Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Արտասահմանցիները մտածում են, թե մենք ունենք պանտոմիմի մեր հնագույն ազգային թատրոնը»

«Արտասահմանցիները մտածում են, թե մենք ունենք  պանտոմիմի մեր հնագույն ազգային թատրոնը»
25.11.2016 | 10:57

«Իրատեսի» հյուրն է Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԸ:
Նրա հետ զրույցը թատրոնի խաղացանկում ընդգրկված մի քանի ուշագրավ ներկայացումների, միջազգային տարբեր փառատոներին թատրոնի ունեցած մասնակցության և նվաճած պարգևների մասին է:
Անդրադարձել ենք նաև Ժիրայր Դադասյանի նախաձեռնությամբ հիմնադրված և գրեթե տասը տարի գործող՝ Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնին, որն անցկացվում է մեր գեղատեսիլ վայրերից մեկում՝ Ծաղկաձորում:
Մնջախաղի պետական թատրոնին շենք տրամադրելու խնդիրը նույնպես չենք շրջանցել, և կարծես թե այս իմաստով նշմարվում են լավատեսության տրամադրող հիմքեր:

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԱՐՎԱԾ
ԲԵՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ»


-Պարոն Դադասյան, նախ՝ շնորհավորում եմ օրերս Ձեր թատրոնում կայացած պրեմիերայի՝ Յուրի Կոստանյանի բեմադրած «Գալաթեա» ներկայացման առիթով: Մնջախաղի թատրոնում միշտ ինչ-որ ակտիվ-իրադարձային մթնոլորտ է տիրում: Օրինակ՝ վերջին շրջանում Ձեր թատրոնի ստեղծագործական խմբի անդամները տարբեր մրցանակներով են վերադարձել արտերկրից: Խնդրում եմ, պատմեք այդ մասին մեր ընթերցողին:
-Այս տարվա ընթացքում մենք ստացել ենք մի քանի մրցանակ: Առաջինը եղել է փետրվար ամսին: Մեր թատրոնի դերասանուհի Նաիրա Եդիգարյանն իր «Անհայտ ժամանակների մարդը» մոնոներկայացումով «Լավագույն պլաստիկ ներկայացում» անվանակարգում առաջին մրցանակ է շահել Բոսնիա և Հերցեգովինայում: Իսկ ավելի ուշ մենք ստացանք Մալթայի միջազգային թատերական փառատոնին մասնակցելու հրավեր: Մասնակցեցինք Յուրի Կոստանյանի բեմադրած «Գահի ոգին» ներկայացումով: Երկու դերասան է խաղում այս ներկայացման մեջ՝ Յուրի Կոստանյանը և Գայանե Խաչատրյանը: Կան շատ փառատոներ, որոնք տալիս են մրցանակ միայն լավագույն ներկայացման համար: Կան նաև այնպիսիք, ինչպես օրինակ՝ մեր ծաղկաձորյան փառատոնը, որ առհասարակ չեն տալիս մրցանակ, ուղղակի տալիս են մասնակցության դիպլոմ: Մալթայի փառատոնը, ի տարբերություն նշածս դեպքերի, ունի մի շարք անվանակարգեր: Եվ այդ փառատոնի «Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակի է արժանացել Յուրի Կոստանյանը, «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ Գայանե Խաչատրյանը: Բացի այդ՝ փառատոնի շրջանակներում անցկացվել են վարպետության դաս և դասախոսություն՝ հայկական պանտոմիմի թեմայով: Մենք նախապես մի նյութ էինք պատրաստել, որը պատմում էր մեր ներկայացումների, հայկական մանրանկարչության, դրանց միջև եղած կապի մասին, հատվածներ էին ներկայացվում մեր «Գիրք ծաղկանց», «Շերանիկ» բեմադրություններից: Մենք ցանկանում էինք ցույց տալ, թե ինչ ուղղությամբ է մտածում և աշխատում Երևանի մնջախաղի պետական թատրոնը: ՈՒրախությամբ պիտի ասեմ, որ հենց այդ վարպետության դասի և դասախոսության արդյունքում մենք ստացանք հաջորդ տարվա փառատոնին մասնակցելու հրավեր՝ արդեն հայկական թեմայով արված բեմադրությամբ: Եվ արդեն որոշել ենք այնտեղ տանել կա՛մ «Գիրք ծաղկանց», կա՛մ «Շերանիկ» ներկայացումը: Ընտրությունն իրենք կկատարեն:

«ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ ԴՐՍՈՒՄ ՑՈՒՑԱԴՐԵԼ ՄԵՐ ՄԱՆՐԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ, ՈՐ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՐԵՎԱ ՄԵՐ ԹԱՏՐՈՆԻ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ»


-Ձեր թատրոնը հաճախ է լինում արտերկրում, ներկայանում տարբեր ազգության և նախասիրությունների տեր հանդիսատեսի: Ինչպե՞ս են ընկալում հայկական մնջախաղի թատրոնը դրսում:
-Շատ տարբեր են լինում ընկալումները: Եթե մենք մասնակցում ենք մրցանակային տեղեր ունեցող նախագծի, անպայման ինչ-որ մրցանակ շահում ենք: Օրինակ՝ վերջին մի քանի տարիներին շահել ենք Սերբիայի մնջախաղի միջազգային փառատոնի «Ոսկե մեդալ», Բոսնիա և Հերցեգովինայում իմ «Այբուբեն» հեռուստանախագիծը շահել է Առաջին մրցանակ՝ «Վիդեոպանտոմիմ» ժանրում: Մեզնով շատ հետաքրքրված են: Մենք աշխատում ենք դրսում ցուցադրել մեր մանրանկարչական ներկայացումները, որ ավելի լավ երևան մեր թատրոնի ուղղությունն ու ուղղվածությունը: Աշխարհում մնջախաղի շատ թատրոններ կան, և դրանք իրար այնքա՜ն նման են: Ներկայացումը դիտելով՝ չես կարող հասկանալ, դա ֆրանսիական, ուկրաինական, թե ղազախական ներկայացում է: Իսկ մեր թատրոնի տեսակը բոլորից առանձնանում է: Մի օրինակ բերեմ. մենք մասնակցեցինք եվրոպական խոշորագույն մի փառատոնի, որն անցկացվում է Ռումինիայում: Խոսքս Սիբիուի միջազգային փառատոնի մասին է, որի ընթացքում ցուցադրեցինք «Շերանիկ» ներկայացումը: Ներկայացմանը հաջորդեց մամուլի ասուլիս, մեր թատրոնի մասին շատ հոդվածներ տպագրվեցին: Եվ բոլորը հարցնում էին, թե այն, ինչ մենք ներկայացրինք, միջնադարից պահպանված հայկական պանտոմիմի նմուշ չէ՞ արդյոք: Մարդիկ մտածում էին, թե մենք ունենք պանտոմիմի մեր հնագույն ազգային թատրոնը, ինչպես, օրինակ, ճապոնական կամ չինական ազգային թատրոններն են, ու իրենց ներկայացրել ենք այդ հնագույն թատրոնի մի նմուշ: Եվ դա բնական է, որովհետև մենք այդ ներկայացման մեջ հենվել ենք մեր աղբյուրների, մեր պատմական նյութի վրա, հետևաբար մեր տեսակը, մեր յուրահատկությունն այդտեղ պիտի երևային: Շատ կարևոր գործոն էր այս ներկայացման մեջ Վաչե Շարաֆյանի երաժշտությունը: Իսկ անցյալ տարի Վրաստանի մնջախաղի փառատոնին մասնակցելուց հետո մեր մասին թերթերը գրեցին, որ սա մնջախաղ չէ, մաքուր թատրոն է: Եվ այսպիսի գնահատականը մեզ շատ ուրախացնում է, որովհետև մենք հենց այդ ենք ցանկանում՝ դիտարկվել որպես թատրոն, ոչ թե ասոցացվել դասական մնջախաղի հետ: Դա է մեր նպատակը, և մենք այդ ուղղությամբ ենք այսօր տանում թատրոնը:

«ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ԼԻՆԵԼՈՎ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ՝ ՓԱՌԱՏՈՆԸ ՊԻՏԻ ՏԱՐԱԾՎԻ ՄՈՏԱԿԱ ՄԱՐԶԵՐՈՒՄ»


-Ձեր հիմնադրած մնջախաղի միջազգային փառատոնն անցկացվում է Ծաղկաձորում: Մշակութային գերբեռնվածությունը, որ կա մայրաքաղաքում, բոլորիս է հայտնի: Մինչդեռ մեր մարզերը խոր անտեղյակության և վակուումի մեջ են: Այսպիսի ձեռնարկումներով ասես կարևոր մի խնդիր է լուծվում մարզային հանրության կյանքում, այո՞:
-Այո՛, հատուկ մտածված քայլ էր փառատոնն անել Ծաղկաձորում: Հաջորդ տարի կլրանա մեր փառատոնի տասնամյակը: 2007 թվականին ես ներկայացրի այդ փառատոնի ծրագիրը: Իսկ 2008-ին արդեն կայացավ առաջին փառատոնը: Ծրագիրը կազմելիս հաշվի էի առել, որ մայրաքաղաքը գերհագեցած է տարբեր միջազգային փառատոներով, և մտածել էի, որ այն նպատակահարմար է անցկացնել Ծաղկաձորում: Հուրախություն ինձ՝ հաստատվեց ծրագիրը: Մենք փառատոնը կոչեցինք Լեոնիդ Ենգիբարյանի անունով: Ավելի ուշ արդեն Ծաղկաձորում դրվեց նրա հուշարձանը:
-Դավիթ Մինասյանի այդ քանդակը, որն այսօր շատ սիրելի է դարձել թե՛ ծաղկաձորցիների, թե՛ հովեկների համար, իսկապես դարձել է Ձեր հիմնադրած փառատոնի խորհրդանիշը:
-Այո՛: Եվ ես հպարտ եմ, որ դա եղավ մեր մասնակցությամբ: Ծաղկաձորի նախկին քաղաքապետը՝ Գարուն Միրզոյանը, ինձ ասաց, թե վախենում է, որ ես փառատոնը կտեղափոխեմ մեկ ուրիշ քաղաք, և որ նման բան տեղի չունենա, որ փառատոնը վերջնականապես ամրագրվի Ծաղկաձորում, առաջարկում է իրենց քաղաքի ծախսերով Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձանը կանգնեցնել: Շատ շնորհակալ եմ այդպիսի նախաձեռնության համար: Եվ Դավիթ Մինասյանն էլ մեծ սիրով ու շատ արագ՝ ընդամենը 40 օրում, ստեղծեց ու տեղադրեց հուշարձանը: Բացումը կատարվեց փառատոնի շրջանակներում՝ 2012 թվականին: Երբ նոր էր հիմնադրվել փառատոնը, նախատեսված էր այն անցկացնել երկու տարին մեկ անգամ: Նույնիսկ այդ դեպքում էին ծագում ֆինանսական խնդիրներ, Ծաղկաձորում աշխատելու, կեցության հետ կապված հարցեր և այլն: Բայց մեր նախորդ վարչապետը փառատոնի բյուջեն ավելացրեց անցյալ տարի և դարձրեց այն ամենամյա, որովհետև շատ էր սիրում մեր փառատոնը: Մեր փառատոնն ունի շատ լուրջ գաղափարախոսություն. կենտրոնացած լինելով Ծաղկաձորում՝ այն պիտի տարածվի մոտակա մարզերում: Առաջին անգամ այս տարի փորձեցինք դա անել: Փառատոնային ներկայացումներ եղան նաև Դիլիջանում՝ Ծաղկաձորի ներկայացումներին զուգահեռ: Մեծ քանակությամբ մարդիկ էին եկել ներկայացում դիտելու, որի համար շատ ուրախ եմ: Մեր նպատակն է ամեն տարի տարբեր քաղաքներում ցուցադրել մեկական փառատոնային ներկայացում:

«ԱՅՍ ՏԱՐԻ ՆԿԱՏԵՑԻ, ԹԵ ՈՐՔԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԵՐ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ
ՄՆՋԱԽԱՂԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ ԴԻՏԵԼՈՒՆ ՈՒ ԸՆԿԱԼԵԼՈՒՆ»


-Քիչ առաջ ներկա էի «Այծ-ծես» ներկայացմանը և նկատեցի, որ դահլիճում գտնվող մայրաքաղաքի դպրոցականներն այնքան էլ պատրաստ չեն մնջախաղ դիտելուն և ընկալելուն: Կարելի՞ է ասել, որ մնջախաղի փառատոնը մարզերում անցկացնելու շնորհիվ մեր մարզային հանդիսատեսն ավելի պատրաստ է դրան:
-Այո՜, այո: Պիտի ասեմ, որ հատկապես այս տարի նկատեցի, թե որքան պատրաստ է մեր մարզային հանդիսատեսը մնջախաղային ներկայացումներ դիտելուն և ընկալելուն: Երբ համեմատում ես այսօրվա պատկերը 2008-ի պատկերի հետ, սար ու ձորի տարբերություն ես տեսնում:
(շարունակելի)

Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2136

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ