Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Փայատեր» ընդդիմությունն ուզում է վերարտադրվել»

«Փայատեր» ընդդիմությունն  ուզում է վերարտադրվել»
25.11.2016 | 01:14

Հայաստանի ընդդիմադիրների ամենամեծ խնդիրներից է այն, որ նրանք չեն կարողանում մի դրոշի տակ համախմբվել և լուրջ հակակշիռ դառնալ իշխանությանը։ Խանգարում են հավակնությունները, իշխանության հետ կուլիսային պայմանավորվածությունները։ Արդյունքում բզկտված, տարանջատված, անուժ ու անհույս ընդդիմադիր դաշտ է ձևավորվել։ Յուրաքանչյուր կուսակցություն կարծում է, թե «սուպեր»ընդդիմադիրն ինքն է, ու բոլորը պետք է իրեն միանան, քանի որ առանցք կարող է լինել միայն ինքը։ Կարծես հիշյալ տրամաբանությունն է գործելու նաև այս ընտրությունների ժամանակ։ Ամեն դեպքում, դեռևս տեսանելի չէ այն մեծ համախումբը, որը կարող է իրավիճակ փոխել։ Իհարկե, չմիավորվելու համար կարող են բերել հազարավոր արդարացումներ՝ ընդհուպ գաղափարական տարաձայնությունները, սակայն ակնհայտ է, որ Հայաստանում ոչ մի կուսակցության անդամ երբեք չի առաջնորդվում գաղափարական սկզբունքներով, երբ բանը հասնում է մանդատ ստանալուն կամ պաշտոն ձեռք գցելուն։ Հետո էլ՝ ո՞ր ընտրության ժամանակ է գաղափարների պայքար եղել, առաջնորդվել են «Գործողը վատն է, ես որ գամ, լավ կլինի» կարգախոսով։ Այնպես որ, չհամախմբվելու համար պետք չէ լիբերալ, պահպանողական ու սոցիալիստ «խաղալ», առավել ևս, որ պահպանողական ուժերում բազմաթիվ լիբերալներ կան և հակառակը։ Ընդդիմադիր և իշխանական դաշտի խնդիրների շուրջ «Իրատեսը» զրուցեց Գերագույն խորհրդի պատգամավոր ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻ հետ։

-Նախընտրական շրջանում ընդդիմադիր դաշտը կրկին որոնումների մեջ է, միավորվում են, դաշինքներ կազմում, սակայն մեծ համախմբում դարձյալ տեղի չի ունենում։ Այս անգամ ինչպե՞ս պետք է իրեն դրսևորի ընդդիմությունը՝ ապագա խորհրդարանում ծանրակշիռ դերակատարում ունենալու համար։
-Ապագայի հարցում առավել կարևոր է իշխանության կարծիքը։ Ե՛վ նախագահը, և՛ վարչապետը, և՛ ազդեցիկ գործիչներ հայտարարել են, որ Հայաստանում տնտեսական խոր ճգնաժամ է, այսպես շարունակել չի կարելի, և լուրջ փոփոխություններ են հարկավոր։ Խորհրդարանում իշխանությունն ունի կայուն մեծամասնություն, այսինքն՝ ստատուս քվո, իսկ ընդդիմադիր դաշտում գործ ունենք թույլ, «փայատեր» ուժերի հետ։ «Փայատեր» ընդդիմությունն ուզում է առնվազն պահել այդ ստատուս քվոն, ասել է՝ ինքը, որպես ընդդիմություն, մնա այդ իշխանությունում։ Խորհրդարանական ընդդիմությունն ուզում է վերարտադրվել, ինչի համար ճանապարհներ է փնտրում։ Դրանցից մեկն էլ այն է, որ վերարտադրման ցանկություն ունեցողները կարող են միավորվել կամ առանձին գնալ ճիշտ այն չափով, որը իշխանության սցենարն է ծրագրավորել։ Նրանք իշխանության հետ համագործակցում են նաև այդ հարցում։
-Հայաստանում իշխանության սցենարով չառաջնորդվող ընդդիմադիր ուժեր չկա՞ն։
-Չեն կարող այդպիսիք լինել։ Ռուսաստանում էլ է այդպես, նման ընդդիմություն հարկավոր չէ, իսկ մենք օրինակ ենք վերցնում Ռուսաստանից, որտեղ իմպերիային դեմ ուժեր չկան։ Քաղաքական ընդդիմություն լինելու համար միայն ծրագրեր ունենալը քիչ է, դրանք իրականացնելու ռեսուրսներ ու միջավայր էլ են պետք, իսկ Հայաստանում բացակայում են և՛ ռեսուրսները, և՛ միջավայրը։ Հասարակ, շարքային քաղաքացիների հույսը միայն այն է, որ իշխանությունները հետևողական լինեն իրենց խոստումներում։ Ի դեպ, այս պարագայում հնարավոր է ձևավորվի իսկական ընդդիմություն, այսինքն, ընդդիմության կայացման համար ռեսուրսներ տրամադրողները չեն պատժվի կամ, ժամանակակից խոսքով ասած, չեն «բամփվի»։
-Կրկին ստացվում է, որ իշխանության կամքով ու հանդուրժողականությամբ է ձևավորվելու իսկական ընդդիմությունը։
-Հեղափոխությունն իշխանության համար շատ ծանր բան է, այդ սցենարից խուսափելու համար նրանք գնալու են այս ճանապարհով։ Այսինքն, հեղափոխություն՝ վերևից, «պերեստրոյկայի» մեխանիզմով։ Հիմա իշխանությունն ուզում է «պերեստրոյկա» անել, հեղափոխություն՝ իր ղեկավարությամբ, իր ծրագրով ու չափերով։ ՈՒզում են կառավարելի իշխանափոխություն անել, որ էլի իրենք մնան իշխանությունում։ Գորբաչովի օրինակը հրաշալի է, միշտ այնպես չի լինում, ինչպես մտածում են վերևինները։ Լենինյան հայտնի բանաձևը կա. «Վերևինները չեն կարողանում, ներքևինները չեն ուզում»։
-Կարելի՞ է ասել, որ Հայաստանում բոլոր բարեփոխումները դատապարտված են, քանի որ դրանց թիկունքում իշխանությունն է կանգնած։
-Այո, Հայաստանում բարեփոխումներ չեն լինի, եթե իշխանությունը եվրասիական է։ Հեղափոխություն անելու դեպքում կկրկնվեն 1915, 1916, 1917 թվականները, երբ զինաթափեցին հայկական բանակը, հեռացան ու մեզ թողեցին գազանի երախում։ Այսինքն, ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն մեր անվտանգության համակարգը դատարկում են, բայց մեզ համոզում էին, որ այլ անվտանգության համակարգ չկա։ Մենք հաշտվում ենք այն իշխանության հետ, որը մեզ պարտադրել են։ Սրա վկայությունն են խորհրդարանում ԵԱՏՄ-ի, ՀՕՊ-ի քվեարկությունները։
-Այդ առումով, փաստորեն, նաև ընդդիմությանն են «պարտադրել», քանի որ ընդդիմադիրներից շատերը քվեարկեցին իշխանության նման։
-Երկրորդեմ՝ մեր ընդդիմությունը նշանակովի է։ Արտաքուստ նրա հագուստն է այդպիսին, նրանց «հագցրել» են ընդդիմադիրի գույն։
-Այս օրերին բանակցությունների մեջ են նաև ազատական թևի ներկայացուցիչները։ Այս հարթակում ո՞ր ուժերը կարող են արևմտյան թևը ներկայացնել խորհրդարանում։
-Հայաստանում ամենալիբերալ թևը ՀՀԿ-ն է, որը Եվրոպայի ժողովրդական կուսակցության ինտերնացիոնալի անդամ է։ Հայաստանում այս ուժերը ևս ենթարկվում են ռուսական «շաբլոնին», հենց Հայաստանում թույլ տրվի լիբերալների գոյություն, ՀՀԿ-ն այդ դրոշը կվերցնի։ Հայաստանում իշխանությունը չի ընտրվում, նշանակվում է։
-ՀՀԿ-ն իրեն համարում է ոչ թե լիբերալ, այլ պահպանողական ուժ։
-Ասում են, էլի։ Երբեմն ուզում են լավ բան ասել, բայց ստացվում է՝ ինչպես միշտ։
-Այսօր ազատական ուժերի՝ ՔՊ, «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցությունների միավորման մասին են խոսում, կա նաև մյուս թևը՝ «Ազատ դեմոկրատները»։ Դրանցից որի՞ն եք առաջնություն տալիս։
-Բոլոր նրանց, ովքեր Հայաստանի ինքնիշխանության, ԵԱՏՄ-ից դուրս գալու կողմնակից են։ Այս միավորումից դուրս գալը չի նշանակում կացնով բոլոր կապերը կտրել։ Այսպիսի դիրքորոշում ունեն «Ազատ դեմոկրատները», որքան գիտեմ՝ նաև «Հանրապետություն» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստանն» էլ է ապագաղութացմանը կողմ, Նիկոլենք էլ։ Նրանց այդ հայտարարությունները ողջունում եմ։ Թե որքան հետևողական կլինեն իրենց ասածներում, ապագան ցույց կտա։ Նույնիսկ ՀՀԿ-ն է ազատական կուսակցություն՝ ինտերնացիոնալի քողով ծածկված։ Բոլորն էլ նույն ծրագիրն ունեն, իրարից արտագրում են, արդարադատության նախարարությունում ինչ-որ տեղ օրինակը «կախած» է, արտագրում են ու գրանցվում։ Կարևորն այն է, որ «պերեստրոյկան» սկսվի։ Եթե իշխանությունը դա թույլ է տալիս, ուրեմն «պերեստրոյկան» սկսվում է։ Ինչո՞ւ իշխանությունը և ոչ զանգվածները, որովհետև պատերազմող երկրում այդչափ համերաշխություն հնարավոր չէ։ Չի կարող այնպես լինել, որ ժողովուրդը կանգնի ու ասի՝ ես հեղափոխություն եմ անում։ Բանաձևը հետևյալն է՝ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը պետք է հասկանան, որ Հայաստանի զարգացման համար հարկավոր է ունենալ ժողովրդավարություն։ Ոչ այնպիսին, ինչպիսին կա, օրինակ, Ղազախստանում կամ Բելառուսում, որոնք պարտադրվում ու օրինակելի են համարվում Հայաստանի համար։ Մեզ ո՛չ ղազախական, ո՛չ էլ բելառուսական դեմոկրատիա պետք չէ։
-Հայաստանն ունի՞ ներուժ, դիմադրողականություն՝ մերժելու մեզ պարտադրվող «ժողովրդավարությունը»։
-Բոլոր խնդիրները Հայաստանից դուրս են։ Երբ մեր անվտանգության հարցերը կարգավորվեն, մենք կկարողանանք մեր երկրում ամեն ինչ կարգավորել։
-Անվտանգության մեջ մտնո՞ւմ է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը։
-Ոչ, խնդիրը Հայաստանի անվտանգության ապահովման հեռանկար ունենալն է։ Ղարաբաղի հարցն ընդամենը առիթ է, որ մեզ հարվածեն։ Մեր հակառակորդները Հայաստանը լիկվիդացնելու խնդիր ունեն։ Հենց անվտանգության խնդիրը լուծվի, Հայաստանը կդառնա ժողովրդավարական, զարգացող երկիր։
-Եթե անվտանգության խնդիրներ ունենք, և դրսի ուժերը մեզ պարտադրում են, ներսում խնդիրներ կարգավորելը, կարծում եմ, մեր իրավասությունների շրջանակում է։ Այս հարցում ի՞նչն է խանգարում։
-Ոչինչ չի խանգարում։ Պարզապես իշխանությունում մարդիկ են, որոնք հասարակական շահով չեն առաջնորդվում, չեն հասկանում՝ ի՞նչ է էկոլոգիան, բնության պաշտպանությունը, երթևեկության կանոնները, հոռի բարքերը, ճոխ պալատները, իսկ արդարության մասին գաղափար բացարձակ չունեն։ Սրա լավագույն ապացույցն են ԱԺ-ի պատկերն ու պատգամավորների անհասկանալի քվեարկությունները, նախարարների հայտարարությունները։
-Այս համատեքստում հուսադրող գոնե մեկ նոտա չե՞ն հնչեցնում վարչապետի քայլերը։
-Որոշակի հույս կա։ Ռուսաստանը խեղճացել է, Հայաստանը նրա փեշերից կախվել, ասում է՝ փող, գազ, նավթ ուղարկիր, մենք վճարունակ չենք։ Իսկ Ռուսաստանը որոշակի պատասխանատվություն է կրում, քանի որ մենք իր ազդեցության գոտում ենք։ Դրա համար էլ Կարեն Կարապետյանին ուղարկել են ու ասել՝ գնա, կարգավորիր ամեն ինչ, թող մեզ հանգիստ թողնեն։ Հազար ու մի խնդիր ունեն, հո Հայաստանը չէ՞ իրենց հոգսը։ Բնական հարց է ծագում՝ որքա՞ն կարգավորել։
-Այս օրերին կառավարությունը բանանի, գարեջրի շուկան կարգավորելու «կատաղի» պայքարի մեջ է, հերթը, կարծես, հասնում է նաև շաքարավազին։ Օլիգարխիայի դեմ պայքարն ի՞նչ կտա։
-Օլիգարխներից ում էլ հիմա վարչապետ նշանակենք, նա էլ նույն ճանապարհով կգնա։ Բոլորն էլ հասկանում են, որ արդեն պետության լինել-չլինելու հարցն է օրակարգում։ Կարեն Կարապետյանի առջև խնդիր է դրված՝ ոտքի կանգնեցնել տնտեսությունն ու կարգուկանոն հաստատել երկրում։ Բոլոր խանգարողներին նա պետք է ճնշի, բայց, պարզվում է, այս օլիգարխներն էլ են սնվել «Եվրասիայից» ու իրենց համարում են «օրինական» թալանչիներ։ Ասում են, հիմա կարգը փոխվել է, թալանը դադարեցվում է։ Բայց իրենք դրա համար են ծնված։ Վարչապետ-օլիգարխիա դիմակայություն է լինելու։
-Ո՞վ կհաղթի։
-Այս տեմպերով որ գնա, Կարեն Կարապետյանը կպարտվի։ Բանանն ի՞նչ է, որ կտրուկ քայլեր են ձեռնարկվում։ Պետք է խստասիրտ լինել, հեղափոխությունը ծանր բան է։
-Հեղափոխություն անելու համար Կարեն Կարապետյանի ուժը «կպատի՞»։
-Եթե Կրեմլի «դաբրոն» ունի, նշանակում է՝ պետք է գործի անցնի։ Իսկ եթե ուզում է «ա լյա Գորբաչով» տարբերակը փորձել, այսինքն՝ և՛ օլիգարխներին չկպչել, և՛ փոփոխություններ անել, ոչինչ չի ստացվի։ Կարեն Կարապետյանը պետք է հայտարարի, որ ինքը մենակ է, և իր թիմը ժողովուրդն է։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1934

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ