ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

«Պետք է ոչ թե գրողին պատժել, այլ այն մարդկանց, ովքեր ոչպրոֆեսիոնալ են և ագահ»

«Պետք է ոչ թե գրողին պատժել, այլ այն մարդկանց,  ովքեր ոչպրոֆեսիոնալ են և ագահ»
25.11.2016 | 11:18

Գրահրատարակչական ոլորտում համակարգային փոփոխություններ են սպասվում: Առայժմ դրանք քննարկումների փուլում են: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանից հետաքրքրվեցի` գրողները մասնակցո՞ւմ են քննարկումներին: Ասաց՝ առայժմ ոչ: Հնարավոր փոփոխությունների, պետական աջակցության ծրագրերի վերանայման մասին ՀԳՄ նախագահը որևէ կարծիք չհայտնեց, խորհուրդ տվեց դիմել նախարարության ներկայացուցիչներին:

Թեմայի շուրջ զրուցեցինք «Կայարան» գրական ակումբի նախագահ, արձակագիր ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ: Գրողը նախ խոսեց մտավորականների նկատմամբ եղած վերաբերմունքի մասին:

-Ցանկացած երկրի մարտունակությունը գնահատելիս ուշադրություն են դարձնում երկու բանի՝ բանակի և մշակույթի վիճակին: Որովհետև եթե բանակը պաշտպանում է երկրի ֆիզիկական սահմանները, ապա մշակույթը՝ հոգևոր: Գաղտնիք չէ, որ գրականությունը մշակույթի առաջատարն է, ծանր հրետանին: Երբ մենք թմբկահարում ենք, թե ստեղծելու ենք իրավական, գիտատեխնիկական առաջընթաց ապահովող, զարգացող երկիր, պիտի գոնե ենթադրենք, որ դա անելու է մտավորականությունը: Առանց մտավորականության չկա երկիր, մեր դարը խելքի, կրթության և ինտելեկտի դար է, պատերազմներն ու մարտահրավերները՝ ինտելեկտուալ: Միայն մեր երկրում են հարուստները քաղաքական գործիչներ, մնացած աշխարհում միլիոնատերերի ցուցակը գլխավորում են մտավորականներն ու արվեստի գործիչները: Այնպես որ, անգամ Ռուբեն Վարդանյանը, իր ողջ տաղանդով ու փողերով հանդերձ, ի զորու չէ Հայաստանում առաջընթաց ապահովելու: Առաջընթացի համար միտք և մտավորականություն է պետք ունենալ: Բայց մեզ մոտ, չգիտես ինչու, բոլոր բարեփոխումները սկսվում են մտավորականներին հարվածելով:
-Թեև վերջնական որոշում դեռ չի կայացվել, քննարկումներ են ընթանում, բայց ակնհայտ է, որ ժամանակակից գրողների գրքերը պետական աջակցությամբ տպագրելու հին մոդելն այլևս չի գործելու: Ի՞նչ եք մտածում այս առնչությամբ:
-Շարունակելով վերը ասվածը, նկատեմ, որ այս նախաձեռնությունը ևս մտավորականների ու գրողների դեմ է: Բիզնես շահի տեսանկյունից դա, գուցե, ճիշտ է, ինչ-որ մեկի հաշվին դա պիտի արվի, սակայն բացառված չէ նաև, որ սա մեր իշխանության հերթական քայլն է ռուսաց լեզուն պետական լեզու դարձնելու ճանապարհին: Բայց եթե գրողին զրկում ենք պետական աջակցությամբ հրատարակվելու հնարավորությունից, ապա նրա համար գոնե հենարան պիտի ստեղծենք: Այսօր Հայաստանում չկա մի գրական մամուլ կամ հրատարակչություն, որը գրողին հոնորար է վճարում, իսկ եթե անկեղծ, չկա մի հրատարակիչ, որ գրականություն է հասկանում: Ողջ աշխարհում պրոֆեսիոնալին վճարում են, սիրողականին են հրատարակում հենց այնպես, Հայաստանում վաղուց արդեն ոչ մի գրողի իր գրածի, իր տաղանդի համար գրոշ անգամ չեն վճարում, նույնիսկ՝ պրոֆեսիոնալ մամուլը: Գրողը չի օգտվում հանգստի և առողջության սոցիալական փաթեթից, գրողների մեծ մասը գործազուրկ է, որովհետև հայոց լեզուն պահանջված չէ, եղանակի տեսություն հաղորդող ցանկացած հաղորդավար ժողովրդական արտիստ ու վաստակավոր գործիչ է, հավելավճարներ է ստանում, գրողների դեպքում այդպիսի բան չկա: Ոչ մի օժանդակություն: Գրողի հանդեպ վերաբերմունքի մեջ մեր պետության երեսը միայն այդ պետպատվերն էր սպիտակեցնում, էն էլ՝ ըհը...
-Տպավորությունն այնպիսին է, որ մենք ոչ այնքան մեր, որքան օտարագիր հայ գրողների պրոպագանդմամբ ենք զբաղված:
-Հիմա, առհասարակ, նույնիսկ շատ հարուստ երկրները գումար չեն ծախսում օտար մշակույթ պրոպագանդելու վրա, փոխարենը միլիոններ են ծախսում իրենց գրողներին պրոպագանդելու համար: Մեզ մոտ հակառակն է։ Մի քանի տարում մեկ հայ գրող դրսում կամ թարգմանվում է, կամ չէ, փոխարենը խելքից դուրս գրքեր են թարգմանվում հայերեն: Այնքան է հայերենից այլ լեզուներ արվող թարգմանությունը անտեսվել, որ հիմա նույնիսկ հայերենից ռուսերեն թարգմանող թարգմանիչ գտնելն է պրոբլեմ, էլ չասած այլ լեզուներով. բուլղարերեն, ռումիներեն և այլ լեզուներով հայ գրականությունը թարգմանվում է ռուսերենից: Էս ո՞ր դարն է՝ միջնորդ լեզվից թարգմանել... Ինչ վերաբերում է օտարագիր հայազգի գրողներին... Ժողովուրդ ջան, աշխարհում վաղուց արդեն հայ ու ռուս, թուրք ու պարսիկ տարբերակում չկա։ Կա մտավորական, որը ներկայացնում է քո երկիրը, քո լեզուն, ապրում է քո կողքին ու քոնն է: Թե ի՞նչ ազգի է, դա երկրորդական է: Չնայած, երբ հաղորդում են օտար երկրում հաջողության հասած որևէ սպորտսմենի, գիտնականի կամ գրողի մասին, ինձ թվում է՝ մեզ են ջիջիլացնում՝ այստեղ կարող էր լինել քո անունը, եթե ժամանակին արտագաղթեիր ու կյանքդ նվիրեիր այլ մշակույթի: Տարիներ առաջ էդ մասին մի հոդված եմ գրել՝ «Հայրենիքը մեզ պատժում է հավատարիմ մնալու համար»:
Գժվել կարելի է, թե ինչպես են մեր հեռուստաալիքները ամեն օր փողհարում ռուսագիր կամ պարսկագիր հայ գրողի սիրառատ այցը Հայաստան: Վերջ տվեք այդ չտեսությանը: Հայ գրողը հայերեն տառերով գրողն է, մնացածները հայազգի օտարագիր գրողներ են, որոնց, ի դեպ, օտար երկրները զարգանալու և ստեղծագործելու ավելի մեծ հնարավորություն են տալիս, քան մեզ՝ մեր հայրենիքում: Եվ, ի վերջո, նրանք այլ հասարակության ու այլ միջավայրի ծնունդ են, ձերը չեն, մի գողացեք ուրիշի աշխատանքն ու փառքը: Դուք հպարտացեք ձե՛ր կերտած մտավորականով: Վերադառնանք մեր խնդրին: Հիմա կասեք՝ արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին, բայց փառք տանք Աստծուն, որ էդ «տանձը» դեռ կա, ու դրա շնորհիվ մենք իմանում ենք, որ «արջ» էլ ունենք: Լեզուն երկրի խորհրդանիշներից է, ինչպես, ասենք, դրոշը. եթե հիմա մեկը դրոշը գցի ոտքի տակ ու տրորի, նույն րոպեին կձերբակալեն: Բայց այս քայլով նույնն է արվում, որովհետև պետական աջակցությունը ոչ միայն հովանավորություն էր գրողին, այլև լեզվին: Լավ գրող է, թե վատ՝ նա մեր լեզվի մշակն է, առաջընթացն ու զարգացումը, հիմա արդեն՝ կենդանությունը ապահովողը: Էլ չեմ ասում, որ ազգագրությունը, պատմագիտությունը և, առհասարակ, գիտությունը երբեք էլ չեն եղել «լայն սպառման առարկա» և ուղղակի պահանջում են պետական ֆինանսավորում: Գոնե սոցիալ-տնտեսական զարգացման այս փուլում այդ օժանդակությունը գրին պետք է: Չեղավ այդ աջակցությունը, գրքերը չեն հրատարակվի, գրողները չեն գրի, գրական կյանքը կմարի, լեզուն չի զարգանա և այլն:
-Մեր գրողները և՛ հրատարակվում են պետպատվերով, և՛ դժգոհում պետպատվերից: Ի՞նչ մեկնաբանություն ունի սա:
-Ազնիվ լինելու համար ասեմ, որ պետաջակցությունը հանելու մեջ տրամաբանություն կա, որովհետև աջակցությամբ հրատարակվելու դեպքում պետությունը իր պարտքը կատարում է, տալիս է խոստացած գումարը, բայց հրատարակիչը իր պարտքը չի կատարում. նախ՝ հոնորար չի վճարում հեղինակին (լավագույն դեպքում՝ 40-70 օրինակ գիրք), երկրորդ՝ չի պրոպագանդում գրքերը, որովհետև դրանցից իր բաժինն արդեն ստացել կամ գրպանել է: Բայց այստեղ ո՞րն է գրողի մեղքը: Պետություն-հրատարակչություն փոխհարաբերությունները ճշտելիս ոտնահարվում է գրողի և գրի իրավունքը: Այսօր շատ հրատարակչություններ կան, որ նստած են պետպատվերի վրա: Պետպատվեր չեղավ, իրենք էլ չեն լինի: Բայց խստացրեք հրատարակչությունների գրանցման կարգը, նախարարությունից հեռացրեք այն մարդկանց, ովքեր փողեր են «լվանում», փոխեք հանձնաժողովը, որն անպետք գրքեր է հաստատում տպագրության, կադրեր փոխեք, կադրե՛ր: Լավ, հանվեց աջակցությունը, ի՞նչ է առաջարկվում փոխարենը: Այո, գրողն էլ դժգոհ է իր վիճակից, իր վաստակից: Բայց պետք է ոչ թե գրողին պատժել, այլ այն մարդկանց, ովքեր ոչպրոֆեսիոնալ են և ագահ: Եվ եթե այդ դուռը փակում եք, գրողի համար բացեք այլ դուռ, ասենք՝ երկրի բարձրագույն մրցանակներ ստացած կամ ինչ-որ կերպ արժևորված գրողներին ապահովեք թոշակով: Թե չէ այսօր վաստակած գրողի ու սկսնակի կարգավիճակների միջև ոչ մի տարբերակում չկա: Եվ, ի վերջո, գոնե այն հարցերը, որոնք անմիջապես կապված են մեր կենսագործունեության հետ, կարելի է, չէ՞, մեզ հետ քննարկել:

Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3091

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ