«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Երգեր՝ կյանքի նման խոր»

«Երգեր՝ կյանքի նման խոր»
29.11.2016 | 09:10

Սեր է բերել և գորով
Քո ժողովուրդն ահա քեզ-
Քո հնօրյա երգերով
Օրորելով սիրտդ կեզ։


Չարենց, «Կոմիտաս»

Նոյեմբերի 24-ին Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ստեղծագործական երեկո՝ նվիրված անվանի կոմպոզիտոր, պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Երվանդ Երկանյանի ծննդյան 65-ամյակին։ Այն կազմակերպել էր Հայ հոգևոր երաժշտության պետական կենտրոնը (տնօրեն՝ Անահիտ Պապայան)։ Ներածական խոսքով հանդես եկավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու Մհեր Նավոյանը։ Պրոֆեսորն ուրվագծեց կոմպոզիտորի ստեղծագործական դիմագիծը, ներկայացրեց որպես բազմաժանր արվեստագետի՝ սիմֆոնիաների, օպերաների, խմբերգերի և այլ գործերի հեղինակի։ Այնուհետև լուսաբանեց Երկանյանի երկերի խորին խորհուրդը։ Որպես միջնադարագետ՝ Մ. Նավոյանը բարձր գնահատեց կոմպոզիտորի երաժշտության հոգեհարազատությունը, ներդաշնակությունը շարականների տաղերի ոգուն, ժողովրդական երգերի մշակումների վարպետությունն ու հմայքը։ Հիրավի, Երկանյանը լավագույն դպրոց անցած արվեստագետ է, որն իր առաջին քայլերը սկսել է Լենինականի երաժշտական ուսումնարանից՝ որպես ջութակահար, իսկ որպես կոմպոզիտոր ուսանել է Կոմիտասի սան Բարսեղ Կանաչյանի աշակերտ Ազատ Շիշյանի դասարանում, որտեղ, ի դեպ, ուսանել է և Տիգրան Մանսուրյանը։ Այնուհետև Երևանի կոնսերվատորիայում Երկանյանը սովորել է Գրիգոր Եղիազարյանի դասարանում:

Պատահական չէ, որ Երկանյանի արվեստին բնորոշ են մի կողմից գյումրեցի դարբինների գործերին հատուկ ամրակուռ հենքը, մյուս կողմից՝ ոսկերիչների նախշերի նրբագեղությունը, և այս ամենը՝ ամփոփված Անիի ճարտարապետությունից եկող կառուցիկությամբ։ Այսպիսին են Երկանյանի և՛ սիմֆոնիկ, խմբերգային, և՛ կամերային գործերը։ Ի դեպ, համերգին ներկա էր կանադահայ կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանը, որը նույնպես Ա. Շիշյանի սաներից էր։ Ըստ արժանվույն գնահատեց Երկանյանին որպես «նրբությունների վարպետի երգարվեստի գիտակի»։ Մ.Նավոյանը մանրամասն կանգ առավ «Մերձիմահ երգեր» շարքին՝ գրված Եղիշե Չարենցի վերջին շրջանի բանաստեղծությունների հիման վրա։ Նա նշեց, որ Չարենցի քերթվածներում արտահայտված հոգեվիճակը, տրամադրությունը ճշմարիտ և համահունչ են մարմնավորված Երկանյանի խմբերգերում։


Համերգի ծրագիրը փնջված էր, կարելի է ասել, ծաղկահարդարման «իկեբանա» արվեստին բնորոշ ճաշակով ու նրբագեղությամբ։ Սա արդեն Մ. Նավոյանի «ձեռագիրն» է։
Կրկին փայլատակեց «Գեղարդ» երգչախումբը (գեղ. ղեկ.՝ Մ. Նավոյան, խմբավար և մեներգչուհի՝ Անահիտ Պապայան)։ Համերգը զարդարեց նաև Երևանի պետական կամերային երգչախումբը (վերջինիս գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հարություն Թոփիկյանին փոխարինեց Քրիստինե Ոսկանյանը)։ Համերգային բաժինը բացվեց երգեհոնային «Էլեգիայով», որը նվագեց Թերեզա Ոսկանյանը։ Երգեհոնը հնչեց նաև երկու երգչախմբերի ելույթների միջև, որպես մի «ծիածանափայլ» կամուրջ. դա Վահագն Ստամբոլցյանի հիշատակին նվիրված «Աղոթքն» էր։


«Գեղարդը» կատարեց տասներեք խմբերգ, այդ թվում՝ մեկ շարական (Յանսկզբնական ծոցոյ Հօր, Հակոբ Սանահնեցի, 11-րդ դար), երկու տաղ («Այսօր նոր արեւ հարեալ», Առավոտեան քաղցր եւ անոյշ հովերն, Պետրոս Ղափանցի, 18-րդ դար), ժողովրդական երգերի չորս մշակում («Սարերը ման եմ եկել», «Աղջիկ քեզի ֆիստան կարեմ» և այլն) և Հովհաննես Երզնկացի Պլուզի (13-րդ դար) խոսքերով գրված «Վեց խոհախրատական հայրեններ» շարքը (մեներգչուհի՝ Լուիզա Երեմյան)։ Դրանք են «Չորս բան առ խրատ յինէն», «Ելայ, ժողուեցի զիմ մեղքն», «Աշխարհս է ի ծով նման» և այլն։


Իսկ կամերային երգչախումբը կատարեց «Ավե Մարիան» և «Մերձիմահ երգեր» շարքը («Նավզիկե», «Իմ լերան աղոթքը», «Requiem aeternam Կոմիտասի հիշատակին» և այլն)։ Ինչպես իր խոսքում նշեց Ե. Երկանյանը, երգիչները մանրակրկիտ, հետևողական, մեծ աշխատանք են կատարել յուրաքանչյուր երգը յուրացնելիս։ Դա զգացին և ունկնդիրները, որոնք բուռն ծափերով իրենց հիացմունքն էին արտահայտում յուրաքանչյուր երգից հետո։ Եվ սա վերաբերում էր թե՛ հեղինակին, թե՛ կատարողներին։ Մեկ այլ գնահատականի ևս արժանացավ Երկանյանը` մշակույթի նախարարության բարձրագույն պարգև ոսկե մեդալի, որը կոմպոզիտորին հանձնեց նախարարության ներկայացուցիչ Արմինե Ղազարյանը։ Մեր այս «համերգաշատ», «փառատոնահեղ» օրերում սա այն եզակի համերգներից էր, որոնք իրենց պրոֆեսիոնալ մակարդակով, ճաշակով ու նվիրումով դառնում են կյանքի անմոռանալի ապրում։


Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 2319

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ