Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Քաղկեդոնում Քրիստոսին ուրացան, դուք պինդ կացեք հայրենի հավատի մեջ, որ ձեզ ու ձեր աշխարհին Տիրոջից շնորհվեց»

«Քաղկեդոնում Քրիստոսին ուրացան, դուք պինդ կացեք հայրենի հավատի մեջ, որ ձեզ ու ձեր աշխարհին Տիրոջից շնորհվեց»
25.11.2016 | 09:11

Անեծքի պես մեր ժողովրդի մեջ տարածվել է մի ախտ` փախուստ հայկական իրականությունից, մեր ազգային նկարագրից, ինքներս մեզնից ու երկրից` որպես անեծք էլ շարունակ ասելով, թե «երկիրը երկիր չի՛»: Փախչում ենք անկախության տարիներին հաստատված անվերջանալի անցումային մղձավանջից, իշխանությունների կողմից արհեստականորեն ձգձգվող պետական անհեռանկար քաղաքականությունից: Հեռացողների զգալի հատվածն արդեն նրանք չեն, ովքեր 90-ականներին հեռանում էին մթի, ցրտի, սովի պատճառով, այլ հեռանում են նրանք, ովքեր սոցիալական սանդղակի վերին աստիճաններին են գտնվում, ապահով են, ունևոր:

Գնում են օտարության մեջ նոր կյանք ձևավորելու, գնում են այլևս չվերադառնալու որոշումով, գնում են, որ, օտարների մեջ տարրալուծվելով, մոռանան, որ Աստված իրենց որպես հայ է այս աշխարհ բերել` որոշակի ծրագիր իրականացնելու նպատակով: Գնում են՝ չհամաձայնելով աստվածային նախախնամությանը, գնում են՝ շարունակ կրկնելով. «Երկիրը երկիր չի՛» չարչրկված, ծեծված անեծքը: Գնում են, ամեն մի ազգային դեմք ու նկարագիր ոչնչացնող «որտեղ հաց, էնտեղ կաց» և «որ երկիրը գնում ես, էնտեղի գդակը դիր» բարոյալքող ասացվածքներին հետամուտ լինելով: Գնում են` Նոյի ագռավների պես այլևս չվերադառնալու հաստատ որոշումով: Գնում են կկվի նման օտար բներում ձվադրելու և ձագերին օտարներին ծառայեցնելու, նրանց դաստիարակությանն ու խնամքին հանձնելու, նրանց բարոյաարժեքային համակարգի և դավանանքի կրողներ դառնալու: Գնում են հերթական անգամ օտար երկրներ ծաղկեցնելու, մինչև որ օրերից մի օր այդ օտարները Մովսեսի ժամանակների եգիպտացիների նման կփոխվեն ու կսկսեն նրանց հալածել ու քշել իրենց երկրից:


Հետագայում, դարձյալ իրենց հատուկ, «հայի հետին խելքին» տալով պիտի կրկին ու կրկին անդրադառնան անցյալի սխալներին, բայց, ավաղ, էլի չեն խրատվելու: Պատմության տված դասերից բան չենք հասկացել, շարունակ կրկնում ենք մեր նախնիների սխալները:
Մի՞թե, երբ որևէ բնակարանի կոյուղին բնակիչների թափթփվածության, փնթիության, անուշադրության պատճառով խցանվում է, և ամբողջ ապականությունը, ախտն ու գարշահոտությունը դուրս գալով ողողում են բնակարանը, այդ տան տերերը, զզվելով ու զայրանալով, իրենց տնից խռովելով, թքում են ամեն ինչի վրա և, բաց թողնելով տան դուռն ու պատուհանը, լքում ու հեռանում են ապականված բնակարանից` այլևս այնտեղ չապրելու որոշումով: Մի՞թե տան տերերը չեն վերցնի համապատասխան պարագաներն ու թեկուզ զզվանքով չեն վերացնի խցանումն ու չեն մաքրի իրենց տունը այդ ամբողջ ապականությունից, ամենայն մանրակրկիտությամբ:


Մեր երկրում էլ այսօր, մեր անուշադրության, անտարբերության, անհետևողականության, անմտության, թափթփվածության, անհեռատեսության, կաշառակերության (կաշառակերություն է նաև ընտրաձայն ծախելը), անհավատության ու բազում այլ մեղքերի պատճառով խցանվել է մեր կոյուղին, և մեր ամբողջ ախտն ու ապականությունը, տականքն ու փրփուրը դուրս գալով հեղեղել են մեզ, տիրում, իշխում, իրենց գարշահոտությամբ խեղդում են մեզ: Մեր հոգևոր, ներքին ապականվածության պատճառով ապականվում և մի մեծ աղբանոցի է նմանվում գողտրիկ Հայոց աշխարհը: Այն աշխարհը, ուր մեր Տիրոջը բնակվելու հրավեր էր հղում հայոց արքա Աբգարը: Չի կարելի հանդուրժել և հարմարվելով համակերպվել թե՛ հոգևոր, թե՛ ֆիզիկական ապականությանը մեր մեջ, ուղղակի խիստ անհրաժեշտություն է օր առաջ մաքրվել այդ ամենից, որովհետև հայրենիքն էլ հոգևոր է, նա էլ կարող է երես թեքել մեզնից, և որ գալիք սերունդները պատմության դատի առջև չկանգնեցնեն մեզ:
«Խուսափեցե՛ք նրանց կատարած պիղծ արարքներից, որպեսզի երկիրը ձեր գործած արարքների համար ձեզնից նողկանք չզգա, ինչպես որ նողկանք զգաց ձեզնից առաջ այստեղ ապրած սերունդներից» (Ղևտական 18 28)։

Հայոց առաքելական եկեղեցու սուրբ հայրերից մեկը` Հովհաննես Գառնեցի ճգնակեցիկ և հրաշագործ վարդապետը, որը գործել է 13-րդ դարի կեսերին, թողել է իր մի հայտնության նկարագրությունը, որը կարծես դարերի խորքից գալով` անդրադառնում է մեր ներկային ու ապագային:

Աստծո այր, սուրբ և
ճգնավարք կրոնավոր
Հովհաննես Գառնեցու տեսիլքը*
Այս ամենը բարեհոգի ճգնավորը մեզ պատմեց և նույն տարում էլ վախճանվեց: Եվ մինչ Հռոմկլա անառիկ դղյակում էինք, մեզ ասաց.
-Երբ ես Աշորնիս ձորի իմ խցում էի, մի խորհուրդ սկսեց ինձ մտատանջել, թե ազգերից որո՞նք են ԱՍՏԾՈ կողմից ընդունելի: Եվ մինչ բազում օրեր տարակույսների մեջ էի, ինձ վրա մի մեծ զարմացում իջավ: Ո՛չ քնի մեջ էի և ո՛չ արթնության, երբ տեսա այդ զարմանալի տեսիլքը: Տեսա ինձ Երուսաղեմ սուրբ քաղաքում, և իմ առջև մի հսկա հարթահատակ դաշտ էր, այնքան մեծ, որ անկարող էի ծայրից ծայր տեսնել, և դաշտի մեջ զարմանալի մի բլուր կար՝ ընդարձակ գագաթով և մի լուսավոր, խորանարդի նմանությամբ ամպ էր իջել բլրին: Նայում էի նշմարելու, թե ո՞ւմ բնակության տեղն է: Եվ այնտեղ բեմ տեսա, իսկ բեմում՝ քառակողմ մի աթոռ, որն իմ աչքերը անկարող եղան ավելի հստակ նշմարելու, վայելչական այն լույսի պատճառով, որը բովանդակել և կամ նկարագրությունն անել անկարող եմ և լռության եմ թողնում: Եվ մինչ հիացած ու զարմացած էի տեսիլքի իրողությամբ, երկինքը լուսավորվեց և օդը լցվեց լիառատ լույսով և թևավոր հրեշտակների անթիվ բազմություններ հրաշալի մի նվագի եղանակով աղաղակում էին ու ասում. «Սո՜ւրբ, սո՜ւրբ, սո՜ւրբ, Տէր բոլոր զորությունների», և ես ապշահար էի այդ մեղեդիների քաղցրությունից: Եվ այդժամ երեսիս վրա կիսակենդան գետնին ընկա և կենդանություն չմնաց իմ մեջ: Իսկ բարետեսիլ այրերից մեկը եկավ, կարդաց իմ անունը, կենդանացրեց ինձ և ասաց. «Զորացի՛ր և լավ հիշի՛ր ինչ տեսնում ես, որովհետև քեզ համար է այս տեսիլքը»: Եվ ես ասացի. «Ո՜վ, Տէր, սիրտս իմ փորի մեջ դողդողում է ու նայել չեմ կարող, ինձ խելամուտ դարձրու, որովհետև ես մի այր եմ տառապյալ և հիացմունքից շփոթված»: Եվ ասաց ինձ. «Տիրոջից քեզ ցույց է տրվում, թե ինչպիսին է լինելու դատաստանը հանդերձյալ կյանքում։ Եվ ահա Աստվածությունը Սուրբ Երրորդությամբ նստել է Իր Փառքի Աթոռին և հատուցում է անում արդարներին ու մեղավորներին և բոլոր սրբերը Նրա մոտ են հավաքվում, որ այժմ տեսնում ես»: Եվ ընկնելով Աստծո Սուրբ Աթոռի առաջ՝ երկրպագեցի և աչքերս ի զորու չէին ավելին տեսնելու, քան ճաճանչները լույսի:


Եվ հանկարծակի լսվեց հնչյունը ահավոր փողի և ողջ երկիրն ու ծովը դողացին աշխարհիս չորս դին և տեսա, որ ամպեր են գալիս արևելքից և արևմուտքից, հյուսիսից և հարավային ծովից: Եվ բոլոր սրբերը գունդ առ գունդ եկան ու բանակեցին այն հարթահատակ դաշտում: Տեսնում էի բլուր զարմանալի, իսկ ներքևում՝ վարագույրի առաջ սուրբ աթոռն էր մեր Տեր Աստծո Մոր, որ բազկատարած աղաչում էր: Եվ դրեցին աթոռները տասներկու առաքյալների և փառքով զարդարվածները նստեցին դատաստան անելու: Եվ տեսնում էի արեգակնային թագագլուխ սրբերի խմբերը՝ առաքյալների և մարգարեների, հայրապետների և մարտիրոսների և ամենքը մեծ ձայնով ու միաբերան փառավորեցին Աստծուն և ասացին. «Ահա ժամանակն է այցելության, բարի մշակների վարձերը բաժանելու»: Եվ ես ջանում էի ամփոփել ամբողջ տեսարանը իմ զգայարաններով, բայց անկարող եղա, որովհետև դա վեր է այն ամենից, ինչին մարդու միտքն է հասու: Սակայն այն ամենը, որ փափագել էի տեսնել, Բարձրյալն ինձ ցույց տվեց:


Տեսա մեր կյանքի առիթ Լուսավորիչ սուրբ Գրիգորին, լուսեղեն, հրաշազարման թագը գլխին՝ գալիս էր և մինչ կմտներ հավաքվածների հանդեսի մեջ, նրան երանի էին տալիս հրեշտակները և երկնային զորքերը, իսկ անդրանիկների եկեղեցիները փառավորում էին նրան ու ասում. «Ե՛կ, ո՜վ մարմնի մեջ անմարմին, որ նորօրյա ժուժկալությամբ հաղթեցի՛ր ամենայն կարիքները և գերագույն գտնվեցիր բոլոր սրբերի մեջ, մտի՛ր առագաստը կյանքի և ժառանգի՛ր փառքերը զանազան, որոնք քեզ համար ինքդ հյուսեցիր»: Եվ նրա աթոռը դրեցին գերապատիվ առաքյալների կողքին: Եվ Լուսավորիչն իր հետ ուներ անթվարկելի, լուսավոր մի գունդ: Սուրբը մոտենալով Աստվածության Աթոռին, զվարթ ու համարձակ այսպես խոսեց. «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, ահա ես ու իմ մանուկները, որ ինձ տվեցիր, և սրանցից ո՛չ մեկին չկորցրեցի, բացի նրանցից, ովքեր խոտորվեցին իմ խրատներից և մնացին կորստի մեջ: Ների՛ր, Տեր, քավի՛ր, Տեր, որովհետև փրկելն ու կորստի մատնելը Քո ձեռքերում են»:

Եվ այդ ժամանակ նրան ուղղված ահավոր թնդյունի ու որոտման նման մի ձայն քաղցրությամբ ասաց. «Ե՛կ, աշխատանքից հոգնած և քրտնած Իմ մշակ, ե՛կ, Իմ Աստվածության բարի վկա, ե՛կ, բազմավիշտ նահատակ, քանզի Ես եմ մաքրում ամեն տեսակի քրտինքները բոլոր երեսների և պիտի բոլոր Ինձ համար աշխատողներին Ինքս հանգստություն տամ, որովհետև վշտերի ժամանակն արդեն անցել է և ունեիր ու քեզ պիտի մնա պսակն արդարության, որովհետև ուր Ես եմ՝ այնտեղ Իմ պաշտոնյան պիտի լինի»: Եվ տեսնում էի, թե ինչպես աջ ձեռքով ուղղորդեց սուրբ Գրիգորին և նստեցրեց նրան բոլոր սրբերից և Իր ժողովրդից էլ առավել բարձր դիրքում:


Եվ այնտեղ եկել-հավաքվել էին բոլոր ազգերից ու ցեղերից և հրեշտակները նրանց զատում, բաժանում էին: Եվ մեղավորների անթվելի գնդերին տանում էին, որ կրակի մեջ այրվեն ու տանջվեն՝ սերնդեսերունդ: Եվ մինչ նայում էի, տեսա ազգերի մեջ ծփացող խմբերի, որոնք ծովի նման ալեկոծվելով, ջանում էին խառնվել Հայոց ժողովրդին, և հրեշտակները հրեղեն գավազաններով նրանց դեն էին քշում: Ապա նրանք ընթանում էին դեպի հոռոմ ժողովուրդը, սակայն հրեշտակները նրանց կրկին հեռու էին քշում և սրանք գնում էին ֆրանկների հավաքատեղին՝ նրանց խառնվելու, իսկ հրեշտակները այնտեղից էլ էին քշում հեռու: Եվ ծփում էին այս խմբերը ու չէին կարողանում որևէ ազգի խառնվել: Եվ ես ասացի մոտս կանգնած հրեշտակին, որն այս տեսիլքը ինձ ցույց էր տալիս. «Տեր, ինչո՞ւ են այդ խմբերն այդպես ողորմելի շրջում և թույլ չի տրվում նրանց խառնվել ոչ մի ազգի, մի՞թե սրանք առանց մկրտության են»: Ասաց ինձ. «Գիտե՞ս, եղբայր, Աստված դրանց միջոցով կամեցավ քեզ ցույց տալ, որ ճիշտ ես մտածում: Սրանք կամեցան ազգից ազգ փոխադրվել և արհամարհեցին իրենց մկրտությունը, սրանք եղան և որպես հոռոմ կամ որպես ֆրանկ կամ ասորի և ահա նրանք չեն ընդունվում որպես Աստծո ժողովուրդ, այլ ճանաչվում են միայն որպես մկրտությունն արհամարհողներ և տանջվելու են մեղավորների հետ»:
Եվ երբ տեսա այս հրաշալի տեսիլքն ու արթնացա և գիտակցությունս տեղն եկավ, այդժամ փառավորեցի բարեգործ Աստծուն, որ իմ աղաչանքները անտես չէր արել, և երանի տվեցի Հայոց ազգին, որ մնաց Սուրբ Գրիգորի կանոնների խրատների մեջ: Եվ այս ամենի մասին մինչ հիմա ոչ մեկին չհայտնեցի, բայց քանի որ վախճանվելու մոտ եմ, վկայեցի ձեզ, որպեսզի դուք էլ միամիտ սրտով փառավորեք Քրիստոսին՝ Աստծուն մեր, որ օրհնյալ է հավիտյան:

Հայոց ապագային է անդրադարձել նաև Պաղեստինում 5-րդ դարի գործիչ սբ. Պետրոս Վրացի եպիսկոպոսը, երբ Քաղկեդոնի որոշումները մերժելով` մեր ժողովրդին ուղղված իր նամակում, երանի տալով նրանց, որ ժողովին ներկա չէին եղել, գրել է. «Քաղկեդոնում Քրիստոսին ուրացան, դուք պինդ կացեք հայրենի հավատի մեջ, որ ձեզ ու ձեր աշխարհին` Տիրոջից շնորհվեց: Որովհետև, ինչպես որ մարդկության սերմը այդտեղից սփռվեց աշխարհում, նույնպես և ուղղափառ հավատի սերմը` ձեզ պահ տրվեց և ձեզնից է տարածվելու շատ ազգերի մեջ: Ո՛ղջ եղեք` Քրիստոս Անսասան Վեմի վրա, որդյակնե՛ր իմ: Նրա միջնորդությամբ, մենք` հավատացյալներս, փառավորում ենք Աստծուն` Հորն Ամենակալ, և Որդուն Միածին` մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին և Սրբության Հոգուն, որ է Աստված ճշմարիտ: Փառավորում ենք Սուրբ Երրորդությունն ու մեկ Աստվածությունը, այժմ և ամեն ժամ` և հավիտյանս հավիտենից: Ամե՛ն»**:


Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ

*«Գիրք թղթոց Մատենագրութիւն նախնեաց», Սահակ Մեսրոպեան մատենադարան, Թիֆլիս 1901 թ., էջ 530-532
**Պատրիարք Միխայել Ասորի, «Ժամանակագրություն», Երուսաղեմ, 1871 թ., էջ 174-175

Դիտվել է՝ 3768

Մեկնաբանություններ