստացավ։ Բնականաբար, այդ բացասական ֆոնը տարածվում է նաև օրինագիծը ներկայացնողի վրա։


Երկրորդ հանգամանքը, որի հետ կապում են հանրապետականի իմիջափոխությունը, ՀՀԿ-ին վարչապետ Կարեն Կարապետյանի սպասվող անդամագրումն է։ Այս որոշման ճիշտ կամ սխալ լինելու մասին շատ բանավեճեր կան, այնուամենայնիվ, այսօր արդեն դա որոշված փաստ է, ու խնդիրը միայն այն է, թե Կարեն Կարապետյանն ինչ կարգավիճակում ներկայացված կլինի ՀՀԿ-ում։ Ամենայն հավանականությամբ, վարչապետը կուսակցական հիերարխիայում կլինի կամ խորհրդի նախագահի կարգավիճակում, կամ նախագահի առաջին տեղակալ ¥այս դեպքում ՀՀԿ-ն հատուկ կանոնադրական փոփոխություն կանի և կսահմանի այդ պաշտոնը¤, ինչը ցույց կտա, որ Սերժ Սարգսյանի հետ տանդեմով հանդես եկող անձը պետք է զգալիորեն բարձր լինի կուսակցական մյուս ղեկավարներից, առավել ևս հասարակության մեջ ոչ միանշանակ ընդունվող որոշ օդիոզ դեմքերից։


Այստեղ, իհարկե, թե՛ Վիգեն Սարգսյանի, թե՛ Կարեն Կարապետյանի ամենագլխավոր խնդիրն իրենց «կուսակցականացվելու» շարժառիթները հանրությանը հնարավորինս մատչելի ձևակերպումներով բացատրելն է։ Պարզ է, որ այսօր հանրապետական կուսակցության հետ ասոցացվելը իմիջային տեսակետից թերևս միայն վնաս է բերում։ Վիգեն Սարգսյանի դեպքում այդ բացատրությունը տրվել է. նա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նշել է, թե նոր սահմանադրության պարագայում ապաքաղաքական ղեկավար չի կարող լինել։ Ինչ խոսք, այդ բացատրությունն այնքան էլ համոզիչ չէ և ավելի շուտ զուտ ֆորմալ բնույթի ստանդարտ բանաձև է։


Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, որի գործելաոճը, ըստ «Գելափ ինտերնեյշնլի» հարցման վերջին արդյունքների, դրական է գնահատել հարցվածների ռեկորդային՝ 85,1 տոկոսը, ապա նա շատ ավելի լուրջ հիմնավորումներ պետք է բերի նման ռիսկային դաշտ մտնելու համար։ Վարչապետի համար շատ կարևոր է, որ նրան դեռևս միայն որպես վարչապետ ընկալող հանրությունը տեսնի, որ կուսակցական առաջնորդներից մեկը դարձած Կարեն Կարապետյանը նույն կեցվածքը, գաղափարներն ու մոտեցումներն է ցուցաբերելու, ինչ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Հանրությունը պետք է վստահ լինի, որ Կարեն Կարապետյանը չպետք է կաշկանդված լինի կուսակցական կաղապարներով ու ժամանակակից մենեջեր-առաջնորդից չի վերածվի հայաստանյան չափանիշներին համապատասխան ստանդարտ գորշ կուսակցական ֆունկցիոների։ Դրա համար նա պետք է ունենա երկրի ղեկավարի հետ համաձայնեցված ազատության մեծ աստիճան գնահատականներ տալու, համեմատաբար օբյեկտիվ հանդես գալու հարցում։ Ինչպես վարչապետ դառնալու առաջին օրերին նա արձանագրեց ՀՀ տնտեսության իրավիճակը, նույն օբյեկտիվությամբ պետք է ասի, թե ինչպես է պատկերացնում ժամանակակից ՀՀԿ-ն, և մատնանշի ստեղծված իրավիճակի մեղավորներին։ Նա պետք է մնա իր ոճի մեջ, լինի, ինչպես ինքն է սիրում ասել, հնարավորինս անկեղծ։ Այս կերպ գուցե ինչ-որ չափով արդարացված կլինի հանրապետական կուսակցությանն անդամագրվելը։ Այս դեպքում հնարավոր է, որ հանրությունը ի դեմս նրա տեսնի ոչ միայն բարեփոխիչ վարչապետի, այլև ռեֆորմատոր կուսակցական գործչի։ Եվ շատ կարևոր է, որ այդ թեզերը հնչեցվեն համագումարի ընթացքում նրա ելույթի ժամանակ։


Առաջիկա համագումարը Կարեն Կարապետյանի ամենաբարդ քննությունն է լինելու, քանի որ բավական չէ, որ պետք է փորձի սրբագրել ուրիշների սխալները, մտնում է մի ոլորտ, որտեղ ինքը ուղղակիորեն երբևիցե չի եղել։ Այս դաշտը՝ քաղաքական ինտրիգներով, քաղաքական խմբավորումների շահերով թերևս, ամբողջությամբ նոր ոլորտ է գործող վարչապետի համար։ Եթե գործադիր իշխանությունում նա պատկերացում ունի, թե ինչ պետք է անի, և իր համար հարմարավետ դաշտ է ստեղծել՝ փորձելով բիզնես մտածելակերպը ներդնել նաև կառավարություն, ապա քաղաքական ոլորտում նա փորձ չունի, և ամենակարևորը՝ դժվար թե ցանկություն ունենար նման փորձ ձեռք բերել, սակայն կյանքն է ստիպում։ Թերևս չի բացառվում ու ավելի հավանական է, որ ժամանակին նրան գործադիր իշխանության ղեկին նշանակողները՝ Սերժ Սարգսյանն ու դրսի որոշ հովանավորներ, հաշվարկել էին, որ Կարեն Կարապետյանի վարկանիշը պետք է աշխատի նաև ՀՀԿ-ի համար։


Արդեն ակնհայտ է, որ իշխանության ներսում բավականին լուրջ ուժեր կան, որոնք այս գործընթացներին՝ Կարեն Կարապետյանի աճին ու նրա «բենեֆիսներին», բավականին խանդոտ են վերաբերվում։ Դրա վկայությունն է լրատվական դաշտում տիրող իրավիճակը, երբ որոշակի դադարից հետո իշխանական լուրջ թևերի ազդեցության տակ գտնվող ԶԼՄ-ները սկսում են քննադատել ու քարկոծել նրա գործունեությունը։ Ակնհայտ է, որ ինչ-ինչ խմբավորումներ սկսում են անհանգստանալ իրենց ապագայով։ Ամենայն հավանականությամբ, ՀՀԿ համագումարից հետո, երբ վերջնական փուլ կմտնի ՀՀԿ ցուցակի կազմման գործընթացը, և ՀՀԿ-ում ազդեցություն ունենալու համար առավել կսրվեն հարաբերությունները տնտեսաքաղաքական և օլիգարխիկ տարբեր թևերի միջև, ՀՀԿ-ի ներսում շատ ավելի սուր կոմպրոմատային պայքար կսկսվի, քան հանրապետականի դեմ, որը կարող էին սանձազերծել ոչիշխանական ուժերը։


Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2410

Մեկնաբանություններ