Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բարեկամության ամրակուռ շղթայի օղակներից մեկն էլ կերտում է պրոֆեսորը

Բարեկամության ամրակուռ շղթայի  օղակներից մեկն էլ կերտում է պրոֆեսորը
25.11.2016 | 11:23

Նոր դարամուտը գրական նոր անուններ հանեց ասպարեզ և միաժամանակ ամրապնդեց ավագ սերնդի այն տաղանդավոր ներկայացուցիչների տեղը, որոնք իրենց լավագույն ստեղծագործություններով աչքի էին ընկել դեռևս անցյալ դարի վերջերին: Նրանցից մեկն է ՎԱՂԱՐՇԱԿ ՄԱԴՈՅԱՆԸ, որի անվանը թե՛ արձակ, թե՛ չափածո ինքնուրույն ու թարգմանական ստեղծագործությունների տակ վերջին շրջանի մեր գրական մամուլի («Գարուն», «Գրական թերթ», «Անդին», «Լիտերատուրնայա Արմենիա» և այլն) էջերում հաճախակի ենք հանդիպում: Նրա ստորագրությամբ այդ նյութերն ընթերցվում են չթուլացող հետաքրքրությամբ և, տպավորվելով հիշողությանդ մեջ, երկար խորհելու ու մտորելու տեղիք են տալիս: Արդ, ուզում ենք ընդհանուր գծերով հանրությանը ներկայացնել նրա անցած գիտաստեղծագործական ուղու ընդհանուր պատկերը:


Վաղարշակ Մադոյանը նոր անուն չէ մեզանում: Նա վաղուց լայն համարում ունեցող հանրահայտ գիտնական է, ռուսերենագետ-լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բազմաթիվ աշխատությունների հեղինակ, ինչպես նաև արձակագիր ու թարգմանիչ: Նա ունի ուրույն գրելաոճ, պատկերավոր ու ճոխ լեզու, գեղարվեստական խոսք կերտելու բնատուր շնորհք ու ձիրք: Այդպիսի վարպետության նա հասել է ուժերի գերլարման և աշխատասիրության շնորհիվ: Նրան մենք ծանոթ ենք դեռևս իր ուսանողական տարիներից, երբ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժնի ուսանող էր և միաժամանակ աշխատում էր «Երևանի համալսարան» թերթի խմբագրությունում: Այն ժամանակ համալսարանի թերթի մեկ էջը լույս էր տեսնում ռուսերեն: Ինձ նոր էին խմբագիր նշանակել, և խմբագրությունում թափուր էր ռուսական գրական աշխատողի կես հաստիքը, որի համար դիմեցինք բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժնի ղեկավարությանը, որ այդ տեղի համար տա ռուսերենին լավ տիրապետող մի ուսանողի թեկնածություն: Այդ ուսանողը եղավ Վաղարշակ Մադոյանը, որը եկել էր Ջավախքից և ընդունվել Երևանի համալսարան: Նա արդեն 3-րդ կուրսի ուսանող էր: Ընտրությունը կատարվել էր ճիշտ և նպատակասլաց: Վաղարշակը աշխույժ, գրագետ ու բանիմաց ուսանող էր և կարգապահ աշխատող: Նա Բոգդանովկայի ռուսական միջնակարգ դպրոցն ավարտել էր բարձր առաջադիմությամբ, լավ տիրապետում էր նաև հայերենին ու գերմաներենին, թղթակցություններ էր գրում երկու լեզուներով, թերթում իր էջերը պատրաստում էր ժամանակին ու որակով, բազմազան նյութերով ու նկարներով հարուստ: Նա միաժամանակ ստեղծագործում էր և ռուսերենից ու գերմաներենից թարգմանություններ կատարում: Դրանցից մի քանիսը, եթե չեմ սխալվում, տպագրվեցին թերթում, որոնք ընթերցողներն ընդունեցին սիրով: Դրանք Ֆրանց Կաֆկայի և Ավետիք Իսահակյանի փոքր պատմվածքներից էին:
Թերթի խմբագրությունում նա աշխատեց շուրջ մեկ տարի, որից հետո ՀԽՍՀ կառավարության որոշմամբ ուսումնառությունը շարունակելու նպատակով տեղափոխվեց Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան և, բնականաբար, ազատվեց աշխատանքից: Այնպես որ, այսօր սխալված չենք լինի, եթե ասենք, որ Վաղարշակ Մադոյանն իր առաջին գրական քայլերը այն հեռավոր 1970-ականներին սկսել է «Երևանի համալսարան» թերթի խմբագրությունում և այդպես մտել գրական ասպարեզ: Նա այժմ գեղարվեստական ստեղծագործությունների վեց ժողովածուի հեղինակ է (3-ը՝ հայերեն և 3-ը՝ ռուսերեն): Նրա վերջին ռուսերեն գիրքը՝ «Պահեստային վագոնը» վեպը, երկրորդն է, որ տպագրվել է Մոսկվայում, «Художественная литература» հրատարակչության կողմից 2016-ին և լայն արձագանք գտել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում: Երևանում («Հայաստան» հրատարակչություն) լույս ընծայված նրա «Մեր օրը» պատմվածքների ժողովածուն 2009-ին արժանացել է «Հայաստան» հրատարակչության Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակին: Ընթերցողների շրջանում ջերմ ընդունելություն է գտել նաև նրա պատմվածքների մյուս՝ «Տաք լիմոնադ սառը թեյից առաջ» վերտառությամբ ժողովածուն (Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 2011):


Մեծ հաճույքով է ընթերցվում Վ. Մադոյանի թարգմանությամբ հրատարակված ռուս անվանի գրող Գեորգի Պրյախինի «Հարված նիզակով» գիրքը, որի էջերում սուր քննադատության են ենթարկվում մեր օրերի աղաղակող թերություններն ու բացերը, քողազերծվում մեծ պաշտոնյաների ու կուսակցական-քաղաքական գործիչների կեղծ դիմակները, ցույց են տրվում շրջապատն ապականող մարդկանց խոտելի կողմերն ու հոռի բարքերը: 2016 թվականին Վ. Մադոյանի թարգմանությամբ լույս է տեսել նաև ուկրաինացի անվանի պատմաբան և գրող Ն. Նիկիտենկոյի «Աննա Ծիրանածինը» վեպը, որը նվիրված է Ռուսիո մկրտիչ Վլադիմիր իշխանի հայազգի կնոջը, հանուն որի այդ երկիրն ընդունեց Քրիստոսի հավատքը:
Վ. Մադոյանը հայերեն է թարգմանել նաև Բ. Պաստեռնակի, Մ. Ցվետաևայի, Ս. Մարշակի և այլոց լավագույն բանաստեղծությունները, իսկ հայերենից ռուսերեն թարգմանել և մամուլում տպագրել է Նահապետ Քուչակի, Վահան Տերյանի, Ավ. Իսահակյանի և Ե. Չարենցի մի շարք բանաստեղծություններ:


Ընթերցելով Վ. Մադոյանի այդ հրապարակումները, գալիս ենք այն համոզման, որ գործ ունենք մի վարպետ գրողի հետ, որը շատ լավ գիտե իր ասելիքն ու անելիքը: Նրա բանաստեղծություններն ունեն վեհ շունչ, պատմվածքներն օժտված են ընթերցողին դեպի իրենց ձգելու մոգական ուժով: Դրանք իրական պատմություններ են, որոնց սյուժեները վերցված են կյանքի հորձանուտից և ներկայացված այնքան համոզիչ ու բնական գույներով, որ թվում է թե իրականում այդպես էլ եղել են, որոնց մասնակիցը կամ ականատեսն է եղել ինքը՝ հեղինակը: Նրա հերոսները տարբեր զբաղմունքների տեր մարդիկ են՝ պաշտոնյաներ, արհեստավորներ, վարորդներ, առևտրականներ ու մտավորականներ, որոնք գործում են տարբեր միջավայրերում հաճախ հեղինակի հետ մեկտեղ: Նա կարողացել է վարպետությամբ ներկայացնել նրանցից յուրաքանչյուրին, նկարագրել նրանց շրջապատն ու բնական վիճակը, արտաքին տեսքն ու կատարած արարքները, օգտագործել է իր հերոսների պարզ ու անպաճույճ լեզուն՝ հաճախ համեմված ժողովրդախոսակցական կենդանի բառ ու բանով, ճկուն դարձվածներով ու դիպուկ ասացվածքներով:


Վ. Մադոյանի գեղարվեստական ստեղծագործությունները հիմնականում բաժանվում են երկու խմբի՝ ուղեգրություններ ու պատմվածքներ: ՈՒղեգրություններն առնչվում են Մերձավոր Արևելքի (Իրան, Իրաք, Սիրիա, Թուրքիա) և Եվրոպայի (Չեխիա, Սլովակիա, Իտալիա) հետ: ՈՒշագրավ են անգամ դրանց վերնագրերը, որոնք ունեն որոշակի երգիծական երանգ ու հետաքրքրաշարժություն: Ահա այդպիսիներից մի քանիսը՝ «Վա՜յ յաման Աման», «Մե՜րդ մեռնի, Պարսկաստան», «Թուրքական վերջնախաղ», կամ ասենք ՝ «Կարմիր անձնագիր մաշված կոշիկների համար» և այլն: Սրանցից յուրաքանչյուրը հյուսված է իրական դեպքերի հենքի վրա, որոնք տեղի են ունեցել տարբեր վայրերում: Սովորական, նույնիսկ աննշան միջադեպը հեղինակի համար կարևոր ընդհանրացումների հիմք է հանդիսացել, պատմական ու արդիական խնդիրներ շոշափելու դռներ բացել: Դրանց հերոսներն իրենց հարազատ միջավայրում գործում են ազատ ու անկաշկանդ: Իրարից զանազանվում են հոգեբանությամբ ու բնավորության գծերով, ամեն մեկը խոսելու իր բառապաշարն ու ոճն ունի, ազգային առանձնահատկություններն ու նկարագիրը, յուրատեսակ մտածելակերպը:
Հետաքրքրությամբ են կարդացվում նաև Վ. Մադոյանի պատմվածքները, որոնց մի զգալի մասը վերաբերում է իր հայրենի Ջավախք աշխարհին: Դրանք մասամբ մանկության օրերի ծիծաղաշարժ դեպքերի ու եղելությունների հիման վրա գրված գործեր են, մի մասն էլ մեր օրերի անցուդարձից հյուսված պատմություններ, որոնք տպավորվել են հեղինակի հիշողության ծալքերում: Դրանց հերոսները հիմնականում ջավախքցիներ են, աշխատող, ժրաջան մարդիկ, նույնիսկ հեղինակի բարեկամներ ու մերձավորներ, մանկության ընկերներ: Դրանցում ևս առնչվում ենք զավեշտալի դեպքերի ու դեմքերի: Այդ շարքից են «Գինոսը», «Քավոր Պետրոսը», «Սոցիալիզմի բջիջը», «Կանաչ ծիտիկները սպիտակ մարգագետնի վրա», «Գայլերի անփույթ վերաբերմունքը», «Արտառոց դեպք» պատմվածքները, որոնցում հեղինակը նուրբ հումորով երգիծում է իր հայրենակիցների «ձախորդությունները»: Հետաքրքրությամբ են ընթերցվում նաև հեղինակի երգիծապատում հեքիաթները, որոնց թեմաները վերցված են աշխույժ ու հումորասեր ջավախքցիների առօրյա կյանքից:


«Մեր օրը» ժողովածուի հակիրճ առաջաբանում ճանաչված գրականագետ Վ. Գաբրիելյանը ճիշտ է նկատել, որ Վ. Մադոյանի թե՛ ճամփորդական դիտումները և թե՛ մյուս պատմվածքներն այնքան կենդանի, հանգիստ ու անբռնազբոս են, որ ընթերցողը չի էլ կասկածում դրանց վավերականությանը, անգամ եթե անհավատալի արարքներ են: «Մադոյանի պատումի թեթև ընթացքին, որին ակամա մասնակից է դառնում ընթերցողը,- գրում է նա,- մեծապես նպաստում է հեղինակի նուրբ հումորը՝ ծիծաղելին, երբեմն անգամ զավեշտալին դիտարկելու և պատկերելու իր ունակությամբ: Նա առանց ավելորդ ճիգ ու ջանքի, ժպտադեմ հետաքրքրությամբ անցնելով էջից էջ, ինքնամոռաց կերպով ընկղմվում է ծիծաղաշարժ դեպքերով լի մի աշխարհ»: Եվ մենք կարող ենք անվարան սրան ավելացնել, որ դա մեր նորընծա երգիծաբան գրողի ուրույն աշխարհն է, «վշտի ծիծաղով» ծանրացող աշխարհը:
Այստեղ հարկ ենք համարում մի փոքր էլ անդրադառնալ մեր երգիծաբան գրողի գիտական հետաքրքրություններին: Եվ սկզբից ևեթ նշենք, որ Վ. Մադոյանը որպես լեզվաբան արդի հայ երևելի ռուսագետներից մեկն է, եթե ոչ միակը: Նա ներկայումս լայն ճանաչում ունի Ռուսաստանում և այլուր շնորհիվ իր ռուսերենագիտական արժեքավոր հետազոտությունների: Նա իր հաստատուն տեղն ունի «Աշխարհի առաջատար լեզվաբանները» հանրագիտարանում, որը հրատարակվել է Մոսկվայում 2000 թվականին: Վ. Մադոյանի առաջադրած և այդ գրքում ընդգրկված մի շարք գիտական դրույթներ իրենց կայուն տեղն են գտել նաև Ռուսաստանի բուհական դասագրքերում: Ռուսաց լեզվի պատմության և տեսության մի շարք երևույթներ, հին և ժամանակակից ռուսերենի հոլովման և խոնարհման փոփոխական ձևեր նրա կողմից գտել են իրենց հիմնավորված նկարագրություններն ու բացատրությունները: Նա է առաջին անգամ տվել երկլեզվյան համապարփակ բառարանի գաղափարը, ըստ որի ամեն մի եզրույթ ընդգրկում է իր մասին եղած ամբողջ տեղեկությունը՝ սկսած ստուգաբանությունից ու արտաբերումից մինչև բացատրություններն ու գործառույթները: Առաջին Ռուս-հայերեն համապարփակ բառարանը, որն ունի ավելի քան 500 մամուլ ծավալ, կազմել է Վ. Մադոյանը: Այդ բառարանի սկզբունքներն ընդհանրացվել են նրա «Նշանակությունը և միտքը երկու լեզուների ստատիկայում և դինամիկայում» մենագրության մեջ, որը հիշյալ բառարանի հետ մեկտեղ շուտով լույս կտեսնի Մոսկվայում: Հայ իրականության մեջ նա առաջին անգամ ստեղծել է գերմաներենի ինքնուսույց, որն ամբողջությամբ կազմված է մնեմոտեխնիկական եղանակներով: Այն հնարավորություն է տալիս ուսուցման ժամկետը կրճատելու շուրջ երկու անգամ: Վ. Մադոյանի ձեռնարկած և համահեղինակությամբ կազմված «Գերմաներեն-հայերեն-ռուսերեն արմատական բառարանը» նույնպես առաջինն է իր տեսակի մեջ, որը բառերը հեշտ յուրացնելու համար կարող է ծառայել նաև որպես գեղարվեստական ընթերցանության ձեռնարկ: Հմուտ բառարանագիրը հայ իրականության մեջ դարձյալ առաջին անգամ մանկավարժական գիտությունների թեկնածու Ս. Շեյրանյանի հետ համատեղ ձեռնարկել է մեկ այլ արժեքավոր աշխատանք ևս, այսինքն՝ կազմել ներկայումս աշխարհում լայն տարածում ունեցող սլավոնական բոլոր լեզուներից հայերեն երկլեզվյան բառարաններ: Դրանցից արդեն հրապարակի վրա են «Չեխերեն-հայերեն» (2008 թ.), «Լեհերեն-հայերեն» (2009 թ.), «ՈՒկրաիներեն-հայերեն» (2016 թ.) բառարանները, յուրաքանչյուրը՝ 12-15000 բառ ծավալով: Շուտով լույս կտեսնեն նաև «Բելոռուսերեն-հայերեն», «Սերբերեն-հայերեն» և «Բուլղարերեն-հայերեն» բառարանները, որոնցից յուրաքանչյուրն ունենալու է 20-30000 բառ տարողություն:


Մեր գիտնական գրողը բազմակողմանի զարգացած անձնավորություն է: Նրա գիտական աշխատությունները, որոնց թիվն անցնում է 200-ից, հիմնականում նվիրված են ռուս, սլավոնական, ընդհանուր լեզվաբանության տարաբնույթ խնդիրներին: Նա ունի նաև շուրջ 40 աշխատություն, որ վերաբերում են պատմությանը, տնտեսագիտությանը և նույնիսկ իրավաբանությանը (ի դեպ՝ իրավագիտության գծով նա ունի դոցենտի կոչում): Ժամանակին լույս է ընծայել «Անձի իրավունքներն ու ազատությունները ԽՍՀՄ 1977 թ. և Ռուսաստանի Դաշնության 1999 թ. սահմանադրությունների համատեքստում» (Երևան, 2005) մենագրությունը: Նրա հեղինակությամբ լույս են տեսել նաև մի շարք դասագրքեր ու ուսումնական ձեռնարկներ:


Պրոֆեսոր Վ. Մադոյանն իր գիտական ծառայությունների համար ՌԴ նախագահ Վ. Պուտինի 2015 թ. հոկտեմբերի 20-ի թիվ 517 հրամանագրով պարգևատրվել է «Պուշկինի մեդալ»-ով, որը դրանից մի քանի օր անց՝ նոյեմբերի 4-ին, Կրեմլի հանդիսությունների դահլիճում Ռուսաստանի ժողովուրդների միության ու բարեկամության տոնակատարության ժամանակ ՌԴ նախագահը, հանդիսավոր պայմաններում, հանձնել է հայ անվանի գիտնականին: Այս շնորհը պետք է նկատել նաև որպես հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության մի վառ արտահայտություն: Եվ դարերում կոփված այդ բարեկամության ամրակուռ շղթայի օղակներից մեկն էլ մեր օրերում կերտում է պրոֆեսոր Վ. Մադոյանը, որի գեղարվեստական ստեղծագործություններն ու լեզվաբանական աշխատությունները իրենց նպաստն են բերում գրականության ու գիտության զարգացմանը, ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը:

Վահան ՄԱՂԱԼՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու

Դիտվել է՝ 1389

Մեկնաբանություններ