Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Պատմակա՞ն» էր համագումարը, թե՞ չէր

«Պատմակա՞ն» էր համագումարը,  թե՞ չէր
29.11.2016 | 00:41

Հիբրիդային էր: «Տեսակաբանությամբ»՝ նման 2006-ի համագումարին, երբ Սերժ Սարգսյանն իր թիմով մտավ ՀՀԿ` ընտրություններից ժամեր առաջ: Բովանդակությամբ` ոչ: ՀՀԿ տրանսֆորմացիան այս անգամ նրբագեղ էր «կերտված», ինչպես իր ելույթում այլ առիթով ասաց Սերժ Սարգսյանը` խիստ գրագետ համադրմամբ:
Նախ՝ վիզուալ առումով հետաքրքիր էր, որ Սերժ Սարգսյանն իր կողքին նստեցրել էր Արմեն Աշոտյանին, ում, ի դեպ, վերջին շրջանում մամուլը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս. «քամիները» որտեղից են գալիս, հասկանալի է, ու հենց այդ քայլով բոլոր կարգի «քամի անողներին» հասկացվեց՝ նրանք, ովքեր պահել են ՀՀԿ գիծը, «խաղեր չեն տվել», մասամբ էլ տուժել են, հետայսու ևս կնստեն իր կողքին, իսկ «խաղեր տվողները» պետք է եզրակացություն անեն: Սա առաջին տպավորությունն էր:
Սերժ Սարգսյանի հաջորդ էական մեսիջն առաջին հայացքից, կարծես, առնչվում էր Կարեն Կարապետյանին, սակայն թիմային մենթալիտետի ու խաղի էական դերակատարը Վիգեն Սարգսյանն էր՝ ոչ միայն երկրի անվտանգ-պաշտպանական «ֆլանգում», այլև զուտ քաղաքական. Սերժ Սարգսյանը նրան բնորոշեց ոչ միայն որպես տեսակ ու տեսակաբանություն, այլև, ինչու ոչ, իրավահաջորդ, արձանագրելով` ապագան նրա նման գործիչներինն է:


Ընդ որում, եթե հանենք համագումարի պարտադիր-նոմենկլատուրային պահերը, ոչինչ չասող ելույթները, ՀՀԿ տիկնանց «դոշի» ու «փեշի» կարմիր վարդերը, ֆենած մազերը, «սովետիզմի» ձայներիզները, ապա ՀՀԿ համագումարում հնչեց մեկ էական միտք` Կարեն Կարապետյանը վարչապետ կլինի նաև 2017-ին:
Համաձայնենք՝ Սերժ Սարգսյանը, որպես «հաշվող», աննկարագրելի է: Ինչպես միշտ: Հիշենք` նրան հատուկ չէ խաղաքարտերը մեկ րոպե առաջ բացելն անգամ, իսկ այս անգամ նա տրվեց խաղին ու արեց ձիով քայլ` ուղիղ դեպ 2017 թիվը, և մեկ նախադասությամբ թիմն ու քաղաքական դաշտը բերեց թիվ մեկ պատրաստության, «կանոնակարգեց» բոլորի ախորժակները, ցուցանեց զորաշարժերի ուղղությունը: Այլ թիմերին ու կուսակցություններին ասաց` բացեք ձեր խաղաքարտերը ևս: Հասկանալի է` այս պարագայում այդ թիմերը նույնպես պետք է ասեն` վարչապետի ինչ թեկնածուով են գնում ընտրությունների:
Իսկ որ ամենակարևորն էր, «հաշվելու» մեջ մրցակից չունեցող Սերժ Սարգսյանը բաց պահեց հարցը` ԱԺ նախագահ ով է լինելու: Գաղտնիք չէ, որ և՛ ՀՀԿ թիմի ներսում, և՛ թիմից դուրս բոլորը պայքարելու են և արդեն իսկ պայքարում են այդ պոստի համար, և զորաշարժերն այս ուղղությամբ հիբրիդը կանոնակարգելու լավագույն «կախարդական փայտիկն» են լինելու Սերժ Սարգսյանի ձեռքին:


Ինչ վերաբերում է նոր ԳՄ-ին, ապա ասել` այն «շարվեց» գրագետ համադրությամբ, անտեղի կլինի, նախ` որովհետև ԳՄ-ն, որպես մարմին, որևէ որոշիչ ֆունկցիա չունի արդեն, բացի նրանից, որ այդ ֆասադը կարևոր մտքեր հնչեցնելու միզանսցեն է: Պստիկ մի նյուանս էր հետաքրքիր, որ Սերժ Սարգսյանն ունենում է առաջին տեղակալ, և այդ տեղակալը Կարեն Կարապետյանն է, ինչը հիերարխիկ դասավորության մեջ նույնպես սիմվոլիկ նշանակության էր:


Եվ վերջապես, համագումարի բուն` գաղափարաբանական էության մասին. ՀՀԿ հերթական նոմենկլատուրային համագումարը, բոլոր դեպքերում, մեկ քայլ էր, ուղղված հայաստանյան քաղաքական դաշտի «բյուրեղացմանը», «մարդ-կուսակցությունների» վերացմանը, ինչն անչափ կարևոր է, եթե չասենք` ամենակարևորը չկայացած հայոց քաղաքական դաշտի համար (անցում երկկուսակցական համակարգի` «հանրապետականներ և դեմոկրատներ», ինչը Սերժ Սարգսյանի վաղուցվա իդեա-ֆիքսն է):
ՈՒ, ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանի հաջորդ քայլը, ՀՀԿ «պատմական» համագումարը հորով-մորով անելուց հետո, արևմտյան դաշտը «գծել-շարելու» քայլը կլինի:
Սպասում ենք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2321

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ