Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մեր երկրին ո՛չ բախտախնդիր քաղաքական գործիչներ են պետք, ո՛չ էլ բախտախնդիր սրիկաներ

Մեր երկրին ո՛չ բախտախնդիր քաղաքական  գործիչներ են պետք, ո՛չ էլ բախտախնդիր սրիկաներ
25.11.2016 | 01:31

Զարմանալի ժողովուրդ ենք մենք, այնքան զարմանալի, որ կուրորեն նվիրվել գիտենք և առավել կուրորեն` ատել: Եվ նման զգացմունքների առկայության պատճառով միշտ կորցրել ենք մեր պատմական տարածքները: Նման զգացմունքներով կառավարվող ժողովրդին կարելի է բնութագրել մեկ բառով` թերարժեք: Որքան էլ վիրավորական հնչի, մենք քաղաքականության մեջ թերարժեք ժողովուրդ ենք: Եվ այդ թերարժեքության արդյունքն է մեր ժողովրդի ապրած ծանր ողբերգությունը: Ասածս հիմնավորեմ:
Երբ 1905 թվականին Անդրանիկը դիմում է հայ մեծահարուստներին, թե փող տվեք, զենք գնենք ապագա պատերազմում մեզ պաշտպանելու համար, պատասխանն ավելի քան ստոր է՝ ռուսները մեզ կպաշտպանեն: Այստեղ խնդիրը ոչ թե ուրիշի կողմից մեզ պաշտպանելն է, այլ հայ բուրժուայի գծուծությունը: Մի՞թե այսօր նույն պատկերը չէ:


Այսօր հազար դրամի ազգ-բանակ գաղափարը շատ հիանալի է, բայց… Եթե ապրիլյան պատերազմի ժամանակ մեր քաջարի տղաները կռվում էին 80-ական թվականների զենքով, ապա ի՜նչ անուն տաս այն գեներալներին, այն հայ բուրժուաներին, որ միայն վզներն են հաստացրել, և գիլիոտինն անգամ մեկեն չի հատի այն: Արդյոք մեր իշխանություններն անհրաժեշտ հետևություն արե՞լ են այդ պատերազմից, դա իրենց ասելիքն է: Եվ այդ չորսօրյա պատերազմի արդյունքում հայ ժողովրդի մեջ ձևավորվեց հակառուսական ատելություն:
Ես՝ որպես հայ մտածող, գեբելսյան հանրահայտ պրոպագանդայի ներկայացուցիչ Դմիտրի Կիսելյովի ֆեյսբուքյան էջում ցույց եմ տվել դարեր շարունակ ռուսական ոգու դավաճանական ողջ էությունը: Եվ այդ դավաճանությունն արտահայտվել է ոչ միայն մեր` հայերիս հանդեպ, այլև իրենց կրոնակից, իրենց ազգակից սերբերի նկատմամբ: Եվ ոչ միայն… Դա ռուս կառավարության էությունն է: Բայց դա չի նշանակում, թե մենք պետք է կտրուկ շրջադարձ կատարենք ռուս ժողովրդից: Հիշեք հանրահայտ ժողովրդական խոսքը` ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ մի՛ գցիր:


Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը եթե միշտ վնասել է մեզ, ապա հիմնական մեղավորը մենք ենք եղել: Միշտ մեր մտավորականությունը խաբել է մեզ, թմբկահարելով Աբովյանի հայտնի միտքը, բայց երբեք չենք բացատրել այդ հանճարեղ մտքի ծալքերում ասված գաղափարը, այն հիասթափությունը, որն ապրեց Աբովյանն ընդամենը մի քանի տարի հետո, տեսնելով ռուս պաշտոնյայի՝ հայ գյուղացուց կաշառք վերցնելը: Որքան էլ ռուսները մեր լավը չուզող ¥հայտնի հայկական ասացվածք է՝ եղբայրը միայն եղբոր մահը չի ուզում¤, բայց բոլոր դեպքերում մեր բարեկամներն են: Մի՞թե այդ բարեկամության արդյունքում չստեղծվեց Հայաստանի երբեմնի հզոր արդյունաբերությունը: Այդ արդյունաբերության ոչնչացման մեջ ռուսնե՞րն են մեղավոր, թե՞ Արևմուտքի ակտիվ ջանքերով և մեր նորօրյա տերերի ընչաքաղցության արդյունքում այդ ամենը ոչնչացվեց:


Որքան էլ կոպիտ հնչի, թող ների ինձ ընթերցողը, այնուամենայնիվ, պետք է արտահայտվեմ (ի՞նչ անեմ՝ մեր ժողովրդական խոսքերը թեպետ ճշմարիտ, բայց կոպիտ են)՝ սեփական տեռը պետք չէ խալխի քամակը մտցնել: Եթե մարդն իրեն չի հարգում, ուրիշից հարգանք մի ակնկալիր:
Այսօր տեսնում ենք, թե ինչ է կատարվում աշխարհում: Ընդամենը մեզնից մի քանի հարյուր կիլոմետր հեռու երբեմնի բարգավաճ երկրները իսկական դժոխքի են վերածվել: Ոչ ոք չի կարող գուշակել, թե այդ դժոխքը երբ կթակի մեր դուռը: Ոչ ոք չի կարող գուշակել, թե ինչ կկատարվի ապագայում Ռուսաստանի հետ: Աստված թող Ռուսաստանը հզոր պահի, թեկուզ ոչ դեմոկրատական: Ես՝ որպես հայ մարդ, պարտավոր չեմ մտածել... որովհետև ավելի լավ ռուսական էության մասին ռուս բանաստեղծն է ասել՝ անլվա Ռուսաստան: Այդ «անլվա Ռուսաստանը» շատ դրական կողմեր ունի, որը մեզ կապել և կապելու է իր հետ: Ռուս էությունից երբեք պետք չէ նեղանալ և ոչ էլ ի ցույց դնել այդ էությունը: Հրեաներն ինչպե՞ս են բարգավաճում, բայց անհրաժեշտության դեպքում էլ կառուցում ու քանդում Ռուսաստանը: Հակառակ նրանց, մենք կառուցում ենք, բայց մեր չար լեզվի պատճառով անիմաստ թշնամանում նրա հետ:


Ի՞նչ վատ բան է միացյալ ռազմական ուժեր ստեղծելու գաղափարը: Վախն այն է, որ պատերազմի ժամանակ հանկարծ կարող է նորից դրսևորվել ռուս կառավարողի դավաճանական էությունը: Գաղտնիք չէ, ռուսները և ոչ միայն ռուսները, մեր սիրուն աչքերի համար չպիտի մեռնեն մեր հողի վրա, այլ իրենց շահի համար, և եթե այդ շահը այդ պահին հօգուտ իրենց չի լինելու, պիտի հեռանան, և մենք պիտի ասենք՝ հերթական անգամ մեզ դավաճանեցին: ՈՒրեմն պիտի հասնել այն բանին, որ ոչ միայն խաղաղ, այլև պատերազմի ժամանակ եթե ոչ հայ հրամանատարը պետք է հրամայի այդ զորագնդին, այլև հայ և ռուս համատեղ գործող հրամանատարների արձակած հրամանը պետք է որոշի զորագնդի անելիքը: Ռուսները հանճարեղ ռազմական մտածողներ են տվել, բայց մտածողների փայլուն հաղթանակները Ռուսաստանի ոչ ռուս կառավարողները հաճախ զրո են դարձրել: Այսօր էլ Ռուսաստանի հզոր ռուս կառավարողը շղթայված է ոչ ռուսամետ կառավարողներով, և նրանք չեն ըմբռնում, որ Ռուսաստանի ճակատագիրն է միշտ մենակ խաղալը, որը և միշտ ապահովել է նրա թեկուզ դաժան, բայց դժվար հաղթանակը:


Հենց Ռուսաստանը ցանկանում է մտնել եվրոպական ակումբ, նրան սպառնում է մասնատումը: Քաղբյուրոյի անդամ կար՝ Պյոտր Եֆիմովիչ Շելեստ, ՈՒկրաինայի կոմկուսի կենտկոմի քարտուղարն էր, որը դեմ էր խորհրդային-ամերիկյան մերձեցմանը, և նրան հեռացրին պաշտոնից: Կյանքը ցույց տվեց, թե ինչ բերեց այդ մերձեցումը: Ռուսաստանը լայնածավալ և հարուստ երկիր է, նա ունի բոլոր հնարավորությունները ինքնուրույն զարգանալու համար, բայց չունի ամենաանհրաժեշտը, որ ունեն եվրոպական ազգերը: Եվ եվրոպական ազգերը միշտ երազել են Ռուսաստանի ոչնչացումը, որովհետև ինչպես ասել է Ճապոնիայի անցյալ դարի 40-ական թվականների քաղաքական գործիչը, երբ գնացքով Վլադիվոստոկից գնում էր Բեռլին Հիտլերի հետ բանակցությունների, տեսնելով անծայրածիր երկրի հարստությունները. «Օ՜, Աստված ինչ անարդար է բաժանել աշխարհը»: Եվ այդ անարդար բաժանման ցնորքը գործում է առայսօր:


Մենք պետք է խելացիորեն օգտվենք այդ հսկայական երկրի ամեն ինչից: Բերեմ կոնկրետ օրինակ: Այսօր ի՞նչ տվեց ուկրաինացի ժողովրդին եվրամայդանը: Եթե այդ հզոր երկիրը տեղ չունի եվրոպական ընտանիքում, ինչ է, մեզ սիրո՞վ են այնտեղ սպասում: Բոլորը սիրով պատրաստ են վճարելու իրենց երեխաներին անգլերեն կրթություն տալու համար, իսկ երբ խոսվում է Հայաստանի դպրոցներում ռուսաց լեզվի խորացման կամ երկրորդ պետական լեզու դարձնելու մասին, ոմանք սվիններով են ընդունում: Ինչո՞ւ: Եթե Խորհրդային Միությունում բրեժնևյան սահմանադրության ընդունման ժամանակ Սուսլովի նման բթամիտները մեզ չկարողացան պարտադրել, որ ՀԽՍՀ Սահմանադրությունում հայերենը չարձանագրվեր որպես պետական լեզու, մի՞թե այսօր ռուսերենի խորացված ուսուցումը մեզ կարող է վնաս բերել: Մենք պետք է ռուսից լավ ռուսերեն խոսենք, որը միայն դրական կարող է լինել մեզ համար: Բազմակողմանի զարգացած, լեզուների տիրապետող հայը չի կարող չգիտակցել իր ազգային շահը: Երբ իմ ներկայությամբ խոսում են ինչ-որ մի պաշտոնյայի (որի անունն անգամ հիշելուց զզվանք եմ ապրում) կիրթ մտավորական լինելու մասին, դառը ժպտում եմ, ասելով՝ մի՞թե մտավորականը կարող է այնքան սրիկա լինել, որ առանց խղճի խայթի հիմքը դնի երբեմնի հզոր երկրի արդյունաբերության ոչնչացման և, հանգիստ խղճով, ավելի ճիշտ, Հերոստրատի պես նայի, թե ինչպես է հրկիզվում փառավոր կառույց տաճարը: Նման կարգի մտավորականներին ես բնութագրում եմ մեկ բառով` սրիկա:


Այսօր ոմանք, ոգևորված Թրամփի հաղթանակից, փորձում են վարկաբեկել Հայաստանում իշխող կուսակցությունը, նրա ղեկավարին, մոռանալով, որ ԱՄՆ-ի ժողովուրդը չի ապահովել Թրամփի հաղթանակը: Հիլարի Քլինթոնը 600 հազար ձայն (այժմ արդեն խոսում են 2 մլն-ի մասին) ավելի է ստացել, քան Թրամփը, պարզապես ամերիկյան ընտրական ոչ կատարյալ համակարգը հանգեցրել է Թրամփի հաղթանակին: Տեղին է հիշել, որ Քենեդին ընդամենը 100 հազար ձայնով է հաղթել Նիքսոնին, իսկ Քլինթոնը` 600 հազարից ավելի ձայնով, պարտվեց Թրամփին:


Առանց տեղյակության զուգահեռներ անցկացնելը անշնորհակալ և վտանգավոր գործ է, ինչպես և անշնորհակալ գործ է վախկոտ քաղաքական գործչի հետ հույսեր կապելը: Այսօր մեր մամուլում թմբկահարում են Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձը: Աստված նրա հետ, թող վերադառնա: Բայց երբ կրիտիկական պահին ժողովուրդը` ճիշտ թե սխալ, պատրաստ էր գնալու նրա հետևից, իսկ նա այդ հսկայական մարմնի մեջ չգտավ քաղաքական գործչին վայել մի փոքրիկ համարձակություն (քաղաքական գործիչն առանց բանական ռիսկի քաղաքական գործիչ չէ) և ասաց՝ ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, հեռանում եմ: Եթե կրիտիկական պահին հեռանում ես, ինչ իմանանք, թե հերթական կրիտիկական պահին ինչպես կդրսևորես քեզ: Մեր երկրին ո՛չ բախտախնդիր քաղաքական գործիչներ են պետք, ո՛չ էլ բախտախնդիր սրիկաներ: Չնայած այսօր երկրի առաջ ծառացած բոլոր դժվարություններին, կյանքն ապացուցել է, որ գործող նախագահը ոչ միայն հիանալի հասկանում է շախմատից, այլև երկիրը կայուն է:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. Թող յուրաքանչյուր պաշտոնյա իր տեղում լինի: Թող յուրաքանչյուր պաշտոնյա իր գործը բարեխիղճ կատարի, և ոչ թե յուրաքանչյուրը չարածների համար արդարացում գտնի ասելով՝ ո՞ւր է նայում երկրի նախագահը: Երկրի նախագա՞հն է մեղավոր, որ Արմեն Գրիշայի Կարապետյանը, որը կրում է դատախազի բարձր կոչումը, իրեն իրավունք է վերապահում տարիներով չվճարել հողի հարկը, որը կազմում է 600 հազար դրամ: ՈՒ երբ գյուղապետն ասում է՝ եթե չվճարես, քո վարքագծի մասին կտեղեկացնեմ հանրապետության գլխավոր դատախազին, արդյունքում գյուղապետը մի թշնամի էլ է վաստակում: Աստված նրար հետ: Մի՞թե անբարեխիղճ պաշտոնյայի համար նորեն նախագահն է մեղավոր: Երևի այո, որ նման պաշտոնյաները շատ բնագավառներում ստանում են բարձր աշխատավարձ և իրենց աշխատաոճով շարունակում են վարկաբեկել պետական կառավարման ապարատը:
Իրոք, երևի նախագահը մեղավոր է:

Դիտվել է՝ 3549

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ