Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թուրքիան ու քրդերը կոշտացնում են արտահայտություններն ու գործողությունները, իսկ պետք է շահի Իրանը

Թուրքիան ու քրդերը կոշտացնում են արտահայտություններն  ու գործողությունները, իսկ պետք է շահի Իրանը
25.11.2016 | 00:59

Ամերիկյան նախագահական ընտրություններն ու դրանց շուրջ բարձրացած աղմուկը միառժամանակ ստվերեցին Իրաքում և Սիրիայում ծավալված հակաահաբեկչական պատերազմների հետևանքով առավել բարդացած տարածաշրջանային ծանր ճգնաժամը՝ թուրք-քրդական հարաբերությունների հարցը: Ի դեպ, իրենք՝ թուրքերը, չհապաղեցին ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին «հիշեցնել», որ վերջինս պետք է Անկարային հանձնի իսլամիստ քարոզիչ, աստվածաբան Ֆեթուլլահ Գյուլենին, ինչպես նաև չմոռանա «հակաահաբեկչական պայքարում» Թուրքիայի հանդեպ ունեցած պարտավորությունները: Եվ ահա այդ «լղոզված» ձևակերպումը ոչ թե սոսկ փորձ է ԱՄՆ-ին հաշիվ ներկայացնելու Սիրիայի դեմ պատերազմին Անկարայի ակտիվ մասնակցության համար, այլև ակնարկ, որ հենց ԱՄՆ-ն է համաձայնել Սիրիայում Թուրքիայի «Եփրատի վահան» անդրսահմանային պատերազմական գործողությանը, որի շրջանակներում թուրքերն ավելի շատ կռվում են ոչ այնքան իսլամիստ ահաբեկիչների, որքան քրդերի դեմ: Նույն բանով թուրքերը զբաղվել ու զբաղվում են նաև Իրաքում, այն էլ՝ տարիներ շարունակ: Իրականում, ինչպես տեսնում ենք, թուրքերը հիշեցնում են այն պարտավորությունների մասին, որ Սիրիայի առնչությամբ իրենց հանդեպ ստանձնել են ամերիկացիները:


Դժվար է ասել, թե ԱՄՆ-ի պետդեպարտամենտից կամ միստր Թրամփի ընտրական շտաբից երբ և ինչ կպատասխանեն թուրքական «աստառավոր շնորհավորանքին», սակայն օրերս Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Մեթյու Յուսենը լրատվամիջոցների ու «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի հետ «մերձեցման քայլերը» արագացնելու նպատակահարմարության և անհրաժեշտության հարցում հայ ժողովրդին համոզելու ջանքերի թոհուբոհում, դիտավորյալ թե անզգուշաբար, երկու կարևոր խոստովանություն արեց: Առաջին. պարզվում է՝ Վաշինգտոնը գիտակցել է և խոստովանում է, որ Սիրիայում և Իրաքում քրդական խնդրի վերաբերմամբ իրենց դիրքորոշումը և ամբողջությամբ վերցրած մերձավորարևելյան ճգնաժամը լրջորեն սասանել են ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները: Երկրորդ. ԱՄՆ-ի և Թուրքիայի դիրքորոշումները տարբեր են այնպիսի զգայուն տարածաշրջանային խնդիրներում, ինչպիսիք են քրդերի քաղաքական ճակատագիրը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների թնջուկը, սկսած 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցից: Քանի որ արդեն և՛ ԱՄՆ-ը, և՛ Թուրքիան գրեթե միաբերան իրենց երկկողմ տարաձայնություններում առաջին տեղում դնում են հենց քրդական խնդիրը, ապա մնացած աշխարհը ի վիճակի չէ հաշվի չնստելու այդ փաստի հետ, թեև աշխարհն ականատես է եղել, որ Վաշինգտոնը մի ակնթարթում «հանձնել» է տարածաշրջանի իր խնամարկյալ քրդերին: Հակառակ դեպքում մի՞թե հնարավոր կլիներ, որ Թուրքիայի Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) քրդերի փեշմերգան (աշխարհազորը) հիմա մասնակցեր Մոսուլի գրոհին՝ Իրաքի շիական «Հաշիդ աշ-Շաաբի» միլիցիայի դրոշի ներքո գործող ընդհանուր զորամիավորման կազմում, այսինքն, ըստ էության, իրանական զինվորական խորհրդականների հրամանատարությամբ: Եվ որ «քուրդ-թուրքական դաշինքի» հետևողական կողմնակիցները՝ Էրբիլում իրաքյան քրդերի առաջնորդ Բարզանիի կլանի ներկայացուցիչները, լռության մատնեցին և՛ Մոսուլի գրոհին PKK-ի ջոկատների մասնակցության փաստը, և՛ իրաքյան շիաների փաստացի հրամանատարության, այսինքն՝ Իրանի հրամանատարության տակ նրանց անցնելու փաստը:


Հիշատակված իրադարձություններն ու փաստերը Թուրքիայում մեկնաբանել են որպես ԱՄՆ-ի մտադրություն՝ ամեն ինչ «հանձնելու» Մերձավոր Արևելքում, այդ թվում և՝ քրդերին: Վերջերս ԱՄՆ-ի հեռացող նախագահ Բարաք Օբամայի արձակած հրամանը սիրիական «Ջեբհաթ ֆաթ աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման, այսինքն, նախկին «Ջեբհաթ ան-Նուսրայի»՝ «Իսլամական պետության» (ԻՊ) խմբավորման կարևորագույն դաշնակցի ղեկավարների ֆիզիկական ոչնչացման մասին, ըստ էության, նույնպես վկայում է, որ Վաշինգտոնը տենդորեն «մաքրում է հետքերը» տարածաշրջանում: Բայց, ախր, ամերիկացիները նախ պետք է «իրենց հետքերը մաքրեն» տարածաշրջանի քրդական համայնքների շրջանում, որոնց հետ ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն ու նրանց դաշնակիցները աշխատել են վերջին 25 երկարուձիգ տարիներին: Ամերիկացիները, ըստ էության, քրդերին այլընտրանք չեն թողել, բացի իրանական խնամակալությունն ընդունելու Իրանի համառ «առաջարկություններից». հասկանալի է, չէ՞, որ ամերիկացիներից հետո քրդերին կսկսեն «գցել» Իսրայելը, Ֆրանսիան, Գերմանիան, հեռանկարում էլ նրանց սպասում է Թուրքիայի հետ մենամարտը: Կամ ապագայի շատ ավելի զզվելի նախատիպ. Թուրքիայի, Սիրիայի, ինչպես նաև Իրաքի ու Իրանի շիաների ծածուկ դաշինք՝ ընդդեմ քուրդ հասարակության: Դեռ չեն մոռացվել 2016 թ. օգոստոսին Սիրիայի և Թուրքիայի հատուկ ծառայությունների ղեկավարների առնվազն երկու գաղտնի հանդիպման մասին հաղորդագրությունները, և շատերը, ոչ առանց հիմքի, համոզված են, որ տարածաշրջանում երկու, կարծես, ոխերիմ հակառակորդներին կարող է միավորել միայն Քրդական հարցը: ՈՒստի, քանի դեռ պատերազմը չի ավարտվել, և քանի դեռ շարունակվում են Մոսուլի, Հալեպի և Ռաքքայի գործողությունները, քրդերը պարզապես անելիք չունեն և պետք է կողմնորոշվեն, գոնե կարճաժամկետ հեռանկարում:


Պակաս հետաքրքիր չեն բուն Թուրքիայում, ինչպես նաև Իրաքի այն մասում տեղի ունեցող իրադարձությունները, որը «գաղտնաբար» զավթել է թուրքական ռազմարշավային կորպուսը: Ժամանակագրական կարգով անդրադառնանք դրանց: Նոյեմբերի 4. Թուրքիայի նախագահ Էրդողանը վերջապես իրականացրեց իր սպառնալիքը և հրամայեց սկսել քրդամետ խորհրդարանական Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անդամների ձերբակալությունները: Ձերբակալվածների առաջին խմբում HDP-ի խորհրդարանական խմբակցության 12 պատգամավորներ էին, ներառյալ կուսակցության համանախագահներ՝ Դիարբեքիրի նախկին քաղաքապետ և թուրքական իշխանությունների ու PKK-ի նախկին առաջնորդ Օջալանի միջև «բանակցող» միջնորդ Սալեհետտին Դեմիրթաշը, ինչպես նաև Ֆիգեն Յուքսեդաղը: Թուրքական լրատվամիջոցները հաղորդում էին, թե դատախազությունը պատգամավորներին մեղադրում է «PKK-ի ահաբեկչական գործունեությանն աջակցելու և խռովություն հրահրելու մեջ»: Այդ գործով հետաքննություն է տարվում քրդամետ կուսակցությունից ընտրված, փաստորեն, բոլոր պատգամավորների դեմ: Իսկ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը HDP-ի պատգամավորներին, այդ թվում՝ մունիցիպալ, մեղադրել է PKK-ի կարիքների համար փող փոխանցելու մեջ: Նախագահ Էրդողանի ասելով` «այդ պատգամավորները գործում են իբրև ահաբեկիչներ»:
Նոյեմբերի 6. HDP քրդամետ կուսակցությունից թուրքական խորհրդարանի դեռևս չձերբակալված պատգամավորները, ի նշան բողոքի, հայտարարել են խորհրդարանի նիստերը բոյկոտելու որոշման մասին: Նույն օրը երեկոյան PKK-ի ներկա առաջնորդներից մեկը և այդ կուսակցության փեշմերգայի հիմնական ուժերի գլխավոր հրամանատար Մուրատ Կարայըլանը հայտարարել է, թե կուսակցությունը մտադիր է կոշտացնելու պայքարն ընդդեմ Թուրքիայի, քանի որ HDP-ի պատգամավորների ձերբակալությունից հետո «Անկարան վերսկսել է պատերազմը»: Ինչպես հաղորդել է «Reuters» գործակալությունը, Կարայըլանի ասելով, քրդերի համար «շատ կարևոր է արձագանքելն այդ ձերբակալություններին»: ՈՒ թեև Կարայըլանը և նրա շտաբը տարածքային առումով գտնվում են իրաքյան Ղանդիլի լեռներում, այդուամենայնիվ, հենց նոյեմբերի 6-ից Թուրքիայի տարածքում սկսվեցին քրդերի բախումները թուրքական ուժայինների հետ, այդ թվում նաև Դիարբեքիրում: Նոյեմբերի 7. Իրաքում քրդական փեշմերգայի «անհայտ» ջոկատները հանկարծակի գրոհել են Բաշիկա բնակավայրը: Դա գտնվում է Մոսուլից մոտ 12 կմ հեռավորության վրա: Քրդական լրատվամիջոցները պնդում են, որ գործողությունն իրականացվում է Մոսուլի վրա հարձակման և ԻՊ զինյալների դեմ պայքարի ընդհանուր գծի շրջանակներում: Իրոք, ահաբեկիչները 2014 թվականից գրավել էին Բաշիկան, և համարվում էր, թե այդ քաղաքավանը վերահսկվում է հենց ԻՊ զինյալների կողմից: Սակայն հավանաբար քչերն են ուշադրություն դարձրել իրանական լրատվամիջոցների հոկտեմբերյան հաղորդագրություններին, որ Բաշիկան Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմարշավային կորպուսի շտաբի և ենթակառուցվածքների տեղակայման վայրն է: Նոյեմբերի 7-ի երեկոյան քրդական աղբյուրները սկսեցին պնդել, թե փեշմերգան ավանը «մաքրում» է թշնամուց: Խնդիրն այն է, որ Բաշիկան վերցրած փեշմերգայի դաշտային հրամանատարներից մեկի՝ Համիդ էֆենդու անունը հուշում է, որ ավանը «ահաբեկիչներից» «մաքրած» քրդերը բացահայտորեն իրաքյան ծագում չունեն: Եվ ընդհանուր առմամբ մինչև հիմա պարզ չէ՝ քրդերը Բաշիկան ԻՊ-ի ահաբեկիչների՞ց են «մաքրել», թե՞ Թուրքիայի շտաբային սպաներից ու մատակարարներից:


Հասկանալի է և տրամաբանական, որ գլխավոր հրամանատար Կարայըլանի հրամանն ընդունելով ի գիտություն և ի կատարումն, «դաշտում», այդ թվում՝ Հյուսիսային Իրաքում գտնվող PKK բոլոր ջոկատները պարտավոր էին «կապի մեջ» մտնել թուրքական զինվորականների և անվտանգության ուժերի հետ՝ ինչպես Թուրքիայում, այնպես էլ Իրաքում և Սիրիայում: Իրոք, արևմտյան ուղղությամբ Մոսուլի գրոհին մասնակցող քրդական PKK-ի ջոկատների համար առանձնակի դժվարություն չէին ներկայացնում «կուրսից շեղվելը» և սկզբում Բաշիկան թուրքերից «մաքրելը»: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են լռում Անկարան, և ԱՄՆ-ը, եթե Վաշինգտոնից ու Իրաքում ամերիկյան հատուկջոկատայինների կենտրոններից Մոսուլի գործողության սկզբից ևեթ (հոկտեմբերի 17) բարձրագոչ հայտարարվում էր, թե դա հենց ամերիկյան «հակաահաբեկչական կոալիցիայի» գործողությունն է: Հյուսիսային Իրաքում կանադացի թղթակից ոմն Բեռնար-Անրի Լևի նոյեմբերի 7-ին քրիստոնեական Բահդիդա քաղաքավանում բարզանիական քրդերի ու արևմտյան հատուկջոկատայինների և «սև համազգեստավոր մարդկանց» (որը նման չէ փեշմերգայի հանդերձանքին), այսինքն, շիա աշխարհազորայինների բախման մասին պատմության օրինակով անկողմնակալ արձանագրում է Մոսուլի գրոհի ժամանակ «դաշնակիցների փոխհարաբերություններում եղած լարվածությունը» և այն փաստը, թե որքան անզիջում են շիականները: Նրանց վրա չեն ազդում ո՛չ քրդերի, ո՛չ արևմտյան զինվորականների սպառնալիքներն ու շանտաժը, շիականները կարող են նահանջել կամ զիջել միայն իրենց վերադաս հրամանատարների հրամանով: Հարց է առաջանում՝ իսկ որքանո՞վ էր ինքնուրույն գործում Համիդ Էֆենդու քրդական փեշմերգան, անգամ եթե PKK-ի փեշմերգան գործում էր Մուրատ Կարայըլանի հրամանի ճնշման տակ։ Չէ՞ որ «Հաշիդ աշ-Շաբիի» նույն միլիցիայում, կարելի է չկասկածել, նույնքան խիստ զինվորական կարգապահություն է, որքան Բահդիդա ավանի «սև հագած մարդկանց» մեջ, որոնց կոպտությունն ու անզիջողականությունն իր աչքով տեսել ու նկարագրել է կանադացի թղթակից Բեռնար-Անրի Լևին: Եվ վերջին հարցը. Բաշիկայի գրոհի հարցը վճռել էին իրաքյան շիականների հրամանատարնե՞րը, թե՞ ուղղակի համաձայնություն էր եղել Կարայըլանի մարդկանց և Իրանից եկած զինվորական խորհրդականների միջև։
Այդ հարցերն առայժմ պատասխան չունեն, կարելի է միայն փորձել անուղղակի ակնարկներ գտնել Իրանից ստացվող այն հաղորդագրություններում, որոնք ժամանակի առումով նախորդել են Թուրքիայում և Իրաքում թուրք-քրդական հարաբերությունների սրմանը։

Նոյեմբերի 2-ին Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյիդ Ալի Հոսեյնի Խամենեին Իրանի դպրոցականների և համալսարանների ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ-ը երբեք չի զլանում իր թշնամանքն արտահայտելու Իրանի նկատմամբ, և երկխոսությունը նրա հետ չի օգնի վերացնելու երկրի տնտեսական դժվարությունները։ Գերագույն առաջնորդը հասկացրեց, որ ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է վերջ դնել Իրանի տնտեսական զարգացմանն ու աճին, նշելով, որ Վաշինգտոնի հետ բանակցություններն անպտուղ են։ «Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Եմենում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ԱՄՆ-ի ներկա վերաբերմունքը իր ապրած ճգնաժամի լավ ցուցիչ է,- ասաց այաթոլլահ Խամենեին։- Իրանն այսուհետ ևս հեռու կմնա ԱՄՆ-ից և անիմաստ բանակցություններ չի վարի»։ Իսկ այաթոլլահ Խամենեիի խորհրդական, Իրանի արտաքին գործերի նախկին նախարար և ԻԻՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալի Աքբար Վելայեթին նոյեմբերի 2-ին ընդունեց Բարզանիի կլանի հակառակորդների՝ Քրդստանի հայրենասիրական միության քաղբյուրոյի պատվիրակությանը՝ նրա ղեկավար Մալա Բախտիարի գլխավորությամբ։ Հակիրճ ներկայացնենք բանակցող կողմերի հիմնական թեզիսները. «ԱՄՆ-ը և նրա մի շարք տարածաշրջանային դաշնակիցներ ջանում են բաժան-բաժան անել տարածաշրջանի իսլամական երկրները՝ ձգտելով հասնել նրանց տրոհմանը,- ասաց Վելայեթին։- Տարածաշրջանի պատմական հարուստ անցյալ ունեցող մեծ, հզոր երկրների մասնատման պլանը հովանավորվում է Վաշինգտոնի ու նրա տարածաշրջանային դաշնակիցների կողմից՝ հանուն այն բանի, որ երաշխավորվի Իսրայելի անվտանգությունը և շարունակվի տարածաշրջանի թալանը։ Մենք պետք է հակահարված տանք չարագույժ դավերին և պայքարենք թշնամական ծրագրերի դեմ, որոնք ուղղված են տարածաշրջանի խոշոր երկրների փլուզմանը»։ Ի պատասխան, Մալա Բախտիարը բարձր գնահատեց Իրանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանային խնդիրների լուծման գործում. «Մենք շնորհակալ ենք Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ տարածաշրջանում վարած սկզբունքային քաղաքականության համար։ Այն, ինչ Իրանն անում է տարածաշրջանի խաղաղության ու կայունության ապահովման համար, էական է ու արդյունավետ»։


Արդյոք Դոնալդ Թրամփին հղած շնորհավորական ուղերձում թուրքական իշխանությունները չէի՞ն ակնարկում, թե հիմա արդեն քրդերի հարցում ԱՄՆ-ը ստիպված կլինի գործ ունենալ ոչ թե ինչ-որ մասնատված և ցեղային կլանների բաժանված քրդական խմբավորումների, այլ Իրանի նպատակասլաց ու երկարաժամկետ ծրագրի հետ։ Չէ՞ որ նկատելի է, որ թե՛ քրդական աշխատավորական կուսակցության սահքը դեպի շիաներ (այսինքն՝ դեպի Իրան), թե՛ հյուսիսիրաքյան Քրդստանի հայրենասիրական միության (Իրաքի նախկին նախագահ քուրդ Ջելալ Աթ-Թալաբանիի կուսակցություն) «մշակումը» Թեհրանում, մի հզոր շղթայի օղակներն են։ Մերձավոր Արևելքի քրդական միջավայրում վերաձևման տեմպերի պահպանման պարագայում անխուսափելի կդառնա մի պատկեր, երբ ինքնորոշման համար քրդերի պայքարի հիմնական դաշտը կդառնա հենց Թուրքիան իբրև Արևմուտքի (առնվազն՝ ՆԱՏՕ-ի) ֆորպոստը տարածաշրջանում, իսկ Էրբիլում հաջողության սլաքը հակվում է Աթ-Թալաբանի կուսակցության կողմը։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3187

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ