Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իշխանությունն ունի միայն ներկա ժամանակ

Իշխանությունն ունի միայն ներկա ժամանակ
25.11.2016 | 01:41

ՈՒ ի՞նչ, պարոնայք երդվյալ ատենակալներ, աշունն ավարտվեց, ի՞նչ փոխվեց ձեր կյանքում: Չասեք՝ ոչինչ: Ամենից առաջ դուք եք փոխվել, ու եթե փոխվել եք դուք, ինչպե՞ս կարող է չփոխվել կյանքը: Փիլիսոփայության հավես չունե՞ք: Ոչ մի փիլիսոփայություն: Չոր իրականություն: Ո՞վ ասաց, որ փոփոխությունը պարտադիր պիտի լավը լինի: Հիմքում փոփոխությունը ոչ լավն է, ոչ վատն է՝ արձանագրում է Ա կետից Բ կետը հասնելը: ՈՒ՝ վերջ:

Օրինակ՝ Արա Աբրահամյանը փոխվեց: Առաջ ուզում էր Հայաստան գալ ու կուսակցություն ստեղծել, խորհրդարանական ընտրություններին մասնակցել, հետո ուզում էր Հայաստան գալ տնտեսական ծրագրերով, հիմա գալիս-գնում է Հայաստան, ու՝ ի՞նչ: Չկա՞ փոփոխություն: Կա: Քաղաքական զբոսաշրջության ևս մի ուղղություն փակվեց: Եթե հաշվեմ բոլոր քաղաքական զբոսաշրջիկներին՝ մի երեք էջ միայն անուն-ազգանուն կգրեմ, ու՝ վերջ: Արա Աբրահամյանը Հայաստան եկավ ու ոչինչ չստեղծեց ոչ այն պատճառով, որ վատառողջ է կամ փող չունի, նա փոխարինող կազմի խաղացող էր, եկավ, խաղը չկպավ, ու՝ դաշտ մտավ հիմնական կազմի խաղացողը: Խաղը փոխեց նպատակը, որակն ու հաշիվը, երբ Հայաստան եկավ Կարեն Կարապետյանը: Նրա առաջ կուսակցություն ստեղծելով՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու խնդիր չկար, նա ազատ հարձակվող է՝ նրա խնդիրը գոլ խփելն է: Թիմը խաղում է ազատ հարձակվողին մրցակցի դարպասի մատույցներում բարենպաստ դիրք դուրս բերելու համար, նաև պաշտպանվելով մրցակցի ազատ հարձակվողից ու մյուս խաղացողներից: Քաղաքական դաշտը, մարզադաշտ դարձած, սպասում է՝ գոլ կխփի՞ Կարեն Կարապետյանը, և ո՞ւմ դարպասը: Կարեն Կարապետյանն իր գոլը հիմա չի խփելու, անգամ 2017-ի ապրիլին չի խփելու: Նրա խաղը սկսվելու է 2018-ին, եթե մինչ այդ մնա դաշտում ու պահպանի իր թիմը:
Հայաստանում վարչապետները առավոտյան կառավարության նիստ անելիս չգիտեն՝ երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստում հրաժարական կտա՞ն, թե՞ չեն տա:

Բայց Կարեն Կարապետյանը երկարաժամկետ ծրագիր ունի ու կատարեց առաջին քայլը՝ նա կդառնա ՀՀԿ-ական, գուցե և ՀՀԿ խորհրդի նախագահ, թեպետ նրա արևը այլ երկնակամարից է ծագում ու մայր է մտնում ոչ Հայաստանի լեռներում, այլ ռուսական տափաստաններում: ՀՀԿ-ին անդամակցելու նրա որոշումը ոչ թե ՀՀԿ նախագահի կամքով է, այլ նրա դեմ: Գուցե այսօր այդքան հստակ չի երևում, բայց նրանցից յուրաքանչյուրը նույն խնդիրն ունի՝ մեկը մնալ, մեկը դառնալ վարչապետ: Երկուսն էլ ոչ մի դեպքում ոչինչ ոչ մեկին չեն ասի: Բայց կգործեն այդ ուղղությամբ: Նրանք այլ ելք չունեն. դաշտ են մտել, պիտի խաղան, խաղում են, պիտի հաղթեն: Այլապես խաղը ավարտվում է:
Նրանք խաղում են ոչ թե հանուն միավորների, այլ իշխանության, իսկ իշխանությունը կամ կա, կամ չկա, անցյալ ու ապագա չի լինում: Նկատե՞լ եք, որ Հայաստանում իշխանությունն ունի միայն ներկա ժամանակ: «Երեկ՝ ես, այսօր՝ դու, վաղը՝ նա» խաղը խաղում են ժողովրդավարական երկրներում, հետխորհրդային տարածքում խաղը պարզ է՝ ես կամ դու: Եթե ես, դու ո՞վ ես, եթե դու, ես չկամ: Դա խաղի հաստատված կանոն է, որի դեմ բողոքում են բոլորը, ոչ ոք ոչինչ չի անում: Ֆուտբոլը հանճարեղ խաղ է, ֆուտբոլում ամեն ինչ աչքի առաջ է, քաղաքական դաշտում երբեք չգիտես՝ քո դարպասը ո՞րն է, թիմակիցներդ ովքե՞ր են, ովքե՞ր են պահեստայինները, խնդիրներ են ծագում մարզչի հարցում: Օրինակ, ո՞վ կարող է ասել՝ ո՞ւմ թիմից է դաշտ մտնելու Գագիկ Ծառուկյանը՝ մի խաղացող, որ այդպես էլ չունեցավ իր կամքը՝ ոչ իր կամքով եկավ, ոչ գնաց, ոչ վերադառնում է: Ռոբերտ Քոչարյանը դաշտ դուրս բերեց, Լևոն Տեր-Պետրոսյանը պաս տվեց, բայց պարզվեց՝ խաբս տվեց, Սերժ Սարգսյանը կարմիր քարտ ցույց տվեց, իսկ հիմա մարզիչն ասում է՝ գնա, խաղա, մի օր պետք կգաս: Այդ մի օրը կգա կամ չի գա, այսօր նա ուրիշ խնդիր է լուծում՝ Գագիկ Ծառուկյանին այսօր վստահված է տեղական նշանակության առաքելություն՝ դաշինքով վերադառնալ:

ԲՀԿ-ն փոքր հարթակ է այլևս՝ նա դաշտ կվերադառնա դաշինքով, որտեղ ինչպես զինակոչիկներ նրա «Հավսար, զգաստին» կսպասեն ԲՀԿ-ն ու տարբեր ժամանակներում ԲՀԿ-ից պոկված, հիմա իրենց «Միասնություն», «Համախմբում» անվանողները, հավելեք՝ ոչիշխանական դաշտի բեկորները, որ ի զորու չեն միայնակ խաղի և պատրաստ են մեկից հինգ միլիոն դոլար «քաղաքական» աջակցության դեպքում միանալ Գագիկ Ծառուկյանին, որ քաղաքական փոշեկուլի դերում մաքրում է դաշտը ՀՀԿ-ի առաջ:
Որ Գագիկ Ծառուկյանը մինչև հիմա իր «թագավորական» խոսքը չի ասել, մի մեղադրեք Սերժ Սարգսյանին. նա վաղուց «այո»-ն ասել է, այնքան վաղուց, որքան միասին սկսեցին ժապավեններ կտրել ու շրջագայել: Գագիկ Ծառուկյանը վերստին կարմիր քարտով քաղաքական դաշտի կրկեսից դուրս չդրվելու երաշխիքների է սպասում միջազգային մակարդակով: Ոչ Բրյուսելից, որտեղ նրան չհասկացան: Ոչ Արևելքից կամ Արամ Առաջինից՝ այնտեղ նա մեծ բարերարի կերպարում է: Գագիկ Ծառուկյանի հայացքն ուղղված է Հյուսիս: Այնտեղից երաշխիք չեն տա, բայց կասեն՝ իհարկե, Գագիկ Նիկոլաևիչ, իհարկե, մենք ձեզ սիրում ենք, մենք ձեզ գնահատում ենք, մենք ձեզ հավատում ենք: ՈՒ՝ վերջ: Բայց քաղաքականության մեջ սերն էլ, գնահատականն էլ, հավատն էլ փոփոխական կատեգորիա են, այսօր՝ մեկին, վաղը՝ մյուսին: Արա Աբրահամյանը դա կհաստատի:


Գագիկ Ծառուկյանը մեծ խնդիր ունի ընտրական գործընթացում. նախ վաճառվող ոչիշխանությանը գնել ու արգելակել հնարավոր ընդդիմադիր դաշինքի ստեղծումը, հետո կուսակցություններից անցնել նրանց ընտրողներին՝ ընտրարշավում հանդես գալ բացարձակ ու անվերապահ ընդդիմադիրի դերում՝ միալար, անշեշտ ու անստորակետ, անվերջակետ օրորոցայինով ընդարմացնել ընտրողներին ու բերել կառավարելի, կառուցողական, անվտանգ դաշտ: Ովքեր անդիմադրելի խարիզմային կդիմադրեն, նրանց առաջ կբացվի Գագիկ Ծառուկյանի գրպանը՝ նա նորից փող կբաժանի: Երկու տարբերակ կա՝ գրասենյակներում կցուցակվեն ընտրողները, որ չեն կարողանում վճարել իրենց կամ իրենց զավակների ուսման վարձը, ունեն շտապ վիրահատության կամ թանկարժեք բուժման անհրաժեշտություն, տարատեսակ խնդիրներ իշխանության հետ, «ճիշտ» ընտրությունը կլուծի նրանց հարցերը, երկրորդ դեպքում նրանց փող կտան ու կասեն՝ գիտես ինչը ինչպես անել: Չկասկածեք, որ Գագիկ Ծառուկյանի «քաղաքական» էլ, ֆինանսական էլ խարիզման աշխատելու է:
Ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանի ծովածավալ «Միասնությունը» կոալիցիայի մեջ է մտնելու ծովից ծով ՀՀԿ-ի հետ: Այսօր այդ օվկիանոսին միանալու մեծ ցանկություն ունեն ոչ միայն մարդ կուսակցությունները, այլև բազմամարդ: Օրինակ՝ «Հայկական վերածնունդը», որին անվանափոխությունը չփրկեց, Փարիզում, Բրյուսելում, Կրեմլի պատերի մոտ գրասենյակներ բացելը իրավիճակ չփոխեց: Արթուր Բաղդասարյան բրենդն այլևս ընդդիմության անվան տակ չի աշխատում, ՀՀԿ-ն էլ բացատրում է՝ մեզ հետ կոալիցիան ընտրություններից հետո: ՀՎԿ-ն ՀՅԴ չէ, որի հետ երբ ասես կարելի է կոալիցվել, ոչ մի տարբերություն՝ ՀՀԿ-ն է իշխում, թե ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան: Իհարկե, Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը, ԱԺ-ում ստեղծված կուսակցությունների երիտասարդ կուսակցապետերը կցանկանային ՀՀԿ-ի կայմին նստած նորից խորհրդարան մտնել ու ևս հինգ տարի քաղաքական զբոսաշրջության տրվել, բայց նրանք ՀՀԿ-ի ինչի՞ն են պետք, երբ ՀՀԿ-ն ունի իր բալաստից ազատվելու խնդիր: «Նոր ոգի» շրջագծում քչերը կհայտնվեն հին դաշտից, նրանց կգործուղեն կամ գործադիրի երկրորդական պաշտոնների, կամ կնշանակեն դեսպաններ: Ցավակցեք այն երկրներին, որտեղ հայտնվելու են այդ մարած կրակայրիչները: Գուցե նույնիսկ Հայաստանը նոր դեսպանատներ բացի՝ ընդլայնելով դիվանագիտական աշխարհագրությունը, ասենք՝ Զամբիայում ու Զանզիբարում: Կամ՝ Մադագասկարում:


Համոզվեցի՞ք՝ ինչքան փոփոխություններ են եղել: Հետո ինչ՝ ձեր կյանքը չի փոխվել, ո՞վ էր ասել, որ փոփոխությունները փոխելու են ձեր կյանքը: Ասվել էր՝ երկրի կյանքը, ամեն ինչ արվում է հանուն երկրի, ու՝ վերջ: «Ասա ինձ, և ես կմոռանամ, ցույց տուր, և ես կհիշեմ»՝ այս մակարդակին քաղաքական դաշտում ոչ ոք չի հասել, դա հրաշալի է ՀՀԿ-ի համար. ինչ ուզեն կասեն, հիշողն ով է, ցույց տվող չկա, դա նույնպես հրաշալի է ՀՀԿ-ի համար: Ի վերջո, Հայաստանում Սահմանադրություն է փոխվել ու փոխվել է այնպես, որ ոչ ոք չգիտի՝ քանի՞ պատգամավոր է ԱԺ-ն ունենալու՝ 101, թե՞ 101+N: Իրենց N են տեսնում ընդդիմադիր դաշտում գործող ԱԺ-ի կուսակցությունները՝ 101-ի պատիվը վերապահելով ՀՀԿ-ին ու նրա արբանյակներին, բայց եթե ՀՀԿ-ն նորից ունենալու է մեծամասնություն ու մի քանի քաղաքական ուժեր խորհրդարան են գալու իբրև փոքրամասնություն, ի՞նչ տարբերություն անցած հնգամյակի ու գալիք հնգամյակի միջև, իսկ Հայաստանը չունի այդքան մարդկային ու նյութական ռեսուրս, որ ևս հինգ տարի ՀՀԿ-ի փորձադաշտը մնա: Չի՞ ստացվում, որ նրանք նույնպես լուծում են անձնական քաղաքական զբոսաշրջության խնդիր, բայց ոչ համակարգային փոփոխության: Դա չի՞ հեշտացնում ՀՀԿ-ի խնդիրը՝ ընտրել հարմար «ընդդիմություն», որի հետ այլևս նոր Սահմանադրությամբ պիտի ԱԺ-ում որոշումներ ընդունի: Իշխանության խնդիրը զրոյացնում են այն կուսակցությունները, որ բանակցում են ՀՀԿ-ի հեռավոր ու մերձավոր մատույցներում՝ ապագա ԱԺ-ին վերաինտեգրվելու համար, այն կուսակցությունները, որ օլիմպիական խնդիր են դնում՝ կարևորը մասնակցելն է, ոչ թե հաղթելը: Նման խնդիր փորձում են լուծել ԱԺ ներկա բոլոր կուսակցություններն ու կուսակցությունների անդամները՝ չսահմանափակվելով Հայաստանով և քաղաքական ուխտագնացության մեկնելով Ղարաբաղ: Խորհրդարանի Կապույտ թռչունը, սակայն, Հայաստանի երկնքում է ճախրում, և իզուր են Հրանտ Բագրատյանը, Խաչատուր Քոքոբելյանը Երևան-Ստեփանակերտը համարում գլխավոր մայրուղի: Այնտեղից մանդատ ստանալու հույս ունեցողները (նրանք նաև խորհրդարանից դուրս են) ի վերջո վերադառնալու են Բաղրամյան 26, իսկ այնտեղից գործուղվելու են Գագիկ Ծառուկյանի դուռը: Արժի՞ ժամանակ կորցնել:

Այլևս դիմակները հանելու ժամանակն է՝ առավելագույնը մինչև հունվար ժամանակ կա կողմնորոշվելու՝ կամ համագործակցում են իշխանության հետ ու իրենց հանձնում ՀՀԿ-ի ողորմածությանը՝ ի՞նչ անձնական դատավճիռ կկայացնի կուսակցության ու նրա անդամների մանդատի վերաբերյալ, կամ հանդես են գալիս սեփական դիրքորոշումով՝ առավելագույն խնդիր դնելով ոչ թե փոքրամասնություն, այլ մեծամասնություն լինելը: ՈՒ այդ նպատակով դաշինքներ կազմելը, այլապես ընտրախավի ընդդիմադիր հատվածը նրանց ձայն չի տա՝ լավ հիշելով Ազատության հրապարակից իր տուն գնալու բազմակի պատմությունը: ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» դա ամենից լավ են, թերևս, հիշում: Ավելի վատ, եթե մոռացել են:
Ահա այսպես, պարոնայք երդվալ ատենակալներ: Պատմությունն ապացուցել է, որ պատմությունը չի ավարտվում, նույնիսկ Ֆրենսիս Ֆուկույաման ընդունեց, որ սխալվել էր՝ պատմության ավարտը կանխագուշակելով: Մայաներին իրենց օրացույցով չհիշեմ: Պատմությունը շարունակվում է, և պատմությունը փոխվում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Քաղաքականության մեջ ու քաղաքական գործիչների հետ 2016-ին Կապիկը շատ կապիկություն արեց ամբողջ տարի. ո՞վ էր սպասում, որ Մեծ Բրիտանիան կողմ կքվեարկի ԵՄ-ից դուրս գալուն, ո՞վ էր սպասում, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում միլիարդատեր Դոնալդ Թրամփը կհաղթի քաղաքական գործիչ Հիլարի Քլինթոնին, ո՞վ էր սպասում, որ Ֆրանսիայում հանրապետական կուսակցության պրայմերիզներում արդեն կպարտվի Նիկոլա Սարկոզին ու հարցումներով առաջին տեղում Մարին լը Պենը կլինի: Աշխարհի քաղաքական թրենդը իշխանական էլիտայի փոփոխությունն է, Հայաստանը գլոբուսից դուրս չի, ուրեմն ի՞նչ, պարոնայք երդվյալ ատենակալներ, սպասեք մինչև 2017-ին Աքաղաղը կանչի: Քիչ մնաց:

Դիտվել է՝ 2002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ