«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Կներեք, որ Ձեզ եմ դիմում, քանզի տիկին Սարգսյանից վեր միայն Դուք եք ու մեկ էլ Աստված

Կներեք, որ Ձեզ եմ դիմում, քանզի տիկին Սարգսյանից վեր միայն Դուք եք ու մեկ էլ Աստված
29.11.2016 | 00:29

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Հարգելի նախագահ։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո իրար հետևից անկախացած նախկին հանրապետությունների առաջնակարգ խնդիրներից մեկը Իսրայել պետության հետ դիվանագիտական կապերի ստեղծումն էր, քանզի ով խելոք էր, քաջ հասկանում էր՝ լավ լինել Իսրայելի հետ կնշանակեր «մի կտոր հաց» ունենալ ամերիկյան Կոնգրեսում և Սենատում: Սա փաստ է, ով էլ չգիտե, թող իմանա։
Եվ ահա Հայաստանի հարևան երկու պետությունների ղեկավարներ Էդուարդ Շևարդնաձեն և Հեյդար Ալիևը արշավեցին Իսրայել ու «երդում-պատառներով» հավաստիացնում էին, որ դարեր շարունակ իրենք իրենց երկրում հրեա ժողովրդի հետ ապրել են հաշտ ու համերաշխ (Շևարդնաձեն ասաց՝ 2600 տարի, իսկ Ադրբեջանի պարագայում՝ թիվ կա աստղերին, թիվ չկա այդ պետության գոյության տարիներին): Այս մասին ժամանակին ես նամակ եմ ուղարկել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ԳԽ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Յուրա Հարությունյանի միջոցով: Ինչևէ: Արդյունքում՝ Իսրայելում հզոր թափ ստացան վրացական և ադրբեջանական համայնքները (հրեաներ կամ խառն ընտանիքներ՝ հարյուր հազարից ավելի, որոնք ներգաղթել էին այդ երկրներից): Նրանց ներկայացուցիչները մտան քաղաքականություն, Քնեսեթ (այսօրվա ԱԳ նախարարի տեղակալը Վրաստանից է, իսկ Բաքվի հրեաներն իրենց ձեռքն են վերցրել Իսրայելի ռուսալեզու ԶԼՄ-ները՝ ներառյալ ռադիոն՝ «Ռեկա», և հեռուստատեսությունը՝ «Իսրայել+»): Մասնավորապես, բաքվեցիներն ուժ ու եռանդ չեն խնայում տարբեր առիթներով թուքումուր թափել Հայաստանի գլխին, մյուս կողմից էլ, ամուր կապ ստեղծելու Իսրայելի և Ադրբեջանի միջև, ինչի արդյունքում այսօր Իսրայելի նավթի 40 տոկոսը ներկրվում է Բաքվից, իսկ Ադրբեջանի սպառազինության մեջ մեծ տեղ ունի իսրայելական զինտեխնիկան (չմոռանանք ապրիլյան պատերազմում իսրայելական անօդաչու սարքերի կողմից հայկական խոցված տանկերը)։


Ես հասկանում եմ, որ Դուք պիտի որ ավելի շատ բան իմանաք, և իմ նպատակը բնավ էլ Ձեզ հուշելը չէ, բայց, ներեցեք, կան բաներ, որ, շփվելով կարևոր անձանց հետ, ես էլ իմ հերթին բավականին իրազեկ եմ և «միայնակ գայլի» նման աջ ու ձախ պրպտում, «կռիվ» եմ տալիս: Կարող եք սա ընդունել որպես անհամեստություն։

Հարգելի նախագահ։
2014-2016 թվերին իմ երեք համերգներով մասնակցեցի Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին և Հայաստանի կոմպոզիտորների միության կազմակերպած փառատոներին, որոնք կայացան Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի, ինչպես ընդունված է ասել, բարձր հովանու ներքո: Երեք ստեղծագործություններս էլ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և... իսրայելցի հայտնի մենակատարների կատարմամբ էին տրոմբոնահար, փողհար և կլառնետահար): Վստահ եմ՝ հասկանում եք, թե ինչ է նշանակում, որ Ցեղասպանությանը նվիրված իմ «Սիփանա քաջեր» կոնցերտ-պոեմի մենակատարը Իսրայելի առաջատար փողհարն է՝ հանրահայտ «Ֆիլհարմոնիկ» նվագախմբից, մի պետության, որը չի ուզում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եվ իմ մենակատար Ռամ Օրենը, քաջ գիտենալով սա, անվարան բեմ դուրս եկավ Հայաստանում։ Հաշվի առնելով Ռամի հռչակը ոչ միայն Իսրայելում, այլև աշխարհում, խնդրեցի ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին ընդունել նրան, բացատրեցի կարևորությունը: Շնորհակալ եմ նախարարին, ճիշտ ըմբռնելով քաղաքական պահը, հրավիրեց, ընդունեց և զրուցեց Ռամ Օրենի հետ: Ռամն էլ «տակ չմնաց», ապրիլի 24-ին իր ֆեյսբուքյան էջի ամբողջ տարածքում զետեղել էր Անմոռուկն ու Հայոց ցեղասպանության մասին հոդվածներ և նկարներ, էլ չեմ ասում, որ Հայաստանից ստացած իր պայծառ տպավորությունները փոխանցեց իր գործընկերներին։


Պարոն նախագահ, վա՞տ է:
2014 թվին Տրոմբոնի կոնցերտիս մենակատարը հայտնի տրոմբոնահար Դենիս Վուլն էր՝ երաժշտական աշխարհին հայտնի Խերսոնսկու որդին՝ կրկին Իսրայելից, Հայֆայի սիմֆոնիկից (այստեղ նվագում է նաև Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտ որդիս): Դենիսը, վերադառնալով Իսրայել, նույնպես իր պայծառ տպավորությունները կիսեց իր գործընկերների հետ, նվագախմբի շատ երաժիշտներ հետաքրքրվում էին Հայաստանով, նրա պատմությամբ, անցուդարձով, մշակույթով և... տուրիզմով։
Պարոն նախագահ, վա՞տ է:
Այս տարվա փառատոնին, Կլառնետի կոնցերտիս կատարման համար, ինձ հետ Հայաստան եկավ Իսրայելում և ԱՄՆ-ում հայտնի կլառնետահար, ԱՄՆ-ի քաղաքացի Ջեֆ Հովարդը, ի դեպ, իր հաշվին: Նրա տպավորությունները հայաստանյան ընդունելությունից այնքան պայծառ էին, որ ասաց՝ մյուս տարվա ամռանը ընտանիքով է գալու և արդեն... հյուրանոց պատվիրեց։
Պարոն նախագահ, ես մոտենում եմ բուն թեմային:


Ջեֆի և ինձ հետ Հայաստան ժամանեց Հայֆայի սիմֆոնիկ և բիգբենդ նվագախմբերի տնօրեն Մոտի Էյնասը՝ որդուս ուղեկցությամբ: Խնդրել էր ինձ, եթե կարող եմ, հանդիպում կազմակերպել նախարար Հասմիկ Պողոսյանի հետ (արդեն գիտեր, որ նախարարը մեկ տարի առաջ ընդունել էր Ռամ Օրենին): Բռավո նախարարին՝ չմերժեց։ Պարոն Մոտին ծրագրեր ուներ առաջարկելու մշակութային փոխհարաբերությունների ասպարեզում (վա՞տ է, պարոն նախագահ, Չինաստանի և ԱՄՆ-ի հաշտության հիմքը դրվեց սեղանի թենիսի մրցումներով, իսկ ինչո՞ւ Հայաստանը չմերձենա Իսրայելի հետ վերը նշածս պատճառով։ Ես հասկանում եմ Իրանի վարկածը, Ցեղասպանության չընդունումը, և մեկ անգամ չէ, որ խոսել եմ իսրայելցի դիվանագետների հետ ու տվել շատ սուր ու համոզիչ պատասխան (կարծում եմ՝ չի կարելի «ինադ անել էծերին, մարմինը տալ պեծերին»):


Ես կազմակերպեցի Մոտիի հարցազրույցը «Իրատես» թերթում: Եվս մեկ «մանրուք». ինձ մտերիմ մարդիկ կազմակերպեցին մեր հյուրերի զբոսանք-հանգիստը Գառնիից մինչև Սևան և այցելություն Եղեռնի հուշահամալիր: Հյուրերը, լավ իմաստով, շանթահար էին, իսկ պարոն Մոտին ինձ և որդուս հետ մասնակցեց ապրիլի 9-ին բանակի օգտին ՀԱՖՆ-ի կազմակերպած բարեգործական համերգին, նաև իր լուման ունեցավ։
Վա՞տ է, պարոն նախագահ։
Ոգևորվելով ստացած տպավորություններից՝ Մոտի Էյնասը նամակ հղեց մշակույթի նախարարին՝ առաջարկելով Հայֆայի բիգբենդի համերգը «Ջազֆեստի» միջոցառումներին: Պատասխան նամակն ավելի շատ նման էր «Հարսնացու հյուսիսից» ֆիլմի գլխավոր հերոս Արտակի «խառը նամակին» (հետո պարզվեց, որ նախարարը տեղյակ էլ չէր այդ պատասխանին): Վիճակն ամոթալի էր։ Մոտին՝ շվարած, իսկ ես՝ անհարմար վիճակում։ Հետաքրքրվեցի՝ ուրիշ ի՞նչ ճանապարհ կա: Իմացա, որ «Ջազֆեստով» զբաղվում է «Մեցցո» մասնավոր ընկերությունը: Նամակով և հեռախոսով կապվեցի աշխատակցուհու և տնօրենի հետ: Կարճ ասած՝ անորոշ մերժում: Մոտիին ոչինչ չասացի, քանզի ընկերներս խորհուրդ տվեցին դիմել հանրապետության Առաջին տիկնոջը, որին և էլփոստով, հոկտեմբերի 5-ին ստորագրված նամակ հղեցի՝ բացատրելով նաև երկու երկրների փոխադարձ հարաբերությունների կարևորությունը: ՈՒղարկելուց հետո զանգահարեցի Առաջին տիկնոջ քարտուղարություն. ներկայացավ Սուսաննան և խոստացավ հետևել: Մինչ պատասխան կստանամ, մի առիթով Մոտին շատ բազմանշանակ ասաց. «Ձերոնք չպատասխանեցին»: Ես, իհարկե, նրան չասացի, որ դիմել եմ տիկին Ռիտա Սարգսյանին: Սպասում էի պատասխանի: Չկա: Երեսունհինգ օր անց, իմ զանգին Սուսաննան ասաց. «Կստանաք պատասխան»։

Հիշեցրի, որ արդեն 35 օր է, ինչ սպասում եմ, ասաց. «Մեզնից կախված չէ»: Տասն օր հետո նորից զանգահարեցի՝ հեռախոսը զբաղված է, քիչ անց նորից եմ զանգահարում՝ ոչ ոք չի պատասխանում, և այս գործողությունը, մեկ՝ զբաղված, մեկ՝ լռություն, մեկ՝ զբաղված, մեկ՝ լռություն, կրկնվեց մի քանի անգամ։ Հասկացա, որ այլևս անիմաստ է զանգահարելը, և մտածում եմ՝ ինչ պիտի ասեմ պարոն Մոտիին։


Հարգելի նախագահ։
Իսրայելում կա օրենք, և, համաձայն այդ օրենքի, ոչ մի նամակ անպատասխան չի մնում: Անգամ Իսրայելի նախագահ Ռ. Ռիվլիին հղած իմ չափազանց քննադատական նամակը (մերժել էր ստորագրել հայկական կողմի առաջարկած նախագիծը Ցեղասպանության հարցով) չմնաց անպատասխան, ավելին, նախագահն ինձ ուղարկեց ՄԱԿ-ում իր ելույթի տեքստը, որում նշել էր «ցեղասպանություն» բառը (բայց դրա հետ շեշտել էր նաև Խոջալուն), ինչևէ, ՊԱՏԱՍԽԱՆԵՑ: Գիտեմ, տիկին Ռիտա Սարգսյանը շատ զբաղված է, բայց Իսրայելի նախագահը նույնպես զբաղված է, և վերջապես, երկուսն էլ ունեն օգնականներ, քարտուղարներ: Ի՞նչն է տիկին Սարգսյանի անբարեհաճ վերաբերմունքի պատճառն իրեն դիմողի հարցում՝ եսասիրությո՞ւնը, փառասիրությո՞ւնը, արհամարհանք, թե՞ ...
Վիրավորված եմ անչափ և ընկճված՝ Հայֆայի սիմֆոնիկ նվագախմբի և բիգբենդի երաժիշտների առջև Հայաստանի հեղինակության համար: Ասեմ, որ նամակիս հանդեպ վերաբերմունքից չեմ զարմանում. Ձեր վարչապետ եղած ժամանակ էլ առնվազն երեք նամակ եմ հղել անձամբ Ձեզ՝ ոչ մի պատասխան, 2006 թվին էլ՝ Ռ. Քոչարյանին՝ «Արմավիայի» ստոր վերաբերմունքի համար, երբ պատերազմից փախած 48 իսրայելահայեր նրա պատճառով մեկ ամիս «գերի մնացին» Հայաստանում՝ երկու ամսական երեխայից մինչև 80 տարեկան Սոֆյա Մաղաքյան, քանզի Ձեր հայրենակից Բաղդասարովը, ստանալով երկկողմանի ճանապարհածախսը, հրաժարվեց հետ բերել նրանց և փողոց նետեց կանանց ու երեխաներին։ Ո՛չ նախագահը, ո՛չ վարչապետը, ո՛չ ԱԳՆ-ն մատը մատին չխփեցին, ես եմ զբաղվել այդ հարցով և քաջատեղյակ եմ: Իսկ երբ 2009 թվին իրանական ինքնաթիռը, Երևան չհասած, պայթել էր, Բաքվի հրեա մեկնաբանները զրպարտեցին, թե ինքնաթիռի պայթյունի պատճառը «Հըզբոլլահի» համար ուղարկված հրթիռներն էին, և վայնասունով հայտարարեցին. «Եթե հաստատվի, պե՞տք է, որ Իսրայելը ռմբակոծի Հայաստանը» (ոչ ավելի, ոչ պակաս)։ Իսկ նրանց «Իսրայել+»-ի հաղորդումները դիտում են 1,5 միլիոն ռուսախոս հրեաներ: Պատկերացնո՞ւմ եք։ Իսկույն կապվել եմ դեսպան Շեմի Ցուրի հետ, բացատրել, ստացել եմ հայաստանանպաստ պատասխան և այդ պատասխանը տառ առ տառ փոխանցել Հայաստանի ԱԳՆ-ին: Եվ 2009-ի օգոստոսի 4-ին հետևեց Հայաստանի ԱԳՆ-ի երեք լեզուներով հայտարարությունը իմ՝ մեջբերած պատասխանով հանդերձ: Եվ ի՞նչ. Գոնե «շնորհակալություն» բառի «Շ» տառը ստանայի։ Ինչու այսքան «էժանացա՞», որպեսզի ընդգծեմ, որ հարգարժան Ռիտա Սարգսյանից պատասխան չստանալս պատահականություն չէ։ ՄԵԾ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ:


Հարգելի նախագահ, կներեք, որ Ձեզ եմ դիմում, քանզի տիկին Սարգսյանից վեր միայն Դուք եք ու մեկ էլ Աստված: Շատ կուզեի հուսալ, որ գործին կօգնեք, և Հայֆայի բիգբենդի ելույթը ևս մեկ քար կդնի հայ-իսրայելական բարի հարաբերությունների նոր-նոր շարվող պատին:


Հարգանքով՝ Հայստանի և Իսրայելի ԿՄ անդամ

Նուբար ԱՍԼԱՆՅԱՆ

Հայֆա, Իսրայել

Դիտվել է՝ 4385

Մեկնաբանություններ