Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բժշկակենսաբանական ռեֆերենս լաբորատորիաներն ունեն երկակի նշանակություն

Բժշկակենսաբանական ռեֆերենս լաբորատորիաներն ունեն երկակի նշանակություն
29.11.2016 | 00:15

Հայ, վրացի, ռուսաստանցի մի շարք փորձագետներ պնդում են, որ հետխորհրդային մի շարք երկրներում ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ստեղծած բժշկակենսաբանական ռեֆերենս լաբորատորիաներն ունեն երկակի նշանակություն: Այսինքն՝ կարող են օգտագործվել նաև ռազմակենսաբանական նպատակներով, համապատասխան հետազոտությունների, ինչպես նաև կենսաբանական պատերազմներ վարելու համար, հատկապես արտակարգ իրավիճակներում:


ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ 2016 թվականին ռեֆերենս լաբորատորիաներ են բացվել Երևանում, Գյումրիում և Իջևանում։ Ամերիկյան և հայկական կողմերի պայմանավորվածության համաձայն, 2017 թ. նման լաբորատորիաների բացում նախատեսվում է նաև Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում: Դրանք կապված են լինելու Երևանի կենտրոնական լաբորատորիայի հետ։


Ըստ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի և «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության, հիշյալ կենտրոնները սպառնալիք են Հայաստանի ազգային անվտանգությանը, եթե դրանք X ժամին կամ որոշակի պահից հետո ԱՄՆ-ի կողմից օգտագործվեն ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանի բնակչության դեմ կամ ԱՄՆ-ի և հետխորհրդային երկրներից նրա որոշ դաշնակիցների կողմից օգտագործվեն ՀԱՊԿ անդամ և մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դեմ, ինչը հնարավոր է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հետագայում լարվածության առավել մեծ աճի և առճակատման դեպքում։ Արդյոք չափազանցված կամ ընդհանրապես անհիմն չէ՞ հայաստանյան այս կազմակերպությունների մտահոգությունը: Հարցի պատասխանը ստանալու համար դիմեցինք Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ՈՒրալի տարածքային կենտրոնի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու ԴՄԻՏՐԻ ՊՈՊՈՎԻՆ, որի հետ հարցազրույցն ինչ-որ չափով լույս է սփռում տվյալ խնդրի վրա:

-Հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեությունը փաստ է: ՀԱՊԿ անդամ երկրների համար իսկապե՞ս առկա են ինչ-ինչ սպառնալիքներ:
-ԱՄՆ-ը Ռուսաստանի շուրջ ձևավորում է լայնածավալ և թանկարժեք ռազմակենսաբանական օբյեկտների փակ համակարգ։ ԱՄՆ-ի ստեղծած, այսպես կոչված, կենտրոնական ռեֆերենս լաբորատորիաները (ԿՌԼ) համալրված են ավելի փոքր կայաններով, որոնք 2010-ից գործում են ՈՒկրաինայում, 2011-ից` Վրաստանում, իսկ 2016-ից` Ղազախստանում։ Կանադայի կողմից փորձ կատարվեց ստեղծել ԿՌԼ Ղրղզստանում։ Ռազմակենսաբանական ոլորտում ԱՄՆ-ի կողմից առանձին ծրագրերում ներգրավված են նաև Հայաստանը, Ադրբեջանը, ՈՒզբեկստանը։
-ԱՄՆ-ը հայտարարել է, թե այդ լաբորատորիաները քաղաքացիական նշանակության են, այդ դեպքում ի՞նչ խնդիր կա:
-Այո, հայտարարել է, այնուամենայնիվ, դրանք ՀԱՊԿ անդամ երկրների դեմ կարող են օգտագործվել թշնամական նպատակներով։ Դրա սկզբունքային հնարավորությունը կա: 2013-ի ամռանը ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հրապարակայնորեն մտահոգություն հայտնեց Ռուսաստանի սահմանների մոտ ԱՄՆ պաշտպանության նախարարության կենսաբանական գործունեության կապակցությամբ, իսկ ՀՏրտՏՑՐպովՈՊջՏՐ-ի ղեկավար Գենադի Օնիշչենկոն նույնիսկ հայտարարեց, որ ամերիկյան ԿՌԼ-ները զբաղված են Ռուսաստանի դեմ ակտիվ հարձակողական ծրագրերի մշակմամբ։ Բացի այդ, ռուսական կողմի մտավախություններն են առաջացնում հետևյալ հանգամանքները:
ԱՌԱՋԻՆ. լաբորատորիաները ստեղծվում են ԱՄՆ պաշտպանության նախարարության միջոցներով։ Իրենց արժեքով նրանք ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ամենաթանկ օբյեկտներն են տարածաշրջանում (լաբորատորիաների ծախսերը ՈՒկրաինայում կազմել են ավելի քան 175 մլն դոլար, Վրաստանում՝ 150 մլն, Ղազախստանում՝ 175 մլն), ինչը խոսում է Վաշինգտոնի համար այդ ծրագրերի առաջնահերթության մասին։ Հենց ամերիկյան ռազմական ղեկավարությունն է գիտական խնդիրներ դնում ԿՌԼ-ների առջև և ստանում համակարգված տեղեկատվություն։ Ընդ որում, ոչ միայն դրսի դիտորդների, այլև անմիջական գիտական աշխատանքներ կատարողների համար տեղում պարզ չէ, թե այդ կենսաբանական հետազոտությունները խաղա՞ղ, թե՞ հարձակողական նպատակ ունեն։ Ոլորտի առանձնահատկությունները հաշվի առնելով` հարցի պատասխանը հայտնի է միայն պատվիրատուին, այսինքն` Պենտագոնին։
ԵՐԿՐՈՐԴ. հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող այդ օբյեկտները հանդիսանում են լաբորատորիաների գլոբալ համակարգի մի մասը, որը Վաշինգտոնը տարածում է ամբողջ աշխարհում։ Բոլոր երկրներում, որտեղ հայտնվել են այդ համակարգերը, առաջանում են միանման խնդիրներ։ Այսպես. 2010-ին Ինդոնեզիան պնդեց, որ փակվի ԱՄՆ ռազմածովային նավատորմի բժշկական, գիտական NAMRU-2 լաբորատորիան, որի գործունեությունն Ինդոնեզիան որևէ կերպ չէր վերահսկում, չնայած այն տեղակայված էր երկրի առողջապահության նախարարության շենքերից մեկում։ Ջակարտայի կողմից բացահայտվեցին գաղտնի փորձարկումների դեպքեր և ազգային հետազոտությունների չթույլատրված մոնիտորինգ։ Որոշման պատճառներից էին նաև լաբորատորիաների աշխատողներին դիվանագիտական կարգավիճակ տալու ամերիկյան կողմի պահանջները և մերժումը` Ինդոնեզիային անհատույց փոխանցել իր տարածքում հայտնաբերված թռչնագրիպի (H5N1) վիրուսի հետազոտության արդյունքները։ Ինդոնեզիայի առողջապահության նախարար Սիթի Ֆադիլա ՈՒպարին մտահոգություն հայտնեց, որ տեղական պաթոգենների հետ ԱՄՆ NAMRU-2 լաբորատորիայի աշխատանքի արդյունքները հետագայում կօգտագործվեն ԱՄՆ-ի կողմից կենսաբանական զենք ստեղծելու համար կամ զարգացող երկրներում, կոմերցիոն նպատակներով, արևմտյան դեղագործական ընկերությունների դեղամիջոցների առաջխաղացման համար։
ԵՐՐՈՐԴ. լրացուցիչ կասկածներ է առաջացնում այն հանգամանքը, որ լաբորատորիաները գործում են փակ ռեժիմով, համալրվում են օտարերկրյա ռազմական անձնակազմով, իսկ առողջապահության տեղական ներկայացուցիչների համար մուտքը հաճախ փակ է։ Լաբորատորիաների ղեկավարներ են նշանակվում նաև Վաշինգտոնին լոյալ անձինք կամ հատուկ ծառայությունների աշխատակիցներ (օրինակ, Վրաստանի լաբորատորիան սկզբնական շրջանում գլխավորում էր վրացական հետախուզության նախկին ղեկավար Ա. Ժվանիան)։
- Կասկածների տեղիք տվող այլ հանգամանքներ կա՞ն:
- Նաև հարց է առաջանում, թե ամերիկյան կողմն ինչո՞ւ է պնդում, որ ԿՌԼ-ները տեղակայվեն խոշոր քաղաքներում (Օդեսայում, Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մոտ, Ալմաթիի շրջակայքում)։ Չէ՞ որ նրանց տեղակայումը սեյսմավտանգ գոտիներում, բնակեցված շրջանների և մեծ տրանսպորտային հանգույցների մոտ հիմնավորված չէ անվտանգության տեսանկյունից։ Այստեղ արդյոք կապ չկա՞ որևէ դիվերսիոն գործունեություն իրականացնելու մտադրության հետ։ Եվ ինչո՞ւ են ամերիկյան զինվորականները հետաքրքրություն ցուցաբերում համեմատաբար լավ համաճարակաբանական իրավիճակ ունեցող երկրների հանդեպ։ Միգուցե այն պատճառո՞վ, որ նրանք գտնվում են ԱՄՆ աշխարհաքաղաքական մրցակից Ռուսաստանի սահմանների մոտ։
Եթե ամերիկյան կողմի իրական նպատակներն իսկապես հեռու լինեն իրենց հայտարարածից, ապա հետխորհրդային տարածքում լաբորատորիաների համակարգը թույլ կտա Պենտագոնին լուծել խնդիրների լայն շրջանակ` թուլացնելով ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլև նրա ՀԱՊԿ գործընկերների անվտանգությունը:

Զրույցը՝
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3594

Մեկնաբանություններ