Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Եթե բիզնես մոտեցումներով առաջնորդվեն, քարանձավները կավերվեն»

«Եթե բիզնես մոտեցումներով  առաջնորդվեն, քարանձավները կավերվեն»
29.11.2016 | 00:16

«Իրատեսը» իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր քարանձավագետների այն հայտարարությանը, որ արդեն երկար տարիներ մասնագետներին չի հաջողվում վարձակալել ու այդպիսով ավերումից փրկել հայաստանյան քարանձավները: Փորձեցինք բարձրացված հարցերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ոլորտի պատասխանատուներից:
Հիշեցնենք, որ լրագրողների հետ հանդիպմանը քարանձավգետ ՍՄԲԱՏ ԴԱՎԹՅԱՆԸ մասնավորապես նշել էր. «Ցանկացած քարանձավ, եթե ուզում ենք պաշտպանել, պետք է օգտագործել: Փորձը ցույց է տալիս, որ բոլոր օգտագործված քարանձավները պաշտպանված քարանձավներ են, հակառակը չի լինում»: Քարանձավագետը վստահեցնում էր, որ ինչքան էլ հայտարարում են՝ քարանձավները պաշտպանված են, նման բան չկա: Նրա փոխանցմամբ` Մագիլի քարանձավն ամբողջությամբ վերածվել է աղբակույտի, մշակութային շերտն ամբողջովին ավերված է: Նույնը վերաբերում է «Արջերի» քարանձավին, որտեղ կա յուրահատուկ, հազվագյուտ կարստային գոյացություն՝ հելիկտիտ: Հիմա դա չկա, ջարդել-տարել են:


Սմբատ Դավթյանը նշեց նաև, որ աշխարհի բոլոր քարանձավների տեսակները մեր երկրում կան, բայց կա մի տեսակի քարանձավ, որ միայն Հայաստանում է, դա քարե դռներով քարանձավն է. «Այդ դռներն այսօր էլ հեշտությամբ բացվում-փակվում են: Հայաստանում 1984 թվականին գույքագրվել է 42 նման քարանձավ: Այսօր մնացել է մոտ 20-ը, որովհետև «հաջողությամբ» ավերվում են»:

Ինչո՞ւ քարանձավները վարձակալության չեն տալիս մասնագետներին: Ինը տարի դիմել են մշակույթի նախարարություն, ամենատարբեր ու ամենաանհեթեթ պատճառաբանություններով մերժել են: Քարանձավագիտական կենտրոնի նախագահ ՍԱՄՎԵԼ ՇԱՀԻՆՅԱՆԸ հավելեց, որ եթե մեկը համաձայնի վարձակալելու, դա նշանակում է՝ տեր է հայտնվել քարանձավին, որն ունի նաև պատասխանատվություն, պարտավորություններ, նաև գումար աշխատելու ձգտում. «Քարանձավը զբոսաշրջիկներին ինչ-որ բան ցույց տալու համար չէ, դա նաև գիտական, ուսումնակրթական համակարգ է: Շահույթ ակնկալել գրեթե անհնար է, և քչերը կհետաքրքրվեն քարանձավների վարձակալությամբ: Սա նվիրյալների գործ է»:


Մշակույթի նախարարությունից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ մասնագետներին հնարավորություն չի ընձեռվում վարձակալելու քարանձավները, մրցույթներ անցկացվո՞ւմ են, ո՞ր քարանձավների համար և ի՞նչ չափորոշիչներով: Մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԸ մեզ ուղղված պաշտոնական նամակում ասում է, որ նախարարությունը դրական է վերաբերվում ՀՀ տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ ունեցող քարանձավները վարձակալության տալու գաղափարին, քանի որ քարանձավների շահագործումը կնպաստի ոչ միայն նոր զբոսաշրջային երթուղիների ավելացմանը, այլև հնարավորություն կտա լուծելու քարանձավների պահպանության և հանրահռչակման հետ կապված բազմաթիվ խնդիրներ: Նախարարի տեղակալը տեղեկացնում է նաև, որ մարտի 15-ին նախարարությունը հրապարակել է ՀՀ Վայոց ձորում գտնվող Մագելանի քարանձավը զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու վերաբերյալ մրցույթի հրավերը: Մրցույթը, մրցութային հանձնաժողովի 2016-ի մայիսի 16-ի որոշմամբ, համարվել է չկայացած` սահմանված ժամկետում հայտեր ներկայացված չլինելու հիմքով: Նախարարությունում ստեղծվել է նաև Վայոց ձորի Արենի և Արփի համայնքների վարչական տարածքներում ընտրված «Արջերի», «Մոզրով», «Արենի -1» (Թռչունների քարանձավ), «Մագելանի» և Արագածոտնի մարզի Աղձք համայնքի վարչական տարածքում ընտրված «Քարի դռներ» անվանվող քարայր-կացարանները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու միջգերատեսչական մրցութային հանձնաժողով, որը պետք է մշակի քարանձավների պատշաճ պահպանման պահանջներն ու պայմանները: Այդ աշխատանքների ավարտից հետո նախատեսվել է 2017 թ. մարտին անցկացնել հիշյալ քարանձավները վարձակալության տրամադրելու մրցույթ:

Թե ինչու են քարանձավագետների առաջարկները պարբերաբար մերժվել նախորդ տարիներին, այնքան էլ պարզ չէ: Ըստ քարանձավագետների` բախվել են մշակույթի նախկին նախարարի «բարի» վերաբերմունքին ու մերժվել միանգամայն անհիմն պատճառաբանություններով: Ինչ վերաբերում է չկայացած մրցույթին, մեզ հետ զրույցում Սամվել Շահինյանն ասաց, որ քարանձավին վերաբերվել են որպես բիզնես-օբյեկտի: Նրա խոսքով` երբ նախարարությունը մրցույթ է հայտարարում, պետք է հասկանա, որ քարանձավը պայմանագրով վերցնող մարդը բիզնես չի անելու, հուշարձան է պահպանելու, և նրա վրա պետք չէ բարդել հարկային ահռելի պարտավորություններ. «Ընդհակառակը, նրան պետք է ենթակառուցվածքներ տրամադրել և տարածք, որ եթե այնտեղ բիզնես անի, կարողանա մի կերպ պահել քարանձավը: Փոխարենը անհեթեթ պահանջներ են առաջադրում, օրինակ` 21 միլիոն դրամ ունենալ բանկում: Հարց է առաջանում, եթե մեկը այդքան գումար ունենա, ինչո՞ւ պետք է քարանձավի բիզնեսով զբաղվի, որտեղ իրականում բիզնես չկա, հուշարձանի պահպանության խնդիր կա»:

Զրուցակիցս նշեց, որ եթե բիզնես մոտեցումներով առաջնորդվեն, քարանձավները կավերվեն, տրամաբանական է, որ ոչ թե միջավայրը, հնությունները պահպանելու խնդիր կդրվի, այլ ընդհակառակը` ռեստորան կառուցելու: Քարանձավագետի կարծիքով` նոր մրցույթի չափորոշիչներում նույնպես անհեթեթությունների մի ահռելի բլոկ կա: Ներկայումս քննարկումներ են ընթանում, ինքը որոշակի ուղղումներ է անելու և հույս ունի` այս անգամ կհասկանան, որ խոսքը վերաբերում է հուշարձանի պահպանմանը, և մոտեցումը կփոխեն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3358

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ