Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Եզդի ժողովրդի ներդրումն Արցախյան պատերազմում հավուր պատշաճի գնահատելու համար անհրաժեշտ են այսպիսի ֆիլմեր»

«Եզդի ժողովրդի ներդրումն Արցախյան պատերազմում հավուր  պատշաճի գնահատելու համար անհրաժեշտ են այսպիսի ֆիլմեր»
25.11.2016 | 10:42

«Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում տեղի է ունեցել «Արցախյան պատերազմի եզդի նվիրյալները» ֆիլմի շնորհանդեսը։ Սա երկլեզու (հայերեն, եզդիերեն) փաստավավերագրական ֆիլմ է, հեղինակը Սաիդ Ավդալյանն է, ռեժիսորը՝ Նաիրի Հոխիկյանը։ Այն պատմում է Արցախյան ազատագրական պայքարում եզդի ժողովրդի ունեցած ներդրման, ինչպես նաև մերօրյա հերոս եզդիների մասին։


Ֆիլմի ռեժիսոր Նաիրի Հոխիկյանը նշում է, որ նկարահանման աշխատանքներն իրականացվել են արցախյան այն վայրերում ու դիրքերում, որտեղ մարտնչել ու զոհվել են եզդիները: Ֆիլմը դիմանկարային ակնարկների հավաքածու է, ներկայացված են զոհված բոլոր 45 ազատամարտիկները:
Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, շնորհավորելով ֆիլմի հեղինակներին և դիմելով ներկա եզդիներին, իր խոսքում նշել է, որ Հայաստանը եզդիների հայրենիքն է, նրանք արժանի են Հայաստանի լիարժեք քաղաքացի լինելու, քանի որ անցած պատմական ուղիով ապացուցել են, որ լիարժեք հայաստանցի են։ «Մենք՝ որպես հնագույն, հնդեվրոպական արմատներ ունեցող ժողովուրդներ, կողք կողքի ենք անցել մեր պատմական ուղին։ Հյուսիսային Իրաքի տարածքը՝ Շանգալը, որտեղ շարունակվում է ցեղասպանություն տեղի ունենալ, և մեր պատմական հայրենիք Արևմտյան Հայաստանը կողք կողքի են։ Ոչ ոք չի հարցնում, թե ինչու են Հայաստանում հայերեն փայլուն խոսող միակ ժողովուրդը, էթնոսը հենց եզդիները։ Գաղտնիքը մեր ընդհանուր արմատների մեջ է։ Արիական, հնդեվրոպական ժողովուրդներ ենք, մեկ ընդհանուր մայր ժողովրդից ենք սերվել։ Ձեր ժողովուրդը, ապրելով այս հողի վրա, տվեց պայծառ դեմքեր, որոնք Կոմիտասի, Սիմոն Վրացյանի հետ մեկտեղ պետք է պատմական ճանապարհ անցնեին, Առաջին հանրապետություն տեսնեին։ Մենք պետք է Ջհանգիր Աղայի հերոսությունները տեսնեինք Առաջին աշխարհամարտի ժամանակ, Անդրանիկի հետ կողք կողքի պետք է մարտնչեին եզդիները, Հայաստանի առաջին Հանրապետությունը պետք է ունենար Յուսուպ Բեկի պես հերոս անձնավորություն, որ ոչ միայն մարտի դաշտում պետք է կռվեր, այլև լիներ Հայաստանի պետական գործիչներից մեկը։ Եզդի ժողովրդի ներդրումը Արցախյան պատերազմում հավուր պատշաճի գնահատելու համար անհրաժեշտ են այսպիսի ֆիլմեր։ Անհնար է Քյարամ Սլոյանի հետ տեղի ունեցածը վերլուծել և մեծ հուզմունք չապրել։ Եվ սա հենց այնպես չէ, որովհետև Քյարամը հենց այդպիսի ընտանիքում է մեծացել, նրա հայրն անցել է Արցախյան պատերազմի բովով։ Նա արել է այն, ինչ ներսից նրա սիրտն ու ոգին թելադրել են՝ լինել հայի հետ և, ինչու չէ, զոհվել նրա հետ։ Ես նոր եմ վերադարձել Կոստանդնուպոլսից, այնտեղ մեր հայրենակիցները նշում էին, որ այսօր Թուրքիայում եզդիների ու քրդերի նկատմամբ տեղի ունեցողն ուղղորդվում է Ադրբեջանից։ Թուրքիայում այսօր ապրող ադրբեջանցիներն ավելի թուրք են դարձել, քան իրենք՝ թուրքերը։ Եվ ձերբակալությունները, հակահայ, հակաքուրդ, հակաեզդի գործողությունները թելադրում են ադրբեջանցիները, որոնք Թուրքիայում սկսել են եղանակ ստեղծել։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս ֆիլմը ստեղծել են։ Մենք առաջիկայում նույն ճանապարհն ունենք անցնելու։ Ինչպես հայերի հայրենիք Արևմտյան Հայաստանը, այնպես էլ եզդիների հայրենիք Շանգալը գերության մեջ են։ Մենք համատեղ պայքարով կարժանանանք նրան, որ մեր դրոշները ծածանվեն այդ հողերի վրա, մենք եղբայրաբար կգրկախառնվենք և կհիշենք մեր պատմությունը, արմատները, որոնք մեզ հուշում են, որ ապագան միասին ենք կերտելու»,- ասել է Աշոտ Մելքոնյանը։


«Արցախյան պատերազմի եզդի նվիրյալները» ֆիլմը նկարահանվել է ՀՀ նախագահի աշխատակազմի հատկացրած դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ ՀՀ նախագահի աշխատակազմից տվյալ դրամաշնորհային ծրագրի համակարգող Գայանե Մանուկյանը շեշտում է, որ հայ և եզդի ժողովուրդների պատմական իրադարձությունները շատ հարցերում նման են իրար. երկուսն էլ դարեր շարունակ մաքառել են գոյության համար, ենթարկվել ցեղասպանության, հերոսաբար պայքարել ու պահպանել ազգային նկարագիրը: «Բայց ընդհանուրն այդքանով չի սահմանափակվում. երբ 1918-ի երկար մղձավանջից հետո վերստեղծվում էր հայոց պետականությունը, Ջհանգիր աղայի հերոս հեծյալները Բաշ-Ապարանում սեփական արյան գնով սատար էին կանգնել պետության վերականգնման գործին: 1991-ին կրկին եզդի մարտիկն Արցախի ճակատում պաշտպան էր կանգնել հայոց պետությանը: Այժմ` արդեն 2016 ապրիլ. կրկին Արցախ, ու կրկին եզդի զինվորն իր կյանքի գնով պաշտպանեց մեր հայրենիքը: Այո, հայ և եզդի ժողովուրդների ընդհանրությունը այն է, որ նույն պատմական քառուղիներով անցնելով` երկու ժողովուրդները գիտակցել են, որ միայն միասնաբար կարող են հաղթահարել իրենց առջև ծառայած մարտահրավերները: Հայաստանը այն եզակի պետություններից մեկն է, որտեղ եզդի ժողովրդի իրավունքները լիարժեք հարգվում են, և դա է պատճառը, որ եղբայրական եզդի ժողովուրդը Հայաստանը համարում է նաև իր հայրենիքը և պատրաստ է իր զավակների կյանքի գնով պաշտպանելու Մայր Հայաստանի սահմանները: Մեր կողմից առաջարկվեց ֆիլմը պատրաստել նաև եզդիերենով, որպես հայ ժողովրդի հարգանքի դրսևորում եղբայրական եզդի ժողովրդի և նրա լեզվի նկատմամբ»,- ասել է Գայանե Մանուկյանը:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3763

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ