Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Օտար խաղեր ՀՀԿ-ի կատարմամբ

Օտար խաղեր ՀՀԿ-ի կատարմամբ
29.11.2016 | 00:44

ՀՀԿ-ի 26/16-ը չստացվեց: Բացահայտորեն: Նոյեմբերի 26-ի 16-րդ համագումարը գնաց-գլորվեց նախորդների ճանապարհով: Արդեն տեսել ենք անկուսակցական վարչապետի կուսակցական դառնալը: Տեսել ենք սիմվոլի սիմվոլիկ դառնալը: «Նոր ոգու» հնանալը: Չստացվեց, ՀՀԿ-ի 26/16-ը չստացվեց: Բայց մեղավորը իրենք չեն: Իրենք չե՞ն: Ո՞վ էր դարակազմիկ փոփոխություններ խոստանում: Ո՞րն էր փոփոխությունը: ՀՀԿ ԳՄ կա՞զմը: Համագումարից առաջ էլ հայտնի էր: Վարչապետի ՀՀԿ դիմելն էլ հայտնի էր՝ ապացուցված Արմեն Աշոտյանի ձեռքով ու մարդու իրավունքների խախտումով: Անակնկալ համարել վարչապետի 7000-անոց բանակը «Գազպրոմի՞ց»: Դա էլ սպասելի էր՝ առաքելություն ունեցողը առանց «առաքյալների» չի գալիս: Թող որ իրենց կուսակցական դառնալուն անտեղյակ: Ինչո՞ւ ՀՀԿ-ի նախընտրական 26/16-ը չստացվեց՝ ո՞ւր գնաց «նոր ոգին», ի՞նչ եղավ դրայվը, ինչո՞ւ հեռացածները վերադարձան:


Իսկ եղավ, որ հեքիաթի թագավորի տղայի պես ՀՀԿ-ն կանգնած է իր պատմության խաչմերուկում՝ երեք ճանապարհների առաջ: Որով էլ գնա՝ փորձություններ են փորձությունների վրա, արդյունքը կարող է դառնալ հետևանք:


Ճանապարհ 1. Ինչո՞ւ ՀՀԿ-ին անդամակցեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրանք, որ ՀՀԿ-ն համարում են ջրի վրա նստած հրեշ, կարծում են, որ ՀՀԿ-ն որոշեց անբիծ վարչապետին «փչացնել» ու դարձրեց կուսակցական, որ իրենից ոչնչով չտարբերվի: Նրանք դժգոհ են՝ կարծելով, որ վարչապետի վրա բարոյական ու քաղաքական ճնշում է գործադրվել: Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ի զոհ պատկերացնողները սխալվում են, գործընթացում զոհեր կան, բայց ոչ Կարեն Կարապետյանն է, ոչ նրա անբիծ հեղինակությունը:
Ճանապարհ 2. Ոմանք համարում են, որ Սերժ Սարգսյանը կամավոր հանձնում է իշխանությունն ընտրություններից առաջ՝ փոխանցելով իրավահաջորդին, ում ինքն է ընտրել բազում թեկնածուներից: Ինքն ասաց, չէ՞, որ ընտրություններում ՀՀԿ-ի հաջողությունից հետո Կարեն Կարապետյանը կմնա վարչապետ: Նրանք էլ սխալվում են: Իշխանությունը կամավոր ոչ ոք չի հանձնում:

Ճանապարհ 3. Քիչ չեն նրանք, որ հակառակ գնահատականն են տալիս՝ Կարեն Կարապետյանը գրոհեց ՀՀԿ-ն իր 7000-անոց բանակով օկուպացնելով իշխանությունը: Հետայսու ՀՀԿ-ն բաժանվում է երկու թևի՝ Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի՝ իր նոր ռեֆորմատորներով ու ՀՀԿ-ի հին ռենեգատներով, որ միշտ անցնում են ապագա իշխանության կողմը:


Ո՞Ւր գնա ՀՀԿ-ի հիմնական զանգվածը, ո՞ւմ ձեռքին է ՀՀԿ-ն իրականում, ի՞նչ անի ՀՀԿ էլիտան, որի միակ հարցն է՝ ինչպես մնալ իշխանություն: ՀՀԿ նորընտիր ԳՄ-ն առաջիկա նիստում Կարեն Կարապետյանին կընտրի համագումարում ընտրված ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ՝ նոր պաշտոն ՀՀԿ հիերարխիայում: Դա արդեն ազդարարվել է և իրապես վիրավորական է բազմավաստակ ՀՀԿ-ականների համար՝ նորելուկ կուսակցականը դառնում է ՀՀԿ երկրորդ դեմք, մինչդեռ իրենք են կուսակցությունը հիմնադրել ու անձնական կյանքը կուսակցական դարձրել՝ անտեսվելու ու արհամարհվելո՞ւ համար: Չի բացառվել, որ Կարեն Կարապետյանն է գլխավորելու ՀՀԿ ընտրացուցակը: ՀՀԿ-ն հայտարարում է, որ Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ական դառնալն ապացուցում է, որ կուսակցությունը հրավիրյալ ու ժամանակավոր վարչապետներ չի բերում՝ տեսանելի ապագայում հեռանալու հեռանկարով: Որ վարչապետի կուսակցականացումը փոխադարձ ուժեղացում է և գերագույն նպատակ ունի արդարություն, արդյունավետություն, անվտանգություն ապահովել: Էլի մի քանի տասնյակ հիմնավորումներ ՀՀԿ-ն կարող է ներկայացնել Կարեն Կարապետյանի վարչապետ ու ՀՀԿ-ական դառնալուն: Այնքան հիմնավոր, որ դառնում է արդարացում: Արդարանում են մեղավորները, բայց այս պարագայում ՀՀԿ-ն ոչ թե մեղավոր է, այլ զոհ: Գուցե առաջին անգամ իր պատմության վերջին տասնամյակում: ՀՀԿ-ի ներկայացրած վիրտուալ իրականությունից բացի կա ռեալություն, որի առաջ ՀՀԿ-ն հրապարակավ կարող է աչքերը փակել, իր ներսում՝ ոչ:

Ռեալությունը թելադրում է…ՀՀԿ 26/16-ը չստացվեց:
1. Որևէ նորություն համագումարում չեղավ: Կոմկուսի համագումար: ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հաշվետվությունում ոչ մի նորություն չկար: Տոնայնության փոփոխություն էլ չկար: Ինքն իր աներերության հուշարձանը կարող էր թվալ, եթե համագումարի ավարտին չբարձրաձայներ յոթ խորհուրդները, որ գործնականում ՀՀ երրորդ նախագահի քաղաքական կտակն է՝ ներկաներին ու ապագային:
2. Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ական դառնալը խառնում է Սերժ Սարգսյանի հաշվարկները, վարչապետը դեյուրե դառնում է «յուրային»՝ օտար լինելով: Սերժ Սարգսյանին պարտադրվեց թե Կարեն Կարապետյան վարչապետը, թե ՀՀԿ-ականը: Նրան դանդաղ պարտադրվում է թավշե հեղափոխություն Հայաստանում, ավարտելով իր իշխանությունը՝ դարձյալ ոչ իր կամքով: Մինչև Մոսկվա գնալը և Մոսկվայից վերադարձած վարչապետները տարբեր մարդիկ են: Մոսկվայում նրան տվել են իշխանափոխության մեկնարկի հրահանգը՝ նախքան ընտրությունները:
3. Կարեն Կարապետյանի ներկա խնդիրը տնտեսական չէ, այլ քաղաքական՝ ՀՀԿ-ն երկու մասի բաժանելը: Պատահական չէ, որ նա հրաժարվում է ինքն իրեն քաղաքականության մեջ տեսնել՝ դա պաշտպանական վահան է, որի հետևում է բուն քաղաքականությունը: Կրեմլը, որ խիստ դժգոհ էր սատելիտ Հայաստանում Սահմանադրության փոփոխությունից, գտավ հակաթույնը: Հակաթույնի հակաթույն ունենալուց ինքն իրեն զրկել է Սերժ Սարգսյանը: Նա համարում էր, որ Կրեմլին գոհացնում է, և իշխանափոխության խնդիր Մոսկվան չի դնի: Սա՝ մեկ: Երկրորդ ու ամենավտանգավոր սխալը, որ Սերժ Սարգսյանը գործեց ինքն իր ու Հայաստանի Հանրապետության դեմ, Ռոբերտ Քոչարյանի քաղաքականության շարունակությունն էր ընդդիմության հարցում: Եթե առաջին նախագահն ընդդիմությանը բանտ էր նստեցնում ու ահաբեկչության մեղադրանք ներկայացնում՝ նպաստելով հերոսացմանն ու վարկանիշի աճին, երկրորդը գնաց ընդդիմությանը չեզոքացնելու ճանապարհով՝ կաշառեց, սպառնաց, շանտաժի ենթարկեց ու գնեց ընդդիմությանը՝ թույլ տալով հրապարակային մակարդակում ամեն օր իր հրաժարականը պահանջել, բայց պայմանով, որ ընդդիմադիրների ելույթները ստուգվեին ու վիզա ստանային նախագահականում, իհարկե, նաև համարժեք վճարվեին: Նրանց դեմ, ովքեր չէին վաճառվում, Ռոբերտ Քոչարյանը կիրառում էր ունեզրկման քաղաքականություն, որ ֆինանսազրկի ու մարգինալացնի, հավելում էր ապրիլի 12 ու մարտի 1, նաև ստեղծում էր գրպանի ընդդիմություն՝ ԲՀԿ-ի տեսքով: ՀՀ երրորդ նախագահը, նույնիսկ երկրորդ ժամկետում, չփորձեց վերականգնել իրական ընդդիմության իրավունքները: Միակ ներդրումը քաղաքացիական շարժումներով քաղաքական ուժերին փոխարինելու չստացված փորձն էր: Հերիք չէ, իշխանությունն է Հայաստանում «ռուսիանո», նաև ոչիշխանությունն է «ռուսիանո»: Հենց դա մղեց Կրեմլին գլխավոր հարվածն ուղղել ՀՀԿ-ին, այսօր դա փաստ է, որի հետ ՀՀ և ՀՀԿ նախագահը չի կարող հաշվի չնստել: Վկայությունը նրա յոթ խորհուրդներում ամփոփված կտակն է, որ չունի կտակարար:


ՀՀԿ-ի 26/16-ը չստացվեց հենց այդ պատճառով՝ Սերժ Սարգսյանը այլևս չունի գործողությունների ազատություն՝ իրականացնելու կուսակցությանը նոր ոգի հաղորդելու, նոր դեմքեր բերելու ծրագիրը: «Նոր ոգին» հաղորդեցին դրսից, ու հիմա Սերժ Սարգսյանի խնդիրը կտրուկ փոխվեց՝ նա պիտի պահպանի հին ոգին, հին դեմքերին ու համոզի մնալ իրեն հավատարիմ: Դա այնքան էլ հեշտ չէ: ՀՀԿ-ն միաբերան պարծենում է, որ ամենակայացած ու ամենաբազմամարդ քաղաքական ուժն է, բայց ի՞նչ կմնա ՀՀԿ-ից, եթե դառնա ընդդիմություն: Էլիտայից և շարքային անդամներից: Ինչպես իշխանական որևէ կուսակցություն Հայաստանում, ՀՀԿ-ն եղել ու մնում է աշխատանքի տեղավորման, բիզնեսի ու անձեռնմխելիության, անպատժելիության ապահովման գրասենյակ, բայց ոչ գաղափարական ուժ՝ ինչ գաղափարներ էլ հռչակի կամ հերքի: Գրասենյակը կփակվի՝ վերածվելով մանր-մունր խմբակների ու կլանների:


Սերժ Սարգսյանի ամենամեծ բացթողումը՝ չկարողացավ Հայաստանն ապահովագրել օտար խաղերից, ու հիմա ստացվում է, որ ինքն է դառնում Հայաստանի անկախության մնացորդների պաշտպանը, եթե որոշում է չհեռանալ քաղաքական ասպարեզից՝ տեղը զիջելով բացառապես «ռուսիանո» վարչապետին, ում իշխանության պարագայում Հայաստանը դեֆակտո դադարելու է անկախ պետություն լինել՝ դեյուրե պահպանելով սիմվոլիկան: Շախմատի տախտակը շրջեցին, նախագահը հայտնվեց պարտվողի դերում ու ցայտնոտում: Ժամանակ չկա նոր խաղի համար, նոր կոմբինացիաների համար մարդիկ չկան: 2018-ի հարցն այսօր ու այստեղ չի լուծվում այլևս: Այլևս կարևոր չէ, թե ինչ է ուզում Սերժ Սարգսյանը, ավելի հրատապ է՝ ինչ կկարողանա: Ովքե՞ր են յուրայինները, կարո՞ղ է նրանց վստահել, երբ իշխանությունը երերում է:


ՈՒ ի՞նչ ստացվեց քաղաքական ասպարեզում ՀՀԿ-ի 26/16-ը չստացվելուց հետո:
1. Պայքարը փոխում է ուղղությունը՝ ընտրություններում Սերժ Սարգսյանի խնդիրը ոչ թե ՀՀԿ մեծամասնություն ստանալն է, այլ յուրայինների մեծամասնությունը:
2. Փոխվում է վարչապետի խնդիրը՝ տնտեսական խնդիրներից բացի, նա պիտի լուծի իրեն վստահված քաղաքական խնդիրը՝ մնալ վարչապետ ոչ միայն 2017-ից հետո, որ հարկադրված էր Սերժ Սարգսյանը խոստանալ, այլ 2018-ից, որ խոստացել է Կրեմլը իրեն, ինքը՝ Կրեմլին:
3. Գրեթե անխուսափելի է, որ ոչիշխանական բոլոր կուսակցությունները իշխանության հետ նախընտրական առևտրի մեջ ստիպված են վերահաշվարկ անել՝ ո՞ւմ հետ հույսեր կապել՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Կարեն Կարապետյանի: Փոխվում է խաղի տրամաբանությունը՝ ոչ միայն հինգտոկոսանոց պայմանական «ընդդիմադիրների», այլև կոալիցիոն ՀՅԴ-ի ու այլընտրանք ԲՀԿ-ի համար՝ իր սատելիտ «Միասնությունով»: Իսկ դա իրավիճակ է փոխում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ի՞նչ կա Կրեմլի ակտիվում Սերժ Սարգսյանին իր կամքը պարտադրելու: Որևէ նորություն Մոսկվան չի դնում իր կացնային քաղաքականության մեջ՝ սպառնալիքներ կհնչեն Ղարաբաղի հարցում, ռազմական ագրեսիաներով կակտիվանա Բաքուն, տեղեկատվական ագրեսիաներով՝ Անկարան: Մոսկվան շեշտը կդնի, որ ԱՄՆ նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ն նրան պետք է, ինչքան սայլին հինգերորդ անիվը: Ֆրանսիան էլ նախագահական ընտրությունների մեջ է: Կոնֆլիկտներ կարգավորելը Հարավային Կովկասում ու Հարավային Կովկասն ընդհանրապես աշխարհը «հանձնում է» Կրեմլի կառավարմանը: Ասել է, չէ՞, Պուտինը՝ Ռուսաստանի սահմանները չեն ավարտվում: Դա, իհարկե, ճիշտ չէ ու այդպես չէ, բայց պարզելու համար ժամանակ է պետք, իսկ հիմա ժամանակը գործում է հօգուտ Կրեմլի: Երկրորդ շանտաժը կլինի տնտեսական՝ փող չենք տա, վարկ չենք տա, գազ չենք տա, եթե իշխանությունը չհանձնեք, ձեր երկրում ամեն ինչ մերն է, մերը պետք է լինի նաև իշխանությունը, ռուսերենն էլ կդարձնեք պետական լեզու, ու՝ վերջ: Շանտաժի երրորդ ուղղությունը, ինչպես ընդունված է Կրեմլում, անձնական կոմպրոմատների ի հայտ գալը կլինի, եթե առաջին երկու լծակները չգործեն: Սա հին սխեմա է: Բայց Կրեմլի որևէ սխեմայում չկա հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը աշխարհի ամենաանկանխատեսելի ու անսխեմա ժողովուրդն է՝ ապրիլյան պատերազմը ապացույց: ՀՀԿ-ի 26/16-ը չստացվեց, մյուսների քաղաքական կյանքը շարունակվում է: Ամեն ինչ նոր միայն սկսվում է:

Դիտվել է՝ 1939

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ